- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը լրացուցիչ ռազմական օգնություն է պատրաստում Ուկրաինային` մոտ 800 մլն դոլարի չափով։
Սպիտակ տունը կարող է այդ մասին հայտարարել արդեն այսօր, Reuters-ին հայտնել են խնդրին ծանոթ երեք աղբյուրը։
Նախագահը կարող է օգնություն տրամադրել Ուկրաինային՝ օգտագործելով ծախսերը կրճատելու իր լիազորությունները, որոնք թույլ են տալիս պետության ղեկավարին Պենտագոնի պահեստներից ավելցուկային զենքի փոխանցում, ասել են նրանք։
Ըստ Reuters-ի՝ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը երեկ կոչ է արել՝ թույլ տալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) մուտք գործել Զապորոժիեի ատոմակայան։
«ՄԱԳԱՏԷ-ն պետք է հնարավորինս շուտ մուտք գործի Զապորոժիեի ԱԷԿ»,- ասել է Փրայսը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը խիստ անհանգստացած է Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակով։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ԵՄ երկրները պետք է անհապաղ չեղարկեն ռուսների համար նախկինում տրված շենգենյան վիզաները, որոնք բազմակի մուտք են ապահովում այդ երկրներ, ասել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը՝ այսօր Politico-ում հրապարակված մեկնաբանությունում։
«Այս պահից սկսած մենք պետք է հստակ «ոչ» ասենք Ռուսաստանից և Բելառուսից ժամանած զբոսաշրջիկներին: Միևնույն ժամանակ, շարունակեք ընդունել նրանց, ովքեր ապաստանի կարիք ունեն, ոչ թե Եվրոպայում հանգստանալու», - Լիտվայի արտաքին գործերի նախարարի խոսքերն է մեջբերում Politico-ն։
Նախարարն առաջարկել է «չեղարկել նախկինում տրված երկարաժամկետ բազմակի մուտքի արտոնագրերը» առնվազն այն ժամանակահատվածի համար, երբ ռուսական ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում շարունակվում է։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Լվով այցելած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ընդգծել է Ուկրաինայից հացահատիկն ապահով փոխադրելու կարևորությունը և խիստ մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության վերաբերյալ:
Նա ասել է, թե չափազանց ուրախ է, որ ՄԱԿ-ի կողմից վարձակալված բեռնատար առաջին նավն արդեն ուղևորվում է դեպի Սոմալի և ցորեն է հասցնելու անցած տասնամյակներում ամենածանր երաշտից տուժած այդ տարածաշրջան:
Անտոնիո Գուտերեշի խոսքով, հենց այս օրերին էլ բարձվում է ավելի քան կես միլիոն տոննա պարեն, որը կփոխադրվի համաշխարհային շուկաներ: Ապա Գուտերեշն անդրադարձել է ԱԷԿ-ի խնդրին:
«Ինձ չափազանց մտահոգում է Զապորոժիեում գտնվող Եվրոպայում ամենամեծ ատոմակայանի ճակատագիրը: Բանականությունը պետք է գերակայի՝ խուսափելու համար այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնաս հասցնել կառույցի ֆիզիկական վիճակին, խախտել ԱԷԿ-ի անվտանգությունը: Մարտական գործողությունները որևէ պարագայում չպետք է տարածվեն այս կառույցի վրա: Անհրաժեշտ է երաշխավորել այդ ամբողջ տարածքի անվտանգությունը»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն այսօր ասել է, որ Մոսկվան շարունակում է Վաշինգտոնի հետ քննարկել Ուկրաինային առնչվող հարցերը:
«Ես կարող եմ հաստատել, որ մակարդակը, որով մենք շարունակում ենք աշխատանքը, ներառում է Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին: Աշխատանքն իրականացվում է ոչ միայն մեր երկու երկրների դեսպանատների, այլև հեռախոսային շփումների միջոցով: Պահի լրջությունը ոչ ոք չի թերագնահատում»,- ասել է Ռյաբկովը «Ռոսիա-1» հեռուստակայանի եթերում:
Նրա խոսքով, ռուսական կողմը ներկայացնում է իրավիճակի գնահատականը և նախազգուշացումները և հույս ունի, որ «դրանք ոչ թե մի կողմ են դրվում, այլ դառնում են այս ծայրահեղ վտանգավոր պահի վերլուծության առիթ»:
«Մենք չենք ցանկանում, որ Միացյալ Նահանգները դառնա այս հակամարտության կողմ, բայց նրանց կողմից դեռ չենք տեսնում այս նախազգուշացումները խորապես և լրջորեն ըմբռնելու պատրաստակամություն»,- ասել է Ռյաբկովը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
«Բելտա» լրատվական գործակալության փոխանցմամբ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բրեստի շրջան այսօր կատարած այցի ընթացքում բնակիչների հետ զրույցում վստահեցրել է, որ Բելառուսը մտադիր չէ հարձակվել Ուկրաինայի վրա:
«Չկարծեք, թե ես Ուկրաինայի վրա ինչ-որ հարձակում եմ ծրագրում, թե ուր որ է մենք կսկսենք Բելառուսի տարածքից ռմբահարել Ուկրաինան և այլն: Բացարձակ չունեմ ցանկություն, որ ձեր և իմ երեխաները պատերազմեն: Հանուն ինչի՞: Մեզ պետք է հանդարտվել»,- ասել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով, «ոչ մի Ուկրաինա այսօր չի կռվում, այսօր Ռուսաստանի հետ է պատերազմում ՆԱՏՕ-ի ամբողջ դաշինքն ու նախևառաջ Ամերիկան»: Լուկաշենկոյի փոխանցմամբ, Եվրոպան վաղուց արդեն կդադարեցներ այս պատերազմը, եթե Միացյալ Նահանգները Լեհաստանի օգնությամբ չշարունակեր այն հրահրել:
Նա ասել է, որ Բելառուսը հազարավոր ուկրաինացիների ապաստան է տվել, և հիմա նրանք բելառուսական քաղաքացիություն են ստանում:
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Այս գիշեր և վաղ առավոտյան ռուսական զորքերը հրթիռակոծել են Ուկրաինայի մի շարք շրջաններ: Խարկովում հրթիռներից մեկը, ուկրաինական կողմի հաղորդմամբ, հարվածել է ուսումնական հաստատության շենքին: Քաղաքի ռմբակոծության հետևանքով մի կին է զոհվել:
Օգոստոսի 17-ին Խարկովում հանրակացարանի վրա հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 17-ի:
Հարձակումներ են իրականացվել նաև Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ քաղաքի վրա, իսկ Նիկոլաևում, ըստ տեղական իշխանությունների, հրթիռակոծվել է համալսարանի շենքը:
Հինգ մարդ զոհվել է Դոնեցկի մարզի՝ Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքում:
Ռուսական զորքերը շարունակում են Սոլեդար, Սևերսկ և Բախմուտ քաղաքների վրա գրոհելու փորձերը: Այս պահին ռուսների վերահսկողության տակ է Դոնեցկի մարզի շուրջ 60 տոկոսը, և վերջին շաբաթներին նրանց չի հաջողվում շոշափելիորեն առաջ գնալ:
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
«Մեդուզա»-ն այսօր վկայակոչելով իր աղբյուրները Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիայում գրել է, թե Կրեմլում մտածում են Դոնեցկի, Լուգանսկի, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերը Ռուսաստանին միացնելու մասին սեպտեմբերի 11-ին ծրագրված հանրաքվեները մինչև ձմեռ երկարաձգելու շուրջ, թեև վերջնական որոշում նախագահ Պուտինը, ինչպես «Մեդուզա»-ն է գրում, դեռ չի ընդունել:
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Չափազանց կրիտիկական է մնում իրավիճակը ռուսների վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի ատոմակայանի շուրջ: Մոսկվան և Կիևը հայտարարում են, թե տեղեկություն ունեն, որ այսօր լուրջ դիվերսիա է նախապատրաստվում Եվրոպայի ամենամեծ ատոմակայանում: Մոսկվան պնդում է, թե դիվերսիան ծրագրում է ուկրաինական կողմը, Կիևը հակառակն է հայտարարում:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, թե ուկրաինական զինուժը Վաշինգտոնի առաջարկով անդադար հարվածներ է հասցնում Զապորոժիեի ատոմակայանի կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներին:
«Եթե տեղի ունենա տեխնածին աղետ, դրա հետևանքները կզգան աշխարհի բոլոր անկյուններում: Վաշինգտոնը, Լոնդոնը և նրանց կամակատարներն են կրելու դրա ամբողջ պատասխանատվությունը», - ասել է Պատրուշևը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, սակայն, երեկ կոչ է արել անհապաղ դուրս բերել զորքերն ու զինտեխնիկան ատոմակայանի տարածքից: Կոչի հասցեատերը Ռուսաստանն է, քանի որ կայանի շուրջ տարածքում հենց ռուսական զորքերն են:
«Ես շարունակում եմ խորապես անհանգստացած լինել Զապորոժիեի՝ Եվրոպայի ամենամեծ ատոմակայանում և շրջակայքում տիրող իրավիճակով: Պետք է գերակայի ողջամտությունը: Հարկավոր է խուսափել ցանկացած գործողություններից, որոնք կարող են վտանգել ատոմակայանի ֆիզիկական ամբողջականությունը և անվտանգությունը», - հայտարարել է Գուտերեշը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էլ զգուշացրել է, որ Ռուսաստանի կողմից ատոմակայանի գրավումը մեծացնում է վթարների վտանգը, և տարածքը որպես ուկրաինական զորքերի վրա հրետանային հարձակման վայր օգտագործելու համար Մոսկվային մեղադրում անխոհեմության մեջ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ երեկոյան ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հերթական կոշտ հայտարարությունն է արել՝ պնդելով, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչները ատոմակայան կարող են այցելել Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքով և միայն այդ ճանապարհով:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
TRT թուրքական հեռուստակայանի փոխանցմամբ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, թե ցանկանում է ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության հարցը:
«Ուկրաինայի նախագահը մեզ խնդրել է, որ Ռուսաստանն ականազերծի ԱԷԿ-ի շուրջ ամբողջ տարածքը և դա անի հնարավորինս արագ, քանի որ վիճակը շատ վտանգավոր է: Երբ ես Լվովում ասել էի, թե «մենք երկրորդ Չեռնոբիլ չենք ուզում», ես հենց դա նկատի ունեի: Ես մտադիր եմ այս հարցը քննարկել հարգարժան պարոն Պուտինի հետ: Ռուսաստանը պետք է անի այդ կարևոր քայլը հանուն խաղաղության», - հայտարարել է Էրդողանն իր հետ Լվովից տուն վերադարձող լրագրողներին:
Նախօրեին Լվովում բանակցել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: