- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Սակիի օդակայանում օգոստոսի 9-ին տեղի ունեցած հուժկու պայթյունները ոչնչացրել կամ շարքից հանել են Ռուսաստանի Սևծովյան ռազմական նավատորմի օդուժի ավելի քան կեսը:
Այդ մասին Reuters լրատվական գործակալությանը երեկ հայտնել է մի բարձրաստիճան պաշտոնատար անձ Եվրոպայի քաղաքական շրջանակներից:
Նա ասել է, որ օգոստոսի 9-ից հետո Ռուսաստանը լուրջ բարդություններ կունենա զավթված Ղրիմի տարածքից Ուկրաինայի սևծովյան քաղաքներին, մասնավորապես, Օդեսային, սպառնալու հարցում:
Այդ անանուն պաշտոնյայի փոխանցմամբ, «հարվածներ հասցնելով թիկունքում Ռուսաստանի ռազմական ենթակառուցվածքներին՝ Ուկրաինան հասնում է «կուտակային արդյունքի», քանի որ ոչ միայն թուլացնում է ռուսական ստորաբաժանումների մատակարարումն, այլև հոգեբանական ծանր ազդեցություն է գործում թե՛ զինվորների և թե՛ իշխանությունների վրա»:
«Եվրոպական պաշտոնական շրջանակներում անանուն աղբյուր» եզրույթը, որպես կանոն, կիրառվում է արևմտյան երկրների հետախուզական ծառայությունների կամ հատուկ այլ կառույցների աշխատակիցներին վկայակոչելու դեպքում:
Ավելի վաղ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը նշել է, թե Նովոֆյոդորովկայի մոտ տեղի ունեցած պայթյունները ոչնչացրել են առնվազն հինգ Су-24 տեսակի և երեք Су-30 տեսակի ռմբակոծիչներ:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Ռուսաստանցի հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինի դստեր մեքենան պայթեցնելու փաստով` սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Դուգինին պատկանող մեքենայի ղեկին եղել է նրա 30-ամյա դուստրը՝ Դարյան, նա մահացել է:
Շաբաթ օրը Ալեքսանդր Դուգինը և նրա դուստր Դարյան մասնակցել են «Ավանդույթ» հայրենասիրական փառատոնին, որից Դարյան մեքենայով հեռացել է միայնակ։
Կիևը հայտարարել է, որ կապ չունի Դուգինի մեքենան պայթեցնելու հետ։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը շեշտել է. «Ես ընդգծում եմ, որ Ուկրաինան, իհարկե, այս ամենի հետ կապ չունի, քանի որ մենք հանցագործ պետություն չենք, որը Ռուսաստանի Դաշնությունն է և առավել ևս՝ ահաբեկչական»:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինացի պրոֆեսիոնալ ծանրքաշային բռնցքամարտիկ Օլեքսանդր Ուսիկը երեկ երեկոյան մրցավարների վճռով հաղթել է բրիտանացի Էնթոնի Ջոշուային և պահպանել է WBA, WBO, IBF և IBO վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Մարտը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայում՝ Ջիդդա ավանի «Աբդուլահ թագավոր» մարզական համալիրում:
12 ռաունդներից հետո երեք մրցավարներից երկուսը միավորներով հաղթող են ճանաչել ուկրաինացուն՝ 115-113 և 116-112, և մեկը հաղթող է ճանաչել բրիտանացոտւն՝ 115-113:
Ջիդդայում երեկ ռևանշի մենամարտ էր, քանի որ երկու կողմերի պայմանագրով անցյալ տարվա սեպտեմբերին Լոնդոնում Ուսիկ-Ջոշուա մենամարտից հետո բրիտանացու պարտության պարագայում պետք է ռևանշ անցկացվեր: Ուսիկն անցյալ տարի երեք մրցավարների վճռով է հաղթել:
«Ես բոլոր ուժերս սպառեցի մարզվելիս, եթե մի քիչ մնար՝ կհաղթեի»,- ասել է Էնթոնի Ջոշուան:
«Փա՛ռք Աստծո, հաղթանակ է, չեմպիոնի գոտին կգնա Ուկրաինա, Ուկրաինան կհաղթի՛»,- բացականչել է Ուսիկը և քաղաքական հայտարարություն ավելացրել. «Պուտինն ամեն ինչ անում է ցույց տալու, թե ինչ հզոր է, ուժեղ, գեղեցիկ: Բայց այդպես չէ, այդ ամենը խաբեություն է, նա իր հզորությունն է ցուցադրում, սակայն իրականում նա թույլ է»:
Ուսիկը 2012 թվականի Օլիմպիադայի չեմպիոն է (մինչև 91 կիլոգրամ քաշային անվանակարգում), 2011-ին՝ նուն անվանակարգում աշխարհի չեմպիոն է դարձել, իսկ 2008-ին Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն է վաստակել մինչև 81 կիլոգրամ անվանակարգում:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Կիևի կառավարական թաղամասի աշխատակիցներին խորհուրդ են տվել օգոստոսի 22-ից 26-ը աշխատել տնից, հայտնում է «Ուկրաինսկա պրավդան»՝ վկայակոչելով աղբյուրները։ Սրա պատճառն Ուկրաինայի պետական տոների՝ օգոստոսի 23-ին պետական դրոշի օրվա և օգոստոսի 24-ին Անկախության օրվա ընթացքում Ռուսաստանից հրետակոծությունների ակնկալիքն է։
Կառավարական թաղամասում ոչ միայն նախարարների կաբինետն է, այլ նաև Գերագույն ռադան, նախագահի գրասենյակը և Ազգային բանկը։
Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը նույնպես սահմանափակումներ է մտցրել. պարետային ժամը կտևի մեկ օրից ավելի: Այն կսկսվի օգոստոսի 23-ին` ժամը 19:00-ին, և կավարտվի օգոստոսի 25-ին` ժամը 07:00-ին:
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Ռուսական համացանցը երկու օր է ակտիվորեն քննարկում է Դարյա Դուգինայի սպանությունը, իսկ Կրեմլի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները պնդում են, թե անկասկած սպանության հետևում Կիևն է կանգնած, և որ իրականում թիրախը Դուգինայի հայրն էր։
Սակայն կան նաև այնպիսիք, ովքեր համարում են, որ ցանկացել են սպանել հենց Դուգինային, ում վերջին շրջանում շատերն էին անվանում ռուսական Մարի Լը Պեն։ Նույն ենթադրությունն արտահայտեց ընդդիմադիր աստվածաբան և հասարակական գործիչ Անդրեյ Կուրաևը՝ միաժամանակ ակնարկելով, առանց ակնհայտ հիմքերի, սպանությանը Ռուսաստանի իշխանությունների հնարավոր ներգրավվածությունը։
«Դարյան իր հոր գաղափարակիցն էր և ավելին՝ մտերիմ էր եվրոպական աջակողմյան կուսակցությունների կողմնակիցների հետ: Հատկապես՝ Մարին Լը Պենի «Ազգային ասոցիացիա» կուսակցության», - գրել է Կուրաևը՝ հավելելով, թե Դուգինն իր կաբալիզմով չէր կարող դառնալ ժողովրդական առաջնորդ. - «Բայց գեղեցկուհի Դարյան ակնհայտորեն նրա կողմից նախապատրաստվում էր որպես ռուսական Լը Պեն»։
Ինչ վերաբերում է անձամբ Ալեքսանդր Դուգինին, որոշ ռուս փորձագետների կարծիքով՝ Կրեմլի վրա նրա ազդեցության աստիճանը հաճախ չափազանցում են, հատկապես՝ արևմտյան լրագրողները։
- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Նախորդ ժամերին ռուսական զինված ուժերը հրետակոծել ու հրթիռակոծել են Ուկրաինայի հարավային մի շարք բնակավայրեր, և այս ֆոնին նախագահ Վլադիմիր Զելենսկին զգուշացրել է, թե Ուկրաինայի անկախության հերթական տարեդարձին՝ օգոստոսի 24-ին ընդառաջ Մոսկվան ձգտելու է «դաժան» ինչ-որ քայլ ձեռնարկել Կիևի դեմ։
Ժամեր առաջ հեռարձակված տեսաուղերձում Ուկրաինայի նախագահը նաև ասել է, թե Ռուսաստանի նպատակն է ստորացնել ուկրաինացիներին, վախ ու հուսահատություն սփռել. - «Սակայն մենք պետք է ուժեղ լինենք՝ դիմակայելու և հարկադրելու զավթիչներին վճարել իրենց ահաբեկչության համար»։
Օգոստոսի 24-ին Ուկրաինան նշելու է անկախության 31-րդ տարեդարձը, այդ օրը լրանում է նաև ռուսական ներխուժման կես տարին։
- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի առաջնորդները քննարկել են Ուկրաինայում ռուսական ուժերի բռնազավթած Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ համատեղ հեռախոսային խոսակցության արդյունքում կոչ անելով զսպվածություն ցուցաբերել Եվրոպայի ամենամեծ ԱԷԿ-ի հարակից տարածքում ռազմական գործողությունների ժամանակ։
Ջո Բայդենը, Բորիս Ջոնսոնը, Էմանյուել Մակրոնը և Օլաֆ Շոլցը, միաժամանակ, վերահաստատել են իրենց աջակցությունը Կիևին։
Նրանք նաև կոչ են արել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների անհապաղ այց կազմակերպել Զապորոժիեի ատոմակայան։
- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Ուկրաինայի անվտանգության ծառայության Կիրովոգրադի մարզային վարչության պետ Օլեքսանդր Նակոնեչնին հայտնաբերվել է մահացած իր տանը՝ Կրոպիվնիցկի քաղաքում։ Դիակը հայտնաբերել է կինը՝ կրակոցներ լսելուց հետո։
Իրավապահ մարմինները քննություն են սկսել՝ պարզելու մահվան պատճառը։ Տեղի լրատվամիջոցներում արդեն իսկ շրջանառվում է ինքնասպանության վարկածը։
Նակոնեչնին այս տարվա հունվարին էր նշանակվել պաշտոնին։ Հուլիսին նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնական արեց Ուկրաինայի անվտանգության ծառայության պետին՝ իր մանկության ընկեր Իվան Բականովին՝ պատճառաբանելով, թե բազմաթիվ են ռուսական հատուկ ծառայությունների հետ Ուկրաինայի քաղաքացիների համագործակցության դեպքերը։
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանել է Կանադա, որտեղ պատրաստվում է համաձայնագիր ստորագրել ջրածնի մատակարարման վերաբերյալ՝ էներգակիրների այլընտրանքային աղբյուրները հարստացնելու համար։
Եռօրյա այցի ընթացքում Շոլցը մտադիր է քննարկել նաև Կանադայից սեղմված գազ ստանալու հնարավորությունները, քանի որ Եվրոպայում մտավախություն ունեն, թե Ռուսաստանը կարող է վերջնականապես դադարեցնել գազի մատակարարումները, որոնք առանց այդ էլ կրճատվել են՝ արևմտյան պատժամիջոցների պատճառով։
Կանադայի վարչապետի հետ հանդիպման օրակարգում է նաև Ուկրաինային քաղաքական, տնտեսական ու ռազմական աջակցություն տրամադրելու հարցը, ինչպես նաև հարաբերությունները Ռուսաստանի ու Չինաստանի հետ։
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Ռուսաստանը Ուկրաինային է մեղադրում Ալեքսանդր Դուգինի դստեր սպանության համար։ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է՝ արդեն բացահայտել է հանցագործությունը, պնդելով, թե այն իրականացրել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները։
«Հանցագործությունը կատարել է Ուկրաինայի քաղաքացի, ով սեփական դստեր հետ Ռուսաստան է ժամանել հուլիսի 23-ին, և ահաբեկչությունից հետո հեռացել՝ Պսկովի մարզից դեպի Էստոնիա», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Կիևը հայտարարել էր, որ կատարվածի հետ կապ չունի։
«Մենք հանցագործ պետություն չենք, առավել ևս՝ ահաբեկչական՝ Ռուսաստանի Դաշնության նման», - հայտարարել էր Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։