Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

08:28 24.8.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, երեկ ելույթ ունենալով առցանց անցկացված «Ղրիմի պլատֆորմ» համաժողովում, հիշեցրել է, որ Անկարան չի ճանաչել Ղրիմի բռնազավթումը, որի մասին բաց հայտարարել է առաջին օրվանից։

«Ղրիմի հարցով մեր երկրի դիրքորոշումը հիմնված է ոչ միայն օրենքի տառի վրա, այլև արտացոլում է Անկարայի սկզբունքային բարոյական դիրքորոշումը։ Ղրիմի վերադարձը Ուկրաինային միջազգային իրավունքի պահանջ է։ Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և քաղաքական միասնության պահպանումը կարևոր է ոչ միայն տարածաշրջանի, այլև գլոբալ անվտանգության և կայունության համար»,- հայտարարել է Էրդողանը։

«Ղրիմի պլատֆորմ» առցանց համաժողովին մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը, Բրիտանիայի վարչապետը, Վրաստանի նախագահը։

Ռուսաստանը Ղրիմը բռնակցել է 2014 թվականին։

16:40 24.8.2022

Միացյալ նահանգները Կիևին շուրջ 3 միլիարդ դոլարի զինամթերք և սարքավորումներ կտրամադրի, Ուկրաինայի անկախության օրվան նվիրված ուղերձում հայտնել է նախագահ Ջո Բայդենը։

Ըստ նրա՝ սա ռուսական ներխուժումից ի վեր Ուկրաինային տրամադրվող ռազմական ամենամեծ օգնության փաթեթն է։

Ուկրաինան երկարաժամկետ պաշտպանության համար Վաշինգտոնից կստանա հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանային միջոցներ ու ռադարներ։ Թե ինչ քանակի զինամթերքի մասին է խոսքը, Բայդենը չի հստակեցրել։

16:54 24.8.2022

Ուկրաինան հայտարարել է, որ Ռուսաստանը ռմբակոծել է Զապորոժիեի շրջանը, որտեղ գտնվում է Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը:

Տարածաշրջանի նահանգապետ Վալենտին Ռեզնիչենկոն Telegram-ում գրել է, որ գիշերվա ընթացքում առնվազն չորս մարդ է վիրավորվել։

Միացյալ Նահանգները նախազգուշացրել էր, որ Մոսկվան ծրագրում է հարձակումներ ենթակառուցվածքների և կառավարական օբյեկտների վրա՝ Ուկրաինայի Անկախության օրվան ընդառաջ:

Օգոստոսի 24-ին Ուկրաինան նշում է Անկախության օրը։ Ուղիղ կես տարի առաջ՝ փետրվարի 24-ին Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինայի տարածք։

Կիևում իշխանությունն արգելել է հանրային միջոցառումները տոնի առթիվ՝ վկայակոչելով հարձակման բարձր սպառնալիքը։

Դեռ երեկ Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ ռուսական ուժերը շարունակում են հրթիռներ և հրետանային արկեր արձակել ուկրաինական քաղաքների՝ Նիկոպոլի, Կրիվոյ Ռոգի և Սինելնիկովոյի վրա, որոնք մոտ են Զապորոժիեի ատոմակայանին: Ռուսաստանը Զապորոժիեի ատոմակայանի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ից նիստ էր պահանջում։

16:57 24.8.2022

Այսօր լրանում է Ուկրաինա ռուսական ներխուժման արդեն կես տարին։ Փետրվարի 24-ից անցած 182 օրերին շարունակվող մարտերի հետևանքով հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվել, միլիոնավորները տեղահան են եղել։ Ռուսաստանն այս ընթացքում գրավել է երկրի տարածքի շուրջ 20 տոկոսը։

Ուկրաինական կողմը հայտնում է, որ պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 9 հազար ուկրաինացի զինծառայող։ Ռուսական կողմը չի հայտնում իր կորուստների մասին; Մինչդեռ, ըստ ԱՄՆ հետախուզության, այսպես կոչված «հատուկ գործողության» ընթացքում 15 հազար ռուսաստանցի զինվոր է զոհվել։

Այսօր Ուկրաինայում նշում են Խորհրդային Միությունից անկախանալու 31-րդ տարին։ Ռուսական հավանական հարվածների նախազգուշացումների ֆոնին մայրաքաղաք Կիևում արգելվել են հանրային միջոցառումները։

Անկախության տոնին նվիրված տեսաուղերձում Վլադիմիր Զելենսկին վերստին հայտարարել է, որ ուկրաինական բանակը վերականգնելու է երկրի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ ազատագրելու է Արևելյան Դոնբասն ու Ղրիմը։

«Ի՞նչ է մեզ համար պատերազմի ավարտը։ Մենք նախկինում ասում էինք՝ խաղաղություն, հիմա մենք ասում ենք՝ հաղթանակ», - տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

16:59 24.8.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է, որ Ուկրաինան կվերագրավի 2014 թվականին Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմը ցանկացած միջոցներով, և ընդգծել՝ նախքան դա անելը Կիևը չի խորհրդակցի այլ երկրների հետ։

«Ղրիմը եղել է և կա Ուկրաինա», - ասել է Զելենսկին երեկ «Ղրիմի պլատֆորմի» ժամանակ, որը Կիևի կողմից կազմակերպվող ամենամյա ֆորում է։

Մեկօրյա միջոցառմանը մասնակցում էին տասնյակ երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ՝ հիմնականում տեսակապով։

Կոնֆերանսի ընթացքում Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ Մոսկվայի կառավարումը Ղրիմում վնաս է հասցրել Սևծովյան տարածաշրջանի շրջակա միջավայրին, բերել է տնտեսական անկում, սոցիալական ճնշում և միլիտարիզմ։

17:03 24.8.2022

Ռուսաստանը չեղյալ է հայտարարել Splean ռոք խմբի ելույթը մոսկովյան փառատոնում, երբ Splean-ի մենակատար Ալեքսանդր Վասիլևը երգ է նվիրել Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո երկիրը լքած աստղերին:

Վասիլևը «Կոմերսանտ»-ի հետ զրույցում հաստատել է, որ իր խումբը ելույթ չի ունենա օգոստոսի 26-ի համերգին:

Ռուսաստանը չեղյալ է հայտարարել երկրի տարածքում տասնյակ արտիստների ելույթներ, որոնք համարձակվել են անհամաձայնություն հայտնել ներխուժմանը Ուկրաինա:

Ուկրաինայում Ռուսասատանի սկսած պատերազմից հետո որոշ արտիստներ կամավոր լքել են երկիրը կամ դադարեցրել հյուրախաղերը:

«Կոմերսանտ»-ն ընդծել է, որ Splean-ը միևնույն ժամանակ որևէ կարծիք չի հայտնել Ուկրաինայում պատերազմի կամ Ռուսաստանի ղեկավարության մասին:

17:05 24.8.2022

Միացյալ Նահանգները Կիևին շուրջ 3 միլիարդ դոլարի զինամթերք և սարքավորումներ կտրամադրի, Ուկրաինայի Անկախության օրվան նվիրված ուղերձում հայտնել է նախագահ Ջո Բայդենը։

Ըստ նրա՝ սա ռուսական ներխուժումից ի վեր Ուկրաինային տրամադրվող ռազմական ամենամեծ օգնության փաթեթն է։

Ուկրաինան երկարաժամկետ պաշտպանության համար Վաշինգտոնից կստանա հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանային միջոցներ ու ռադարներ։ Թե ինչ քանակի զինամթերքի մասին է խոսքը, Բայդենը չի հստակեցրել։

17:07 24.8.2022

Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, այդ թվում՝ տարածաշրջանային ղեկավարների նկատմամբ. խոսքը ՌԴ ևս 62 քաղաքացու և մեկ պաշտպանական ընկերության մասին է։

Վարչապետ Ջասթին Թրյուդոյի խոսքով՝ Ռուսաստանի 27 շրջանների կառավարիչները և նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև «Ավտոմատիկա»-ի թոփ մենեջերները, որը պետական վերահսկողության տակ գտնվող «Ռոստեխ» կոնգլոմերատի մաս է և զբաղվում է պաշտպանական ու բարձր տեխնոլոգիաների արտադրությամբ, տուժել են նոր պատժամիջոցներից։

Կանադայի պատժամիջոցների ցուցակում այժմ կա 1500 ՌԴ քաղաքացի և ընկերություն, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինը, նրա երկու դուստրերը, նախկին մարմնամարզուհի Ալինա Կաբաևան, որը համարվում է Պուտինի մտերիմը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան և նախագահի այլ մերձավորներ։

17:10 24.8.2022

Ռուսական իշխանությունները ձերբակալել են Եկատերինբուրգի նախկին քաղաքապետ Եվգենի Ռոյզմանին, որը հայտնի է որպես Կրեմլի քննադատ, և դեմ է արտահայտվում Ուկրաինա ռուսական ներխուժմանը։

Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության, քաղաքական գործիչը մեղադրվում է ռուսական բանակը վարկաբեկելու համար։

Ռոյզմանը Եկատերինբուրգի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2013-2018 թվականներին։ Նա եղել է "Эхо Москвы" ռադիոկայանի աշխատակիցը։

17:11 24.8.2022

Կրեմլն Ուկրաինայում չի հասնում իր նպատակներին, ռուսական բանակի դիրքերը թուլանում են, պնդում է բրիտանական հետախուզությունը:

Ռազմաճակատի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հերթական զեկույցում ասվում է, որ ռուսական բանակն Ուկրաինայում գտնվում է ողբալի վիճակում։

Բրիտանական հետախուզության գնահատականների համաձայն՝ ռուսական զինուժը Դոնբասում նվազագույն առաջընթաց է գրանցել, կա զինամթերքի, մարդուժի պակաս։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, մինչդեռ, այսօր հայտարարել է, թե ռազմական գործողությունը Ուկրաինայում դանդաղեցվել է՝ խուսափելու համար քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG