- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Վլադիմիր Զելենսկին համոզված է, որ Ռուսաստանը պատերազմում հաղթել չի կարողանալու։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է անցած գիշեր հեռարձակված ամենօրյա ուղերձում, պնդելով՝ «ուկրաինացիներին կոտրել չի հաջողվի»։
«Չենք թուլանում և, ինչպես և անցած հինգ ամիսների ընթացքում յուրաքանչյուր օրը, հետագայում ևս անում ենք ամեն ինչ հակառակորդին առավելագույն կորուստներ պատճառելու, նաև Ուկրաինայի համար առավելագույն [միջազգային] աջակցությունն ապահովելու համար», - հայտարարում էր Զելենսկին։
«Նույնիսկ զավթիչներն են վստահ, որ մենք հաղթելու ենք։ Մենք դա անընդհատ լսում ենք նրանց խոսակցություններում, դա այն է, ինչ նրանք ասում են հարազատներ հետ հեռախոսազրույցների ժամանակ», - պնդում էր Ուկրաինայի նախագահը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Ապագայում արևմտյան պատժամիջոցների է ենթարկվելու ոչ միայն Բիձինա Իվանիշվիլին, այլև նրա ողջ շրջապատը», - վրացական «Մթավարի արխի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայում մեծամասնություն կազմող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։
«Տղաներ, ես դա ձեզ ուղիղ եմ ասում՝ փոքր ինչ ավելի զգուշավոր եղեք ձեր հայտարարություններում, քանի որ միայն Իվանիշվիլին չէ, որ հայտնվելու է պատժամիջոցների թիրախում։ Դա վերաբերում է նաև նրա գործարար և քաղաքական շրջապատին։ Այժմ քաղաքական առաջնորդները [Վրաստանում] շատ համարձակ են, վերահսկում են լրատվամիջոցները, բանտարկում են ընդդիմախոսներին, բայց այդ ամենը շուտով փոխվելու է», - հայտարարում էր Արախամիան՝ կոչ անելով Իվանիշվիլիին և նրա շրջապատին «սկսել անշարժ գույք որոնել Ռոստովում»։
Ըստ ամենայնի, Արախամիան ակնարկում է, թե Վրաստանի քաղաքական վերնախավը կարող է կրկնել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ճակատագիրը։ 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Յանուկովիչը հաստատվել է ռուսական Դոնի Ռոստով քաղաքում։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսաստանի ՊՆ այսօր հաղորդել է Ուկրաինային փոխանցված ամերիկյան արտադրության HIMARS տեսակի հրթիռային համակարգերի համար նախատեսված սպառազինության ոչնչացման մասին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը՝ պնդելով, որ HIMARS-ների համար նախատեսված հրթիռները ոչնչացվել են դրանց պահեստավորման վայրում՝ Խմելնիցկու մարզի Բոգդանովցի բնակավայրում։
Ըստ Կոնաշենկովի, ռուսական հարվածների հետևանքով այդ նույն բնակավայրում ոչնչացվել են նաև ամերիկյան արտադրության M777 հաուբիցների համար նախատեսված ականները։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Կիևում պնդում են, որ ՄԱԿ-ի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում, ուկրաինական ցորենի առաջին խմբաքանակը ծովային ճանապարհով միջազգային շուկաներ կարտահանվի արդեն այս շաբաթ։ Այսօր նման հավաստիացմամբ է հանդես եկել Ուկրաինայի ենթակառույցների փոխնախարար Յուրի Վասկովը։
Ուկրաինացի պաշտոնյայի խոսքով՝ ուկրաինական ցորենի առաջին խմբաքանակը արտահանվելու է Չերնոմորսկ նավահանգստից։ «Հետագայում դրան կմիանան նաև Օդեսա և Պիվդեննի (Յուժնի) նավահանգիստները», -հայտարարել է փոխնախարարը
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Առաջիկայում Ուկրաինան, ՄԱԿ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրի շրջանակներում, կսկսի սևծովյան նավահանգիստներում կուտակված հացահատիկի արտահանումը միջազգային շուկաներ», - այսօր Կիևում, Գվատեմալայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք վստահում ենք ՄԱԿ-ին և Թուրքիային, որոնց ներկայացուցիչների ստորագրությունները դրված են այդ փաստաթղթի տակ։ Հենց այդ երկու կողմերն են, որ ապահովելու են ցորեն արտահանող նավերի անվտանգությունը», - հայտարարել է Զելենսկին։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Հարավային Եվրոպայի պետությունները՝ Հունաստանը, Իսպանիան, Պորտուգալիան, որոշ տեղեկությունների համաձայն` նաև Ֆրանսիան, ընդդիմանում են Եվրահանձնաժողովի՝ նախորդ շաբաթ ներկայացրած ծրագրին, որի նպատակն է առաջիկա ձմռան շեմին ԵՄ երկրներում նվազեցնել բնական գազի սպառման ծավալները։
Հուլիսի 20-ին հրապարակված փաստաթղթի համաձայն` ԵՄ անդամ պետությունները մինչև սեպտեմբեր պետք է ներկայացնեն գազի սպառումը կամավոր հիմունքներով 15 տոկոսով նվազեցնելու առաջարկը։ Առաջարկը քննադատվում է նախ և առաջ այն պատճառով, որ Ռուսաստանից վառելիքի մատակարարման հնարավոր դադարեցման դեպքում Եվրահանձնաժողովը նախատեսում է գազի սպառման ծավալների նվազեցումը ԵՄ ողջ տարածքում պարտադիր դարձնել։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ՄԱԿ-ը հայտարարել է, որ Ուկրաինայից հացահատիկի արտահանումը կվերսկսվի առաջիկա օրերին, միաժամանակ դատապարտելով ռուսական կողմի հարվածը՝ հասցված Օդեսա նավահանգստային քաղաքին պարենի մատակարարումները վերսկսելու պայմանավորվածությունից ժամեր անց:
Հացահատիկի արտահանումը կիրականացվի Օդեսայից և Սև ծովի երկու այլ նավահանգիստներից, հայտնել է ՄԱԿ-ի խոսնակ Ֆարհան Հաքը։ «Մենք պետք է համոզվենք, որ ստեղծված են բոլոր պայմանները նավերի անվտանգ տեղաշարժի համար», - հավելել է նա։
Այնուամենայնիվ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ստամբուլում ստորագրված հացահատիկի արտահանման պայմանագրերում ոչինչ չի արգելում Մոսկվային շարունակել «հատուկ ռազմական գործողությունը»՝ ոչնչացնելով ռազմական ենթակառուցվածքները և այլ ռազմական օբյեկտներ։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ֆրանսիական խանութները ստիպված կլինեն պահպանել էլեկտրաէներգիայի խնայողությանն ուղղված նոր կանոնները․ օդորակիչ կամ ջեռուցում ունեցող խանութները պետք է փակ պահեն դռները, ասել է Ֆրանսիայի էներգետիկ անցման նախարար Անյես Պանիե-Ռյունաշեն։
Դռների բացումը, երբ օդորակիչն աշխատում է, ավելացնում է էներգիայի սպառումը 20 տոկոսով, ասել է նա: Խախտողներին սպառնում է մինչև 750 եվրո տուգանք։
Երկրորդ սահմանափակումը կանդրադառնա լուսավորված գովազդի վրա, որն արգելվելու է առավոտյան 1-ից մինչև առավոտյան 6-ը բոլոր քաղաքներում՝ անկախ բնակչության թվից։
Նախկինում այս արգելքը մտցվել էր 800 հազարից պակաս բնակչություն ունեցող քաղաքների համար։ Բացառություններ են արվելու օդանավակայանների և երկաթուղային կայարանների համար։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
«Գազպրոմ»-ը հայտարարել է, որ է՛լ ավելի կկրճատի գազի հոսքը դեպի Եվրոպա խոշոր խողովակաշարով՝ հզորության մինչև 20 տոկոսով, դա պատճառաբանելով սարքավորումների վերանորոգման անհրաժեշտությամբ:
Ռուսական էներգետիկ հսկան Twitter-ում գրել է, որ կնվազեցնի «Հյուսիսային հոսք 1» գազատարով Գերմանիա մղվող գազի օրական ծավալը։ Ընկերությունը հայտնել է, որ անջատում է տուրբինը վերանորոգման նպատակով:
Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ չի կարծում, թե տեխնիկական պատճառները կհանգեցնեն գազի մատակարարումների հետագա կրճատման:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի ներխուժումից ի վեր Ուկրաինայում 5 հազար 237 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 348 երեխա, հաղորդում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը։
Վիրավորվել են 7 հազար 35 խաղաղ բնակիչներ, որոնցից 560-ը երեխաներ են։
Ամենաշատը տուժել են Դոնեցկի և Լուգանսկի մարզերի բնակիչները։