Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

16:42 14.7.2022

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստալինա Գեորգիևան ահազանգում է համաշխարհային ռեցեսիայի աճող ռիսկի մասին, որի պատճառով «2023 թվականն ավելի ծանր կլինի», քան ընթացիկ տարին։

Գեորգիևան թվարկում է համաշխարհային տնտեսության վրա բացասաբար ազդող գործոնները՝ առանձնացնելով պատերազմն Ուկրաինայում, որը հանգեցրել է այդ թվում ապրանքների գնաճի։ «Եվ գնալով ավելի է վատթարանում», - հավելում է նա։

17:39 14.7.2022

Ուկրաինայի հետ համաձայնագրի հարցով Ռուսաստանի պահանջները պահպանվում են, բանակցությունների վերսկսման դեպքում ռուսական կողմը կպնդի իր առաջարկներին «հստակ պատասխան» տալ, «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում ասել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը, մասնավորապես, պահանջում է «Ուկրաինայի չեզոք, արտադաշինքային և ոչ միջուկային կարգավիճակ, գոյություն ունեցող տարածքային իրողությունների ճանաչում, այդ թվում՝ Ղրիմի ներկայիս կարգավիճակի» և ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչում:

«Եթե Ուկրաինան ցանկություն հայտնի վերադառնալ բանակցությունների սեղան, մենք պատրաստ ենք դրական արձագանքել», - հավելել է ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետը։

Ուկրաինայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ մտադիր չեն որևէ տարածքային զիջման գնալ։ Կիևը, ինչպես հաղորդվում է, Մոսկվայի հետ բանակցություններում առաջարկել է 15 տարով «սառեցնել» Ղրիմի կարգավիճակը և այդ ընթացքում բանակցություններ վարել, Ռուսաստանի կողմից բռնակցված թերակղզու նկատմամբ ինքնիշխանությունից հրաժարվելու մասին խոսք չկա։

15:31 15.7.2022

Կանադայի իշխանությունները նոր պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի տնտեսության նավթագազային, քիմիական ու արդյունաբերական ոլորտների նկատմամբ։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է երեկ:

Փաստաթղթում պարզաբանվում է, որ Կանադայի քաղաքացիներին և ընկերություններին մասնավորապես արգելվում է ռուսական կողմին ծառայություններ մատուցել մետաղական իրերի, մեքենաների, համակարգչային, էլեկտրոնային և օպտիկական ապրանքների, էլեկտրական սարքավորումների, ցամաքային տրանսպորտի և խողովակաշարերի արտադրության հետ կապված՝ Ռուսաստանի տնտեսության նշված հատվածներում:

Այս պատժամիջոցների մասին անցած շաբաթավերջին հայտարարեց Կանադայի արտաքին գործերի նախարարը՝ նշելով, որ դրանց ուժի մեջ մտնելու հետո կանադական ընկերությունները 60 օր կունենան համապատասխան ոլորտներում պայմանագրերը խզելու համար:

15:33 15.7.2022

Ֆրանսիան պետք է պատրաստվի ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը՝ ապավինելով էներգիայի այլընտրանքային աղբյուրներին, նախազգուշացրել է նախագահ Էմանյուել Մակրոնը։

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և դրան հաջորդած պատժամիջոցները բարձրացրել են էներգակիրների և այլ ապրանքների գները: Քանի որ Ուկրաինայում պատերազմի ավարտը չի նշմարվում, ֆրանսիացիները պետք է պատրաստ լինեն նրան, որ ծախսերը բարձր կմնան, ասել է Մակրոնը։

«Ռուսաստանն օգտագործում է էներգիան, ինչպես նաև պարենը, որպես պատերազմի զենք», - նշել է Ֆրանսիայի նախագահը։

«Պետք է պատրաստվենք մի սցենարի, որտեղ մենք պետք է ամբողջությամբ մնանք առանց ռուսական գազի։ Կառավարությունը կպատրաստի «չափավոր սպառման պլան» էներգիա խնայելու համար՝ սկսելով գիշերային ժամերին փողոցային լույսերը անջատելուց, երբ դա առանձնապես օգուտ չի բերում», - ասել է Էմանյուել Մակրոնը:

15:41 15.7.2022

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ չի արգելի գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումը Ռուսաստան՝ Մոսկվայի այն պնդումների ֆոնին, որ պարենային ճգնաժամի պատճառն Արևմուտքի պատժամիջոցներն են, այլ ոչ թե ռուսական ներխուժումն Ուկրաինա:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն իր կայքում պարզաբանում է հրապարակել, որ նման ապրանքները չեն ենթարկվում ամերիկյան պատժամիջոցների։

«Բացառությունների ընդլայնումը վերահաստատում է, որ ԱՄՆ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ նրա չհրահրված և չարդարացված պատերազմի, չեն խոչընդոտում գյուղատնտեսական և բժշկական ապրանքների առևտուրը», - ասվում է ֆինանսների նախարարության հայտարարությունում:

Գերատեսչությունը հայտարարում է, որ չի դադարեցնի գյուղատնտեսական տեխնիկայի արտադրության, վաճառքի կամ փոխադրման հետ կապված գործարքները, ինչպես նաև չի արգելի պարարտանյութերի, բժշկական սարքավորումների և Covid-19-ի թեստերի մատակարարումը Ռուսաստան:

15:43 15.7.2022

Դոնեցկում մահացել է բրիտանացի ռազմագերի Փոլ Ուրին։ Այս մասին այսօր հայտարարել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության օմբուդսմեն Դարյա Մորոզովան։

Նրա խոսքով՝ ուկրաինական բանակի կազմում կռվելու ընթացքում գերեվարված Ուրին տառապում էր մի շարք քրոնիկ հիվանդություններով, այդ թվում՝ շաքարախտով, սրտանոթային և շնչառական համակարգերի ինչպես նաև երիկամների հետ կապված խնդիրներ ուներ։

«Հուլիսի 10-ին Ուրին մահացել է», - հայտարարել է Մորոզովան։

15:45 15.7.2022

Վիննիցայի վրա ռուսական հարձակումը, որի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է առնվազն 23 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, հոսպիտալացվել է 71-ը, մինչև 39 մարդ էլ անհետ կորած է համարվում, առաջացրել է միջազգային բուռն արձագանք:

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և ճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատար Յանեշ Լենարչիչը համատեղ հայտարարություն են արել Վիննիցայի վրա հարձակման վերաբերյալ՝ որակելով այն որպես վայրագություն: Հայտարարությունում ասված է. - «Բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են այս վայրագությունների համար, պատասխան կտան իրենց գործողությունների համար՝ միջազգային իրավունքին համապատասխան»:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաշխարհային հանրությունից պահանջել է Ռուսաստանը ճանաչել որպես ահաբեկչական պետություն և ստեղծել հատուկ տրիբունալ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան հետաքննելու համար։

15:47 15.7.2022

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Վիննիցայում նախօրեին իրականացված հարվածների հետևանքով ոչնչացվել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարական կազմը։

«Հուլիսի 14-ին ծովային տեղակայման «Կալիբր» տեսակի հրթիռներով հարվածներ են հասցվել Վիննիցա քաղաքի կայազորային Սպայի տանը։ Այդ պահին, ռազմական այդ օբյեկտում ընթանում էր Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարական կազմի խորհրդակցությունը սպառազինության օտարերկրյա մատակարարների հետ։ Հարվածի հետևանքով խորհրդկացության մասնակիցները ոչնչացվել են», - հայտարարել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Ռուսաստանի ռազմական գերատեսչության խոսնակի պնդմամբ, խորհրդակցության մասնակիցները քննարկում էին Ուկրաինայի Զինված ուժերի օդանավերի և խոցման միջոցների հերթական խմբաքանակի մատակարարման, ինչպես նաև Ուկրաինայի ավիացիոն պարկի վերանորոգումը կազմակերպելու հարցերը։

13:57 16.7.2022

Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանձնարարել է Ուկրաինայի տարածքում գործող ռուսական զորքերի հրամանատարությանը ակտիվացնել հարձակողական գործողությունները։ Այս մասին այսօր հաղորդել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը՝ կարճ մի տեսանյութ հրապարակելով, որտեղ պատկերված է Շոյգուի հանդիպումը ռուսաստանցի բարձրաստիճան զինվորականների հետ։

Արդյո՞ք տեսագրությունը Ուկրաինայի տարածքում է կատարվել՝ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը չի հաղորդում՝ տեղեկացնելով միայն, որ Շոյգուն գեներալների հետ հանդիպել է հրամանատարական կետերից մեկում։

Խորհրդակցության ընթացքում Շոյգուն, ըստ Ռուսաստանի ՊՆ-ի, հանձնարարել է բոլոր օպերացիոն ուղղություններում նոր թափ հաղորդել զորքերի գործողություններին, - «բացառելով Կիևի վարչակազմի կողմից Դոնբասի և այլ շրջանների խաղաղ բնակիչներին և ենթակառույցներին զանգվածային հրետանային և հրթիռային հարվածների հնարավորությունը»։

16:32 17.7.2022

«Մեր պատժամիջոցները ծանր հարված են Կրեմլին, և դրանց ազդեցությունը Ռուսաստանի տնտեսության վրա ապագայում ավելի ուժեղ կլինի: Մեզ անհրաժեշտ է ռազմավարական համբերություն, քանի դեռ Ուկրաինան ամբողջությամբ չի վերականգնի իր ինքնիշխանությունը», - նշել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Նա հավելել է, որ 2014 թվականին կիրառված պատժամիջոցներից հետո Ռուսաստանը սեփական արտադրության շնորհիվ հաջողությամբ կարողացավ փոխարինել ներմուծվող ապրանքների պակասը, սակայն գիտական, տնտեսական և տեխնոլոգիական մեկուսացման դեպքում դա գրեթե անհնար կլիներ։ Սակայն, ԵՄ բարձր ներկայացուցչի խոսքով` խոսքը միջնաժամկետ հատվածում պատժամիջոցների ազդեցության մասին է, ձեռնարկված միջոցներն անմիջական ազդեցություն չեն ունենա։

ԵՄ բարձր ներկայացուցիչը կոչ է արել «ռազմավարական համբերություն» ցուցաբերել՝ չնայած էներգակիրների գների աճին, որն առաջացել է Ռուսաստանի դեմ պատերազմի պատճառով պատժամիջոցների կիրառմամբ։ Նա ընդգծել է, որ դա անհրաժեշտ միջոց էր, և այն կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Կրեմլը ագրեսիվ գործողություններ է ցուցաբերում։

Բորելը գրել է, որ տեղյակ է, թե ՌԴ էներգակիրների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները ինչ վնասներ կբերեն ԵՄ բնակիչներին և որոշ խոշոր արդյունաբերությունների, սակայն, ըստ նրա, վաղ թե ուշ անհրաժեշտ էր նվազեցնել էներգետիկ կախվածությունը Մոսկվայից։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG