Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

19:26 20.7.2022

Խարկովում ռուսները հրթիռակոծել են մի թաղամաս, որտեղ մզկիթ է գտնվում: Զոհվել է կանգառում ավտոբուսի սպասող մի 13-ամյա ուկրաինացի դեռահաս: Մզկիթի շենքն ավերվել է:

«Երեք մարդ է զոհվել, այդ թվում` 13-ամյա տղա, երկուսը վիրավորվել են, նրանցից մեկը 15-ամյա աղջիկ է, որին հիմա վիրահատում են»,- ասել է Խարկովի փրկարար ծառայության տնօրեն Վիկտոր Զաբաշտան:

Խարկովի շրջանի նահանգապետ Օլեգ Սինեգուբովն ավելի ուշ տեղեկացրել է, որ 15-ամյա աղջիկը զոհված դեռահասի քույրն է և նույնպես ավտոբուսի է սպասել կանգառում:

«Սա ռուսների հերթական ահաբեկչական հրեշավոր գործողությունն է»,- հայտարարել է Սինեգուբովը:

20:09 20.7.2022

Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին նախօրեին ասել է, թե «Ռուսաստանը ստեղծում է Ուկրաինայի տարածքի զգալի մասը բռնազավթելու հիմքեր»:

Նա ասել է, թե այդ մասին են վկայում ամերիկյան հետախուզության հայթայթած տվյալները: Քիրբիի փոխանցմամբ, Մոսկվան պատրաստվում է «Ռուսաստանի մաս» հռչակել Խերսոնի և Զապորոժիեի շուրջ տարածքները և ամբողջ Դոնբասը:

«Ռուսաստանն արդեն սկսել է Ուկրաինայում իր հսկողության տակ հայտնված տարածքներում ապօրինի կարգով պաշտոնյաներ նշանակել: Նախ այդ մարդիկ կկազմակերպեն կեղծ հանրաքվեներ, ապա դրանց արդյունքների հիման վրա այդ տարածքները Ռուսաստանի մաս կհռչակեն»,- ասել է Քիրբին:

Նրա փոխանցմամբ, Միացյալ Նահանգները բացահայտելու է Կրեմլի ծրագրերը, քանի որ «աշխարհը պետք է տեղեկացվի ապօրինի բռնազավթման փորձերի մասին»։ Նա վստահեցրել է, որ Մոսկվայի այդօրինակ գործողություններն անպատիժ չեն մնա:

20:46 20.7.2022

Եվրոպական միությունը հաստատել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 7-րդ փաթեթը: Այդ մասին հայտնել է ԵՄ-ում հերթագայության կարգով նախագահող Չեխիան:

«Փաթեթը գրավոր կարգով պետք է հաստատի Եվրամիության խորհուրդը, դա նախատեսվում է վաղը՝ ժամը 10-ին: Եվրամիության պաշտոնական հանդեսում վաղը հրապարակվելու պահից փաթեթը կմտնի ուժի մեջ»,- հայտնել է Եվրամիության չեխական նախագահությունը:

7-րդ փաթեթով էմբարգո է սահմանվելու ռուսական արտադրության ոսկու վրա, ընդարձակվելու է պատժամիջոցների ցանկում ընդգրկված ֆիզիկական և իրավաբանական անձանց թիվը, և հստակեցվելու են ֆինանսական ու առևտրային սանկցիաները:

Արգելվելու է ռուսական ոսկու կիսաֆաբրիկատի և ձուլածո ոսկու գնումը, սակայն ոսկյա զարդերի վրա այդ որոշումը չի տարածվի:

Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների ցանկին կավելացվեն մի շարք կատեգորիաներ, որոնց մատակարարումը Ռուսաստան արգելված է:

«Սև ցուցակում» կընդգրկվեն ևս 48 ֆիզիկական և իրավաբանական անձինք, այդ թվում` պետական պաշտոնյաներ և գործարարներ:

Ցուցակում կընդգրկվի նաև «Գիշերային գայլեր» «հայրենասիրական» մոտոակումբը և դրա ղեկավարը՝ «Խիրուրգ» մականունով հայտնի Ալեքսանդր Զալդաստանովը:

Եվրամիությունը նշում է, որ պարենի և պարարտանյութերի վաճառքի վրա արգելքներ չեն սահմանվում:

Վաղը հաստատվելիք որոշմամբ Ռուսաստանի նկատմամբ նախկինում արդեն սահմանված բոլոր պատժամիջոցների գործողության ժամկետը կերկարաձգվի ևս կես տարով:

20:47 20.7.2022

Միացյալ Նահանգները, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան և Մեծ Բրիտանիան Ուկրաինային թույլ են տվել հետաձգել պետական պարտատոմսերով վճարումների ժամկետը և վարկատու այլ պետություններին կոչ են արել միանալ այդ նախաձեռնությանը և այդպես օգնել Ռուսաստանի ագրեսիային ենթարկված երկրին:

Վճարումների ժամկետը երկարաձգվում է մինչև 2023-ի տարեվերջ, ընդ որում այն հարկ եղած դեպքում կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:

Հուլիսի 19-ին Ուկրաինայի կառավարությունը միջազգային վարկատուներին դիմել է պետական պարտքի վճարումները հետաձգելու խնդրանքով:

16:31 21.7.2022

Պաշտոնական Վաշինգտոնը հուսով է, որ ռուսական նավթի առավելագույն գինը կսահմանվի մինչև դեկտեմբեր: Երեկ այդ մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոն։

Ըստ փոխնախարարի, դա կօգնի նվազեցնել էներգակիրների համաշխարհային գները։

Ռուսաստանը նավթ չի արտահանի համաշխարհային շուկա, եթե դրա գինը ցածր լինի արտադրության ինքնարժեքից, ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:

16:32 21.7.2022

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանից ոսկու ներկրման դեմ, ինչպես նաև հայտարարել է ածխի և նավթի ներմուծման արգելքի մասին։

Ածխի ներկրման արգելքն ուժի մեջ կմտնի օգոստոսի 10-ից, իսկ նավթինը՝ դեկտեմբերի 31-ից։

Մեծ Բրիտանիան վերջին անգամ հունիսի 23-ին էր ընդլայնել ռուսական ներմուծման և արտահանման դեմ պատժամիջոցները: Այն ժամանակ Լոնդոնն արգելեց ավիավառելիքի, նավթի և դրա վերամշակման հետ կապված ապրանքների և տեխնոլոգիաների մատակարարումը Ռուսաստան։

16:35 21.7.2022

Տասնօրյա ընդհատումից հետո Ռուսաստանն այսօր սկսել է Գերմանիայի գազամատակարարումը «Հյուսիսային հոսք 1» խողովակաշարով։ Այդ մասին հայտնել է Nord Stream AG օպերատոր ընկերությունը՝ փարատելով մտահոգությունները, թե ռուսական կողմի տեխնիկական սպասարկման ժամկետները հնարավոր է երկարաձգվեն։

«Գազպրոմ»-ը հուլիսի 11-ից դադարեցել էր գազամատակարարումը՝ որպես պատճառ նշելով տեխնիկական սպասարկման ամենամյա աշխատանքները։

«Հյուսիսային հոսք 1» գազատարով Եվրոպան տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր գազ է ստանում Ռուսաստանից։

16:37 21.7.2022

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրեն Ուիլյամ Բըրնսը մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առողջական վիճակի հետ կապված լուրերը, ասել է, թե ամերիկյան հատուկ ծառայությունները Ռուսաստանի նախագահի առողջական վատ վիճակը հաստատող որևէ տեղեկություն չունեն։

Կոլորադո նահանգի Ասպեն քաղաքում անցկացվող անվտանգային հարցերով համաժողովում Բըրնսը ասել է․ «Շատ լուրեր են պտտվում նախագահ Պուտինի առողջության մասին, բայց որքանով կարող ենք դատել, նա նույնիսկ չափազանց առողջ է»։

Մամուլում և սոցցանցերում ենթադրություններ են շրջանառվում, թե Վլադիմիր Պուտինը, ով այս տարի կդառնա 70 տարեկան, առողջական լուրջ խնդիրներ ունի։

Վլադիմիր Պուտինը առողջական խնդիրներ չունի, հավաստիացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը:

Դմիտրի Պեսկովը, այսօր մեկնաբանելով Պուտինի առողջական վիճակի մասին լուրերը, ասել է, թե նա լավ է, «նրա առողջության հետ կապված ամեն ինչ նորմալ է»։

«Գիտեք՝ ուկրաինական տեղեկատվական չակերտավոր մասնագետները, և ամերիկյան ու բրիտանական, նրանք վերջին ամիսներին տարբեր «բադեր» են բաց թողնում նախագահի առողջական վիճակի հետ կապված։ Դրանք ոչ այլ ինչ են, քան «բադեր», որոնց մասին մենք ասել ենք», - լրագրողներին այսօր ասել է Կրեմլի խոսնակը։

16:38 21.7.2022

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ մինչև հուլիսի վերջը հեռախոսազրույց կունենա Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։

«Կարծում եմ` նախագահ Սիի հետ կխոսեմ առաջիկա տասն օրվա մեջ», - երեկ ասել է Բայդենը։

Վաշինգտոնը Պեկինին համարում է իր ռազմավարական մրցակիցը և գտնում, որ բարձր մակարդակի շփումներն առանցքային դեր են խաղում կայունության ապահովման գործում։

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո ԱՄՆ-ը Չինաստանին զգուշացրել է, որ աջակցություն չցուցաբերի Մոսկվային։

18:22 21.7.2022

Ուկրաինայում մոտ հինգ ամիս շարունակվող պատերազմի ընթացքում սպանվել է մոտ 15 հազար ռուսաստանցի զինվորական, այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը։

«ԱՄՆ-ի հետախուզական համայնքի վերջին գնահատականներով` 15 հազար զոհ սպանված, և մոտ երեք անգամ ավելի վիրավորներ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

«Ուկրաինացիները նույնպես տուժել են, հավանաբար ավելի քիչ, բայց, այնուամենայնիվ, դրանք զգալի կորուստներ են»,- հավելել է ԱՄՆ ԿՀՎ տնօրենը։

Հիշեցնենք՝ Խորհրդային Միությունը Աֆղանստանում տասնամյա պատերազմում կորցրել է մոտ 15 հազար զինվորական։

Մոսկվան ու Կիևը չեն բացահայտում պատերազմում իրենց զոհերի թիվը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը վերջին անգամ տվյալներ է հրապարակել մարտի 25-ին՝ հայտարարելով, որ ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է 1351 մարդ, վիրավորվել` 3825-ը։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG