- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Պաշտոնական Բեռլինը բացառում է Ռուսաստանից Բալթյան ծովի հատակով մինչև Գերմանիա կառուցված «Հյուսիսային հոսք-2» գազատար խողովակաշարի շահագործումը: Այդ մասին այսօր ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը:
«Այո, ես հաստատում եմ, որ այդ գազատարը չի աշխատի: Ակնհայտ է, որ ռուսական գազի մատակարարման կրճատումը բոլորիս համար լուրջ մարտահրավեր է»,- ասել է Հեբեշտրայտը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ կառավարությունը տարբեր միջոցներ, այդ թվում՝ հեղուկ գազի ընդունման տերմինալների կառուցում է ձեռնարկել՝ ծանր իրավիճակից խուսափելու համար:
«Մենք միանշանակ Ուկրաինայի կողմից ենք և շարունակելու ենք սատարել պատժամիջոցների քաղաքականությանը: Պարզ է, որ «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարը գործարկելու հարցը լուծված չէ և ներկայիս ժամանակաշրջանում չի լուծվի»,- ասել է կառավարության ներկայացուցիչը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Միացյալ Նահանգներին դիվանագիտական խողովակներով տեղեկացրել է այն մասին, որ միառժամանակ կարգելի ռազմավարական հարձակողական սպառազենի ռուս-ամերիկյան պայմանագրով նախատեսված միջազգային տեսչական այցերը նշված սպառազենի տեղակայման կենտրոններ:
Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը նշում է, որ «Մոսկվան այդ վճիռը կայացրել է ի պատասխան Վաշինգտոնի ոչ բարեկամական գործողությունների»:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Երեկ Պենտագոնը հայտարարեց Ուկրաինային անվտանգության բնագավառում նոր՝ 1 միլիարդ դոլարի օգնության փաթեթի մասին:
Սա Բայդենի վարչակազմի կողմից հաստատված ռազմական միանգամյա օգնության ամենամեծ փաթեթն է Ուկրաինայի պաշտպանության կարիքների համար:
Պաշտպանական ոլորտում ԱՄՆ օգնության ընդհանուր ծավալը կազմել է 9,8 մլրդ դոլար։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արևմտյան երկրներից պահանջում է արգելել «բոլոր ռուսների» մուտքն իրենց տարածք։
The Washington Post-ի հետ զրույցում Ուկրաինայի առաջնորդը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները թույլ են։
«Ամենակարևոր պատժամիջոցը կլիներ սահմանների փակումը, քանի որ ռուսները զավթում են ուրիշների հողերը»,- հայտարարել է Զելենսկին և պնդել, որ ռուսները պետք է «ապրեն իրենց աշխարհում, քանի դեռ չեն փոխել իրենց փիլիսոփայությունը»։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցումը կդառնա ռուսական զորքերի հարվածների թիրախ և նոր տառապանքներ կբերի ուկրաինացիներին, այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Նման կառույցի ստեղծման փաստն, իհարկե, անմիջապես ընկնում է ապառազմականացման թեմայի տակ։ Սա պետք է հասկանալ» ,- ասել է Կրեմլի խոսնակը։
Նախօրեին Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Baykar ընկերությունը մտադիր է Ուկրաինայում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի գործարան կառուցել:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
«Տրանսնեֆտ» ռուսաստանյան պետական ընկերությունը հայտարարել է, որ Ուկրաինան օգոստոսի 4-ից դադարեցրել է իր երկրի տարածքով անցնող «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումները Հունգարիա, Չեխիա և Սլովակիա։
Պատճառը Ռուսաստանի կողմից ծառայությունների դիմաց վճարումները չիրականացնելն է, տեղեկացնում է «Տրանսնեֆտ»-ը։
Ռուսական ընկերությունը պնդում է, որ Եվրամիության պատժամիջոցների պատճառով չի կարող վճարել տարանցման համար, իսկ Ուկրաինան ռուսական վառելիքի տարանցիկ ծառայություններ է մատուցում 100 տոկոս կանխավճարով։
Ուկրաինական կողմն առայժմ չի արձագանքել։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր վիրավորվել կամ սպանվել է 70-ից 80 հազար ռուսաստանցի զինվորական, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Քոլին Քոլը։
«Այդ թիվը կարող է մի քիչ ցածր կամ մի քիչ բարձր լինել, բայց կարծում եմ, որ դա ինչ-որ կերպ համապատասխանում է իրականությանը»,- ասել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան։
Քոլը նաև հավելել է, որ ուկրաինական կողմը նույնպես շոշափելի կորուստներ է կրել զինվորականների շրջանում, սակայն մոտավոր թվեր չի նշել։
Մոսկվան ու Կիևը չեն բացահայտում պատերազմում իրենց զոհերի թիվը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգները հայտարարել է, որ 89 մլն դոլար կտրամադրի Ուկրաինային՝ տարածքներն ականազերծելու համար։
Գումարը կուղղվի անձնակազմի վերապատրաստմանն ու սարքավորումների ձեռբերմանը՝ մոտ 16 միլիոն հեկտար հողատարածքի վրա ռիսկային աշխատանքներ իրականացնելու համար։
Կիևը պնդում է, որ այդ տարածքներն ականապատվել են ռուսաստանցի զինվորականների կողմից:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ղրիմի արևմտյան Նովոֆեդորիվկա կուրորտային ավանի մերձակայքում գտնվող օդանավակայանում պայթյունների հետևանքով տուժել է 9 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, մեկ մարդ մահացել է:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հատուկ հայտարարությամբ պնդել է, որ պայթյունները տեղի են ունեցել ավիացիոն զինամթերքի դետոնացիայի հետևանքով։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծման հարցով Ռուսաստանն օգոստոսի 11-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է խնդրել, Telegram-ի ալիքում գրել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Ինտերֆաքս»-ի աղբյուրն ասել է, որ ռուսական կողմը խնդրել է նաև ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի մասնակցությունը որպես զեկուցող։