- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Պրահայում ուժեղացվել է անվտանգության ապահովումը՝ կապված եվրոպական համաժողովի անցկացման հետ։ Չեխիայի մայրաքաղաքում այսօր մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի երկօրյա համաժողովը, որին մասնակցելու են 44 երկրների առաջնորդներ։
Եվրոպական քաղաքական համայնքում ընդգրկվում են Եվրամիության 27 անդամներն ու ևս 17 գործընկեր երկրներ։ Ռուսաստանն ու Բելառուսը դուրս են մնում Եվրոպական համայնքից։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Եվրամիությունն ընդունեց Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների 8-րդ փաթեթը, ներառյալ՝ ներմուծվող ռուսական նավթի գնի սահմանափակում, ինչը կարող է 7 միլիարդ դոլարով կրճատել Ռուսաստանի եկամուտները։
Սահմանափակվում է նաև արտահանումը, որը Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին կզրկի է՛լ ավելի առանցքային տարրերից ու տեխնոլոգիաներից։
Բրյուսելը նաև արգելել է Ռուսաստանի իշխանություններին և իրավաբանական անձանց տրամադրել այնպիսի ծառայություններ, ինչպիսին են խորհրդատվությունները բարձր տեխնոլոգիաների ոլորտում, իրավաբանական խորհրդատվություններ, ճարտարապետական ու ինժեներական ծառայություններ։
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Ուկրաինայի նախագահը հորդորում է Արևմուտքին սառեցնել Ռուսաստանի անդամակցությունը միջազգային բոլոր կառույցներում: Վլադիմիր Զելենսկին այդ մասին խոսեց այսօր՝ հեռավար ելույթ ունենալով Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովում։
Դիմելով հավաքի մասնակիցներին, որոնց նպատակն է միավորել Եվրոպան՝ առանց Ռուսաստանի ու Բելառուսի, Զելենսկին կոչ արեց անվտանգության երաշխիքներ տալ Ուկրաինային, որն արդեն ութ ամիս է՝ դիմակայում է Ռուսաստանի հրահրած պատերազմին։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերն այսօր այցելել է Կիև։ Նա հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի պաշտոնյաների և բնակիչների հետ։
Նա այցելել է Կիևի թաղամասեր, որտեղ բնակելի ու դպրոցների շենքեր են վնասվել ռուսական ուժերի հրետակոծությունների հետևանքով։
Սամանթա Փաուերն ասել է, որ ԱՄՆ-ն ևս 55 միլիոն դոլար կտրամադրի ջեռուցման համակարգի խողովակներն ու սարքավորումները վերանորոգելու համար։
Նա նշել է, որ փետրվարից ի վեր Միացյալ Նահանգները ավելի քան 9 միլիարդ 800 միլիոն դոլարի օգնություն է հատկացրել Ուկրաինային։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Սանկտ Պետերբուրգում ավանդական ամանորյա և սուրբծննդյան տոնակատարություններ այս տարի չեն լինի:
Քաղաքային իշխանությունները չեղարկել են ձմեռային միջոցառումները և խնայված գումարը կտրամադրեն կամավորներին և զորակոչիկներին օգնելուն, հայտնել է Ռուսաստանի «Հյուսիսային մայրաքաղաքի» իշխանությունը:
«Նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում որոշել ենք չեղարկել Ամանորյա տոնական միջոցառումները, դրանց համար նախատեսված գումարով լրացուցիչ սարքավորումներ և հանդերձանք կգնենք կամավորների և զորակոչվածների համար», - ասվում է քաղաքային կառավարության հրապարակած հաղորդագրությունում:
Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ Սանկտ Պետերբուրգից զորակոչվածները որպես միանվագ օգնություն կստանան 100 հազար ռուբլի, իսկ կամավորները՝ 300 հազար ռուբլի:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատից մի անձ, որի անունը չի հաղորդվում, նրա հետ զրույցում սուր վեճի է բռնվել և ուղիղ մատնանշել է Ուկրաինայում բանակի սխալները և անհաջողությունների պատճառները, հայտնում է The Washington Post ամերիկյան պարբերականը, որի փոխանցմամբ, տեղեկությունը հայթայթել է Ուկրաինայի հետախուզությունը:
Ըստ թերթի, ամերիկյան հետախուզական կառույցները միջադեպի մասին հաղորդել են նախագահ Ջո Բայդենին:
Այդ անձը Պուտինի հետ լարված զրույցում մտահոգություններ է հայտնել «հատուկ ռազմական օպերացիայի» ընթացքում բանակի ղեկավարների թերի աշխատանքի և գեներալների թույլ տված սխալների մասին:
Պուտինի շրջապատում շատերին անհանգստացնում է Ուկրաինայում ռուսական բանակի կորուստների մեծ թիվը:
Ինչպես նշում է The Washington Post պարբերականը, նախկինում Պուտինի շրջապատում նրա հետ ակնհայտ անհամաձայնության դեպքերի մասին տեղեկություններ չեն եղել:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե «Պուտինի շրջապատից նրան մարտահրավեր նետելու մասին ամերիկյան հետախուզության հաղորդած լուրը որևէ առնչություն չունի իրականության հետ»:
Միաժամանակ Պեսկովը խոստովանել է, որ Ռուսաստանի ղեկավարության շրջանում «լինում են աշխատանքային վեճեր, որոնք չեն վկայում պառակտումների մասին»:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Այսօր առավոտյան պայթյուն է որոտացել Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի թերակղզու Կերչի կամրջի վրա։ Հրդեհի ճիրաններում է հայտնվել կամրջով անցնող բեռնատար գնացքը, մասամբ փլուզել է ճանապարհը։ Հրդեհն ամբողջությամբ մարվել է երեք ժամ անց։
Մինչ այս պահը ռուսական կողմը հաղորդել է «բեռնատար գնացքի պայթյունի հետևանքով» երեք զոհի մասին։
«Ենթադրվում է, որ նրանք մարդատար մեքենայի ուղևորներ են, որը գտնվում էր պայթեցված բեռնատարի մոտ: Երկու զոհերի՝ տղամարդու և կնոջ մարմիններն արդեն դուրս են բերվել ջրից, և նրանց ինքնությունը պարզվում է»,- ասվում է Ռուսաստանի քննչական կոմիտեի հաղորդագրությունում։
Գերատեսչությունը հայտնում է նաև, որ պարզել են Ռուսաստանի հարավային Կրասնոդարի երկրամասում գրանցված բեռնատարի և նրա սեփականատիրոջ տվյալները, և այժմ խուզարկում են նրա բնակության վայրը։ Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարության համաձայն «պայթեցվել է Ղրիմի կամրջով անցնող վառելիք տեղափոխող բեռնատար գնացքը»։
«Արտակարգ իրավիճակի» կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարական հանձնաժողով ստեղծել։ Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպի առնչությամբ», թե որ հոդվածով՝ չի հաղորդվում։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, ըստ որի Ուկրաինան ճանաչում է Կուրիլյան լեռնաշղթայի հարավային կղզիները՝ Իտուրուպը, Կունաշիրը, Շիկոտանը և Հաբոմայը, որպես Ճապոնիայի տարածքներ, որոնք օկուպացված են Ռուսաստանի կողմից։ Գերագույն Ռադան ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել նախագահի որոշմանը։
Զելենսկին միջազգային հանրությանը կոչ է արել հետևել իր օրինակին՝ համոզմունք հայտնելով, որ «Ռուսաստանի կողմից օկուպացրած բոլոր տարածքների ազատագրումը զուտ ժամանակի հարց է»։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Անցած գիշեր հերթական գնդակոծությունից հետո, Զապորոժիեի ատոմակայանն ամբողջովին հոսանքազրկվել է էներգահամակարգի հետ կապի վերջին գծի վնասման պատճառով։ Ատոմակայանն այժմ աշխատում է դիզելային գեներատորներով։
Ուկրաինական «Էներգոատոմի» տվյալներով՝ վառելիքի պաշարները այս ռեժիմով գեներատորների աշխատանքի համար կբավականացնեն ընդամենը տասը օր։
«Գնդակոծությունների և գծերի վնասման պայմաններում էներգաբլոկները միացնելու ծրագրերն անիրատեսական են»,- հայտարարել է ընկերությունը։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ուկրաինայում ռազմական գործողություններում ներգրավված ռուսական զորքերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել գեներալ Սերգեյ Սուրովիկինին, ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։
Սուրովիկինը 2017 թվականի հոկտեմբերից գլխավորում էր Ռուսաստանի օդատիեզերական ուժերը։ Ռուսաստանցի գեներալը նախկինում մասնակցել է Տաջիկստանում զինված հակամարտությանը, Չեչնիայի երկրորդ պատերազմին և Սիրիայի ռազմական գործողություններին