Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

18:48 2.7.2022

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Տելեգրամի իր էջում գրել է, որ «հաղթանակի կարմիր դրոշը տեղադրվել է Լիսիչանսկի կենտրոնական այգում»։

«Մեր ստորաբաժանումներին, դաշնակից ուժերի հետ միասին, մի քանի ժամը բավականացրեց քաղաքն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու համար»,- գրել է նա։

Ուկրաինական կողմից այս պահին մեկնաբանություններ չկան։

11:30 3.7.2022

Ուկրաինայի Ազգային գվարդիայի մամուլի խոսնակ Ռուսլան Մուզիչուկը հերքել է Լիսիչանսկը ռուսական ուժերի կողմից ամբողջությամբ գրավելու մասին լուրերը։ «Լիսինչանսկի մոտ կատաղի մարտեր են ընթանում, քաղաքը շրջապատված չէ և գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ»,- ասել է նա։

Ռուսական ուժերը Լուգանսկի գրեթե ամբողջ մարզը գրավել են։ Լիսիչանսկը մարզի վերջին խոշոր բնակավայրն է, որի համար մարտերը շարունակվում են։

13:31 3.7.2022

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առանց ապացույցներ ներկայացնելու հայտարարել է, թե բելառուս զինվորականները որսացել են մի քանի օր առաջ Ուկրաինայից արձակված հրթիռները։

«Մեզ սադրում են»,- հուլիսի 2-ին Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում բելառուսական պետական BELTA գործակալությունը։

Ռուսական «Կոմերսանտ»-ը նշում է, որ նա ելույթ է ունեցել Բելառուսի Անկախության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր հանդիպմանը։

Լուկաշենկոն պնդել է` Բելառուսը չի ձգտում կռվել Ուկրաինայում, սակայն կպայքարի հարձակման դեպքում։ Լուկաշենկոն նշել է, որ զինվորականներին հրահանգել է «թիրախավորել» «Մինսկի հակառակորդների» որոշումների կայացման կենտրոնները։ Նա նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը «շահագրգռված են նոր սադրանքներով» Ռուսաստանի և Բելառուսի դեմ։

Լուկաշենկոյի խոսքերի վերաբերյալ ուկրաինական կողմից դեռ մեկնաբանություններ չեն եղել։

13:32 3.7.2022

Ռուսաստանի Բելգորոդի շրջանում հուլիսի 3-ի գիշերը տեղի ունեցած մի շարք պայթյունների հետևանքով զոհվել է երեք մարդ, չորսը՝ վիրավորվել, հայտնում է նահանգապետ Վյաչիսլավ Գլադկովը:

Նրա խոսքով` ենթադրաբար, հակաօդային պաշտպանության համակարգերն են աշխատել:

Նախնական տեղեկություններով՝ վնասվել է 11 բազմաբնակարան շենք և առնվազն 39 առանձնատուն, որոնցից հինգն ամբողջությամբ ավերվել են։

Ուկրաինական կողմը չի մեկնաբանել իրավիճակը։

17:58 3.7.2022

Հուլիսի 3-ին ռուս զինվորականները գնդակոծել են Դոնեցկի շրջանի Կրամատորսկը «Սմերչ» հրթիռային համակարգերով, ասել է քաղաքապետ Ալեքսանդր Գոնչարենկոն։

«Օկուպանտները երկրորդ օրն է, ինչ «Սմերչ MLRS»-ով հարվածում են Կրամատորսկին, ոչնչացնում են քաղաքացիական ենթակառուցվածքները, հարվածում են խաղաղ բնակչությանը»,- ասել է Գոնչարենկոն։

Հուլիսի 3-ի առավոտյան Դոնեցկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն հայտնել է, որ նախորդ օրվա ընթացքում Դոնեցկի մարզում ռուսական հրթիռակոծության հետևանքով չորս մարդ է զոհվել, հինգը վիրավորվել են (այդ թվում՝ երկու երեխա)։

12:33 4.7.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ հաստատել է, որ ուկրաինական զորքերը նահանջել են Լիսիչանսկից, սակայն խոստացել է վերականգնել այդ տարածքի նկատմամբ վերահսկողությունը ռազմական մարտավարության միջոցով՝ նոր, ավելի լավ սպառազինություն ստանալու հեռանկարի ֆոնին։

Ավելի վաղ Ուկրաինայի ռազմական հրամանատարությունը հայտարարել էր, որ որոշում է կայացվել զորքերը դուրս բերել քաղաքից։ «Քաղաքի ուկրաինացի պաշտպանների կյանքը փրկելու համար որոշում է կայացվել դուրս բերել զորքերը», - ասվում էր հաղորդագրության մեջ։

12:34 4.7.2022

ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկի NASAMS հակահրթիռային պաշտպանության ժամանակակից համակարգեր։ Դրանք կլինեն Ուկրաինային 820 միլիոն դոլար ռազմական օգնության նոր փաթեթի մի մասը, որը հայտարարվել էր Պենտագոնի կողմից անցած շաբաթ: Ուկրաինական կողմը վաղուց էր խնդրում այդ համակարգերը։

Ուկրաինայի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինին՝ ուկրաինական բանակին NASAMS տրամադրելու որոշման համար։ «Սա մեծացնում է մեր հողն ու երկինքը պաշտպանելու մեր կարողությունը»,- գրել է Ալեքսեյ Ռեզնիկովը Թվիթերում։

12:35 4.7.2022

Առնվազն 40 երկրների պատվիրակություններ, միջազգային կազմակերպություններ և բիզնեսի ներկայացուցիչներ այսօր, Շվեյցարիայի Լուգանոյում բացվող համաժողովում, կքննարկեն Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման հիմնական սկզբունքները և Ուկրաինայի վերականգնման ճանապարհային քարտեզ կմշակեն։

Համաժողովն ուղղակիորեն չի նվիրվի դրամահավաքին։ Դրա մասնակիցները կփորձեն մշակել վերակառուցման հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները, որոնք պետք է սկսվեն դեռ պատերազմի ավարտից առաջ: Խոսքը նոր «Մարշալի պլանի» մասին է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի վերականգնման ծրագրի նմանությամբ։

15:03 4.7.2022

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը «Ռոյթերսի» բացառիկ հարցազրույցում հայտնել է առաջիկայում Կանադա, իսկ այնուհետև Մոսկվա և Կիև մեկնելու ցանկության մասին։

«Ես ցանկանում եմ Ուկրաինա մեկնել, բայց նախ՝ Մոսկվա։ Մենք այդ մասին մեսիջներ ենք փոխանակել։ Եթե Ռուսաստանի նախագահն ինձ փոքր պատուհան տա, ես կգնամ այնտեղ՝ ծառայելու խաղաղության գործին», - ասել է Հռոմի պապը։

21:24 4.7.2022

Զմեինի կղզում կրկին բարձրացվել է Ուկրաինայի դրոշը։ Սև ծովի հյուսիս-արևմուտքում գտնվող փոքր, բայց ռազմավարական նշանակություն ունեցող կղզին Ռուսաստանը Սևծովյան նավատորմի օգնությամբ գրավել էր պատերազմի առաջին օրը։

Հունիսի 30-ին ռուսաստանցի զինվորականները լքեցին կղզին։ Մոսկվայի հաղորդմամբ՝ դա բարի կամքի դրսևորում է, ըստ Կիևի՝ ռուսները փախել են։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG