Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

16:52 31.7.2022

Նիկոլաևի քաղաքապետ Ալեքսանդր Սենկևիչը հաղորդել է գիշերը ուկրաինական այս քաղաքի ռմբակոծության մասին՝ անվանելով այն մինչ այժմ ամենաուժգինը:

Ըստ Սենկևիչի՝ պայթյուններից հետո մի քանի հրդեհ է բռնկվել, ավերվել և վնասվել են բնակելի շենքեր, փրկարարական աշխատանքների մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ:

Հաղորդվում է նաև, որ ռմբակոծության հետևանքով իրենց տանը զոհվել են Ուկրաինայի ազգային հերոս, «Նիբուլոն» ագրարային ընկերության հիմնադիր 74-ամյա Ալեքսեյ Վադատուրսկին և նրա կինը: Վադատուրսկին 24-րդն էր ամենահարուստ ուկրաինացիների ցուցակում՝ 430 միլիոն դոլար կարողությամբ:

Խարկովին նույնպես գիշերը և առավոտյան ուժգին հարվածներ են հասցվել, հաղորդել է քաղաքապետ Իգոր Տերեխովը:

16:56 31.7.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հաղորդում է, թե «Կրակեն» խմբավորման ժամանակավոր տեղակայման վայր դարձած՝ Խարկովի մեխանիկական տեխնիկումի տարածքին հասցված օդային հարվածից զոհվել է մինչև 350 ուկրաինացի զինծառայող, ոչնչացվել է 11 միավոր զինտեխնիկա:

Շարունակվում են մարտական գործողությունները Դոնբասում, կողմերը հաղորդում են միմյանց մեծաթիվ կորուստների մասին:

16:58 31.7.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Մոսկվան պաշտոնապես հրավիրում է ՄԱԿ-ի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի փորձագետներին՝ քննելու Ելենովկայի բանտին հասցված հարվածը, որի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել են այնտեղ պահվող 193 ուկրաինացի ռազմագերիներից առնվազն 53-ը:

Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները ևս պահանջել էին կատարվածի քննությունում միջազգային փորձագետների ներգրավումը:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը և Կարմիր Խաչը պատրաստակամություն են հայտնել Ելենովկա գործուղել իրենց քննիչներին հնարավորություն ընձեռվելուն պես:

Դոնեցկի մարզի Ելենովկա ավանի ուղղիչ աշխատանքային գաղութի բարաքներից մեկն ավերվել է հուլիսի լույս 29-ի գիշերը: Ռուսական հրամանատարությունը և Դոնեցկի ռուսամետ անջատողականները հայտարարում են, որ հարվածը հասցրել են ուկրաինական զորքերը՝ ամերիկյան HIMARS համակարգի կիրառմամբ, Կիևը, իր հերթին, հակառակ կողմին է մեղադրում հարձակման համար: Լրատվամիջոցներում նաև վարկած է շրջանառվում, թե Ելենովկայի բանտին հրթիռային հարված չի հասցվել՝ շենքը պայթեցվել է ներսից:

10:46 1.8.2022

Մոսկվան ու Կիևը շարունակում են միմյանց մեղադրել Ելենովկայի բանտին հասցված հարվածի համար։ Նախ Կիևը, ապա նաև Մոսկվան հայտարարել են, թե ուզում են, որ կատարվածը օբյեկտիվ հետաքննեն միջազգային փորձագետները։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կիրակի երեկոյան հայտնել է, որ Դոնեցկի տարածքում գնտվող Ելենովկայի գաղութն այցելելու թույլտվություն դեռ չի ստացել։

13:01 1.8.2022

Հացահատիկով բեռնված առաջին նավը դուրս է եկել Օդեսայի նավահանգստից: Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ այն Ստամբուլ պետք է ժամանի վաղը՝ օգոստոսի 2-ին:

Ստամբուլի մերձակայքում գտնվող ծովային հսկողության կետում ստուգումից հետո նավը կանցնի Բոսֆորի նեղուցով և կուղևորվի դեպի նպատակակետ:

