- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Աշխարհը հազիվ է խուսափել միջուկային վթարից․ Զապորոժիեի ատոմակայանի շրջանում ռուսական հրետակոծության պատճառով ԱԷԿ-ը մի քանի ժամ կտրվել է էլցանցից,հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով, ռուսական ուժերը ռմբահարել են քարածխով աշխատող էլեկտրակայանին մոտ գտնվող մոխրի հորերը, հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով ԱԷԿ-ը հոսանքազրկվել է։ Սակայն այդ ժամանակ սկսել են գործել դիզելով աշխատող գեներատորները, որոնք շարունակել են էլեկտրաէներգիայի մատակարարումը ԱԷԿ-ին՝ ապահովելով ատոմակայանի գործունեության համար կենսական նշանակություն ունեցող հովացման և անվտանգության համակարգերի աշխատանքը։
Ռուսական կողմն, իր հերթին, Կիևին է մեղադրում ատոմակայանի տարածքի հրետակոծման համար։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի վրա Ռուսաստանի նախաձեռնած հարձակումից հետո մոտ մեկ միլիոն ռուսաստանցիներ տեղափոխվել են Եվրամիության տարածք: Այդ մասին հաղորդում է Frontex-ը՝ սահմանապահ և առափնյա պաշտպանության եվրոպական գործակալությունը, որի հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 24-ից մինչև օգոստոսի 22-ը Ռուսաստանից Եվրամիություն է տեղափոխվել 998 հազար 85 քաղաքացի:
Գործակալությունը նաև նշում է, որ անցած շաբաթվա ընթացքում ԵՄ մուտք գործող ռուսաստանցիների թիվը փոքր-ինչ նվազել է:
Ռուս - ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո մեծ թվով ռուսաստանցիներ արտագաղթել են ոչ միայն Եվրամիության, այլև ուրիշ ուղղություններով:
Տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ տեղափոխվել են Արաբական Միացյալ Էմիրություններ, Թուրքիա, Ղազախստան, Վրաստան: Հայաստանում հաստատվել են մոտ 40 հազար ռուսաստանցիններ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսները հայտնել են ուկրաինացիների երկու օդակայաններում մի քանի ռազմական ինքնաթիռ ոչնչացնելու մասին, ուկրաինացիներն, իրենց հերթին, հաղորդել են ռուսների հսկողության տակ գտնվող կամրջին հարվածներ հասցնելու մասին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովն ասել է, թե ռուսական ուժերը գերճշգրիտ զենքով ոչնչացրել են Կախովկայի շրջանում տեղակայված ուկրաինացիների հրամանատարական կենտրոնը և «Իսկանդեր» տեսակի հրթիռով հարվածել են ռազմական գնացքին Չապլինոյի երկաթուղային կայարանում:
Ուկրաինացիներն էլ հերթական անգամ հարվածել են Խերսոնի մոտ գտնվող Անտոնովսկի կամրջին, որը մեծ նշանակություն ունի ռուսական բանակի մատակարարման համար:
Անկախ աղբյուրներն ընթացող պատերազմի պայմաններում չեն կարող հաստատել երկու կողմերի հրապարակած հաղորդագրությունների արժանահավատությունը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երեկ Մագդեբուրգում ասել է, որ իր երկիրը չի փոխանցի Ուկրաինային որևէ զինատեսակ, որով հնարավոր կլինի հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին:
Նրա խոսքով, «նպատակը միայն Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությունն է»:
Շոլցի խոսքով՝ Գերմանիայի նպատակն է սատարել Ուկրաինային, բայց այնպես անել, որ ուրիշ կողմեր չներքաշվեն այդ պատերազմի մեջ:
Գերմանիան առաջիկայում մտադիր է կես միլիարդ եվրոյի ռազմական օգնություն տալ Ուկրաինային:
Մասնավորապես, ենթադրվում է, որ գերմանացիները Կիևին կփոխանցեն IRIS-T տեսակի ՀՕՊ համակարգի 3 միավոր, 20 հրթիռային կայանք, Gepard տեսակի 15 ՀՕՊ ինքնագնացներ, Mars տեսակի երեք զենիթահրթիռային կայանք, հազարավոր հրթիռներ և տասնյակ հազարավոր փամփուշտներ:
Բացի այդ, կառավարությունը հավանություն է տվել Ուկրաինային 100 միավոր Panzerhaubitze 2000 տեսակի հաուբիցներ տրամադրելու ծրագրին:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Նորվեգիայի Թագավորության կառավարությունն այսօր հաղորդել է Ուկրաինայի պատերազմի կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ Եվրոպական միության սահմանած պատժամիջոցների 7-րդ փաթեթին միանալու մասին:
«Եվրոպական միության հուլիսի 21-ին հայտարարած սանկցիաները ներառվել են Նորվեգիայի օրենսդրությունում և այսօրվանից մտել են ուժի մեջ», - ասվում է Օսլոյում հրապարակված հաղորդագրությունում:
Նորվեգիան Եվրոպական միության անդամ չէ, սակայն միացել է Եվրոպական տնտեսական գոտուն:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրամիությունում նախագահող Չեխիան գումարելու է անդամ երկրների էներգետիկայի նախարարների արտահերթ ժողով, այսօր հայտնել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան:
«Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ պայմանավորվածությամբ՝ մենք՝ որպես նախագահող երկիր, արագացված կարգով կգումարենք Նախարարների խորհրդի նիստ՝ էներգետիկայի հարցով: Օրակարգում կքննարկվեն էներգետիկ բնագավառում ստեղված իրավիճակի կարգավորման արտակարգ միջոցները», - հայտնել է Չեխիայի կառավարության ղեկավարը:
Չեխիայի արդարադատության նախարար Պավել Բլաժեկը խորհրդարանի ստորին պալատում՝ Դեպուտատների պալատում, ասել է, որ Եվրոպական միությունում էներգակիրների սրընթաց գնաճը սպառնում է հանրությանը և, մասնավորապես, Չեխիայում ձևավորված քաղաքական համակարգին:
Իրավիճակի վատթարացման դեպքում, նախարարի կարծիքով, Չեխիայում հնարավոր կլինեն «1989 թվականին կոմունիստական վարչակարգի տապալմանը հանգեցրած հեղափոխական զարգացումներ»:
«Եթե էներգետիկ ճգնաժամի լուծում չգտնվի, Չեխիայի քաղաքական համակարգը կհայտնվի սպառնալիքի տակ, եթե եվրոպական մակարդակով հարցը չկարգավորվի, ապա Եվրոպական միությունը որպես այդպիսին կհայտնվի վտանգի տակ»,- ասել է նախարարը:
Ուկրաինան վերջին ամսվա ընթացքում ծովով արտահանել է ավելի քան 1 միլիոն տոննա գյուղմթերք, օգոստոսի 26-ի երեկոյան ելույթի ժամանակ ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Հացահատիկի արտահանման նախաձեռնությունը գործում է գրեթե մեկ ամիս, և այս ընթացքում մեր երեք ծովային նավահանգիստներն արտահանել են առաջին միլիոն տոննան», - ասել է Զելենսկին։
Սև ծովով հացահատիկի արտահանումը դադարեցվեց փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո: Հուլիսին Ռուսաստանն ու Ուկրաինան ՄԱԿ-ի միջնորդությամբ համաձայնություն ձեռք բերեցին վերսկսելու արտահանումը:
Զելենսկին ասել է, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր 44 նավ լքել է ուկրաինական նավահանգիստները՝ մեկնելով արտասահմանյան 15 երկրներ։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովն այսօր ասել է, որ անցած օրվա ընթացքում ուկրաինական ուժերը երեք անգամ հրետակոծել են Զապորոժիեի ատոմակայանի տարածքը։
Նրա ասելով՝ 17 ականներ են արձակվել, որոնցից 10-ը պայթել են օգտագործված միջուկային չոր վառելիքի պահեստավորման շենքի մոտ, 2-ը՝ միջուկային թարմ վառելիքի և օգտագործված կոշտ վառելիքի պահեստի մոտ, 4-ը հարվածել են մասնաշենքերից մեկի տանիքին։
Կոնաշենկովի խոսքով՝ հայտնաբերվել և ոչնչացվել է ուկրաինացիների կողմից օգտագործված ամերիկյան հաուբիցը։
ՌԴ ՊՆ խոսնակը նշել է նաև, որ ատոմակայանում ռադիացիոն մակարդակը նորմայի մեջ է։ Նա հավաստիացրել է, որ ներսում ծանր զինտեխնիկա չկա։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Բրիտանիայի ռազմածովային ուժերը ուկրաինացի գործընկերներին սովորեցնում են ինչպես օգտագործել ստորջրյա դրոնները՝ ծովային ռումբեր հայտնաբերելու և ոչնչացնելու համար։ Դրոնները կօգնեն անվտանգություն ապահովել Ուկրաինայի առափնյա հատվածներում։ Բրիտանիան Ուկրաինային այդպիսի 6 դրոն է տրամադրելու։
Վարժանքներին մասնակցող ուկրաինացի ծովայինը նշել է, որ դրոնները հատկապես օգտակար կլինեն Օդեսայի նավահանգստի համար, որտեղից իրականացվում է հացահատիկի արտահանումը։
Բրիտանիայում անցկացվող երեքշաբաթյա ուսումնա-վարժանքներին մասնակցում են ուկրաինացի 12 ծովայիններ։
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Ուկրաինայի Զապորոժիեի շրջանի Միխայլովկայում մահացած են գտել ոստիկանապետ Անդրեյ Ռիժկովին, հայտնում է շրջանային ռազմական վարչակազմը։ Միխայլովկան այժմ գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ։
Ռիժկովը գլխավորել է տեղի ոստիկանությունը գյուղում ռուսամետ վարչակազմի ձևավորումից հետո։ Նրան գտել են կախված, դեռ չի հաղորդվում` դա ինքնասպանություն է եղել, թե ոչ:
Ռիժկովը ծառայել է Ուկրաինայի սահմանային ստորաբաժանումներում, թոշակի անցնելուց հետո հիմնել է «Միխայլովշչինայի սահմանապահներ» հասարակական կազմակերպությունը։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ նա ինքն է դիմել ռուսամետ վարչակազմին` իրեն առաջարկելով «ոստիկանապետի» պաշտոնին։
Նախկինում մի քանի այլ հաղորդումներ էլ են եղել ռուսամետ վարչակազմերի աշխատակիցների սպանությունների և նրանց վրա հարձակումների մասին` ուկրաինական տարածքներում, որոնք գտնվում են ռուսական զորքերի վերահսկողության տակ։