- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ստամբուլում ստորագրված համաձայնագրի հիման վրա Ուկրաինան պատրաստվում է առաջիկա օրերին սկսել նավահանգիստներում կուտակված ցորենի արտահանումը։
Ֆեյսբուքի ուղիղ եթերով երկուշաբթի հեռարձակված ճեպազրույցում Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովն ասել է, որ համակարգող խորհրդի տեխնիկական փաստաթղթերը Ստամբուլում մշակվելու են երկու օրվա ընթացքում, և ակնկալվում է գործընթացը սկսել հուլիսի 27-ից։ Ցորենով բեռնված առաջին նավը դուրս է գալու Չեռնոմորսկից։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովը հուլիսի 26-ին ասել է, որ օդային բազավորման գերճշգրիտ հրթիռների հարվածներով Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա գյուղի մոտ տեղակայված ուկրաինական բանակի արտասահմանյան լեգիոնի 40 վարձկան է ոչնչնացվել։
Մարտական գործողությունների պայմաններում կողմերի հայտնած թվային տվյալները անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ԵՄ երկրները պայմանավորվել են նվազեցնել գազի սպառումը, քանի որ անհանգստացած են Ռուսաստանից մատակարարումների կրճատմամբ:
Էներգետիկայի նախարարները երեկ հավանություն են տվել ԵՄ երկրների կողմից գազի օգտագործման կամավոր կրճատման վերաբերյալ փոխզիջումային համաձայնագրին։ Խոսքը օգոստոսից մարտ 15 տոկոսով գազից կախվածությունը նվազեցնելու մասին է։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Գերագույն ռադային՝ «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Անդրեյ Կոստինին նշանակել երկրի գլխավոր դատախազ, գրում է "Украинская правда"-ն՝ վկայակոչելով խորհրդարանի կայքում տեղադրված բանաձևի նախագիծը։
Կոստինն իրավաբան է, եղել է Օդեսայի քաղաքային խորհրդի անդամ, 2019 թվականից Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր է։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինացիները ռուսների կողմից գրավված Խերսոնի շրջանում հրթիռային հարված են հասցրել Դնեպրի վրայով կառուցված և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Անտոնովսկի կամրջին: Այն լուրջ վնաս է կրել, երթևեկությունը կամրջով խիստ սահմանափակվել է:
Ուկրաինական կողմը HIMARS տեսակի ամերիկյան հրթիռային համակարգով է հարվածել կամրջին: Այն Դնեպրի վրայով կառուցված երկու կամուրջներից մեկն է: Ռուսաստանի կողմից Խերսոնի շրջանի ղեկավար նշանակված Վլադիմիր Սալդոն ասել է, որ այս պահին ընթանում են վերանորոգման աշխատանքներ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ ստացել է Սըր Ունիսթոն Չերչիլի մրցանակը: Կառավարության թվիթերյան հաղորդագրության համաձայն, Ուկրաինայի նախագահն այդ պատվին է արժանանում «Պուտինի բարբարոսական ներխուժման դեմ անհավանական քաջություն, անհնազանդություն և արժանապատվություն դրսևորելու համար»:
Պարգևը շնորհելու մասին հեռավար կարգով հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնը, Զելենսկին տեսակապով է մասնակցել արարողությանը: Ջոնսոնը Տելեգրամ-ալիքում ավելի ուշ գրել է, թե «Զելենսկին չէր ստանա պարգևը, եթե ամբողջ Ուկրաինայի ժողովուրդը ոտքի չկանգներ ազատությունը բռնակալությունից պաշտպանելու համար»:
Զելենսկին արարողության ընթացքում ասել է, որ ուկրաինացիները և եվրոպական պատմությունն առհավետ կհիշեն նրանց, ովքեր առանց վարանելու եկել են օգնելու ուկրաինացի ժողովրդին և պաշտպանելու ազատության գաղափարը: Զելենսկին կոչ է արել շարունակել օգնության տրամադրումն Ուկրաինային և սաստկացնել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորությամբ այսօր Ստամբուլում տեղի է ունեցել ուկրաինական հացահատիկի արտահանման ընթացքը հսկող կենտրոնի բացումը: Աքարն ասել է, թե առաջին փոխադրումը նախատեսվում է իրականացնել առաջիկա մի քանի օրում:
Ուկրաինան և Ռուսաստանը կենտրոնը ստեղծել են ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ, և գործարքը կնքել են անցած ուրբաթ օրը՝ հուլիսի 22-ին:
Միացյալ համակարգող կենտրոնը պետք է հսկի նավահանգիստներից հացահատիկի և պարարտանյութի փոխադրման ընթացքը, որը խափանվել է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով և միջազգային պարենային ճգնաժամ է առաջացրել:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Գերմանիայի կառավարությունը հաստատել է Panzerhaubitze 2000 տեսակի հարյուր հաուբիցներ Ուկրաինային վաճառելու որոշումը: Այդ մասին հայտնել է Spiegel պարբերականը: Գործարքի արժեքը 1 միլիարդ 700 միլիոն եվրո է:
Panzerhaubitze 2000 գերմանական արտադրության ինքնագնաց հաուբիցը համարվում է աշխարհում ամենաարդիական այդօրինակ համակարգերից մեկը: Այն կարող է մեկ րոպեում արձակել մինչև 10 արկ և խոցել մինչև 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախներ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ֆիլիպինների կառավարությունը չեղյալ է հայտարարել Ռուսաստանից «Մի-17» տեսակի ռազմական ուղղաթիռներ գնելու գործարքը, որը կնքվել է դեռ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից առաջ:
2021 թվականին կնքված գործարքի գինը 227 միլիոն դոլար է: Ֆիլիպինները մտադիր էր այդ գումարով Ռուսաստանից ստանալ 16 միավոր «Մի-17» տեսակի ուղղաթիռներ:
Ֆիլիպինների պաշտպանության նախկին նախարար Դելֆին Լորենցանան ասել է, թե գործարքի իրականացման դեպքում երկիրը կարող էր ԱՄՆ-ի կողմից ենթարկվել ծանր պատժամիջոցների: Լորենցանան ասել է, որ Վաշինգտոնը տեղեկացվել է ռուս-ֆիլիպիննական գործարքի չեղարկման մասին: Միացյալ Նահանգները պատրաստ է ամերիկյան ուղղաթիռներ առաջարկել Ֆիլիպիններին:
Այս տարվա ապրիլին Հնդկաստանը հետաձգել է Ռուսաստանից «Մի-17Բ5» տեսակի 48 ուղղաթիռներ գնելու գործարքը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
«Դոնեցկի ժողովրդական հանրապետություն» կոչվող ինքնահռչակ կազմավորումը կարող է սեպտեմբերին անցկացնել Ռուսաստանին միանալու հարցով «հանրաքվե»:
Այդ մասին հայտնել է կազմավորման «հանրային պալատի» նախագահ Ալեքսանդր Կոֆմանը: Նրա խոսքով, նպատակահարմար կլինի, որ «Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները» նույն օրում հանրաքվեներ անցկացնեն:
«Մեր ռազմական առաջնորդների հավաստիացմամբ, Դոնբասի ամբողջ տարածքը կազատագրվի օգոստոսի վերջին, ուստի, հանրաքվեն հնարավոր կլինի սեպտեմբերի կեսին կազմակերպել»,- ասել է Կոֆմանը:
Դոնեցկի ինքնահռչակ կազմավորման ղեկավար Դենիս Պուշիլինն էլ իր Տելեգրամ-ալիքում գրել է, թե «այսօր եկել է ռուս մարդկանց կողմից հիմնադրված ռուսական քաղաքները՝ Կիևը, Չերնիգովը, Պոլտավան, Օդեսան, Դնեպրոպետրովսկը, Խարկովը, Զապորոժիեն և Լուցկը ազատագրելու ժամանակը»: