- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայի նպատակը Ուկրաինայի հետ կապված չի փոխվել, մարտավարությունը կարող է լինել այլ:
«Ոչինչ չի փոխվել։ Ես հայտարարություն եմ արել 24-ի (փետրվարի) առավոտյան՝ հրապարակային, ուղղված ողջ երկրին։ Ես ավելացնելու բան չունեմ։ Ոչինչ չի փոխվել։ Մարտավարությունն առաջարկվել է Պաշտպանության նախարարության կողմից՝ որտեղ տեղակայել զորքը, ինչպիսի թիրախներ խոցել»,- ասել է Կրեմլի ղեկավարը՝ պնդելով, որ ռուսական զորքն Ուկրաինայում հասնում է իր նպատակներին։
Ռուսաստանի նախագահի խոսքով ՝ «հատուկ ռազմական գործողության» վերջնանպատակը Դոնբասի պաշտպանությունն է և Ռուսաստանի անվտանգության երաշխիքների համար պայմանների ստեղծումը։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զորքը լքել է Զմեինի կղզին։
Գերատեսչության հավաստմամբ՝ ռուսական զորքը «Զմեինի կղզում կատարել է առաջադրանքները և որպես բարի կամքի դրսևորում հետ քաշել այնտեղ տեղակայված կայազորը»։
«Այսպիսով, համաշխարհային հանրությանը ցույց է տրվել, որ Ռուսաստանի Դաշնությունը չի խոչընդոտում Ուկրաինայի տարածքից գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար մարդասիրական միջանցք կազմակերպելու ՄԱԿ-ի ջանքերին», - ասվում է ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրությունում:
Ուկրաինական կողմը, մինչդեռ, պաշտոնական հաղորդագրությունում պնդում է, որ ուկրաինական զինուժի հրթիռակոծությունից հետո ռուսները «շտապ տարհանել են կայազորի մնացորդները երկու արագընթաց նավերով»։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Առաջիկա օրերին Վաշինգտոնը կհայտարարի Ուկրաինային սպառազինության, այդ թվում՝ հակահրթիռային պաշտպանության համակարգերի ոլորտում 800 մլն դոլարի չափով լրացուցիչ աջակցության մասին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։
Սպիտակ տան ղեկավարի խոսքերով՝ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ հրետանի և զինամթերք, հակամարտկոցային ռադարներ, զինամթերք ավելի վաղ փոխանցված բազմակի հրթիռային համակարգերի համար։
«Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի», - վստահեցրել է Բայդենը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ավստրալիայի կառավարությունն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները Ուկրաինա լայնամասշտաբ ռազմական ներխուժման պատճառով։ Եվս 16 մարդ է հայտնվել սև ցուցակում, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարազատները, մարմնամարզուհի և National Media Group-ի տնօրենների խորհրդի ղեկավար Ալինա Կաբաևան, ինչպես նաև ռուս պաշտոնյաներ և գործարարներ։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն հայտնել է, որ Օդեսայի մարզում գիշերային հարվածների հետևանքով 18 մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա։ Նրա Telegram ալիքի հաղորդագրության համաձայն, ևս 30 մարդ վիրավորվել է։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Եվրահանձնաժողվի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիևին հավաստիացրել է, որ Եվրամիությունը կկանգնի Ուկրաինայի կողքին Եվրամությանը անդամակցելու ամբողջ գործընթացում։
Վերջերս Ուկրաինան Եվրամիությանը անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ ստացավ, բայց անդամակցությունը կարող է երկար տարիներ տևել։
Բրյուսելից այսօր դիմելով Ուկրաինայի խորհրդարանին՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը բարձր է գնահատել Եվրամիությանը անդամակցելու Ուկրաինայի վճռականությունը։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, թե հավաքական Արևմուտքի աննախադեպ քաղաքական ու պատժամիջոցների ճնշումները Ռուսաստանին և Բելառուսին մղում են արագացնել միավորվելու գործընթացները։
Ըստ Կրեմլի հաղորդագրության, Պուտինն այս մասին ասել է`դիմելով Ռուսաստանի և Բելառուսի ռեգիոնների 9-րդ ֆորումի մասնակիցներին։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր տեսաուղերձում ասել է, թե նախկին միության երկրները պետք է անկեղծորեն ձգտեն մերձենալ ռուս-բելառուսական միութենական պետությանը, «եթե իհարկե ցանկանում են պահպանել իրենց ինքիշխանությունն ու անկախությունը»։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի Զինված ուժերի մամուլի խոսնակ Ալեքսանդր Շպուտունը շաբաթ օրվա բրիֆինգում ասել է, որ Ուկրաինական ուժերի կառավարումն ու կապը խաթարելու նպատակով հակառակորդը ռադիո-էլեկտրոնային պատերազմի համակարգեր է օգտագործում, որոնք տեղակայված են Բելգորոդի մարզի պետական սահմանին մոտ գտնվող բնակավայրերում։
Շպուտունը հայտնել է, որ հրետակոծվում են Սումիի և Չեռնիգովի մարզերի սահմանային շրջանների պաշտպանական դիրքերը: Նա ներկայացրել է ռազմաճակատի մյուս հատվածներում առկա իրավիճակը, Խարկովի ուղղության մասին ասելով, որ հակառակորդը կենտրոնացնում է ստորաբաժանումները ուկրաինական ուժերի առաջխաղացումը կանխելու համար, իսկ մի հատվածում ռուսական ուժերը գրոհի են անցել՝ փորձելով հետ վերցնել կորցրած դիրքերը։
Ուկրաինայի Զինված ուժերի մամուլի խոսնակը նշել է, որ ռուսական նավատորմը Սև ծովում շարունակում է արգելափակված պահել Ուկրաինայի նավահանգիստները, իսկ ռուսական օդուժը շարունակում է ավիահարվածները։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինան պաշտոնապես դիմել է Թուրքիային՝ խնդրելով կալանել ենթադրաբար ուկրաինական ցորենով բեռնված ռուսական նավը, որը Ազովի Բերդյանսկ նավանգստից հասել է Թուրքիա։
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլ Բոդնարը հուլիսի 1-ին ասել է, որ Բերդյանսկից դուրս եկած ռուսական դրոշով նավարկող նավը մտել է թուրքական Կարասուի նավահանգիստը։ Դեսպանը Թվիթերում գրել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազության հանձնարարության հիմքով դիմել են թուրքական կողմին՝ խնդրելով համապատասխան միջոցներ ձեռնարկել։
Դեսպանը չի նշել, թե ինչ բեռ կա նավի վրա, սակայն Ուկրաինայի Զապորոժիեի մարզի ռուսական կողմից նշանակված վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին հունիսի 30-ին Տելեգրամի իր էջում գրել է, որ «Բերդյանսկից առևտրային նավը դուրս է եկել յոթ հազար տոննա ցորենով և ուղևորվել բարեկամական երկրներ»։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի զինված ուժերը երեկ ուշ երեկոյան տեսանյութ են հրապարակել, որն ինչպես ասվում է՝ ցույց է տալիս ռուսական ուժերի կողմից Զմեինի կղզու ռմբակոծումը։
Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ասել է, թե ռուսական Սու-30 երկու ռազմական օդանավեր կղզին ռմբակոծել են ֆոսֆորային զենքով։