- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի համոզմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դժվար թե Ուկրաինայում համարձակվի միջուկային մարտավարական զենք կլիրառել: Այդ մասին Բայդենն ասել է CNN հեռուստակայանի թղթակցի հետ այսօրվա զրույցում:
«Չեմ կարծում, որ նա այդ քայլին դիմի, բայց համոզված եմ, որ նրա կողմից անպատասխանատվություն էր այդ հնարավորության մասին ակնարկելը»,- նշել է Բայդենը:
Նրա փոխանցմամբ, Ուկրաինայում տակտիկական միջուկային զենքի կիրառումը կհանգեցնի «սարսափելի հետևանքների»:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի վրա ռուսական բանակի փետրվարի 24-ին նախաձեռնած հարձակումից հետո Ռուսաստանից դուրս են մեկնել 26 հազար հրեաներ: Եվս 35 հազար ռուսաստանցի հրեաներ այս ժամանակաշրջանում փաստաթղթերն են ձևակերպում Ռուսաստանից դուրս մեկնելու համար:
Այդ մասին հայտնել է The Guardian բրիտանական պարբերականը, որը հղում է արել ամբողջ աշխարհից Իսրայել հրեաների տեղափոխումը կարգավորող «Սոխնուտ» հրեական կազմակերպությանը:
Թերթի փոխանցմամբ, Ուկրաինայից այս պատերազմի ընթացքում Իսրայել են փոխադրվել 13 հազար ուկրաինացի հրեաներ:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Այսօր առավոտյան երեք պայթյուն է որոտացել Կիևի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն։
UNIAN-ը հաղորդում է, որ օդային հարվածները հասցվել են Դնեպրի ձախ ափին։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն էլ հայտնում է, որ թիրախավորվել են քաղաքի հյուսիս-արևելյան Դեսնյանսկի թաղամասի ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտները։
BBC-ի թղթակցի փոխանցմամբ` Դնեպրի ձախ ափին գտնվող Տրոյեշչինա շրջանը պայթյուններից հետո մնացել է առանց էլեկտրականության ու ջրի։
Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարված։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ին բռնակցված չորս ուկրաինական շրջանները գտնվում են Ռուսաստանի միջուկային զինանոցի պաշտպանության ներքո:
Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք շրջանները գտնվում են Մոսկվայի միջուկային հովանու ներքո, Ռուսաստանի նախագահի խոսնակն արձագանքել է․ - «Այդ բոլոր տարածքները Ռուսաստանի Դաշնության անբաժանելի մասն են, և դրանք բոլորը պաշտպանված են։ Դրանց անվտանգությունն ապահովվում է նույն մակարդակի վրա, ինչպես Ռուսաստանի բոլոր տարածքներինը»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ ամիս հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է միջուկային զենք կիրառել, եթե անհրաժեշտ լինի պաշտպանելու Ռուսաստանի «տարածքային ամբողջականությունը»։
Կրեմլի ղեկավարը նաև պնդել է, որ այն տարածքները , որոնք Մոսկվան զավթել է Ուկրաինայից, «ընդմիշտ» կդառնան Ռուսաստանի մաս։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Հոկտեմբերի 10-ից ի վեր ռուսական ուժերի հրթիռային հարվածների հետևանքով ոչնչացվել է Ուկրաինայի էլեկտրակայանների 30 տոկոսը՝ հանգեցնելով էլեկտրաէներգիայի անջատումների ողջ երկրով մեկ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Պուտինի ռեժիմի հետ բանակցությունների համար տեղ չի մնացել», - Twitter-ում գրել է Զելենսկին։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ դիմում է նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու առաջարկով։
Նախարար Կուլեբայի խոսքերով՝ Թեհրանը սպառազինություն մատակարարելով Մոսկվային «դարձավ Ուկրաինայի տարածքում ռուսական հանցագործությունների մեղսակից»։ Ըստ Ուկրաինայի դիվանագիտության ղեկավարի, «իրանական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Ուկրաինայի ենթակառուցվածքին հասցվել է հսկայական ավերածություններ»:
«Իրանի գործողությունները ստորություն և սուտ են, ինչը մենք չենք պատրաստվում հանդուրժել»,- ասել է Կուլեբան և հավելել, որ Թեհրանի հետ կապերը կվերականգնեն միայն այն դեպքում, եթե Իրանի իշխանությունները դադարեցնեն Ռուսաստանին զենքի մատակարարումները։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան այսօր կհայտնի ակադեմիկոս Անդրեյ Սախարովի մրցանակի հաղթողի անունը:
Խորհրդային գիտնական, այլախող և իրավապաշտպան Սախարովի անունը կրող «Մտքի ազատության մրցանակը» ստանալու թեկնածուների եռյակում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով Ուկրաինայի ժողովուրդն է ներկայացնում, Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը և «Ճշմարտության հանձնաժողով» անվամբ կոլումբիական կառույցը:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ռուսական զորքերն են պատասխանատու ռազմական հանցագործությունների ճնշող մեծամասնության համար, որոնք կատարվել են Ուկրաինայում լայնածավալ ներխուժման ժամանակ, ասվում է ՄԱԿ-ի Ուկրաինայի հետաքննության հանձնաժողովի կողմից Գլխավոր ասամբլեայի համար պատրաստված զեկույցում:
Ըստ զեկույցի հակիրճ ամփոփագրի՝ ռազմական իրադարձությունները Ուկրաինայի Կիևի, Չեռնիգովի, Խարկովի և Սումիի շրջաններում, ՄԱԿ-ի անկախ միջազգային հանձնաժողովը հետաքննում է փետրվարի վերջից։
Հանձնաժողովի փորձագետներն այցելել են 27 բնակավայրեր՝ այնտեղ հարցազրույցներ վերցնելով ավելի քան 190 տուժածներից ու վկաներից։ Հանձնաժողովի փորձագետները փաստագրել են պայթուցիկ զենքի կիրառմամբ բնակավայրերում անկանոն հարձակումների դեպքեր: Ըստ զեկույցի՝ ռուս զինծառայողների հարձակումների փաստեր են արձանագրվել փախուստի փորձ կատարած քաղաքացիական անձանց վրա։
Զեկույցը նաև թվարկում է «արտադատական հաշվեհարդարների, ապօրինի կալանավորման, խոշտանգումների, վատ վերաբերմունքի, բռնաբարության և սեռական բռնության այլ ձևեր, որոնք իրականացվել են չորս շրջաններում Ռուսաստանի զինված ուժերի կողմից բռնակցված տարածքներում»։
«Հաշվի առնելով հայտնաբերված խախտումների լրջությունը՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհերքելի անհրաժեշտություն կա», - ասված է երեկ հրապարակված ամփոփագրում: