- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Եվրամիությունն այս շաբաթ Ուկրաինային կառաջարկի լրացուցիչ 5 միլիարդ եվրո մակրոֆինանսական օգնություն, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Բացի 10 միլիարդ եվրոյից, որը մենք արդեն տրամադրել ենք, այս շաբաթ մենք կառաջարկենք լրացուցիչ 5 միլիարդ եվրո մակրոֆինանսական օգնություն: Եվրամիությունը կկանգնի Ուկրաինայի կողքին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», - Թվիթերում գրել է Եվրահանձնաժողովի նախագահը՝ մեկնաբանելով Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ հանդիպումը։
ԵՄ մակրոֆինանսական աջակցության նոր ծրագիրը 7-րդն է։ Կիևը նախորդ՝ 6-րդ ծրագրով վերջին տրանշը ստացել է մայիսին, ծրագրի ընդհանուր գումարը կազմել է 1,2 միլիարդ եվրո։
- Հեղինակ՝ Արտակ Խուլյան
Ռուսաստանը միլիոնավոր հրետանային արկեր ու հրթիռներ է գնում Հյուսիսային Կորեայից, վկայակոչելով ԱՄՆ հետախուզության տվյալները՝ հայտնում է The New York Times պարբերականը։
Ըստ ամերիկյան կառավարության պաշտոնյաների՝ սա ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցներն սկսել են իրենց ազդեցությունը թողնել՝ նվազեցնելով Մոսկվայի կարողությունները մարտի դաշտում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանն իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր է օգտագործում պատերազմում։ Այդ անօդաչուներն, ըստ ամերիկացի պաշտոնյաների, տեխնիկական խնդիրներ են ունեն, բազմաթիվ խափանումներ են արձանագրվել։
- Հեղինակ՝ Արտակ Խուլյան
Զապորոժիեի ատոմակայանին մոտ հրետակոծությունների հետևանքով Էներգոդար քաղաքում անջատվել են էլեկտրաէներգիան ու ջրամատակարարումը։
Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող կայանի վեց ռեակտորներից վերջինը ցանցից անջատվել էր մեկ օր առաջ: Դեռ պարզ չէ՝ այս անջատումը վտանգավոր է, թե՝ ոչ։
Հրետանային գնդակոծությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի ատոմային վերահսկող մարմինը պատրաստվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ու միջազգային հանրությանը զեկույց ներկայացնել ատոմակայանի անվտանգության իրավիճակի մասին։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներն անցած հինգշաբթի էին ժամանել կայանի տարածք՝ ուսումնասիրելու Ռուսաստանի սկսած պատերազմի հետևանքով տեղում ստեղծված իրավիճակը։
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Հստակ չէ՝ կկարողանա արդյոք Արևմուտքը միասնական մնալ այդ հարցում, հատկապես, որ առջևում ձմեռ է՝ էներգակիրների անխուսափելի թանկացմամբ։
«Այդ պատժամիջոցների հետևանքով Եվրոպայի ժողովուրդն է հիմա տուժում, գնաճը հասել է ծայրաստիճան բարձր ցուցանիշների ողջ Եվրոպայում, էներգակիրները՝կտրուկ թանկացել։ Հունգարիայում ոչ մասնավոր հատվածը էլեկտրականության ու գազի համար ութ անգամ ավելի բարձր գին է վճարում։ Չգիտենք՝ վերջն ինչ է լինելու, բայց հստակ է, որ Եվրոպայի ժողովուրդը չի ուզում այսպես ապրել», - ասել է Հունգարիայի կոմունիստական կուսակցության առաջնորդ Տհուրմեր Գյուլան:
Նրա այս տեսակետը երկրում շատերն են կիսում, այդ թվում՝ իշխանական վերնախավում։ Մինչ Բրյուսելն ու Կիևը հորդորում են դաշնակիցներին դիմակայել դժվարություններին հանուն արժեքների, Բուդապեշտը սպառնում է վետո դնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վրա։
Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հաղորդում է, որ Հունգարիան պահանջում է «սև ցուցակից» հանել Պուտինի սիրելի և մերձավոր օլիգարխներ Ալիշեր Ուսմանովին, Պետր Ավենին և Վիկտոր Ռաշնիկովին։
Կկարողանան միության մյուս անդամները համոզել Բուդապեշտին, թե տեղի կտան՝ պարզ կդառնա վաղը. հարցը կքննարկվի Եվրամիության դեսպանների նիստում, վերջնական որոշումը պետք է հրապարակվի մինչև սեպտեմբերի 15-ը։
- Հեղինակ՝ Արտակ Խուլյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպված է բնական գազն օգտագործել որպես խաղաքարտ՝ Եվրոպայի սահմանած պատժամիջոցների պատճառով, հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Անդրադառնալով գազի մատակարարումները կրճատելու՝ Մոսկվայի որոշմանը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, թե Եվրոպան «հնձում է այն, ինչ ցանել է»։
«Եվրոպայի վերաբերմունքը պարոն Պուտինի նկատմամբ, պատժամիջոցների կիրառումը Պուտինին հասցրին այն կետին, որ «եթե դուք անում եք սա, ուրեմն ես սա կանեմ» նրանց դեմ։ Պուտինն օգտագործում է իր բոլոր միջոցներն ու զենքերը, և դրանցից ամենակարևորը բնականն է», - ասել է Էրդողանը՝ նկատի ունենալով գազի կրճատումները։
Թուրքիայի ղեկավարի կարծիքով՝ Եվրոպան այս ձռմանը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու։ Ռուսաստանը այս շաբաթասկզբից անորոշ ժամանակով դադարեցրել է գազամատակարարումը «Հյուսիսային հոսք 1» խողովակաշարով և դադարեցրել կամ անջատել է մատակարարումները դեպի արևմուտք իր ամենամեծ գազատարներից երեքով, մինչդեռ նավթի մատակարարումները վերաուղղվել են դեպի արևելք:
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը մոտ մեկ ժամ առաջ հրապարակեց զեկույցը Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի՝ Զապորոժիեի վերաբերյալ։ Փորձագետներն արձանագրել են, որ կես տարի առաջ ռուսների վերահսկողության տակ անցած կայանը այս ընթացքում մի քանի հարված է կրել, և տեղում անվտանգությունը կայուն չէ։
Գործակալության ներկայացուցիչները, սակայն, խուսափել են նշել՝ պատերազմող կողմերից որ մեկն է դրա համար մեղավոր։
«Թեև կայանի շարունակական հրետակոծությունները դեռ արտակարգ իրավիճակ չեն ստեղծել, բայց կարող են ի վերջո հանգեցնել ռադիացիոն աղետի», - եզրակացրել են մասնագետները, որոնց միայն անցած շաբաթ հաջողվեց ատոմակայանի տարածք հասնել։
Գործակալության տեսչությունները հաստատել են կայանի տարածքում գտնվող ռուսական զինտեխնիկայի փաստը, ինչպես նաև տեղում ականատես են եղել հրթիռակոծության։
Միջազգային կազմակերպությունը յոթ հանձնարարական է տվել կողմերին, այդ թվում՝ կոչ արել ատոմակայանի շրջակայքում անվտանգության գոտի սահմանել։
- Հեղինակ՝ Արտակ Խուլյան
Կիևն անում է հնարավոր ամենը, որպեսզի 2023-ին մեկնարկի ԵՄ անդամակցության բանակցությունների գործընթացը, Bloomberg-ին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է Ուկրաինայի վարչապետը։
Դենիս Շմիգելը կրկին շնորհակալություն է հայտնել Եվրոպային՝ Ուկրաինային ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալու համար։ Պաշտոնյան նշել է, որ ուկրաինական կողմը կատարել է ասոցացման համաձայնագրի շուրջ 70 տոկոսը, իսկ հիմա արդեն ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակում պատրաստվում է կատարել Եվրոպական խորհրդի 7 պահանջները։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը անցած գիշեր քննարկել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Զապորոժիեի ԱԷԿ-ում ստեղծված իրադրությանը վերաբերող զեկույցը։
Նիստի մեկնարկից առաջ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ներկայացրել է քայլերի այն հաջորդականությունը, որի հիման վրա, ըստ կազմակերպության, հնարավոր կլինի նվազեցնել Եվրոպայի խոշորագույն ատոմակայանի շուրջ ստեղծված լարվածությունը։
«Որպես առաջին քայլ ռուսական և ուկրաինական ուժերը պետք է պարտավորվեն ռազմական գործողություններ չվարել ատոմակայանի ուղղությամբ կամ դրա տարածքից։ Զապորոժիեի ԱԷԿ-ն ու դրա մերձակայքը չպետք է ռազմական գործողությունների թիրախ կամ դրանց վարման պլացդարմ հանդիսանան։ Որպես երկրորդ քայլ կողմերը պետք է համաձայնություն ձեռք բերեն ապառազմականացված գոտու ստեղծման վերաբերյալ։ Ռուսական կողմը պետք է պարտավորվի դուրս բերել զինվորականներին և ռազմական տեխնիկան այդ գոտուց, իսկ ուկրաինական կողմը խոստանա մուտք չգործել այդ գոտի», - հայտարարել է Գուտերեշը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Ուկրաինական բանակը հակահարձակման է անցել Խարկովի մարզում՝ Բալակլեյա քաղաքի ուղղությամբ», - պնդում են Վաշինգտոնում գործող Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի (ISW) փորձագետները։
Ամերիկացի վերլուծաբանների տեղեկություններով` ուկրաինական զորքերի գրոհի արդյունքում ռուսական ստորաբաժանումները ստիպված են եղել նահանջել Սևերսկի Դոնեց գետի հյուսիսային ափ։
Ուկրաինական հակահարձակման փաստը հաստատում են նաև ռուսաստանյան իշխանամետ Տելեգրամ ալիքներից մի քանիսը։
Բալակլեյայի ուղղությամբ հակահարձակման մասին ռուսական և ուկրաինական պաշտոնական աղբյուրներն առայժմ չեն հաղորդում։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պնդմամբ, Ուկրաինայում ձեռնարկած գործողությունների հետևանքով Ռուսաստանը կորուստներ չի ունեցել։
«Համոզված եմ, որ մենք ոչինչ չենք կորցրել և չենք կորցնի։ Իսկ գլխավոր ձեռքբերումը մեր ինքնիշխանության ամրապնդումն է։ Ճիշտ է, թե՛ աշխարհում, թե՛ երկրի ներսում որոշակի բևեռացում կա։ Ես, սակայն, կարծում եմ, որ դա միայն օգտակար կարող է լինել։ Մենք կհրաժարվենք այն ամենից, ինչ մեզ խանգարում է, պետքական չէ և վնասակար է, կսկենք թափ հավաքել և զարգանալ, քանի որ ժամանակակից զարգացումը հնարավոր է բացառապես ինքնիշխանության հիմքի վրա», - Վլադիվոստոկում մեկնարկած Արևելյան տնտեսական համաժողովի ընթացքում հայտարարում էր Ռուսաստանի նախագահը։
Խոսելով ուկրաինական պատերազմի մասին՝ Պուտինը նշում էր․ - «Ռազմական գործողությունների տեսանկյունից մենք Ուկրաինայում ոչինչ չենք սկսել, մենք փորձում ենք վերջ տալ։ Պատերազմը 2014 թվականին սկսել են այն մարդիկ, որոնք չէին ձգտում նորմալ բնականոն զարգացման և ցանկանում էին ճնշել սեփական ժողովրդին», - հայտարարում էր Ռուսաստանի նախագահը։