- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Եվրամիությունը քննարկում է ուկրաինական զինուժի համար վարժանքներ անցկացնելու հնարավորությունը՝ հարևան երկրներից մեկում:
Առաջարկը քննարկվելու է հաջորդ շաբաթ Պրահայում՝ դաշինքի պաշտպանության նախարարների նիստում։ «Հուսով ենք, որ այն կհաստատվի», - այսօր ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ չմանրամասնելով, թե որ երկրում կարող են վարժանքները կազմակերպվել։
«Կարծում եմ՝ դա կլինի մեծ առաքելություն, որը կհամապատասխանի այս հակամարտության ծավալներին», - ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը։
Փետրվարից՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մեկնարկից հետո Եվրոպան ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների հետ ռազմական տեխնիկա և հետախուզական տվյալներ է փոխանցում, որոնք, ըստ փորձագետների, դանդաղեցրել են, սակայն մինչ այժմ չեն կասեցրել ռուսական առաջխաղացումը։
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Ուկրաինայի դեմ փետրվարից շարունակվող պատերազմի ընթացքում արդեն 9 հազար զինծառայող է զոհվել, այսօր հայտարարել է երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը։
«Ռուսաստանի հարձակմանը դիմակայելու համար պայքարի մեջ են մտել ոչ միայն մեր զինվորները, այլև բազմաթիվ կամավորներ»,- ասել է Վալերի Զալուժնին։
Հաղորդվում է, որ անցած գիշեր ռուսական բանակը կրկին հրետակոծել է Ուկրաինայի բնակավայրերը, այդ թվում՝ Օդեսան։ Նախագահ Զելենսկին զգուշացրել է, թե Մոսկվան կարող է շատ ավելի լուրջ հարված հասցնել օգոստոսի 24-ին՝ Ուկրաինայի անյկախության օրը։
Մինչ այդ երկրի ռազմածովային ուժերը հայտարարում են, թե ռուսական բանակն ուժեղացրել է ռազմական ներկայությունը Սև ծովում, որտեղ թևավոր հրթիռներով զինված հինգ ռուսական ռազմանավ մարտական հերթապահություն է իրականացնում։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
180-րդ օրը ռուսները հուժկու հրետակոծության են ենթարկել ուկրաինական թիրախները: Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոյի փոխանցմամբ, միայն Նիկոպոլ քաղաք «Գրադի» 42 արկ է հասել, տուժել են մի քանի տարեցներ, 2 հազար մարդ զրկվել է էլեկտրականությունից:
Կրիվորոժսկի շրջանին ռուսները հարվածել են «ուրագաններով»: Սինելնիկովսկի շրջանում հրթիռակոծությունից ավերվել են գյուղհիմնարկի, դպրոցի և մշակույթի տան շենքերը:
Բացի այդ, հերթական անգամ հրետակոծվել է Խարկովը, Դոնեցկի շրջանում էլ հրետակոծվել է Կոնստանտինովկա գյուղի դպրոցի շենքը, տուժածներ չկան:
Ռուսները երեկ հայտնել են, թե Օդեսայի շրջանում ոչնչացրել են HIMARS ամերիկյան համակարգերի հրթիռների պահեստ, իսկ Խերսոնի շրջանում ոչնչացրել են ամերիկյան արտադրության M777 տեսակի երկու հաուբից:
Բացի այդ, ըստ Պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովի, ռուսական ուժերը պայթեցրել են Ուկրաինայի 102-րդ տարածքային պաշտպանության բրիգադի վառելիքի պահեստը:
Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբն, իր հերթին, պնդում է, որ ուկրաինացիները հաջողությամբ ետ են մղել ռուսների գրոհները Սկլովյանսկի, Բախմուտի և Ավդեևկայի շրջաններում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինական ուժերը հերթական անգամ հարվածել են Դնեպրի վրայով կառուցված Անտոնովսկի կամրջին, որով իրականացվում է Խերսոնում գտնվող ռուսական ուժերի մատակարարումը:
Ուկրաինայի բանակը հարվածը հասցրել է HIMARS տեսակի ամերիկյան համակարգի հրթիռներով՝ այն պահին, երբ մասնագետները զբաղված են եղել նախորդ հարվածներից տուժած կամուրջը նորոգելու աշխատանքով:
Զոհեր չկան, բայց տուժել են նորոգման աշխատանքը կատարող առնվազն 15 քաղաքացիական անձինք:
«Դնեպրով բնակիչների փոխադրումն իրականացնող աշխատողների և ուղևորների շրջանում տուժածներ չկան»,- ռուսական մամուլին ասել է տեղական վարչակազմի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը:
Անտոնովսկի կամուրջը վեց անգամ հարվածների է ենթարկվել հուլիսին և արդեն երեք անգամ՝ օգոստոսին:
- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Ռուսական ուժերն այս գիշեր ևս շարունակել են հարվածներ հասցնել Ուկրաինայի արևելյան և հարավային հատվածներին:
Ուկրաինայի գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ ռուսական հրետանային և հրթիռային համակարգերի կրակոցները վնասներ են հասցրել Սոլեդար, Զայցևե և Բիլոհորիվկա բնակավայրերին։ Ռուսական ուժերը շարունակում են կենտրոնացնել իրենց ջանքերը Դոնբասի արևելյան տարածքների նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու, ինչպես նաև գրավված Խերսոնի շրջանը, Զապորոժիեի, Խարկովի ու Նիկոլաևի շրջանների՝ իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածները պահպանելու համար:
Ամերիկացի պաշտոնյան նախազգուշացրել է, որ Ռուսաստանը ծրագրում է շուտով նոր հարձակումներ իրականացնել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների և կառավարական օբյեկտների վրա։
Կիևն արգելել է այս շաբաթ Անկախության օրվա տոնակատարությունները՝ որպես պատճառ նշելով հարձակման բարձր սպառնալիքը։ Ուկրաինայի Անկախության օրը՝ օգոստոսի 24-ին, լրանում է փետրվարի 24-ին Ռուսաստանի ներխուժման կես տարին։
- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Զապորոժիեի ատոմակայանում տիրող իրավիճակի վերաբերյալ այսօր նիստ անցկացնելու խնդրանքով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ում փոխդեսպան Դմիտրի Պոլյանսկուն:
Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը ռուսները գրավել են մարտին՝ Ուկրաինա ներխուժելուց անմիջապես հետո: Վերջին շաբաթների ընթացքում այն բազմիցս կրակի տակ է հայտնվել, ինչը միջուկային աղետի սպառնալիք է առաջացնում։
Ռուսաստանի խորհրդարանի պաշտոնական հաղորդագրությունում էլ ասվում է, որ օգոստոսի 25-ին կկայանա Պետդումայի խորհրդի նիստ՝ քննարկելու «Զապորոժիեի ատոմակայանի անվտանգությանը սպառնացող վտանգը»։
- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Ուկրաինական Չերնոմորսկ նավահանգստից սննդամթերքով բեռնված ևս մեկ նավ է դուրս եկել։
«Այսօր ստուգվելու են նաև Ուկրաինայից եկող և մեկնող երեք նավեր», - հայտնել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունից։
- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Կիև՝ քննարկելու Ուկրաինային հետագա աջակցությունը, ներառյալ՝ ռազմական օգնությունը։
«Այցը կներառի հանդիպում Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ և բանակցություններ Ուկրաինայի պաշտպանության և ռազմական աջակցության վերաբերյալ՝ տնտեսական, հումանիտար և քաղաքական իմաստով», - լրագրողներին ասել է Լեհաստանի նախագահի գրասենյակի ղեկավարը:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի զինված ուժերն այսօր հրետակոծել են Դոնեցկի վարչակազմի շենքը։ Ինքնահռչակ Դոնեցկի հանրապետության իշխանությունները հայտնել են, որ վնասվել է շենքի աջ թևն ու վերին հարկը։
«Շենքում հրդեհ է բռնկվել։ Ամենուր ջարդված աղյուսներ են թափված, երեսապատման սալիկներ ու մետաղական կոնստրուկցիաներ», - հայտնում է Դոնեցկի լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ հրետակոծման հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը օգոստոսի 22-ի ճեպազրույցում պատասխանելով Թուրքիայի միջոցով պատժամիջոցներից խուսափելու Ռուսաստանի հնարավոր քայլերին, ինչի մասին թուրք գործընկերներին նախազգուշացրել էր ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը՝ ասել է․ «Բարձրաստիճան պաշտոնյաները կանոնավոր փոխգործակցում են իրենց գործընկերների հետ, այդ թվում՝ անհատապես, որպեսզի կիսվեն տեղեկատվությամբ, համոզվեն, որ հավաքական կերպով մենք անում ենք հնարավորը' պահպանելու պատժամիջոցների գործող ռեժիմը և փակելու սողանցքները»։
Շարունակելով թեման՝ լրագրողը նշել է, որ Ռուսաստանի քաղաքացիները և անհատները նույն գործունեությամբ զբաղվում են նաև Հարավային Կովկասում՝ Ադրբեջանում, Վրաստանում և Հայաստանում, պատրա՞ստ է նույն նախազգուշացումն անել։
Նեդ Փրայսը պատասխանել է․ «Սրանք քննարկումներ են, որոնք մենք ունեցել ենք աշխարհի շատ վայրերում»։