- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինական «Էնորգոատոմ» ընկերությունը այսօր հաղորդել է, որ Զապորոժիեի ատոմակայանի վրա կատարված հարձակման հետևանքով էներգաբլոկներից մեկում աշխատել է վթարային պաշտպանության համակարգը՝ անջատվել է երեք գործող էներգաբլոկներից մեկը։
Նախօրեին ատոմակայանը ենթարկվել էր հրետակոծության։ Առաջին հարվածը վնասել էր էլեկրամատակարարման «Լուչ» ենթակայանը։ Երկրորդ հարվածը, ըստ «Էներգոատոմի», տեղի է ունեցել ատոմակայանի տարածքի վրա՝ միջուկային ռեակտորի էերգաբլոկի մոտ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մեղադրում է ուկրաինական կողմին, իսկ ուկրաինացիները պնդում են, որ ատոմակայանի տարածքին հարվածում են ռուսական ուժերը։
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Հացահատիկով բեռնված չորս նավ կիրակի առավոտյան դուրս է եկել ուկրաինական նավահանգիստներից` ուղևորվելով Ստամբուլ, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Ուկրաինան և Ռուսաստանը հուլիսի 22-ին ՄԱԿ-ի և Թուրքիայի աջակցությամբ են կնքել ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի և բուսական յուղի փոխադրման գործարքը:
Առաջինն Ուկրաինայից՝ Օդեսայի նավահանգստից, «Ռազոնի» նավն է դուրս եկել Սև ծով: Այն փոխադրում է մոտ 30 հազար տոննա եգիպտացորեն Մերձավոր Արևելքի համար և պետք է խարիսխ գցի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում:
Մի քանի օր անց Ուկրաինայից եգիպտացորենով ևս երեք բեռնատար նավ է մեկնել։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միջուկային առճակատման վտանգը կրկին ի հայտ է եկել տասնամյակներ անց, այսօր հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և կոչ արել միջուկային տերություններին՝ պարտավորվել առաջինը չօգտագործել նման զենք:
«Ատոմակայանի վրա ցանկացած հարձակում ինքնասպանություն է», - ասել է Գուտերեշը՝ պատասխանելով Ուկրաինայում Եվրոպայի ամենամեծ Զապորոժիե ատոմակայանի ուղղությամբ նոր գնդակոծությունների մասին հաղորդագրություններին։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Ռուսաստանի հետ բանակցելու հնարավորությունն այն դեպքում, եթե գրավված տարածքներում անցկացվեն հանրաքվեներ՝ Ռուսաստանին միանալու հարցով:
Այդ տարածքներում Մոսկվայի հովանավորությամբ նշանակված ղեկավարները բազմիցս են հայտարարել նման հանրաքվեների ցանկության մասին:
«Մեր պետության դիրքորոշումը չի փոխվել, մենք մեր տարածքից ոչ մի թիզ չենք զիջի, և եթե զավթիչները գնան այդ կեղծ, այսպես կոչված, «ռեֆերենդումների» ճանապարհով, ապա հենց նրանք այդպես կփակեն Ուկրաինայի և ազատ աշխարհի հետ բանակցելու դուռը, որը կոնկրետ մի օր պետք է գալու ռուսներին»,- անցած գիշեր իր տեսաուղերձում ասել է Զելենսկին:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է Նիկոլաևի շրջանում զինամթերքի խոշոր պահեստներ ոչնչացնելու մասին:
Ըստ գերատեսչության մամուլի խոսնակ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովի, ոչնչացվել է ՆԱՏՕ-ից Ուկրաինային փոխանցված մոտ 45 հազար տոննա զինամթերք:
Բացի այդ, ըստ խոսնակի, ռուսները Դոնեցկի շրջանում հարվածներ են հասցրել հրամանատարական կենտրոններին, հրետանային գումարտակներին և պահեստներին:
Կոնաշենկովի պնդմամբ, փետրվարի 24-ին սկսված «հատուկ ռազմական օպերացիայի» ընթացքում ռուսական ուժերն ընդհանուր հաշվով ոչնչացրել են 263 ռազմական օդանավ, 4 հազար 262 հրասայլ և զրահամեքենա, դաշտային հրետանու 3 հազար 273 միավոր և 4 հազար 756 ռազմական մեքենա:
Անկախ աղբյուրները Կոնաշենկովի հայտնած տվյալների արժանահավատությունը ստուգելու հնարավորություն չունեն:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Թուրքական դրոշի ներքո բեռներ փոխադրող «Պոլարնետ» նավն այսօր առավոտյան խարիսխ է գցել Քոջայելիի մարզի Դերինչեի նավահանգստում:
«Պոլարնետն» Ուկրաինայից՝ Չերնոմորսկի նավահանգստից, 12 հազար տոննա եգիպտացորեն է հասցրել Թուրքիա:
Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկ և այլ մթերք դուրս հանելու ռուս-ուկրաինական համաձայնությունը ձեռք է բերվել Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ:
Բեռնափոխադրումները հսկում է Ստամբուլում տեղակայված միացյալ խումբը, որի կազմում են Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները:
ՄԱԿ-ը և միջազգային այլ կազմակերպություններ ամիսներ շարունակ ահազանգել են, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ուկրաինական արգելափակված նավահանգիստներից պարենը դուրս չբերելու դեպքում միլիոնավոր մարդիկ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում կարող են սովի մատնվել:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի բանակն օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը Զապորոժիեի մարզում գտնվող ռուսական ուժերին հարվածներ են հասցրել HIMARS (high mobility artillery rocket system՝ բարձր շարժունակության հրետանահրթիռային համակարգ) տեսակի հրթիռներով:
Ըստ ռուսների կողմից զավթված Մելիտոպոլի ուկրաինացի ղեկավար Իվան Ֆյոդորովի, հրթիռների թիրախ են դարձել այդ քաղաքի արդյունաբերական հարթակներում ժամանակավոր դիրքավորված ռուսական ուժերը:
Զապորոժիեի մարզի ռուսական վարչակազմի ներկայացուցիչ Վլադիմիր Ռոգովը պնդում է, թե ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել հարվածները: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը խնդիրը չի մեկնաբանել:
Քաղաքապետ Ֆյոդորովի պնդմամբ, «ուկրաինացիներն այդ հարվածներով ոչնչացրել են զգալի քանակությամբ զինտեխնիկա, սպանվել է ավելի քան 100 ռուսաստանցի զինծառայող»:
Ըստ Ֆյոդորովի, ռուսները ՀՕՊ-ի մեծ մասն անցած շաբաթվա ընթացքում Զապորոժիեից փոխադրել են Խերսոնի շրջան, որտեղ ուկրաինացիները մի քանի անգամ հարվածներ են հասցրել Անտոնովսկի կամրջին: Դնեպր գետի վրայով գցված այդ կամրջով է իրականացվում աջ ափին տեղակայված ռուսական ուժերի մատակարարումը:
Մինչդեռ, ուկրաինացիները հայտնել են, որ այսօր էլ են հարվածներ հասցրել Անտոնովսկի կամրջին:
Անկախ աղբյուրները չեն կարող հաստատել ոչ ռուսական և ոչ էլ ուկրաինական կողմերի հաղորդագրությունների արժանահավատությունը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Baykar ընկերությունը մտադիր է Ուկրաինայում կառուցել «Բայրաքթար» տեսակի անօդաչու թռչող սարքերի գործարան: Այդ մասին ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը:
Նրա փոխանցմամբ, Baykar-ն Ուկրաինայում արդեն ստեղծել է ընկերություն և կառուցման համար հողամաս է ձեռք բերել:
«Բայրաքթար»-ների արտադրությանը կմասնակցեն շարժիչներ, անիվներ և պահեստամասեր արտադրող ուկրաինական ընկերությունները:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Զապորոժիեի շրջանի ռուսներին ենթարկվող վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին ստորագրել է Ռուսաստանին միանալու հարցով այդ զավթված շրջանում «հանրաքվե» անցկացնելու կարգադրությունը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Խերսոնի և Զապորոժիեի շրջանների «ռազմական-քաղաքական ադմինիստրացիաները» հաստատել են ընտրական հանձնաժողովներ ստեղծելու որոշումները: Դրանց կազմը դեռ հայտնի չէ, շրջանների ռուսամետ իշխանությունները հայտնել են, թե հանձնաժողովներում կընդգրկվեն «ամենաակտիվ և հոգատար բնակիչները»:
Այդ ստեղծվելիք հանձնաժողովները դերակատարություն կունենան նաև «հանրաքվեների» կազմակերպման և անցկացման գործում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զեենսկին երեկ ասել է, որ նման «հանրաքվեների» անցկացման դեպքում Ուկրաինան և ազատ աշխարհն այլևս չեն բանակցի Ռուսաստանի հետ:
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմից ի վեր միջազգային օրակարգ է մտել միջուկային աղետի վտանգը։ Ընդ որում, խնդիրը ոչ միայն ենթադրություններն են, թե ինչ-որ պահի ռուսական կողմը կարող է միջուկային զենք կիրառել, այլ այն փաստը, որ Ուկրաինայի տարածքում կան գործող ատոմակայաններ, որոնց մերձակայքում հիմա մարտեր են ընթանում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պահանջել է դադարեցնել Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի` Զապորոժիեի հրթիռակոծումը, որն այժմ գտնվում է ռուսական կողմի վերահսկողության տակ, և թույլ տալ այնտեղ մուտք գործել միջազգային տեսուչներին։
«Ատոմակայանի վրա ցանկացած հարձակում ինքնասպանություն է», - այսօր հայտարարել է Գուտերեշը Ճապոնիայում Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության 77-րդ տարելիցի առթիվ կազմակերպված ասուլիսում` հավելելով. «Կարծում եմ, որ եթե միջուկային զենք օգտագործվի, ապա, ամենայն հավանականությամբ, այլևս ՄԱԿ չի լինի, որ ինչ-որ կերպ արձագանքի դրան»: