- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ առայսօր չի մերվում պատերազմի փաստի հետ: Զրուցելով CTV կանադական հեռուստաընկերության թղթակցի հետ, նա ասել է, որ ինքն իրեն արգելում է ցավն ու սպանությունները սովորական համարել:
«Չեմ ուզում ապրել պատերազմը, տառապանքները, մահն ու ցավը, պատերազմը սովորական համարելով, ինձ ամեն օր եռանդ է պետք հաղթանակի մասին մտածելու համար, ես ուզում եմ մարդ մնալ», - ասել է Զելենսկին:
Ռուսաստանը սաստիկ հրթիռակոծություններով և անօդաչուների գրոհներով հարվածներ է հասցնում Ուկրաինայի ջրամատակարարման և էներգամատակարարման համակարգերին: Արևմուտքը հայտարարում է, որ այդպես ռուսները ցանկանում են ձմռան շեմին ահաբեկել շարքային բնակիչներին:
Ուկրաինայի նախագահը հարցազրույցում ասել է նաև, թե մերժում է տարածքներ զիջելու եղանակով ռուսների հետ հաշտության հասնելու հնարավորությունը:
«Ռուսները չեն հասկանում, որ ես չեմ կարող առևտուր անել մի բանով, որն իմը չէ, այս հողերը ոչ իմն են, ոչ էլ որևէ նախագահինն ինձնից առաջ կամ հետո: Այս հողերն Ուկրաինայի ժողովրդինն են, գալիք սերունդներինն են»,- ասել է Զելենսկին:
Նա խոսել է նաև պատասխանատվության և արդարության կարևորության մասին, ասելով, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչ կպատահի Վլադիմիր Պուտինի հետ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
ՆԱՏՕ-ն անվերապահորեն գործողությունների կանցնի, եթե Շվեդիան և Ֆինլանդիան՝ նախքան Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամ դառնալը, հարձակման ենթարկվեն Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի կողմից:
Այդ մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է կառույցի կենտրոնակայան Բրյուսելում, որտեղ մասնակցել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնի հետ համատեղ ասուլիսին:
«Շվեդիան հիմա ինտեգրվում է ՆԱՏՕ-ի քաղաքական և ռազմական կառույցներ, և պարզապես հնարավոր չէ պատկերացնել, որ ՆԱՏՕ-ն ոչինչ չի անի, եթե Շվեդիան և Ֆինլանդիան այս կամ այն եղանակով ճնշման ենթարկվեն»,- ասել է Յենս Ստոլտենբերգը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանը Սիրիայից Ուկրաինա է փոխադրել С-300 տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր և հազարից ավելի զինծառայողներ: Այդ մասին՝ հղում անելով Մերձավոր Արևելքում աշխատող երկու բարձրաստիճան արևմտյան դիվանագետներին և մի իսրայելցի բարձրաստիճան զինծառայողին, հայտնում է The New York Times ամերիկյան պարբերականը:
Ուկրաինայում ռուսական բանակը С-300 համակարգերն օգտագործում է այդ թվում ցամաքային թիրախներին հարվածներ հասցնելու համար:
Ըստ The New York Times-ի, Սիրիայից С-300 համակարգերի և զինծառայողների մի մասի դուրս բերումը կարող է ազդել Իսրայելի գործողությունների վրա:
Պարբերականի աղբյուրի կարծիքով, Իսրայելը հրաժարվում է ՀՕՊ համակարգեր տրամադրել Ուկրաինային, ենթադրելով, որ եթե Կիևի խնդրանքը բավարարվի, ռուսները С-300 համակարգերով կսկսեն թիրախավորել Սիրիայի օդային տարածքում իսրայելյան մարտական ինքնաթիռները:
Իսրայելի երկրորդ մտահոգությունն էլ այն է, որ Մոսկվան կարող է ի պատասխան Իսրայելի և Ուկրաինայի ենթադրյալ համագործակցության, խոչընդոտել Իսրայելի քաղաքացիների մեկնումը Ռուսաստանից դուրս:
The New York Times-ի երկու աղբյուրների պնդմամբ, Ռուսաստանը Սիրիայից Ուկրաինա է փոխադրել երկու գումարտակ՝ 1200-ից 1600 զինծառայող:
Բացի այդ, Մոսկվայի որոշմամբ, Սիրիայից Ուկրաինա են գործուղվել մի շարք ռուսաստանցի հրամանատարներ, քանի որ ռուսաստանյան ռազմական ղեկավարությունը հետզհետե ավելի քիչ է ներգրավվում Սիրիայում առօրյա գործառնությունների կառավարմանը:
Դրա հետևանքով նվազել է նաև Ռուսաստանի և Իսրայելի բանակների գործողությունների համակարգումը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն այսօր պատմել է մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած վտանգավոր միջադեպի մասին:
Նա ասել է, որ Су-27 տեսակի ռուսական մարտական ինքնաթիռը հրթիռ է արձակել միջազգային օդային տարածքում թռիչք կատարող RC-135 Rivet Joint բրիտանական հետախուզական օդանավի մոտակայքում:
Ուոլեսն այդ միջադեպի հարցը քննարկել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին Սև ծովի շրջանում: Ըստ Ուոլեսի, ռուսները պարզաբանել են, թե հրթիռն արձակելու միտում չի եղել, և միջադեպը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության հետևանքով:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կնոջ՝ Գալինա Լուկաշենկոյի նկատմամբ պատժամիջոց սահմանելու Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը:
Այդ փաստաթղթի համաձայն, Գալինա Լուկաշենկոյի անունը սանկցիոն ցուցակում է ներառվում 10 տարի ժամկետով:
Սանկցիան ենթադրում է 13 սահմանափակող դրույթներ, այդ թվում՝ բանկային միջոցների արգելափակում և Ուկրաինայում անշարժ գույք գնելու արգելք:
Գալինա Լուկաշենկոյից զատ պատժամիջոցների ցուցակում են Բելառուսի 2507 քաղաքացիներ, այդ թվում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև 1347 բելառուսական ընկերություններ:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ ապագայում Կիևը «վրացիներին փրկելուց» բացի, կփրկի նաև «Հայաստանը, Մոլդովան»։
«Մենք պետք է փրկենք վրացիներին։ Փրկել Մոլդովան, Հայաստանը։ Բոլորին փրկել։ Սա լավ պատմություն է, քանի որ մեր միլիոնավոր տղաների և աղջիկների համար, որոնք պատերազմել են, հետխորհրդային տարածքում միշտ աշխատանք կգտնվի մոտ ապագայում», - հայտարարել է ուկրաինացի պաշտոնյան՝ հավելելով, որ նկատի ունի «խաղաղապահներ, կայունացնող գործողություններ, մարդասիրական գործողություն»։
Արեստովիչը հերթական անգամ անդրադառնալով Վրաստանին՝ այդ երկրի կառավարությանն անվանել է «ռուսամետ, որը ունակ չէ որոշումներ կայացնելու, որը ոչնչացրել է այն ամենը, ինչը ստեղծել է Սաակաշվիլին»։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուրբաթ օրը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի պաշտոնակից Լլոյդ Օսթինի հետ, քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, միջազգային անվտանգությունը, հայտնում է ՌԴ ռազմական գերատեսչության մամլո ծառայությունը` առանց հավելյալ մանրամասների:
Պենտագոնի հաղորդագրության համաձայն՝ նախարար Լլոյդ Օսթինն ընդգծել է ուկրաինական պատերազմի պայմաններում հաղորդակցության գծերի պահպանման կարևորությունը:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Եվրամիությունը քննարկում է Ուկրաինային ամսական 1,5 միլիարդ եվրո հատկացնելու գաղափարը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Ընդհանուր առմամբ հաջորդ տարվա համար այդ թիվը կկազմի 18 միլիարդ դոլար եվրո», - նշել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան։
Նա կարծիք է հայտնել, որ այդ քայլ թույլ կտա միջոցների կայուն և հուսալի հոսք ապահովել Ուկրաինայի համար։
- Հեղինակ՝ Հասմիկ Գրիգորյան
Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը երկրի հարավում հոկտեմբերի լույս 22-ի գիշերը տասը Shahed-136 կամիկաձե անօդաչու թռչող սարք է խոցել, հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։
«Հարավային» ռազմաօդային հրամանատարության հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է տասը Shahed-136 կամիկաձե անօդաչու թռչող սարք»,- ասված է հաղորդագրությունում։
Հոկտեմբերի 22-ի վաղ առավոտյան Օդեսայի տարածաշրջանի ռազմական վարչակազմի խոսնակ Սերհի Բրատչուկն էլ հայտնել է, որ երկրի հարավում ռուսական Orlan-10 անօդաչու թռչող սարք է խոցվել։
Կիևի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեբան Տելեգրամում գրել է, որ տարածաշրջանում աշխատում է հակաօդային պաշտպանությունը՝ կոչ անելով քաղաքացիներին մնալ ապաստարաններում։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան երեկ ՄԱԿ-ին կոչ են արել քննել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրանական արտադրության անօդաչուներ կիրառելու հարցը:
Եթե այդ հանգամանքն ապացուցվի, դա կհամարվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած բանաձևի խախտում: Խոսքը թիվ 2231 բանաձևի մասին է, որն Անվտանգության խորհուրդն ընդունել է 2015 թվականի միջուկային ծրագրին հավանություն տալու համար:
«Հիմնովին փաստագրված է, որ ռուսական ուժերն Ուկրաինայում օգտագործել են իրանական անօդաչուներ քաղաքացիական ենթակառուցվածքներն անխտիր ռմբակոծելու համար։ Մենք և մեր գերմանացի ու բրիտանացի գործընկերներն այդ մասին նամակ ենք կազմել: Նախօրեին Եվրամիությունն է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ: Ֆրանսիան սատարում է այդ հարցը հետաքննելու ՄԱԿ-ի քարտուղարությանն ուղղված Ուկրաինայի պահանջը»,- հայտարարել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվյերը: