- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե երկրում մասնակի զորահավաք հայտարարելու որոշման պատճառը ՆԱՏՕ-ի աջակցությունն է Ուկրաինային:
«Նախագահն իր երեկվա ուղերձում հստակ ներկայացրել է վիճակը և պարզաբանել է այդ որոշումն ընդունելու պատճառները: Բանն այն է, որ հատուկ ռազմական գործողությունը սկսվել է Ուկրաինայում սահմանված նպատակներին հասնելու համար: Իսկ հիմա այնտեղ գործնականում մեզ դեմ է ամբողջ ՆԱՏՕ-ն իր բոլոր լոգիստիկ հնարավորություններով: Դա էլ անհրաժեշտ է դարձրել մասնակի զորահավաքի որոշումը»,- հայտարարել է Պեսկովը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնյուն ասել է, որ իր երկիրը կշարունակի զենքով և ռազմական դասընթացներով սատարել Ուկրաինային: Նրա խոսքով, դա պետք է անեն նաև ՆԱՏՕ-ի մնացած երկրները: Այդ մասին Լեկորնյուն ասել է իր գերմանուհի պաշտոնակից Քրիստին Լամբրեխտի հետ հանդիպումից հետո:
«Ես ուզում եմ կրկնել, որ օգնությունն Ուկրաինային կշարունակվի, այդ երկիրը պետք է պաշտպանվի ագրեսիայից, մեր հանդիպումը լավ առիթ է թեման գերմանա-ֆրանսիական հարաբերությունների շրջանակում քննարկելու համար»,- ասել է Լեկորնյուն:
«Ուկրաինային անհրաժեշտ են հակաօդային պաշտպանություն և հրետանի, և մենք հստակ ազդանշան եք տալիս՝ Վլադիմիր Պուտինի արձագանքը [մասնակի զորահավաքի որոշումը] ռազմի դաշտում Ուկրաինայի հաջողություններին մեզ համոզում է, որ պետք է շարունակենք աջակցությունը»,- հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Լամբրեխտը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե մասնակի զորահավաքի կապակցությամբ երկրից տղամարդկանց զանգվածային արտագաղթի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
«Օդակայաններում այդ եռուզեռի մասին տեղեկատվությունը և նման լուրերը չափազանցված են, շատ կեղծ ինֆորմացիա է տարածվում: Մենք պարտավոր ենք շատ զգուշավոր լինել, որ ֆեյք տեղեկատվության զոհ չդառնանք»,- ասել է Պեսկովը:
Մասնակի զորահավաքի մասին նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությունից հետո մեծ թվով տղամարդիկ սկսել են շտապ հեռանալ Դաշնությունից:
Տոմսերը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Սերբիայի ուղղությամբ անմիջապես սպառվել են:
Երկար հերթեր են գոյացել Վրաստանի, Ֆինլանդիայի, Ղազախստանի և Մոնղոլիայի հետ սահմաններին տանող ավտոճանապարհներին:
Դմիտրի Պեսկովն այսօր նաև պնդել է, թե Ռուսաստանն անպայման կհասնի Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիայով» նախատեսված նպատակներին:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի գրավյալ շրջաններում՝ Դոնեցկի, Լուգանսկի մարզերում, Խերսոնի, Զապորոժիեի շրջանների մի մասում այսօր մեկնարկել է հանրաքվե՝ Ռուսաստանին միանալու հարցով։
Ուկրաինան և Արևմուտքը հայտարարել են, որ չեն ընդունի այդ «ֆիկտիվ հանրաքվեների» արդյունքները։
Հանրաքվեն մերժում են նաև այդ շրջաններից տեղահանված Ուկրաինայի քաղաքացիները։
Ռուսական լրատվամիջոցները տարածել են Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարների հայտարարությունները, որտեղ նրանք հանրաքվեն պատմական են համարում։
Ուկրաինայի գրավյալ տարածքներում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեները շարունակվելու են հինգ օր։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ասել է, որ Ռուսաստանում հայտարարված մասնակի զորահավաքը Չեչնիայում չի անցկացվի։
Նրա խոսքերով՝ ուկրաինական պատերազմում Չեչնիան «գերակատարել է պլանը»։
Երեկ երեկոյան տեղական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում Կադիրովն ասել է, որ Ուկրաինայի մարտական գործողություններին Չեչնիայից 20 հազար մարդ է մասնակցել: «Իջեցված պլանը» գերակատարվել է 254 տոկոսով, ասել է նա։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը այսօր ասել է, որ Ռուսաստանի հետ պատերազմում զոհված ուկրաինացի զինծառայողների թիվն անցնում է ինը հազարը։ Նա նշել, որ կորուստների կոնկրետ թիվ չեն կարող ասել, քանի որ որոշ շրջաններում, մասնավորապես, Մարիուպոլում զոհվածների քանակը չեն կարող ճշտել։
Աննա Մալյարը նշել է, որ խոսքը միայն զոհված զինծառայողների մասին է, քաղաքացիական անձանց շրջանում զոհերի տվյալներով այլ գերատեսչություն է զբաղվում։
Շաբաթվա սկզբին Ռուսաստանի ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն ասել էր, թե պատերազմի ընթացքում ուկրաինացի շուրջ 61 հազար զինծառայող է սպանվել, 49 հազարը վիրավորել է, իսկ ռուսական կողմը 5 հազար 937 զոհ է տվել։
Շոյգուի հայտնած տվյալները փորձագետները արժանահավատ չեն համարում։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
«Սեպտեմբերի 19-20-ը Դոնի Ռոստովի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ռուսաստանցի 105 զինվորականի դի։ Պատրաստվում են շուտով ընդունել զոհվածների ևս 200 մարմիններ»,- այսօր ասել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի խոսնակ Ալեքսանդր Շպուտունը։
Նրա խոսքերով՝ ռուսական բանակը մարդկային ուժի կորուստները լրացնելու նպատակով շարունակում է օկուպացված տարածքների բնակիչներին պարտադրողաբար զորակոչել Ուկրաինայի դեմ պատերազմելու համար։ Իսկ մասնավոր ընկերության ներկայացուցիչները Լուգանսկի կալանավայրում բանտարկյալներին հավաքագրելու անհաջող փորձեր են կատարում։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովն այսօր ասել է, թե ռուսական օդուժի ավիահարվածների հետևանքով Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքի մոտ ոչնչացվել է ուկրաինացի 220 զինծառայող, իսկ Սլավյանսկի մոտ՝ ավելի քան 100 օտարերկրացի վարձկաններ։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ուկրաինայի՝ ռուսական վերահսկողության տակ գտնվող շրջաններում շարունակվում են դրանց՝ Ռուսաստանի հետ միավորման հանրաքվեները։ Տեղի ռուսամետ իշխանությունների պնդմամբ` քվեարկության առաջին օրը Զապորոժիեի մարզի՝ Մոսկվայի վերահսկողության տակ գտնվող շրջաններում քվեարկել է բնակչության 20, Լուգանսկում՝ 21,Դոնեցկում՝ 23 տոկոսը։
Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ` մի շարք տարածաշրջաններում, մասնավորաբար առաջնագծից ոչ մեծ հեռավորության վրա գտնվող Խերսոնում քվեարկությունն իրականացվում է տնային պայմաններում՝ ընտրական հանձնաժողովների անդամները բնակիչներին այցելում են զինվորականների ուղեկցությամբ։ Միջազգային հանրությունն ու պաշտոնական Կիևը այս հանրաքվեները անօրինական են որակում։
Ուրբաթ երեկոյան հեռարձակված ուղերձում դրանց է անդրադարձել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին` ասելով. «Աշխարհը պատշաճ կերպով կարձագանքի այս կեղծ հանրաքվեներին՝ դրանք միանշանակորեն կդատապարտվեն»։
Նախօրեին Սպիտակ տան խոսնակը արդեն իսկ հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների բռնակցման դեպքում Մոսկվայի դեմ կարող են նոր պատժամիջոցներ սահմանվել։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Կրեմլում զգուշացնում են՝ եթե Դոնբասում, Խերսոնում և Զապորոժիեի հարավային հատվածում անցկացվող հանրաքվեների մասնակիցները կողմ արտահայտվեն Ռուսաստանին միանալու գաղափարին, ապա հետագա ուկրաինական հարձակումները այդ շրջանների ուղղությամբ կընկալվեն որպես ագրեսիա բուն Ռուսաստանի Դաշնության դեմ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այդ տարածքներում անմիջապես սկսելու է գործել Ռուսաստանի Դաշնության սահմանադրությունը։ Եթե այդ տարածաշրջանները մուտք գործեն Ռուսաստանի կազմ, կսկսեն գործել Սահմանադրության համապատասխան դրույթները», -ասել է Պեսկովը։