Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

13:10 21.9.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ իրադրությունը ռազմաճակատում շարունակում է ընթանալ Կիևի համար շահեկան սցենարով։

«Առաջնագծում տիրող իրավիճակի վերլուծությունը վկայում է, որ ռազմական նախաձեռնությունը Ուկրաինայի ձեռքում է։ Մեր զինվորականները շարունակում են խնամքով և խիզախորեն կատարել հրամանատարության կողմից իրենց առջև դրված խնդիրները», - հայտարարում էր Զելենսկին։

18:44 21.9.2022

«Մասնակի զորահավաքի մասին Ռուսաստանի նախագահի որոշումը կարող է է՛լ ավելի սրել իրադրությունը Ուկրաինայի շուրջ», - Reuters գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում այսօր նշել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի խոսքով՝ Մոսկվան պետք է զերծ մնա միջուկային շանտաժից, քանի որ նման հռետորաբանությունը «վտանգավոր է և անխոհեմ»։

«Ռուսաստանի նախագահը քաջատեղյակ է, որ միջուկային պատերազմ հրահրել չի կարելի և դրանում հաղթելը պարզապես անհնարին է։ Այն կարող է աննախադեպ հետևանքներ ունենալ Ռուսաստանի համար», - նշում էր Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ-ի ղեկավարի խոսքով՝ պահեստազորայինների զորակոչ անցկացնելու որոշումը վկայում է այն մասին, որ «պատերազմը ընթանում է ոչ Կրեմլի գծած պլաններին համապատասխան»։

08:09 22.9.2022

Ռուսաստանյան ընդդիմության` անազատության մեջ գտնվող առաջնորդ Ալեքսեյ Նավալնին կոչ է անում երկրի բնակչությանը բողոքել հայտարարված մասնակի զորահավաքի դեմ։

«Այժմ արդեն հստակ է, որ այն հանցավոր պատերազմն ու ագրեսիան, որ ընթացքի մեջ է, է՛լ ավելի է խորանում։ Պուտինը փորձում է հնարավորինս շատ մարդկանց ներքաշել դրանում։ Նա փորձում է հարյուր հազարավոր մարդկանց թաթախել արյան մեջ, ինչը, բնականաբար, մեծ ողբերգության, մեծաթիվ զոհերի պատճառ է դառնալու և որևէ լավ բանի հանգեցնել չի կարող», - հայտարարել է Նավալնին։

08:12 22.9.2022

«Այլ երկրի տարածքը ուժով գրավելն անընդունելի է», - ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով` Վաշինգտոնը շարունակում է աջակցել Ուկրաինային։ «Ուկրաինական ճգնաժամը պետք է արդարացի հանգուցալուծում գտնի», - պնդում է Բայդենը։

«Եթե այս կամ այն երկիրը առանց հետևանքների բախվելու կարողանա կյանքի կոչել իր կայսերապաշտական հավակնությունները, դա կվտանգի այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է ՄԱԿ-ը», - հայտարարել է Բայդենը։

08:15 22.9.2022

Ռուսաստանի նախագահը բացահայտ սպառնում է միջուկային պատերազմով, երեկ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում։ Սպիտակ տան ղեկավարը կրկին ընդգծել է, որ այսօր աշխարհում դաժան մի պատերազմ է ընթանում՝ ընդամենը մեկ մարդու որոշմամբ։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամը ներխուժել է հարևան երկրի տարածք, փորձել ինքնիշխան պետությունը ջնջել աշխարհի երեսից։ Ռուսաստանն անամոթաբար ոտնահարել է ՄԱԿ-ի հիմնարար կանոնները», - ասել է Բայդենը։

ԱՄՆ նախագահը նաև մեղադրել է Պուտինին «միջուկային զենքի գործադրման անպատասխանատու սպառնալիքների համար», միաժամանակ պնդել, որ «որևէ երկիր չի կարող հավակնել հաղթանակի միջուկային պատերազմի դեպքում»։

13:52 22.9.2022

Սեպտեմբերի 22-ի գիշերը Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների լայնածավալ փոխանակում են իրականացրել։

Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկին, ինչպես նաև հինգ տասնյակից ավելի ռուս զինծառայողների։ Իր հերթին, Մոսկվան Կիևին է հանձնել ավելի քան 200 ուկրաինացի ռազմագերիների. նրանց թվում են Մարիուպոլի «Ազովստալ» գործարանը պաշտպանած մարտիկներն ու հրամանատարները։

14:07 22.9.2022

Մոսկվայում երեկ հայտարարված զորահավաքի դեմ ցույցից որոշ ձերբակալվածների ոստիկանության բաժիններում զինկոմիսարիատների ծանուցագրեր են հանձնվել։

Իրավապաշտպանները հայտնում են, որ ձերբակալվածներից առնվազն մեկին սպառնացել են քրեական գործ հարուցել՝ ծանուցագիրը ստորագրելուց հրաժարվելու պատճառով։

Վորոնեժում ոստիկանության բաժանմունքում հակապատերազմական ցույցերի մի քանի ձերբակալված մասնակիցներին ծանուցումներ են տրվել սեպտեմբերի 23-ին զինկոմիսարիատ ներկայանալու համար:

Երեկ ավելի քան 1400 մարդ է բերման ենթարկվել նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած մոբիլիզացիայի դեմ բողոքի ցույցերի ժամանակ, որոնք տեղի են ունեցել Ռուսաստանի 38 քաղաքներում։

Ձերբակալվածների մեծ մասը Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում են՝ այս քաղաքներում ոստիկանները հատկապես կոշտ են գործել։

Ձերբակալվածների թվում կան տուժածներ:

14:13 22.9.2022

Ռուսները և ուկրաինացիները միմյանց են մեղադրում Զապորոժիեի ատոմակայանը հարվածների ենթարկելու համար:

Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ ռուսական ուժերը Խերսոնի և Դոնեցկի շրջաններում թիրախավորել են ուկրաինացիների զինծառայողներին և զինտեխնիկան, վայր են գցել ուկրաինական մի քանի անօդաչուներ և ոչնչացրել են ամերիկյան արտադրության հրթիռային կայանքներ և հակառադարային հրթիռներ:

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբն, իր հերթին, այսօր հայտնել է, որ բանակը կասեցրել է ռուսների գրոհը Կուպյանսկի ուղղությամբ և հաջողությամբ ռազմաճակատի տարբեր հատվածներում հարվածներ է հասցրել ռուսական դիրքերին:

Ուկրաինացիները պնդում են նաև, որ վերջին մարտերում կարողացել են վայր գցել ռուսական անօդաչուներ:

15:48 22.9.2022

Ֆրանսիան սատարում է Ուկրաինային, բայց Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չէ և կշարունակի Մոսկվայի հետ երկխոսությունը: Այդ մասին նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր լրագրողներին ասել է նախագահական օդանավում, որով Նյու Յորքից վերադարձել է Փարիզ:

Նյու Յորքում Մակրոնը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին:

«Այո, հայտարարելով մասնակի զորահավաքի մասին և հիշեցնելով, թե ունի համապատասխան սպառազեն՝ Ռուսաստանն անցավ սրացման նոր փուլին: Ես կարծում եմ, որ մեր պարտքն է շարունակել աջակցությունն Ուկրաինային, որ այդ երկիրը կարողանա պաշտպանվել, բայց մենք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չենք: Ուկրաինային օգնելու հետ մեկտեղ մենք նաև պահպանում ենք շփումները Ռուսաստանի հետ»,- ասել է Մակրոնը:

Նրա խոսքով, հարկ է ամեն բան անել, որ կողմերը վերստին նստեն բանակցությունների սեղանի շուրջ:

21:42 22.9.2022

Аэрофлот ռուսական ավիաընկերությունը հայտարարել է, որ զորահավաքի ենթարկվածներն ամբողջությամբ կստանան գումարը, եթե չօգտագործված տոմսը գնել են մինչև սեպտեմբերի 21-ը:

Դրա համար ավիատոմս ձեռք բերած քաղաքացին պարտավոր է ներկայացնել զինկոմիսարիատից ստացված հրահանգը կամ հրամանագիր երկրի սահմանը լքելու արգելքի մասին:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG