- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգների առաջին տիկնոջ գրասենյակը հայտնել է, որ Ջիլ Բայդենն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Ուկրաինայի առաջին տիկին Ելենա (Օլենա) Զելենսկայայի հետ։
Ավելի վաղ Զելենսկայան հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Վաղը Ուկրաինայի առաջին տիկինը ելույթ կունենա Միացյալ Նահանգների Կոնգրեսում։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Եվրամիության արտաքին գործերի նախարարները երեկ համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, որը Եվրահանձնաժողովը ներկայացրել է անցյալ ուրբաթ։ Այն չի ներառում գազի ներկրման արգելք, սակայն էմբարգո է սահմանում ռուսական ոսկու մատակարարումների վրա և խստացնում երկակի նշանակության ապրանքների առևտուրը։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ պատժամիջոցների ընդունված 6 փաթեթներն արդեն իսկ լուրջ ազդեցություն են ունենում Ռուսաստանի վրա:
ԵՄ դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ Եվրոպան չպետք է թուլացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ չնայած գների աճին ու եվրոպացիների համար անհարմարություններին։ «Եվրոպան պետք է ռազմավարական համբերություն ցուցաբերի: Պատերազմը երկար է տևելու, ամրության փորձությունը շարունակվելու է: Մենք այլ ելք չունենք», - գրել է Ժոզեպ Բորելը։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանյան «Գազպրոմ»-ը հայտարարում է, որ չի կարող երաշխավորել Եվրոպայում գազի մատակարարումները՝ «իր վերահսկողությունից դուրս արտակարգ հանգամանքների պատճառով»։ Այս մասին հայտնում են Reuters-ը և Bloomberg-ը՝ վկայակոչելով ընկերության նամակը:
Խոսքը «Հյուսիսային հոսք 1» գազատարով Գերմանիա և մի շարք այլ երկրներ գազի մատակարարումների մասին է։ Լրատվամիջոցների տվյալներով՝ «Գազպրոմ»-ի նամակը ստացվել է չորս օր առաջ, սակայն վերաբերում է մատակարարումներին հունիսի 14-ից սկսած։
Energy Aspects խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Թրևեր Սիկորսկին Bloomberg-ին ասել է՝ ֆորսմաժորի մասին հայտարարությունը կարող է վկայել այն մասին, որ «Գազպրոմ»-ը չի նախատեսում հուլիսի 21-ին վերսկսել գազի մատակարարումը «Հյուսիսային հոսք 1»-ով. այդ օրն ավարտվում է գազատարի պլանային տեխսպասարկումը։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսական ուժերի հրթիռային հարվածների հետևանքով Օդեսայի մարզում տուժել է 6 մարդ՝ այդ թվում մանկահասակ երեխա։ Այս մասին հայտարարել է Օդեսայի ռազմական շրջվարչակազմի ներկայացուցիչ Սերգեյ Բրատչուկը:
Պաշտոնական Կիևի տվյալներով՝ ռուսաստանյան զորքն անցած գիշեր Սև ծովից Օդեսայի ուղղությամբ արձակել է «Կալիբր» տեսակի 7 թևավոր հրթիռներ, որոնցից միայն մեկն է ոչնչացվել, 6-ն ընկել են գյուղերից մեկը՝ վնասելով տնամերձ տարածքներ, ավտոմեքենաներ, տեղի դպրոցը և մշակույթի տունը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ կիրառել է ավելի քան 3 հազար թևավոր հրթիռ:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Շվեյցարիան հրաժարվել է երկրի բուժհաստատություններում բուժել ուկրաինացի զինվորականներին՝ վկայակոչելով իր չեզոք կարգավիճակը: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով Շվեյցարիայի արտգործնախարարության պարզաբանմանը։
Մայիսին կառավարությանը համապատասխան խնդրանքով դիմել է ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնը, որը համակարգում է Ուկրաինայի զինված ուժերի միջազգային տարհանումը։
Շվեյցարիայի որոշ կանտոններ պատրաստ էին ընդունել վիրավոր զինծառայողների, սակայն Առողջապահության դաշնային գրասենյակը և ԱԳՆ-ն վետո են դրել։
Շվեյցարիայի կառավարությունը հրաժարվել է բուժել նաև խաղաղ բնակիչներին, քանի որ դժվարանում է նրանց զատել զինվորականներից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմաթիվ քաղաքացիական անձինք կամավոր են մեկնել ռազմի դաշտ, նշում է Tages Anzeiger պարբերականը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան միջազգային միջնորդների օգնությամբ գրեթե համաձայնության են եկել հացահատիկի արտահանման համար ուկրաինական նավահանգիստներն ապաշրջափակելու հարցի շուրջ։
Կուլեբան ընդգծել է, որ բանակցություններին մասնակցում են ոչ միայն կառավարությունների ներկայացուցիչները, այլ նաև միջնորդներ միջազգային կազմակերպություններից։
Երեկ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ հացահատիկի շուրջ բանակցությունների շրջանակում ոչ բոլոր հարցերն են լուծված, բայց այն, որ տեղաշարժ կա, արդեն լավ է։
Էրդողանն այդ բանակցություններում Ռուսաստանի դիրքորոշումն անվանել է «շատ դրական և կառուցողական»։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի առաջին տիկին Ելենա (Օլենա) Զելենսկայան երեկ այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ նախագահի ու նրա տիկնոջ հետ։ Ջո և Ջիլ Բայդենները Վլադիմիր Զելենսկու կնոջը դիմավորել են մուտքի մոտ՝ ծաղիկներով:
Այսօր Զելենսկայան ելույթ կունենա Կոնգրեսում և հանդիպումներ կունենա ամերիկացի քաղաքական գործիչների հետ։
Վաշինգտոնում ավելի վաղ Ուկրաինայի առաջին տիկինը հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրոպական միությունն այսօր կազմելու է արտակարգ ծրագիր, որով պետք է մեկ ամսվա ընթացքում կրճատի գազի սպառումը և անդամ երկրներին զգուշացնի այն մասին, որ եթե Ռուսաստանը դադարեցնի մատակարարումը, Եվրոպայում առանց գազի սպառման էական կրճատումների ձմռան ամիսներին կարող է ճգնաժամ լինել:
Եվրոպական երկրներն այսօր փորձում են առավելագույն ծավալով լցնել գազապահեստարանները: «Գազպրոմ»-ն արդեն դադարեցրել է եվրոպական որոշ երկրների մատակարարումը:
Եվրամիության պաշտոնյաների փոխանցմամբ, այսօր կազմվելիք արտակարգ ծրագրով նախատեսվում է գազի սպառումը կրճատել 10-15 տոկոսով:
Ուժի մեջ մտնելուց առաջ այդ ծրագիրը պետք է ստանա Եվրամիության անդամ երկրների հավանությունը, քանի որ ամեն երկիր ինքն է պատասխանատվություն կրում իր էներգետիկ քաղաքականության համար:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
The Washington Post ամերիկյան պարբերականի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի երկրներն առաջիկա ամիսներին մտադիր են ավելացնել Ուկրաինային փոխանցվող HIMARS (High Mobility Artillery Rocket System) տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի թիվը:
Դա կարվի «Ուկրաինայի բանակի հաջողություններն ամրապնդելու համար, քանի որ HIMARS-ներն էապես նպաստել են ուկրաինացիների մարտունակության բարձրացմանը»:
Միացյալ Նահանգներում և Եվրոպայում քաղաքական լիդերները ռազմաարդյունաբերական համալիրի ընկերություններին կոչ են անում ավելացնել HIMARS-ների արտադրությունը:
Մինչ այդ Պենտագոնը վերապահումներով է խոսել Կիևին այդ համակարգերը տրամադրելու մասին, ենթադրելով, որ ուկրաինացիները գուցե դժվարություններ կունենան համակարգերը մարտերում կիրառելու հարցում:
Այժմ Պենտագոնում նշում են, որ HIMARS-ն իսկապես «լուրջ ազդեցություն է գործել առաջնագծում տիրող իրավիճակի վրա»:
Հունիսի 1-ին Վաշինգտոնը հաստատել է Ուկրաինային ևս 700 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու փաթեթը, որը ենթադրում է HIMARS-ների և դրանց զինամթերքի փոխանցում:
HIMARS-ի հեռահարությունը կախված է զինամթերքի տեսակից և կարող է կազմել 30-80 կիլոմետր, ինչպես նաև ավելի քան 300 կիլոմետր: Այդ տարբերակի հրթիռները կարող են հասնել Ռուսաստան, սակայն Կիևը Վաշինգտոնին հավաստիացրել է, որ բուն Ռուսաստանի տարածքը չի թիրախավորի:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
SANA սիրիական լրատվական գործակալության փոխանցմամբ, Սիրիան խզել է դիվանագիտական կապերն Ուկրաինայի հետ:
Այդ մասին SANA-ին այսօր հայտնել է Սիրիայի արտաքին գերատեսչության մի անանուն պաշտոնյա, ով նշել է, որ Դամասկոսը որոշումը կայացրել է փոխադարձության սկզբունքով:
Կիևը դեռ 2018 թվականին գործնականում խզել է դիվանագիտական կապերը, երբ հրաժարվել է երկարաձգել սիրիացի դիվանագետների վիզաների ժամկետներն ու այդպիսով անհնարին է դարձրել նրանց աշխատանքն Ուկրաինայի տարածքում:
«Սիրիայի դեսպանությունը ստիպված դադարեցրել է գործունեությունը Կիևի այդ թշնամական քայլից հետո»,- ասել է անանուն սիրիացի պաշտոնյան:
Սիրիան Մերձավոր Արևելքում Ռուսաստանի ամենահավատարիմ դաշնակիցն է և միջազգային ասպարեզում մշտապես կայացնում է Մոսկվայի համար բարենպաստ որոշումներ, քանի որ Կրեմլն է նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի գլխավոր հովանավորը:
Միջազգային լրատվամիջոցները վերջերս հայտնել են, որ ռուսներն իրենց հսկողության տակ հայտնված ուկրաինական նավահագիստներից ուկրաինական արտադրության ցորենը նավերով դուրս են բերում և հասցնում են Սիրիա:
Ի պատասխան Դամասկոսի կողմից Դոնբասի երկու ինքնահռչակ կազմավորումների անկախության ճանաչման՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հունիսի 30-ին հայտարարել է Սիրիայի հետ դիվանագիտական կապերը խզելու մասին:
Ուկրաինան Դամասկոսում իր դեսպանատունը փակել է 2016 թվականին և 2018-ին Սիրիայից պահանջել է փակել դեսպանատունը Կիևում:
Սիրիայում բնակվող ուկրաինացիների շահերը հետայսու ներկայացնելու է Ուկրաինայի դեսպանատունը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: