Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

11:34 23.7.2022

Միացյալ Նահանգները ստորագրել է ևս 270 միլիոն դոլարի ռազմական օգնությունը Ուկրաինային, ներառյալ ևս չորս HIMARS հրթիռային կայաններ, ուղարկվածների թիվը հասցնելով 20-ի: Այս մասին հուլիսի 22-ին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն շաբաթասկզբին հույս էր հայտնել, որ Միացյալ Նահանգները կտրամադրի մինչև 100 HIMARS համակարգեր:

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակի խոսքով՝ օգնությունը կներառի նաև 500 շարժական անօդաչու թռչող սարք և 36 000 հրետանային զինամթերք:

12:24 23.7.2022

Շաբաթ գիշերը և վաղ առավոտյան ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք քաղաքների, մասնավորապես Խարկովի և Նիկոլաևի վրա։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է քաղաքի կենտրոնական թաղամասերին մի քանի ուժեղ հարվածների մասին։ Շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ հարվածի տակ է հայտնվել Օսնովյանսկի շրջանը։ Հայտնի է մեկ տուժածի մասին:

Նիկոլաևի շրջանային վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմն էլ հայտնել է, որ շաբաթ առավոտյան՝ մոտավորապես ժամը 04:20-ին, ռուսները գրոհել են քաղաքը S-300 վեց հրթիռներով։

13:12 23.7.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է՝ Ռուսաստանի հետ հրադադարը, առանց կորցրած տարածքների վերադարձի, միայն կերկարաձգի պատերազմը։

Wall Street Journal -ի հետ զրույցում Ուկրաինայի առաջնորդը համոզմունք է հայտնել, որ հրադադարը Ռոսաստանին թույլ կտա պահպանել ուկրաինական տարածքները՝ հնարավորություն տալով Մոսկվային լրացնել պահեստները և վերազինվել հաջորդ փուլի համար:

Wall Street Journal -ը մեջբերում է պարբերականի պատվերով Ուկրաինայում անցկացված հարցման արդյունքները, որի համաձայն հարցվածների 89 տոկոսը դեմ է արտահայտվել խաղաղ համաձայնագրին, որը կպահանջի իրենց երկրի տարածքների զիջում։

13:50 23.7.2022

Վերջին երկու օրերին Խերսոնի շրջանում «ծանր մարտեր» են ընթանում։ Այս մասին հայտնում է բրիտանական ռազմական հետախուզությունը։

Գերատեսչության տվյալներով՝ մարտերը շարունակվում են ուկրաինական զորքի նախաձեռնած հակահարձակողական գործողությունների շրջանակներում՝ Դնեպրի արևմտյան ափին Ռուսաստանի կողմից գրավված տարածքներում։

«Ռուսաստանը, հավանաբար, փորձում է դանդաղեցնել ուկրաինական հարձակումը, ինչի համար հրետանային կրակ է վարում բնական պատնեշի Դնեպրի վտակ՝ Ինգուլեց գետի երկայնքով», - ասվում է բրիտանական հետախուզության ամենօրյա տեղեկագրում։

16:03 23.7.2022

Կիևը պնդում է, որ ռուսական ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Օդեսայի նավահանգիստների ենթակառուցվածքների վրա։ Այս մեղադրանքները հնչում են ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանումները վերսկսելու հարցով Ստամբուլում Կիևի և Մոսկվայի միջև ստորագրված համաձայնագրից մեկ օր անց։

Իր հերթին, Ուկրաինայի դիվանագիտական գերատեսչությունը հայտարարել է, որ Ռուսաստանը Օդեսայի նավահանգստին հարված հասցնելով «թքում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երեսին»․ ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ:

Մոսկվան դեռևս չի արձագանքել այս մեղադրանքներին։

16:05 24.7.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Օդեսայի նավահանգստի վրա հրթիռային հարձակումից հետո Ռուսաստանին մեղադրել է «բարբարոսության» մեջ։

Ուկրաինայի հացահատիկի արտահանումը վերականգնելու ուղենշային գործարքը, որը ստորագրվել էր գործադուլից ժամեր առաջ, այժմ կախված է:

Կիևն ասել է, որ դեռևս նախապատրաստական աշխատանքներ են տարվում հացահատիկի արտահանումը վերսկսելու համար՝ չնայած ակնհայտ խախտմանը:

Ռուսաստանը հայտարարել է, որ հասցրել է հարվածը, սակայն նշել է, որ թիրախը եղել է ուկրաինական ռազմածովային նավը:

Ուկրաինացի զինվորականները խոստովանել են, որ նավը խոցվել է, սակայն չեն ասել՝ դա ռազմական, թե քաղաքացիական նավ է։

Նախագահ Զելենսկին ասել է, որ հրթիռային հարվածը ցույց է տալիս, որ Մոսկվային չի կարելի վստահել գործարքին հավատարիմ մնալու հարցում:

19:32 24.7.2022

Ռուսաստանը նախապաշարմունքներ չունի Ուկրաինայի հետ հարցերի ավելի լայն շրջանակի շուրջ բանակցությունները վերսկսելու հարցում, ընտրությունը Կիևինն է, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Բայց դա մեզանից չէ կախված, քանի որ Ուկրաինայի իշխանությունները՝ նախագահից մինչև անթիվ խորհրդականներ, անընդհատ ասում են, որ բանակցություններ չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի հաղթել Ռուսաստանին»,- ասել է Լավրովը Եգիպտոսի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում։

Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան չի խնդրում Արևմուտքին չեղարկել պատժամիջոցները, սակայն պարենային թեմայի շուրջ Արևմուտքը պետք է վերացնի իր իսկ ստեղծած խնդիրները:

«Մենք պարզապես հիմա կզարգացնենք մեր տնտեսությունը՝ հենվելով վստահելի գործընկերների վրա, այլ ոչ թե նրանց, ովքեր ևս մեկ անգամ ապացուցեցին իրենց լիակատար անկարողությունը բանակցելու», - հավելել է Լավրովը:

08:53 25.7.2022

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանգստյան օրերին Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ իրարամերժ հայտարարություններ է արել։

Շաբաթ օրը մեկնարկած աֆրիկյան շրջագայության շրջանակում Կահիրեում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը նախ ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցել հարցերի ավելի լայն շրջանակի շուրջ, իսկ ավելի ուշ Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ըստ էության, հերքել է իր ասածը՝ հայտարարելով, թե Ռուսաստանը կօգնի ուկրաինացի ժողովրդին ազատվել «հակաժողովրդական և հակապատմական ռեժիմից»։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ռուսաստանի արտգործնախարարը «զարգացրել է դասական ռուսական շիզոֆրենիան»։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայի ներկայիս իշխանությունն ընտրվել է արդար, մրցակցային և ժողովրդավարական ընտրություններով, սակայն ռուսական վերնախավին նման բաները ծանոթ չեն։

14:32 25.7.2022

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը զգուշացրել է, որ Ռուսաստանից գազի մատակարարումների նվազման պայմաններում Եվրոպան պետք է պատրաստվի դրանց ամբողջական դադարեցմանը, ինչը, նրա կարծիքով, «վաղ թե ուշ» տեղի կունենա։ Այդ մասին նա ասել է DPA գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է այսօր։

«Ներկայումս Ռուսաստանը մասնակիորեն գազ է մատակարարում կամ ընդհանրապես կապույտ վառելիք չի մատակարարում 12 [ԵՄ] անդամ երկրների», - ասել է ֆոն դեր Լայենը՝ հավելելով. - «Հետևաբար, Եվրոպան պետք է պատրաստ լինի ամենավատ սցենարին՝ գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը, վաղ թե ուշ»։

Միաժամանակ, Եվրահանձնաժողովի նախագահը կոչ է արել այն երկրներին, որոնք քիչ կախվածություն ունեն ռուսական գազի մատակարարումներից, նույնպես մասնակցել էներգախնայողության ջանքերին։ «Նույնիսկ [ԵՄ] անդամ երկրները, որոնք գրեթե գազ չեն ստանում Ռուսաստանից, չեն կարող խուսափել մեր ներքին շուկա մատակարարումների հնարավոր դադարեցման հետևանքներից», - ասել է ֆոն դեր Լայենը։ Եվրամիության տնտեսությունները, Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով, սերտորեն փոխկապակցված են, գազի ճգնաժամն այս կամ այն ձևով կազդի բոլոր անդամ երկրների վրա:

14:33 25.7.2022

Ռուսաստանը հայտարարում է Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում թուրքական արտադրության Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։ Այսօր այդ մասին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Մարտական հերթապահության իրականացման ընթացքում C-300B զենիթահրթիռային համակարգերը, գրագետ գործողությունների արդյունքում հայտնաբերել, ուղեկցել և ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի կազմում գործող Bayraktar TB2 տեսակի անօդաչու թռչող սարքերը», - հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը՝ չհստակեցնելով, սակայն, ոչնչացված թուրքական անօդաչուների թիվը։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG