- Հեղինակ՝ Տաթեւիկ Լազարյան
Ուկրաինան շարունակում է պնդել, որ Ռուսաստանի քաղաքացիների համար արգելվի շենգեն վիզաների տրամադրումը, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, հավելելով, որ բացառություններ կարող են արվել միայն մարդասիրական նպատակներով՝ Ռուսաստանի իշխանությունների դեմ ակտիվ պայքարողներին փախստականի կարգավիճակ տրամադրելու համար:
Կուլեբան ասել է, որ չի կարծում, թե բացարձակապես բոլոր ռուսաստանցիները պատասխանատվություն են կրում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունների համար, սակայն նաև չի կարծում, թե տեղի ունեցողը միայն «Պուտինի պատերազմն է»:
Ըստ Ուկրաինայի արտգործնախարարի՝ Ռուսաստանի հասարակության մեծ մասն աջակցում է Պուտինին:
Ռուսաստանիցներին շենգեն վիզաներից զրկելու հարցը քննարկվել է նաև Եվրամիության արտգործնախարարների հավաքի ընթացքում՝ Պրահայում:
- Հեղինակ՝ Տաթեւիկ Լազարյան
Ռուսական «Գազպրոմ»-ը այսօր երեք օրով դադարեցրել է գազամատակարարումը Գերմանիա «Հյուսիսային հոսք 1» խողովակաշարով՝ պատճառաբանելով դա անհրաժեշտ տեխնիկական սպասարկմամբ:
Ընկերությունից հայտարարել են, որ յուրաքանչյուր 1000 ժամ աշխատանքից հետո եռօրյա դադարներ անելն անհրաժեշտություն է:
Սակայն Գերմանիայի էլեկտրաէներգիայով, գազամատակարարմամբ, կապով և երկաթուղով զբաղվող դաշնային ցանցային գործակալության ղեկավար Կլաուս Մյուլլերն այս դադարն անվանել է տեխնիկապես անհասկանալի որոշում, մտավախություն հայտնելով, թե հավանական է դա պարզապես Մոսկվայի կողմից պատրվակ է՝ հերթական անգամ ցույց տալու «գազային մահակը»:
- Հեղինակ՝ Տաթեւիկ Լազարյան
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՄԱԿ-ի մշակույթի գործակալությունը հավանության է արժանացրել Ուկրաինայի դիմումը Օդեսայի պատմական կենտրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակ ներառելու մասին, հայտնում է Reuters գործակալությունը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Օդրի Ազուլեն երեկ Փարիզում հանդիպել է Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեկսանդր Տկաչենկոյի հետ, ինչից հետո հայտարարել է, որ Օդեսայի կարգավիճակի հարցը կքննարկվի հրատապ կարգով:
Ենթադրվում է, որ Օդեսային կտրվի վտանգի տակ գտնվող օբյեկտի կարգավիճակ:
Անցած շաբաթ ռուսական զինուժի հարվածներից հետո Օդեսայում փլուզվել էր Գեղարվեստական թանգարանի պատմական շենքի ապակե տանիքի մի մասը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ են Կիևի և Լվովի պատմական կենտրոնները: Գործակալությունը քննարկում է նրանց կարգավիճակը ևս վտանգված դարձնելու հարցը:
- Հեղինակ՝ Տաթեւիկ Լազարյան
Եվրամիության երկրները պայմանավորվել են հատուկ առաքելություն ստեղծել ուկրաինացի զինվորականներին պատրաստելու համար: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ երկրների պաշտպանության նախարարների երեկ մեկնարկած ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում:
Նրա խոսքով՝ Եվրամիության շատ երկրներ արդեն իսկ օգնում են Ուկրաինային զինվորներին վերապատրաստելու հարցում, այդ պատճառով ժամանակն է ուժերը միավորելու:
Թե ինչպես է գործելու հատուկ առաքելությունը, Բորելը չի մանրամասնել, բայց ենթադրվում է, որ ուկրաինացի զինվորականները պատրաստություն պետք է անցնեն Եվրամիության անդամ հարևան երկրներում:
- Հեղինակ՝ Տաթեւիկ Լազարյան
ՄԱԿ-ի միջուկային փորձագետներն այսօր մեկնել են Զապորոժիեի ատոմակայան, որի տարածքը ուկրաինական պատերազմի ընթացքում հրետակոծվում է, ինչը միջուկային աղետի սպառնալիք է ստեղծում ամբողջ Եվրոպայի համար:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ հույս ունի Ուկրաինայում մշտական ներկայացուցչություն հիմնել Եվրոպայի ամենախոշոր ատոմակայանի վիճակին հետևելու համար: Գրոսսին հայտնել է, որ ատոմակայանի տարածքում մի քանի օր կանցկացնեն և ուսումնասիրությունների արդյունքները կներկայացնեն այցից հետո:
Մասնագետների այցը երկար ժամանակ նախապատրաստվում էր, Գրոսսին հայտարարել է, որ մեկնելուց առաջ անվտանգության երաշխիքներ են ստացել ինչպես Մոսկվայից, այնպես էլ Կիևից:
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Պաշտոնական Մոսկվան պնդում է, որ Ուկրաինան փորձում է տապալել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏէ-ի փորձագետների այցը Զապորոժիեի ատոմակայան։ Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Օգոստոսի 30-ին ամբողջ օրվա ընթացքում Կիևի վարչակազմը շարունակում էր սադրանքները, որոնց նպատակն էր տապալել ՄԱԳԱՏԷ-ի առաքելության աշխատանքը և Զապորոժիեի ատոմակայանում տեխնածին աղետ հրահրել», - հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության մամուլի քարտուղարը։
Կոնաշենկովի պնդմամբ՝ նախօրեին տեղի ունեցած հրետակոծության ընթացքում ուկրաինական կողմից արձակված արկերից մեկը հարվածել է ռադիոակտիվ թափոնների վերամշակման արտադրամասին։
«Զապորոժիեի ատոմակայանում ռադիացիոն ֆոնը մնում է նորմայի սահմաններում», - հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Հեռավոր Արևելքում գտնվող Պրիմորյեի երկրամասում երեկ կայացել է «Վոստոկ 2022» միջազգային ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը։ Զորախաղերին Ռուսաստանի Զինված ուժերի ստորաբաժանումներից բացի մասնակցում են նաև Չինաստանի, Հնդկաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Սիրիայի մի շարք այլ երկրների զինվորականներ՝ ընդհանուր առմամբ 14 պետություն։
«Նման ծավալի իրադարձությունը բազմաթիվ առումներով եզակի է։ Զորախաղերի ծավալը, մասնակիցների քանակն ու ներգրավումը, կիրառվող հատուկ ռազմական տեխնիկայի քանակը վկայում են համատեղ զորավարժությունների կարևորության աճի մասին», - հայտարարում էր Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Յունուս-Բեկ Եվկուրովը։
Ռուսական TACC գործակալության փոխանցմամբ՝ զորավարժություններին մասնակցում է շուրջ 50 հազար զինվորական, հինգ հազար միավոր զրահատեխնիկա,140 միավոր ռազմական ավիացիա և ավելի քան 60 ռազմանավ։ Զորավարժությունները շարունակվելու են մինչև սեպտեմբերի 7-ը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Եվրամիությունը կդադարեցնի Ռուսաստանի հետ 2007 թվականին կնքված վիզային համաձայնագրի գործողությունը։ Այս մասին երեկ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը դաշինքի արտգործնախարարների Պրահայում կայացած գագաթնաժողովի ավարտին։
«Ռուսաստան-ԵՄ վիզային համաձայնագրի գործողությունն ամբողջությամբ դադարեցվում է։ Եթե նախկինում այն սառեցվել էր Ռուսաստանի քաղաքացիների որոշ խմբերի, մասնավորաբար՝ պաշտոնյաների և գործարարների համար, ապա այժմ դա ամբողջական բնույթ է կրելու։ Դա Ռուսաստանի քաղաքացիներին ԵՄ անդամ պետությունների կողմից տրամադրվող վիզաների թվի կտրուկ անկման կհանգեցնի», - ասել է Բորելը։
Եվրամիության անդամ մի շարք պետություններ, այդ թվում` բալթյան երեք երկրները, Լեհաստանը և դաշինքում նախագահություն ստանձնած Չեխիան հանդես էին գալիս ռուսաստանցիներին շենգենյան վիզաների տրամադրման 100 տոկոսանոց դադարեցման օգտին։ Օգոստոսի 31-ին կայացած խորհրդակցության ընթացքում, սակայն, ԵՄ անդամները չեն կարողացել այս հարցում ընդհանուր հայտարարի գալ։
Ռուսաստանի դեմ վիզային պատժամիջոցների կիրառմանը, մասնավորաբար, դեմ է հանդես գալիս պաշտոնական Բուդապեշտը։
- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Գերմանիայի զինված ուժերի հրամանատարը զգուշացրել է՝ Արևմուտքը չպետք է թերագնահատի Ռուսաստանի ռազմական կարողությունը, նշելով, որ Մոսկվան ի վիճակի է երկրորդ ճակատ բացել, եթե նման որոշում կայացնի։
«Ռուսական ցամաքային ուժերի մի զգալի հատված այս պահին կարող է խրված է Ուկրաինայում, բայց, չնայած դրան, չպետք է թերագնահատենք ռուսական ցամաքային ուժերի կարողությունը՝ բացելու պատերազմի երկրորդ թատերաբեմ»,- Reuters-ի հետ զրույցում ասել է չորսաստղանի գեներալ Էբերհարդ Ցորնը։
Նա հիշեցրել է, որ ցամաքային ուժերից զատ Կրեմլը տիրապետում է օդային և ծովային ռազմուժի զգալի կարողությունների։ «Ռուսական նավատորմի մեծ մասը դեռևս ներգրավված չէ Ուկրաինայում ընթացող պատերազմում։ Ռուսաստանի օդուժը դեռևս զգալի ներուժ ունի, որը սպառնալիք է նաև ՆԱՏՕ-ին»,- հավելել է Ցորնը։
- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Ուկրաինական ուժերը երեկ առավոտյան փորձել են գրավել ռուսական բանակի վերահսկողության ներքո գտնվող Զապորոժիեի ԱԷԿ-ը, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության մեջ նշված է, որ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ուկրաինական բանակի 60 զինվորներ նավերով հատել են Դնեպր գետը, որը բաժանում է պատերազմող երկու կողմերին, սակայն ռուսական ուժերը կարողացել են ոչնչացնել հարձակվողներին՝ այդ թվում օդուժի կիրառմամբ։
Մոսկվան մեղադրել է Կիևին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների ատոմակայան ժամանելուն ընդառաջ սադրանք իրականացնելու մեջ։