- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Խերսոնի մարզում ռուսական կողմից նշանակված փոխնահանգապետ Կիրիլ Ստրեմուսովը զգուշացրել է առաջիկա մարտերի մասին և քաղաքի բնակիչներին շտապ տարհանվելու կոչ է արել։
Նա ասել է, որ իրենց տեղեկություններով ուկրաինացիները առաջիկայում գրոհելու են Խերսնոի վրա, չի բացառվում քաղաքի ու մարզի Դնեպրի աջ ափին ընկած տարածքների հրետակոծումը։ «Խնդրում եմ իմ խոսքերը լուրջ ընդունել և առավելագույնս արագ տարհավել»,- այսօր առավոտյան իր տեսաուղերձում ասել է Ստրեմուսովը և նշել, - «այսօր առավոտվա դրությամբ ճակատային գծում իրավիճակը կայուն է, բայց թշնամին կենտրոնացնում է ուժերը և ցանկացած պահի կարող է հարվածել։
Նա հավաստիացրել է, թե մինչև վերջ կկանգնեն, կպաշտպանեն քաղաքը, ոչ մեկը նահանջել չի պատրաստվում։ «Բայց մենք ցանկանում ենք փրկել ձեր կյանքը։ Խնդրում եմ հնարավորինս արագ տեղափոխվել ձախ ափը, հետո ավելի»,- հայտարարել է Խերսոնում ռուսների կողմից նշանակված փոխմարզպետը։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում ռազմական դրություն մտցնելու մասին։ Նիստի մեկնարկին Պուտինի ելույթը ուղիղ հեռարձակվել է ռուսական պետական հեռուստատեսությամբ։ Ռազմական դրության ժամկետները նա չի հստակեցրել։
Մոսկվան համարում է, որ Ուկրաինայի չորս շրջանները միացված են Ռուսաստանին։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայում ռուսական զորքերի նոր հրամանատար բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը խոստովանել է, որ հատուկ ռազմական գործողության հետ կապված իրավիճակը լարված է։
Նրա խոսքով՝ հակառակորդը շարունակում է ռուսական զորքերի վրա գրոհելու փորձերը։
Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմը հատուկ ռազմական գործողություն է կոչում։
Խերսոնի մարզի մասին նա ասել է, որ այդ շրջանում իրավիճակը բարդ է։ «Խերսոնի հետ կապված մեր հետագա պլանները կախված կլինեն ռազմա-տակտիկական իրավիճակի դասավորությունից։ Կրկնում եմ, այսօրվա դրությամբ այն հեշտ չէ, գործելու ենք գիտակցաբար, ժամանակին՝ չբացառելով ամենա ոչ հեշտ որոշումների ընդունումը»,- ասել է բանակի գեներալը։
Երեկ երեկոյան տեղի ունեցած հարցազրույցում Սերգեյ Սուրովիկինը շեշտել է, որ իրենց առաջնահերթ խնդիրը խաղաղ բնակիչների կյանքն ու առողջությունը պահպանելն է, ու առաջին հերթին ռուսական բանակը կապահովի բնակիչների անվտանգ տարհանումը։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Խերսոնում Ռուսաստանի կողմից նշանակված ռուսական վարչակազմի բոլոր կառույցները տեղափոխվում են Դնեպրի ձախ ափ, ասել է ռուսների կողմից նահանգապետ նշանակված Վլադիմիր Սալդոն։
Չինովնիկների հետ միասին սկսվել է քաղաքի բնակիչների տարհանումը լաստանավերով ու մոտորանավակներով։ Ակնկալվում է շուրջ 60 հազար մարդկանց տարհանում։ Նրանց թույլատրվում է մինչև 50 կիլոգրամ ուղեբեռ վերցնել։ Մարդանց խորհուրդ են տվել վերցնել արժեքավոր իրերն ու փաստաթղթերը, տաք հագուստ, 2-3 օրվա համար ջուր և սննունդ։
«Մեր առանցքային խնդիրն է պահպանել մարդկանց կյանքը և թույլ տալ Ռուսաստանի զորքերին արդյունավետ իրականացնել Խերսոնի մարզի պաշտպանությունը»,- հայտարարել է Վլադիմիր Սալդոն։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Մարդու իրավունքների ոլորտում Անդրեյ Սախարովի անվան Եվրամիության մրցանակը 2022-ին շնորհվեց Ուկրաինայի ժողովրդին։
Եվրախորհրդարանի խմբակցությունները տարբերվող առաջարկներ էին ներկայացրել՝ Ուկրաինայի ժողովրդին, նախագահ Վլադիմիր Զելենսկուն, Ուկրաինայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։
Ի վերջո հավանություն է ստացել հետևյալ ձևակերպումը․ - «Ուկրաինայի քաջարի ժողովրդին՝ ի դեմս նրա նախագահի, ընտրված առաջնորդների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների»։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ի հեճուկս Արևմուտքի՝ Իրանը պատրաստվում է հրթիռների և անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ մատակարարել Ռուսաստանին, հաղորդում է Reuters-ը` հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին և դիվանագետներին։
Իրանցի պաշտոնյաները գործակալությանը հայտնել են, որ սպառազինության վաճառքի շուրջ պայմանավորվածությունը կողմերը ձեռք են բերել հոկտեմբերի 6-ին, երբ Մոսկվա են ժամանել Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ներկայացուցիչները։ Ռուսական կողմն «ավելի շատ անօդաչու թռչող սարքեր և իրանական բարձր ճշգրտության բալիստիկ հրթիռներ է պահանջել՝ մասնավորապես «Ֆաթեհ» և «Զոլֆաղար» տեսակի», - անանուն իրանցի դիվանագետի խոսքերն է մեջբերում Reuters-ը։ Կարճ հեռահարության այս երկու հրթիռները խոցում են մինչև 700 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախներ:
Ամերիկյան մեկ այլ առաջատար լրատվամիջոցի՝ The New York Times-ի տեղեկություններով, Թեհրանը Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմ է գործուղել իրանցի մասնագետների՝ ռուսաստանցի զինվորականներին սովորեցնելու իրանական անօդաչուների կիրառման ձևերը։ Թերթը վկայակոչում է հետախուզական տվյալներին ծանոթ ամերիկացի պաշտոնյաներին։ Լրատվամիջոցի աղբյուրների համաձայն՝ իրանական պատվիրակությունը տեղակայվել է Ղրիմում գտնվող ռուսական ռազմաբազայում, նրանց թիվը, սակայն, հայտնի չէ, հստակ չէ նաև՝ արդյոք նրանք անձամբ են կառավարում դրոնները:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրոպական միությունը պատժամիջոցներ կսահմանի Ուկրաինայի վրա հարձակված Ռուսաստանին մարտական անօդաչու թռչող սարքեր տրամադրող Իրանի նկատմամբ:
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ, ռուսները «Shahed-136» տեսակի «կամիկաձե» ԱԹՍ-ներով հարվածներ են հասցնում ուկրաինական բնակավայրերին, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևին:
Համաձայնությունը ձեռք է բերվել չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 19-ին, և պաշտոնապես ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 20-ին Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովում հաստատվելուց հետո:
Բացի այդ, ԵՄ-ն անձնական սանկցիաներ կսահմանի իրանցի երեք բարձրաստիճան սպաների և նրանց թվում Հեղափոխության պահապանների կորպուսի բրիգադի գեներալ Սաեդ Աղհայանիի նկատմամբ:
Այդ գեներալը համարվում է Իրանում անօդաչու մարտական սարքերի արտադրության ծրագրի համակարգողը:
Պատժամիջոցների կենթարկվի նաև անօդաչուներ արտադրող Shahed Aviation Industries ընկերությունը:
Մոսկվան և Թեհրանը պնդում են, որ իրանական անօդաչուներ չեն մատակարարվել և Ուկրաինայի պատերազմում չեն կիրառվել:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ռուսաստանի և ՄԱԿ-ի համագործակցությունը կարող է վերանայվել, եթե կազմակերպությունն իր փորձագետներին ուղարկի Ուկրաինա՝ ուսումնասիրելու խոցված անօդաչու թռչող սարքերը, հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում Ռուսաստանը օգտագործում է միայն սեփական արտադրության անօդաչու թռչող սարքեր։ «Մենք ունենք անօդաչու թռչող սարքերի արտադրության մեր արդյունաբերությունը, ուստի բոլոր մեղադրանքները մնում են մեր արևմտյան գործընկերների խղճին», - լրագրողներին ասել է Պոլյանսկին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստից հետո, որտեղ մեղադրանքներ են հնչել Իրանից անօդաչու թռչող սարքերի մատակարարումների վերաբերյալ։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Այս գիշեր Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում հարված է հասցվել էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտին, հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն։
Նրա խոսքով՝ հարվածի տակ է ընկել նաև արդյունաբերական ձեռնարկություն։
Նախնական տեղեկություններով՝ մարդիկ չեն տուժել, սակայն կան լուրջ վնասներ, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»։
Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ ռուս զինվորականները հարվածում են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների վրա՝ զգալի վնաս հասցնելով։
Ուկրաինան այսօրվանից սահմանափակումներ է մտցրել էլեկտրաէներգիայի սպառման համար․ հովհարային անջատումներ կլինեն առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան 22-ը, նախօրեին հայտնել էր «Ուկրէներգո»-ն։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Գիշերը և վաղ առավոտյան ռուսական բանակը հրթիռակոծել է Ուկրաինայի մի շարք այլ շրջաններ ևս, հայտնում են ուկրաինական իշխանությունները։
Զապորոժիեի շրջանում առավոտյան ժամը 7:20-ի սահմաններում հարձակում է տեղի ունեցել Կամիշևախա բնակավայրի մանկական մասնագիտացված դպրոցի վրա։ «Զոհեր չկան, սակայն կան ավերված քաղաքացիական ենթակառուցվածքներ և բնակելի շենքեր», - ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն։
Նիկոլաևի շրջանում վնասվել են տներ, բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան։ Փոխանցվում է, որ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով առաջացած երկու հրդեհ արդեն մարվել է։