Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

21:09 9.7.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ գեներալ Իգոր Կոնաշենկովը շաբաթ օրն ասել է, թե ռուսական ուժերը գերճշգրիտ զենքով Չասով Յար քաղաքի մոտ անգար են ոչնչացրել որտեղ պահվում էին ամերիկյան հաուբիցներ։ Նրա խոսքով՝ հարվածի հետևանքով նաև ուկրաինացի 30 զինվորական է սպանվել։

Չասով Յար արդյունաբերական քաղաքը գտնվում է Դոնեցկի մարզում։

13:20 10.7.2022

Ռոսկոմնադզորը, գլխավոր դատախազության պահանջով, արգելափակել է գերմանական Die Welt թերթի կայքը` ամբողջությամբ:

17:17 10.7.2022

Ուկրաինայի Դոնեցկի մարզում ռուսական ԶՈւ-ի հրթիռակոծության հետևանքով 5 հարկանի շենք է փլուզվել, առնվազն վեց մարդ է զոհվել, իսկ ավելի քան 30-ը թակարդում են հայտնվել, հայտնել է շրջանի նահանգապետը:

Նահանգապետ Պավլո Կիրիլենկոն Telegram-ում տեղեկացրել է, որ փլուզումը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Չասիվ Յար քաղաքում։ Նրա հաղորդմամբ` այս պահի դրությամբ հաստատվել է վեց զոհի և հինգ վիրավորի մասին: Բնակիչներից ստացված տեղեկությունների համաձայն՝ առնվազն 34 մարդ մնացել է փլատակների տակ, հավելել է նա։

17:18 10.7.2022

Կանադայի կառավարությունը որոշել է Գերմանիա վերադարձնել «Հյուսիսային հոսք 1» գազատարի ռուսական տուրբինը։ Նա տեխնիկական սպասարկում էր անցնում Մոնրեալում: Հենց այս տուրբինն է «Գազպրոմը» անվանել Եվրոպա մղվող գազի ծավալների կրճատման պատճառը։

Կանադան նախկինում տուրբինը որպես երկակի օգտագործման ապրանք էր անվանել և հրաժարվել վերադարձնել այն: Այնուհետև «Գազպրոմը» նվազեցրել էր «Հյուսիսային հոսք» խողովակաշարի թողունակությունը սովորականից մինչև 40 տոկոսը՝ պատճառաբանելով, որ գերմանական Siemens-ը չի վերադարձրել գազի պոմպակայանները։

Այժմ Կանադայի կառավարությունը հայտարարել է տուրբինը ռուսական պատժամիջոցներից ազատելու մասին, սակայն այն կարող է հետ կանչվել։

Կիևը Օտտավային հորդորել է չվերադարձնել գազի փոխադրման սարքավորումները և Բեռլինին մեղադրել է ռուսական շանտաժին ենթարկվելու մեջ։

Վաղը «Հյուսիսային հոսքը» 10 օրով ամբողջությամբ կդադարեցնի պոմպային աշխատանքը՝ տեխնիկական սպասարկման պատճառով։ Կաշխատի՞ դրանից հետո` հայտնի չէ։ Գերմանիայի իշխանությունները հայտարարել են այս դեպքի համար արտակարգ պլանի մշակման մասին։

22:15 10.7.2022

Ռիգան և Լատվիայի մյուս քաղաքներն այլևս չեն ընդունի ուկրաինացի փախստականներին: Ուկրաինայից փախստականներին աջակցելու պետական ծրագիրը զգալիորեն կրճատվել է այն պատճառով, որ տեղական իշխանություններն այլևս գումար չունեն մարդկանց բնակության համար։

Բազմաթիվ փախստականներ արդեն փողոցում են. նրանց չեն տեղավորում հյուրանոցներում պետական միջոցներով, իսկ աշխատանք չունեցող մարդկանց համար շատ թանկ է բնակարան վարձել ինքնուրույն: Միևնույն ժամանակ, Ուկրաինայից օրական մոտ 120 փախստական է գալիս Լատվիա` հիմնականում օկուպացված տարածքներից մարդիկ, ովքեր տարվել կամ ստիպված են եղել մեկնել Ռուսաստան, իսկ այժմ նրանք փորձում են մեկնել Եվրոպա կամ վերադառնալ Ուկրաինա։

12:09 11.7.2022

Շաբաթ ուշ երեկոյան Դոնեցկի մարզի Չասիվ Յար քաղաքի հրթիռակոծության հետևանքով վերջին տվյալներով 18 մարդ է զոհվել, ենթադրվում է, որ ևս ավելի քան երկու տասնյակ մարդ դեռ փլատակների տակ է: Այս մասին հայտնել են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունից։

Երեկ հաղորդվել էր, որ Չասիվ Յարում ռուսական զինված ուժերի կողմից հրթիռակոծության հետևանքով 5 հարկանի շենք է փլուզվել:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ չի անդրադարձել Չասիվ Յարին հասցված հարվածներին, սակայն շաբաթ երեկոյան հայտարարել էր, թե այդ քաղաքի տարածքում ՌԴ զինուժի գերճշգրիտ զինատեսակների հարվածով ոչնչացվել է ամերիկյան M777 155 մմ տրամաչափի հաուբիցներով անգարը, և սպանվել են մինչև 30 ուկրաինացի զինվորներ, «որոնք հրետակոծում էին Դոնեցկի բնակելի թաղամասերը»։

12:11 11.7.2022

Այս գիշեր «Գազպրոմ»-ը փակել է «Հյուսիսային հոսք» գազատարը դեպի Գերմանիա, առայժմ՝ տասնօրյա պրոֆիլակտիկ աշխատանքների համար, բայց Եվրոպան մտավախություն ունի, որ գազամատակարարումը Բալթիկ ծովի հատակով անցնող խողովակաշարով չի վերսկսվի:

Այս ամենի կապակցությամբ Եվրոպան պատրաստվում է արտակարգ միջոցառումների մասին հայտարարել՝ այժմ համատեղ, այլ ոչ թե առանձին երկրների մակարդակով։ Ծրագիրը կհրապարակվի մինչև շաբաթավերջ:

«Իրավիճակը շատ լուրջ է, և ճգնաժամը կարող է է՛լ ավելի սրվել: Հնարավոր է, որ Ռուսաստանը շարունակի նվազեցնել գազի մատակարարումները», - օրերս ասել էր եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը:

«Մենք պետք է պատրաստվենք Ռուսաստանի կողմից գազի մատակարարման հետագա ընդհատումներին և նույնիսկ ամբողջական դադարեցմանը», - անցյալ շաբաթ Եվրախորհրդարանին նախազգուշացրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

12:17 11.7.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում ասել է, թե Ուկրաինան չի զիջի իր տարածքները հանուն Ռուսաստանի հետ խաղաղության: Նա արևմտյան երկրներին կոչ է արել շարունակել ռազմական աջակցություն ցուցաբերել Կիևին:

«Արագ, ավելի մեծ օգնությունը կփրկի ուկրաինացիների կյանքը և կօգնի մեզ հետ վերցնել Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքները», - ասել է Զելենսկին ու ափսոսանք հայտնել, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ երկիր չէ:

Ուկրաինայի պաշտպանության նախարարն էլ The Wall Street Journal-ին ասել է, որ իր երկիրը հաջողությամբ փորձարկել և կիրառել է ամերիկյան հեռահար հրետանային համակարգերը, սակայն ուկրաինական բանակը լրացուցիչ մատակարարումների պահանջ ունի՝ հատկապես զրահատեխնիկայի, զրահամեքենաների, անօդաչու թռչող սարքերի:

Ալեքսեյ Ռեզնիկովի խոսքով՝ ամերիկյան հրթիռները փոխել են իրավիճակը ռազմաճակատում, սակայն Ուկրաինային անհրաժեշտ է այնպիսի տեխնիկա, որը կարող է խոցել թիրախները մինչև 150 կիլոմետր հեռավորության վրա:

12:19 11.7.2022

Մոսկվան հայտարարում է, որ պատրաստվում է գրավել ամբողջ Դոնբասը և չի պատրաստվում դուրս բերել իր զորքերը Ուկրաինայի հարավից: Այս մասին Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը:

«Մենք պատրաստվում ենք ազատագրել ամբողջ Դոնբասը», - ասել է դիվանագետը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կարող է ավարտվել պատերազմը: Անդրեյ Կելինը հավելել է. - «Դժվար է պատկերացնել մեր զորքերի դուրսբերումը Ուկրաինայի հարավից, քանի որ փորձով արդեն գիտենք, թե ինչպես են մեր հեռանալուց հետո սկսվում սադրանքները, գնդակահարվում են բոլորը»:

Ըստ Կելինի՝ վաղ թե ուշ Կիևը պետք է որոշի՝ խաղաղության պայմանագի՞ր կնքել Ռուսաստանի հետ, թե՞ գլորվել դեպի լիակատար փլուզում:

16:02 11.7.2022

Ռուսական ուժերի կողմից Խարկովի հրթիռակոծման հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել, ևս 31-ը, այդ թվում` երկու երեխա վիրավորվել են։ Այսօր հայտնել է Խարկովի նահանգապետը։

Զինված ուժերի գլխավոր շտաբը հաղորդում է, որ ռուսական հրետանին, հրթիռային կայաններն ու տանկերը լայնածավալ հրետակոծության են ենթարկել Խարկովի շրջակայքն ու քաղաքի արևելյան շրջանը։

Արտակարգ իրավիճակների ծառայությունը տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով քաղաքի արևելյան մասում բնակելի վեց հարկանի շենքի մեծ ավերածությունները։

Չնայած ուկրաինական շատ քաղաքներ ու գյուղեր ռուսական ռմբակոծությունների հետևանքով վերածվել են փլատակների, Մոսկվան մշտապես պնդում է, թե խաղաղ բնակավայրերը չեն թիրախավորվում։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG