- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի թիմը ժամանել է Էներգոդարում գտնվող Զապորոժիեի ատոմակայան։ Պատվիրակության ուղևորությունը Զապորոժիե քաղաքից դեպի ատոմակայան մի քանի ժամով հետաձգվել էր հակամարտող կողմերի հայտարարությունների ֆոնին։
Կիևն ու Մոսկվան միմյանց մեղադրում էին այդ տարածքի վրա հարձակումներ իրականացնելու մեջ: Այցը տեղի է ունենում Եվրոպայի ամենամեծ ատոմակայանում հնարավոր միջուկային վթարի հետ կապված աճող մտահոգությունների ֆոնին:
Բացի ատոմակայանում ստեղծված իրավիճակն ուսումնասիրելուց, վտանգները չեզոքացնելուց, միջազգային մասնագետները մտադիր են նաև տեղում գնդակոծության փաստերը հետաքննել:
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Միացյալն Նահանգները հայտարարել է, որ պատրաստվում է մեծացնել աջակցությունը Ուկրաինային։ Առաջիկա օրերին անվտանգության ոլորտում հավելյալ աջակցության մասին հայտարարություն կլինի, ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության գծով ներկայացուցիչ Ջոն Քիրբին՝ չմանրամասնելով փաթեթի չափը։ Ռուսական պատերազմի մեկնարկից ի վեր Վաշինգտոնն արդեն իսկ 13 միլիարդ դոլարի աջակցություն է տրամադրել Ուկրաինային՝ սեփական անվտանգություն ապահովելու համար։
Ուկրաինային անսասան աջակցության մասին հայտարարել է նաև Ֆրանսիայի նախագահը՝ ընդգծելով, որ պետք է պատրաստվել երկարատև պատերազմի։ Միաժամանակ, Էմանյուել Մակրոնը շեշտել է, որ հաղթանակի համար Եվրոպան պետք է միասնական լինի. - «Մենք պետք է պատրաստվենք երկարատև պատերազմի, և դրա համար պետք է կազմակերպվենք ազգային և եվրոպական մակարդակով, հատկապես երբ խոսքը վերաբերում է էներգետիկայի, սննդի և շատ այլ հարցերի»։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Իրանական արտադրության անօդաչու հարվածային սարքերի առաջին խմբաքանակն արդեն Ռուսաստանում է, սակայն Մոսկվայում մատակարարված սպառազինության որակից այնքան էլ գոհ չեն», -պնդում է արևմտյան մամուլը։
«Իրանական դրոնների մատակարարումը կարող է լուրջ լիցք հաղորդել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքում վարվող ռազմական գործողություններին։ Մի շարք տեխնիկական խնդիրները, այդուհանդերձ, ստվերել են դրոնների առաքման փաստը», - գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների և դաշնակից պետությունների անվտանգության ծառայությունների աշխատակիցներից մի քանիսին։ Նրանց պնդմամբ` իրանական արտադրության դրոնների առաջին խմբաքանակի փորձարկումների ժամանակ ռուսական կողմը շարունակաբար տեխնիկական խնդիրների է բախվել։ Ամերիկյան պարբերականը մեջբերում է իրանական դրոնների մատակարարմանը ուշի ուշով հետևեող դաշնակից պետություններից մեկի ներկայացուցչի խոսքերը, որը պնդել է, թե անօդաչուների կառավարման համակարգերում մի շարք թերություններ են ի հայտ եկել, և «ռուսները դժգոհ են»։
The New York Times-ի տեղեկություններով` մոտ երկու շաբաթ առաջ անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը ռազմատրանսպորտային ավիացիայի օդանավերի միջոցով մի քանի օր շարունակ Իրանի ռազմական օդանավակայաններից սկսել են տեղափոխել Ռուսաստան։ Դրանից հետո մեկնարկել է դրանց փորձարկման փուլը, որը, սակայն, ռուսների մոտ զգալի հիասթափություն է առաջացրել, պնդում է թերթը։
«Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ Ռուսաստան առաքված իրանական արտադրության առաջին անօդաչու թռչող սարքերը թե՛ մեխանիկական և թե՛ տեխնիկական թերություններ ունեն», - գրում է The New York Times-ը։
Հետախուզական փակ տվյալների վրա հիմնվելով՝ իրանական դրոնների որակի հետ կապված խնդիրները հաստատում են նաև Reuters-ի զրուցակիցները՝ նշելով, որ հայտնաբերված թերությունները ոչ թե հատուկենտ են, այլ` բազմաթիվ։
The New York Times-ի փոխանցմամբ՝ ռուսաստանցի զինվորականներն արդեն իսկ մասնակցում են Իրանի տարածքում անցկացվող դրոնների կառավարման վարժանքներին։
The New York Times-ի տեղեկություններով` Իրանը ռուսական կողմին է մատակարարում երկու տեսակի անօդաչու թռչող սարքեր՝ Mohajer-6 և Shahed։
- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Human Rights Watch միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է, որ Ռուսաստանը և դաշնակից ուժերը մարտերից փախչող ուկրաինացի խաղաղ բնակիչներին «բռնի կերպով» են տեղափոխում ՌԴ կամ ռուսական վերահսկողության տակ անցած Ուկրաինայի տարածքներ։
Իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում սա պատերազմի օրենքների «լուրջ խախտում» է որակվում, քանի որ մարդկանց չի տրվում այլընտրանք։
Զեկույցում նշվում է նաև, որ Ուկրաինայի հազարավոր քաղաքացիներ ենթարկվել են հարձակման, չարաշահումներով ստուգման՝ «ֆիլտրման»:
Պատերազմի սկզբից ի վեր միջազգային մի շարք կազմակերպություններ Ռուսաստանին մեղադրում են հետևողականորեն ռազմական հանցագործություններ կատարելու մեջ, Մոսկվան հերքում է բոլոր մեղադրանքները։
- Հեղինակ՝ Արտակ Խուլյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հիասթափված է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) ռուսական կողմին կոչ չի անում ապառազմականացնել Զապորոժիեի ատոմակայանը։
Վերջինս հայտարարել է, որ առաքելության այցից առաջ պայմանավորվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսի հետ, որ դրա շուրջ պետք է ստեղծվի ապառազմականացված տարածք։
«Տխուր է, որ մինչ այս պահը մենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆաել Գրոսսից չենք լսել համապատասխան կոչեր։ Չնայած մենք այդ մասին պարոն Գրոսսի հետ խոսել ենք Կիևում կայացած մեր հանդիպմանը», - Տելեգրամում գրել է Զելենսկին։
Նա նաև հայտնել է, որ առաքելության այցը ատոմակայան պետք է ուղեկցեին ուկրաինական ու միջազգային լրատվամիջոցները, սակայն ռուսական կողմը թույլ չի տվել լրագրողներին, իսկ առաքելությունը «չի պաշտպանել անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներին»:
- Հեղինակ՝ Արտակ Խուլյան
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) առաքելության այցից առաջ ռուսական կողմը Զապորոժիեի ատոմակայանի տարածքից հեռացրել է ամբողջ ռազմական տեխնիկան, պնդում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Ըստ ռազմական գերատեսչության՝ շուրջ 100 միավոր տեղափոխվել է արևմուտք, իսկ մնացածը՝ կենտրոնացվել են մոտակայքում գտնվող բնակավայրերում։ Ուկրաինական կողմը հայտնում, որ ռմբակոծել է Զապորոժիեի ատոմակայանից ոչ շատ հեռու գտնվող Էներգոդարի ու Խերսոնի ռուսական ռազմաբազաները։
Կիևի պնդմամբ՝ ուկրաինական զինված ուժերը հստակ թիրախավորմամբ ոչնչացրել են ռուսական 3 հրետանային համակարգեր, ինչպես նաև զինամթերքի պահեստ և ռուսական բանակի անձնակազմից բաղկացած վաշտ։
- Հեղինակ՝ Արտակ Խուլյան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին կդիմի Ուկրաինային շուրջ 12 մլրդ դոլարի անհետաձգելի օգնություն տրամադրելու առաջարկով, հայտնում է Սպիտակ տունը։
Բայդենի վարչակազմը ստացել է երկկուսակցական աջակցություն՝ Ուկրաինային ավելի քան 13,5 միլիարդ դոլարի աջակցություն տրամադրելու համար՝ սկսած 2021 թվականի հունվարից: Սպիտակ տան ներկայացուցիչն ասել է, որ Կոնգրեսի կողմից հաստատված օգնության մոտ երեք քառորդը կատարվել կամ հատկացվել է:
«Մենք համախմբել ենք աշխարհը՝ աջակցելու Ուկրաինայի ժողովրդին, քանի որ նրանք պաշտպանում են իրենց ժողովրդավարությունը, և մենք չենք կարող թույլ տալ, որ այդ աջակցությունը Ուկրաինային սպառվի», - ասել է Յանգը:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հայտնել էր 3 մլրդ դոլար նոր ռազմական օգնություն դրամադրելու մտադրության մասին։ Ուկրաինան երկարաժամկետ պաշտպանության համար Վաշինգտոնից կստանա հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանային միջոցներ ու ռադարներ։ Թե ինչ քանակի զինամթերքի մասին է խոսքը, Բայդենը չէր հստակեցրել։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների միջև։
Կրեմլի մամլո ծառայության փոխանցմամբ՝ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը քննարկել են ռուս-թուրքական բազմակողմ համագործակցության հետագա զարգացման հարցերը, կողմերը հաստատել են իրենց մտադրությունը առևտրատնտեսական կապերի ընդլայնման, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի խթանման գործում:
«Անդրադարձ է եղել նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին։ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է Ռուսաստանի կառուցողական դերը Զապորոժիեի ԱԷԿ-ում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության կազմակերպման գործում», - փոխանցում է Կրեմլի մամլո ծառայությունը:
Աղբյուրի համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի առաջնորդը ցավակցություն է հայտնել ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայում սպանվել է ևս մեկ վրացի կամավոր։
Հաղորդվում է, որ Գելա Գոգիան մասնակցում էր Կրամատորսկ քաղաքի մարտերին, հարազատների վկայությամբ՝ նա զոհվել է հրթիռակոծության հետևանքով։
Վրացական աղբյուրների համաձայն՝ Գոգիան նաև Աբխազիայի պատերազմի մասնակից էր, ռուս - ուկրաինական պատերազմին մասնակցում էր դրա մեկնարկից ի վեր։
Փետրվարի 24-ից՝ Ռուսաստանի ներխուժումից ի վեր Ուկրաինայում պատերազմում սպանվել է 19 վրացի զինվոր:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկումներին մասնակցել պատրաստվող 56 ռուսաստանցի դիվանագետների ԱՄՆ մուտքի վիզաները մերժվել են։ Համապատասխան թույլտվություն չի տրվել նաև արտգործնախարար Սերգեյ Լավրովին։ Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Սա հատկապես մտահոգիչ է՝ հաշվի առնելով, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում ԱՄՆ իշխանությունները պարբերաբար մերժել են մուտքի վիզաներ տրամադրել մի շարք ռուսաստանցի պատվիրակների, որոնց մենք ուղարկում ենք մասնակցելու ՄԱԿ-ի պաշտոնական միջոցառումներին», - ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Նեբենզյայի հղած պաշտոնական նամակում:
Ըստ 1947 թվականի ՄԱԿ-ի «կենտրոնակայանի համաձայնագրի»՝ Միացյալ Նահանգներն ընդհանուր առմամբ պարտավոր է օտարերկրյա դիվանագետներին մուտքի թույլտվություն տրամադրել ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար: Վաշինգտոնը, սակայն հայտարարում է, որ կարող է մերժել «անվտանգության, ահաբեկչության և արտաքին քաղաքականության» նկատառումներով: