Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

20:25 13.10.2022

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի վերջին մեկնաբանություններն ապացուցում են, որ ՆԱՏՕ-ն կռվում է Ուկրաինայի կողմից:

Այդպես նա պատասխանել է լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք կարելի է ՆԱՏՕ-ն համարել հակամարտության կողմ:

«Կարելի է»,- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակը, նշելով, թե «Ռուաաստանն այդ կապակցությամբ համապատասխան գործողություններ է իրականացնում՝ սկսած փետրվարի 24-ից»:

Ռուսաստանի ղեկավարի վճռով այս տարվա փետրվարի 24-ին են բանակի ստորաբաժանումները նախաձեռնել ակտիվ գրոհներ Ուկրաինայում:

Մոսկվան սկզբունքորեն հրաժարվում է կիրառել «պատերազմ» եզրույթը և հարձակումն անվանում է «հատուկ ռազմական գործողություն»:

20:26 13.10.2022

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը կօգնի Խերսոնի շրջանից տարհանել բնակիչներին: Այդ մասին ասել է փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը:

Իր հայտարարությամբ նա արձագանքել է Մոսկվայի կողմից Ուկրաինայի բռնակցված շրջանի՝ Խերսոնի ղեկավար նշանակված Վլադիմիր Սալդոյի կոչին:

Սալդոն այսօր տեսաուղերձով դիմել է Խերսոնի բնակիչներին՝ հորդորելով նրանց հաշվի առնել մոտեցող ուկրաինական ստորաբաժանումների և ռուսական զորամիավորումների միջև թեժ մարտերը և հեռանալ:

Սալդոն պնդել է, թե բնակիչներին պետք է տարհանել Դաշնության ապահով տարածքներ, քանի որ Խերսոնի շրջանը հրետակոծության և հրթիռակոծության է ենթարկվում Ուկրաինայի բանակի կողմից:

«Մենք ըստ ամենայնի կօգնենք Խերսոնի շրջանի մարդկանց Ռուսաստանի այլ սուբյեկտներում նրանց տեղավորելու և անհրաժեշտ պարագաներով ապահովելու հարցում, իսկ ովքեր կորոշեն մշտապես մնալ նոր տեղում՝ կացարան կստանան»,- ասել է փոխվարչապետ Խուսնուլինը:

08:02 14.10.2022

Մոսկվայի Տվերսկի շրջանային դատարանը 15 օրվա վարչական կալանքի և 50 հազար ռուբլու տուգանքի է դատապարտել մի մոսկվացու՝ մեքենայում ուկրաինական երգ լսելու համար: Այդ մասին հայտնել է РБК լրատվական գործակալությունը:

Ըստ հաղորդագրության, մոսկվացին, որի անունը չի նշվում, մեղավոր է ճանաչվել ՌԴ վարչական իրավախախտումների օրենսգրքի՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու և Զինված ուժերի վարկաբեկման հոդվածներով:

17:27 14.10.2022

Նախագահ Պուտինը հայտարարել է, թե շուտով՝ մոտավորապես առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, Ռուսաստանում մոբիլիզացիոն միջոցառումները կավարտվեն։ Նրա խոսքով, արդեն զորակոչվել է ավելի քան 220 հազար մարդ։

Նախօրեին պաշտոնապես հաղորդվել էր, որ նորակոչիկներից մի քանիսը արդեն զոհվել են Ուկրաինայի դեմ պատերազմում։ Այսօր Աստանայում՝ ԱՊՀ գագաթնաժողովում, անդրադառնալով այս լուրերին, Պուտինն ասել է, թե դա չի հակասում ավելի վաղ տրված խոստումներին, որոնց համաձայն զորակոչիկները նախ վարժանքների պետք է մասնակցեին՝ ռազմաճակատ ուղարկվելուց առաջ։

«Վարժանքները մի քանի օր են տևում», -ասել է Կրեմլի ղեկավարը, թեև իշխանության ներկայացուցիչներն ավելի վաղ պնդել էին, թե դրանք շարունակվելու են առնվազն մեկ ամիս։

Պուտինը նաև պնդել է, թե Ռուսաստանը Ուկրաինայի պետականությունը վերացնելու ծրագիր չունի, և որ այժմ կարիք չկա կրկնել այն զանգվածային հարվածները, որոնք Ոուսաստանը հասցրել էր Ուկրաինային այս շաբաթասկզբին՝ Ղրիմի կամուրջը պայթեցնելուց հետո։

17:30 14.10.2022

«Ռուսաստանի բանակի հետ ՆԱՏՕ-ի զորքերի ուղիղ բախումները շատ վտանգավոր քայլ է, որը կհանգեցնի համաշխարհային աղետի», - եկույթ ունենալով Աստանայում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովին՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Թե ինչ նկատի ունի «համաշխարհային աղետ» ասելով, Կրեմլի ղեկավարը չի հստակեցրել։ Նախագահ Պուտինը միայն հավելել է․ «Հույս ունեմ՝ այնքան խելամիտ կգտնվեն, որպեսզի նման վտանգավոր որոշում չկայացնեն»:

12:40 15.10.2022

Միացյալ Նահանգների կառավարությունը հայտարարել է Ուկրաինային 725 միլիոն դոլար արժողությամբ նոր ռազմական օգնության մասին։

ԱՄՆ Պետդեպարտամենտը և Պենտագոնը հոկտեմբերի 14-ին հայտարարել են, որ փաթեթը ներառում է լրացուցիչ շարժական HIMARS հրթիռային համակարգեր, զինամթերք, զրահատեխնիկա և բժշկական պարագաներ:

ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը նշել է, որ այս նոր փաթեթը նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման սկզբից ի վեր ԱՄՆ-ի ընդհանուր ռազմական օգնությունը Ուկրաինային հասցնում է ավելի քան 18,3 միլիարդ դոլարի:

Օգնության մեծ մասը տրամադրվել է, երբ Ռուսաստանը փետրվարի 24-ին սկսեց պատերազմ Ուկրաինայի դեմ:

15:36 15.10.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցած գիշերվա իր տեսաուղերձում ասել է, որ Ռուսաստանը պարտության և հուսահատության մթնոլորտի մեջ է։

«Ռուսաստանն արդեն գտնում է իր պարտության, արդեն իսկ իր համար հուսահատության մթնոլորտում։ Այո, նրանք դեռ ունեն մարդիկ, որոնց նետում են հարձակումների, նրանք ունեն զենք, հրթիռներ և Շահիդներ (իրանական դրոններ), որոնք օգտագործում են Ուկրաինայի դեմ։

Նրանք դեռ հնարավորություն ունեն ահաբեկելու մեր քաղաքները և բոլոր եվրոպացիներին, շանտաժի ենթարկելու աշխարհը, բայց նրան շանս չունեն և չեն ունենա, որովհետև Ուկրաինան առաջ է գնում»,- հայտարարել է Զելենսկին։

16:05 15.10.2022

Ռուսական ռազմական ստորաբաժանումների առաջին էշելոնները ժամանել են Բելառուս։ Բելառուսի պաշտպանության նախարարության հրապարակած լուսանկարներում և տեսանյութում նրանց դիմավորում են աղ ու հացով։ Ռուս զինվորականներից մեկը հայտարարում է, թե պատրաստ են կատարելու հրամանատարության ցանկացած առաջադրանքները։

Բելառուսի պաշտպանության նախարարության հայտարարությունում նշված է․ «Զորքերի ռեգիոնալ խմբավորում ստեղծելու որոշումը ընդունվել և իրականացվում է բացառապես Բելառուսի տարածքում Միութենական պետության պետական սահմանների պաշտպանությունն ու պահպանությունը ուժեղացնելու համար և թելադրված է մեզ սահմանամերձ շրջաններում չդադարող ակտիվությամբ»։

17:16 15.10.2022

Սաուդյան Արաբիայի SPA պետական լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Սաուդյան Արաբիան 400 միլիոն դոլարի հումանիտար օգնություն է հատկացրել Ուկրաինային։ Հաղորդագրությունում նաև նշված է, որ թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Նա ընդգծել է միջնորդական ջանքերը շարունակելու Սաուդյան Արաբիայի պատրաստակամությունը։

17:17 15.10.2022

Ռուսաստանի Բելգորոդ մարզում նավթի բազա է հրդեհվել։ Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն ասել է, որ հրդեհը բռնկվել է Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով։ Տելեգրամի իր էջում նա գրել է, որ արկերից մեկն ընկել է նավթաբազայի վրա, ինքը գտնվում է միջադեպի վայրում, արտակարգ իրավիճակների ծառայությունը արդեն պայքարում է հրդեհի դեմ, տարածվելու վտանգներ չկան։

Նավթաբազան գտնվում է Ռազումնոյե ավանի մոտ, որը 11 կիլոմետր է հեռու Բելգորոդ շրջկենտրոնից։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG