- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հայտարարել է, որ միայն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են 26,5 միլիոն դոլարի ռուսաստանյան ռազմական տեխնիկա:
«Արդյունավետ թուրքական «Բայրաքթար»-ները մեր զինվորականների հմուտ ձեռքերում հզոր զենք են։ Սարքավորումներից մեկը բարեկամ Լիտվայից օգնություն է», - ասել է Զալուժնին։
Պատերազմի պայմաններում անկախ աղբյուրներին չի հաջողվում ճշտել կողմերի պնդումները:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Անկարան պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Ուկրաինայում ռուսական զորքերի կողմից օկուպացված Զապորոժիեի ատոմակայանի հետ կապված իրավիճակում։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի մամլո ծառայության հաղորդագրությունում։
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Ուկրաինայում ռուսական զորքերի կողմից օկուպացված Զապորոժիեի ատոմակայանը կորցրել է կապն իր վերջին մնացած հիմնական էլեկտրահաղորդման գծի հետ, հայտնում է ՄԱԿ-ի միջուկային վերահսկողությունը:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հավելել է, որ Եվրոպայում ամենամեծ կայանն այժմ ապավինում է պահուստային գծին՝ Ուկրաինայի ցանցին էլեկտրաէներգիա մատակարարելու համար:
Բացի այդ, Ուկրաինայի պետական միջուկային ընկերությունը հայտնել է, որ կայանի վեց ռեակտորներից միայն մեկն է այժմ գործում:
Ռուսները և ուկրաինացիները միմյանց են մեղադրում կայանի շուրջ մարտական ակտիվության համար:
ԱԷՄԳ-ի տեսուչները հինգշաբթի ժամանել են ատոմակայան անվտանգության խնդիրների պատճառով:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Սպիտակ տունը հայտարարել է, որ բոլոր ռուսներին Վլադիմիր Պուտինի գործողությունների համար պատասխանատվության ենթարկելը արդյունավետ միջոց չի համարում: Այս մասին «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին` մեկնաբանելով ԱՄՆ դիրքորոշումը՝ կապված Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար շենգենյան վիզաների տրամադրման սահմանափակումներ մտցնելու Եվրամիության ծրագրերի հետ։
Վաշինգտոնը կարծում է, որ ՌԴ կառավարության անդամների, օլիգարխների և Ուկրաինա ներխուժման հետ անմիջականորեն կապված այլ անձանց համար ԵՄ և ԱՄՆ մուտքի անհատական արգելքները արդյունավետ միջոց են դարձել այդ երկրի նախագահ Պուտինի և նրա շրջապատի դեմ, ասել է Քիրբին:
Նա ընդգծել է, որ Արևմուտքն այժմ չի կարող Ռուսաստանի հետ հարաբերություններ զարգացնել այնպես, կարծես ոչինչ չի եղել, սակայն հասարակ ռուսները չպետք է տուժեն դրա պատճառով։
«Սա չպետք է վերածվի պատերազմի բոլոր ռուսների դեմ»,- ասել է Ջոն Քիրբին։
Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր արևմտյան երկրները սկսել են մուտքի սահմանափակումներ մտցնել ռուս պաշտոնյաների, քաղաքական գործիչների և գործարարների համար։ ԵՄ որոշ երկրներ, այդ թվում՝ Չեխիան և Լատվիան, դադարեցրել են զբոսաշրջային շենգենյան վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին։ Ներխուժումը սկսելուց մի քանի ամիս անց ԵՄ որոշ երկրներ կոչ արեցին համաեվրոպական արգելք սահմանել: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես կոչ է արել սահմանափակել ռուսների մուտքը Եվրամիություն։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Սեպտեմբերի 9-ին ԵՄ էներգետիկայի նախարարները կքննարկեն գազի գնի սահմանափակման հարցը և էներգետիկ շուկայի մասնակիցների համար վարկերի տրամադրումը:
Նախարարները կքննարկեն նաև էներգիայի բարձրացող գների զսպման տարբերակները, ներառյալ գազի գների սահմանափակումը և էներգետիկ շուկայի մասնակիցների համար շտապ վարկերը, ասված է փաստաթղթում, որին ծանոթացել է Reuters-ը։
Փաստաթուղթը պատրաստել է Չեխիան, որը ներկայումս նախագահում է ԵՄ-ում։
Ֆինլանդիան և Շվեդիան կիրակի օրը հայտարարեցին էներգետիկ ընկերություններին միլիարդավոր դոլարներ տրամադրելու պլանների մասին, որպես իրացվելիության երաշխիք:
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը երեկ հայտարարել է, թե բանակցությունները Մոսկվայի հետ հնարավոր են, բայց միայն Ուկրաինայի պայմաններով։
«Եվս մեկ անգամ հիշեցնեմ հիմնական աքսիոմը՝ բանակցություններ հնարավոր են, բայց միայն Ուկրաինայի պայմաններով՝ տարածքների վերադարձից և հանցավոր անկլավների վերացումից հետո», - գրել է նա։
Բանակցություններից երեկ խոսել է նաև Կրեմլը՝ պնդելով, թե Մոսկվան միայն մի բան ունի խոսելու Կիևի հետ՝ ռուսական կողմի պայմանների կատարումը, երեկ երեկոյան հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, այն մասին, թե ինչպես կկատարվեն մեր պայմանները», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչի՞ մասին պետք է խոսի Մոսկվան Կիևի հետ։ Պեսկովը չի մանրամասնել, թե ինչ պայմանների մասին է խոսքը, միայն ասել է, որ դրանք չեն փոխվել։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության հիմնական մասը լքել է Զապորոժիեի ԱԷԿ-ը, ատոմակայանում մնացել են երկու մասնագետներ, որոնք այնտեղ կլինեն մշտական հիմունքներով, այսօր ՏԱՍՍ-ին հայտնել է ռուս միջուկային փորձագետ Ռենատ Կարչաան, ով ուղեկցել է պատվիրակության անդամներին։
ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները սեպտեմբերի 1-ին են ժամանել Զապորոժիեի ԱԷԿ: Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել էր, որ փորձագետները կշարունակեն իրենց աշխատանքը, քանի որ շատ հարցեր ավելի մանրամասն քննարկում են պահանջում։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Ուկրաինական բանակի հակահարձակումից մեկ շաբաթ անց՝ կիրակի օրը, նախագահ Զելենսկին հայտարարեց առաջին խոշոր առաջխաղացման՝ երեք բնակավայր ազատագրելու մասին։
Թե որոնք են այդ բնակավայրերը, Կիևը պաշտոնապես չի նշում, սակայն պաշտոնյաները տեսանյութեր են տարածում, որտեղ երևում է, թե ինչպես են ուկրաինացի զինվորները երկրի դրոշը բարձրացնում մինչ այդ ռուսական վերահսկողության տակ եղած տարածքներում։ «Քայլ առ քայլ». մի լուսանկարի տակ գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
Նախագահ Զելենսկին էլ ընդգծել է ՝զինվորները նաև ռազմավարական բարձունքներ են ազատագրել։
Վաշինգտոնի պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը և բրիտանացի հետախույզները նույնպես նշում են, որ ուկրաինական զորքը որոշակի հաջողությամբ առաջ է գնում։ Կրեմլում սակայն այս տեղեկությունները առայժմ որևէ կերպ չեն մեկնաբանում։ Ճիշտ հակառակը, Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը երեկ երեկոյան դաշնային հեռուստաընկերության եթերում կրկին հայտարարել է, թե Ռուսաստանն իր առջև դրված նպատակներից հետ չի կանգնելու. - «Ռուսաստանը կկատարի «հատուկ ռազմական գործողությամբ» բոլոր հայտարարված նպատակները»։
Ժամեր անց խոսել է նաև Ռուսաստանի նախագահը՝ հստակ ընդգծելով, որ մտադիր չէ դադարեցնել հարևան երկրի դեմ սկսած ագրեսիան։ Պուտինը կրկին պնդել է, թե Ուկրաինայի իշխանությունները լեգիտիմ չեն, և Արևմուտքն է մեղավոր Ռուսաստանի սկսած պատերազմի համար. - «Դոնբասում տեղի ունեցող ողբերգությունը նեոնացիստական ռեժիմի գործունեության հետևանքն է, որը 2014 թվականին բռնի ուժով զավթեց իշխանությունը Կիևում»։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Գերմանիան կերկարաձգի իր երկու ատոմակայանների շահագործումը մինչև 2023 թվականի ապրիլ: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին երեկ ասել է երկրի էկոնոմիկայի նախարարը։
Նրա խոսքով՝ Գերմանիայում մնացած երեք ատոմակայաններից երկուսը, որոնք պետք է փակվեին մինչև այս տարվա վերջ, դեռ կշարունակեն աշխատել, թեև կառավարությունը չի հրաժարվում երկրում բոլոր ատոմակայանները փակելու իր ծրագրերից։ Նախարարի փոխանցմամբ, դրանք կանջատվեն ցանցից, բայց կմնան սպասման ռեժիմում, որպեսզի էներգետիկ ճգնաժամի դեպքում հնարավոր լինի օգտագործել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը չի վերականգնում գազի մատակարարումը «Հյուսիսային հոսք 1» գազատարով՝ դա բացատրելով տեխնիկական պատճառներով։
Գերմանիայի կառավարությունը 65 միլիարդ եվրո կհատկացնի բնակիչներին էլեկտրաէներգիայի և ջեռուցման կտրուկ բարձրացված սակագները կոմպենսացնելու համար։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեմ է արտահայտվել Ռուսաստանը ահաբեկչությունը հովանավորող պետություն ճանաչելուն՝ չնայած այս ուղղությամբ Կոնգրեսի ջանքերին։
Ըստ Reuters-ի՝ Բայդենին լրագրողները հարցրել են, թե արդյոք Ռուսաստանը պետք է ճանաչվի ահաբեկչությունը հովանավորող պետություն, նախագահի պատասխանը կարճ էր՝ «ոչ»։
Ավելի վաղ ամերիկյան Սենատը բանաձև էր ընդունել, որով Պետդեպարտամենտին կոչ էր անում Ռուսաստանը հռչակել ահաբեկչության հովանավոր պետություն, և համապատասխան օրինագիծը ներկայացվել էր Ներկայացուցիչների պալատ։