14:35 1.8.2022

«Ուկրաինական ցորենով բեռնված առաջին նավը, որ այսօր առավոտյան դուրս է եկել Օդեսայի նավահանգստից, Բոսֆորի նեղուց կհասնի արդեն վաղը», - այսօր Կիևում այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ենթակառույցների նախարար Ալեքսանդր Կուբրակովը։

Այսօր ավելի վաղ Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ վաղը կեսօրին Սիերա-Լեոնեյի դրոշի ներքո նավարկող «Ռազոնին» Ստամբուլի ափամերձ գոտի կհասնի օգոստոսի երկուսի կեսօրին։ «Նավը Բոսֆորի նեղուցում համատեղ տեսչական ստուգման կենթարկվի, որից հետո հնարավորություն կստանա շարունակել ընթացքը», - հայտարարել է Աքարը։

16:10 1.8.2022

Ռուսաստանի ՊՆ հաղորդում է Ուկրաինայում տարածքում արևմտյան արտադրության Harpoon և Himars տեսակի հրթիռային համակարգերի ոչնչացման մասին։ Աիս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Ռուսաստանցի գեներալի պնդմամբ՝ ափամերձ գոտու պաշտպանության համար նախատեսված Harpoon համակարգը ոչնչացվել է Օդեսայի մարզում, իսկ Himars տեսակի երկու հրթիռային կայանքները Խարկովում գտնվող «ՈւկրԷներգոՄաշ» գործարանի տարածքում։

23:29 1.8.2022

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է պատժամիջոցների ենթարկված օտարերկրացիների նոր ցանկը, որում ընդգրկվել են 39 բրիտանացիներ:

Մոսկվան սանկցիաներ է սահմանել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնի, Լորդերի պալատի անդամ Ջորջ Ռոբերտսոնի և մի շարք քաղաքական այլ գործիչների նկատմամբ:

Պատժամիջոցների են ենթարկվել նաև մամուլի գործիչները՝ BBC, ITV, The Times, The Guardian, The Sun, The Economist, Daily Telegraph և բրիտանական այլ ԶԼՄ-ների 11 աշխատակիցներ:

Ռուսական կողմը պնդում է, որ սանկցիաների ենթարկված քաղաքական գործիչները և լրագրողները «նպաստել են ռուսատյացության և Ռուսաստանի մասին ոչ արժանահավատ տեղեկությունների տարածմանը»:

Մոսկվան նշում է, որ դա «Բրիտանիայի նկատմամբ պատժամիջոցների վերջին փաթեթը չէ»: Ընդհանուր առմամբ Ռուսաստանը սանկցիաներ է սահմանել 255 բրիտանացիների նկատմամբ:

Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվածներին արգելվում է մուտք գործել Ռուսաստանի տարածք:

Բրիտանիան, իր կողմից, Ուկրաինայի պատերազմի կապակցությամբ, պատժամիջոցներ է սահմանել 1330 ռուսաստանցիների և 158 ռուսաստանյան կազմակերպությունների նկատմամբ:

09:43 2.8.2022

Ռուսաստանի նախագահն ասել է, որ միջուկային պատերազմում հաղթող չի լինի և այդպիսի առճակատում երբեք չպետք է սանձազերծվի: Այդ մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել է Միջուկային սպառազենի չտարածման պայմանագրի իրականացման 10-րդ դիտորդական համաժողովի մասնակիցներին հասցեագրված ուղերձում

«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ այդպիսի պատերազմում չեն կարող լինել հաղթողներ, մենք համաշխարհային հանրության բոլոր անդամների համար հավասար և անբաժանելի անվտանգության կողմնակից ենք», - ասվում է Ռուսաստանի ղեկավարի պաշտոնական ուղերձում:

09:45 2.8.2022

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը վավերացրել է օրինագիծը, որով Վաշինգտոնը ևս 550 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային:

Այդ գումարը ենթադրում է պաշտպանական արտադրանքի տրամադրում, ինչպես նաև ուկրաինացի զինվորականների ուսուցում:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG