- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Այսօր առավոտյան Կիևի մարզում ուժեղ պայթյունների ձայներ են լսվել։ «Ուկրէներգո» ընկերությունը հաղորդում է, որ ռուսական ուժերի հրետակոծության հետևանքով լրջորեն վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքները, մասնագետները սկսել են վերականգնման աշխատանքները։
Այսօր առավոտյան ու անցած գիշերը հրետակոծվել է Զապորոժիեի մարզը ու մարզկենտրոնը։ Տեղական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Ստարուխն ասել է, որ վնասվել են էներգետիկ և արդյունաբերական ենթակառուցվածքներ։
Դնեպրոպետրովսկի մարզում հրետակոծվել են երեք բնակավայրեր։ Մարզային վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիկովի ասելով՝ հրետակոծության տակ են ընկել բազմահարկ շենքեր, մասնավոր տներ, տրանսպորտային ձեռնարկություններ, մի քանի խանութ ու ավտոմեքենաներ։
Զոհերի մասին հաղորդագրություններ չկան, վնասների չափերը ճշգրտվում են։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ֆրանսիայում ուսումնական պատրաստություն կանցնեն մինչև երկու հազար ուկրաինացի զինծառայողներ: Այդ մասին Le Parisien օրաթերթին այսօր ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուն:
«Հանրապետության նախագահ Էմանյուել Մակրոնը հաստատել է ծրագիրը, որը թույլ կտա ֆրանսիական զորամասերում մի քանի շաբաթով տեղակայել ուկրաինացի զինծառայողներին», - ասել է նախարարը:
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Ֆրանսիան Ուկրաինային է տրամադրել Caesar տեսակի ֆրանսիական արտադրության 18 հաուբից: Ֆրանսիայում պատրաստություն են անցել դրանք սպասարկող ուկրաինացի հրետանավորները: Ըստ նախարարի, Ֆրանսիան ևս 6 Caesar կտրամադրի Ուկրաինային:
«Մենք {Ռուսաստանի հետ} պատերազմի մեջ չենք, մենք օգնում ենք պատերազմող երկրին», - ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը:
- Հեղինակ՝ Արման Հովհաննիսյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ երեկոյան հաղորդել է ահաբեկչության մասին Բելգորոդի մարզի զինավարժարանում, որտեղ Ուկրաինա մեկնելու համար պատրաստություն էին անցնում կամավորականները:
«Հոկտեմբերի 15-ին Բելգորոդի մարզում Արևմտյան ռազմական օկրուգի զինավարժարանում ԱՊՀ երկրներից մեկի երկու քաղաքացիների կողմից կատարվել է ահաբեկչական գործողություն», - հաղորդել է ՌԴ ռազմական գերատեսչությունը: Ըստ զինվորականների, ահաբեկիչները հրաձգային զենքից կրակ են բացել ստորաբաժանման անձնակազմի ուղղությամբ՝ «հատուկ գործողությանը մասնակցելու ցանկություն հայտնած անձանց հետ կրակային պատրաստության պարապմունքի ժամանակ»:
11 մարդ մահացու հրազենային վիրավորումներ է ստացել, ևս 15-ը տարբեր աստիճանի վիրավորումներով տեղափոխվել է բուժհաստատություն, որտեղ նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում, փոխանցել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Երկու կրակողները, ըստ նախարարության տվյալների, սպանվել են պատասխան կրակով: Թե ԱՊՀ որ երկրի քաղաքացիներ էին նրանք, հաղորդագրությունում չի նշվում, սակայն Տելեգրամ ալիքների չհաստատված տվյալներով՝ նրանք ծագումով Տաջիկստանից էին և կրակել են գնդացրից: Տաջիկստանցիները, Տելեգրամ ալիքներից մեկի վարկածով, նույնպես զորակոչված էին զորահավաքի շրջանակում և մասնակցում էին վարժանքներին:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ռոսիա-1» հեռուստակայանի թղթակից Պավել Զարուբինի հետ զրույցում այսօր ասել է, թե ՆԱՏՕ-ն միջամտել է ուկրաինական հակամարտությանը, բայց դա չի ազդում Ռուսաստանի նպատակների վրա:
«ՆԱՏՕ-ն դե ֆակտո արդեն միջամտել է հակամարտությանը, բայց դա որևէ կերպ չի ազդի մեր բոլոր նպատակների և սպասելիքների վրա, այսինքն՝ օպերացիան շարունակվում է և կհասցվի մինչև վերջ», - ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը:
Պեսկովի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի օգնությունը Կիևին էապես բարդացնում է իրավիճակը, սակայն Ռուսաստանի կարողություններն ընձեռում են «հատուկ ռազմական օպերացիան» շարունակելու հնարավորություն:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Կիևն այսօր խոցվել է կամիկաձե անօդաչու թռչող սարքերով, Տելեգրամում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
«Ռուսները կարծում են, որ դա իրենց կօգնի»,- հավելել է Երմակը։
Երկուշաբթի առավոտյան Կիևի կենտրոնում տեղի ունեցած պայթյունների թիվը հասել է չորսի, Տելեգրամում իր հերթին գրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
«Եվս երկու պայթյուն Շևչենկոյի շրջանում»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Այսօր ավելի վաղ Կլիչկոն արդեն հայտնել էր երկու պայթյունի մասին Շևչենկոյի շրջանում, որը գտնվում է քաղաքի կենտրոնում։
Կլիչկոն նաև տեղեկացրել է, որ անօդաչուների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Կիևի Շևչենկո թաղամասի ոչ բնակելի շենքում։
Հրշեջներն աշխատում են։ Վնասվել են մի քանի բնակելի շենքեր։ Բժիշկները տեղում են։ Տուժածների մասին տեղեկությունը ճշտում են, գրել է նա:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ե՛վ ՆԱՏՕ-ն, և՛ Ռուսաստանը մտադիր են իրենց միջուկային ուժերի ծրագրված զորավարժություններ անցկացնել։
Պենտագոնը և ԱՄՆ հետախուզությունը վերահսկում են Ռուսաստանում միջուկային զենքի ցանկացած տեղաշարժ զորավարժությունների ընթացքում, որոնք, ըստ ԱՄՆ պաշտոնյաների հայտարարությունների, պետք է տեղի ունենան մինչև ամսվա վերջ:
Ըստ ԱՄՆ-ի՝ ռուսական նման զորավարժություններ անցկացվում են ամեն տարի, և, ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ, դրանք կներառեն հրթիռների արձակում և ռազմավարական օբյեկտների տեղակայում։
Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան CNN-ին ասել է, որ Ռուսաստանի միջուկային հռետորաբանությունը և Ուկրաինայի հետ պատերազմի ժամանակ զորավարժություններ անցկացնելու որոշումը անպատասխանատու է։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ղրիմի կամրջի պայթեցման հանգամանքները հետաքննող քննիչների միջնորդությամբ մոսկովյան դատարանն արձակել է ևս 3 կասկածյալի կալանավորելու որոշում:
«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, ձերբակալվել և մինչև այս տարվա դեկտեմբերի 8-ը նախնական կալանքի վայրում կմնան Ալեքսանդր Բրիլինը, Օլեգ Անտիպովը և Դմիտրի Տյաժելիխը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուս-բելառուսական տարածաշրջանային զորախումբ կազմելու համար Ռուսաստանից Բելառուս կուղարկվի մոտ 170 հրասայլ, 200 զրահամեքենա և մինչև 100 թնդանոթ ու ականանետ:
Այդ մասին այսօր Թվիթերի էջում գրել է Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության ղեկավար, գնդապետ Վալերի Ռևենկոն:
Ավելի վաղ Ռևենկոն հայտնել է, որ միացյալ զորախմբի կազմում կլինեն մոտ 9 հազար ռուսաստանցի զինծառայող:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 10-ին է հայտնել Ռուսաստանի հետ միացյալ զորախումբ կազմելու նախաձեռնության մասին:
Նրա խոսքով, ինքն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ որոշումն ընդունել են «միութենական պետության արևմտյան սահմանին առաջացած լարվածության կապակցությամբ»:
Մի շարք ուկրաինացի, ամերիկացի և բրիտանացի փորձագետներ չեն բացառում, որ ռուս-բելառուսական համատեղ զորամիավորումը կարող է Մոսկվայի համար պատերազմի անբարենպաստ ընթացքի պարագայում Ուկրաինա ներխուժել Բելառուսի տարածքից:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Դոնեցկի ինքնահռչակ կազմավորման ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինն իր Տելեգրամ-ալիքում գրել է, որ այսօր տեղի է ունենում գերիների փոխանակում ուկրաինական կողմի հետ: Այն իրականացվում է «110-ը 110-ի հետ» բանաձևով:
«Մենք Կիևին ենք փոխանցում 110 բնակիչների, հիմնականում կանանց: Ուկրաինական զնդաններից տուն ենք վերադարձնում 80 քաղաքացիական նավաստիների, որոնք այնտեղ որպես պատանդ են պահվել: Բացի այդ, ազատություն կստանան Դոնեցկի և Լուգանսկի 30 զինծառայողներ»,- հայտնել է Պուշիլինը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Իրանը հայտարարել է, թե երբևէ Ռուսաստանին անօդաչուներ չի տրամադրել Ուկրաինայում կիրառելու համար:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին ասել է, որ Թեհրանը հակամարտող կողմերից և ոչ մեկին զենք չի փոխանցել:
«Ինչ վերաբերում է Ուկրաինայի պատերազմին՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է պատերազմին և իր կարողությունների սահմաններում, հիմնվելով երկու կողմերի հետ լավ հարաբերությունների վրա, փորձեր է ձեռնարկել այս հակամարտությունն ավարտելու համար»,- ասել է խոսնակը: