- Հեղինակ՝ Արտակ Խուլյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հռետորաբանությունը ցույց է տալիս, որ նա լրջորեն շահագրգռված չէ Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններով և մտադիր է շարունակել պատերազմը՝ պահպանելով առավելապաշտական նպատակները, կարծում են Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) վերլուծաբանները։
Մասնագետները հատկապես մատնանշում են Պուտինի՝ ԱՊՀ երկրների անվտանգության գերատեսչությունների ներկայացուցիչների հետ երեկվա հեռավար հանդիպմանն արած հայտարարությունը, թե Ուկրաինան «կորցրել է ինքնիշխանությունն ու ԱՄՆ-ն օգտագործում է Ուկրաինային որպես «խոյ»՝ Ռուսաստանի, Բելառուսի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի դեմ»։
- Հեղինակ՝ Արտակ Խուլյան
Պենտագոնը Ուկրաինային կտրամադրի 275 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ՝ աջակցելու ռուսական զորքերը երկրի հարավում գտնվող առանցքային շրջաններից դուրս մղելու ջանքերին, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Պաշտոնյաները Associated Press լրատվական գործակալությանն ասել են, որ օգնությունը հիմնականում կկենտրոնանա արդեն մատակարարված սպառազինության համակարգերի համար զինամթերքի մատակարարման վրա, ներառյալ՝ HIMARS հրթիռային համակարգերի համար, որոնք Ուկրաինան հաջողությամբ օգտագործում է Ռուսաստանի դեմ պատերազմում։
Այս տեղեկությանն արձագանքելով՝ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին ասել է, որ Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրվի «շատ, շատ շուտով»։
Եթե հաստատվի 275 միլիոն դոլարի օգնությունը, ապա փետրվարի 24-ից՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր Կիևին Վաշինգտոնի տրամադրած օգնության ծավալը կհասնի մոտ 18 միլիարդ դոլարի։
- Հեղինակ՝ Արտակ Խուլյան
Ջո Բայդենը կասկածով է վերաբերվում Վլադիմիր Պուտինի խոսքերին, թե Ռուսաստանը մտադիր չէ Ուկրաինայում միջուկային զենք կիրառել։
«Եթե նա մտադրություն չունի, ինչո՞ւ է անընդհատ խոսում այդ մասին, ինչո՞ւ է խոսում մարտավարական միջուկային զենք կիրառելու ունակության մասին», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը:
Ռուսաստանի նախագահը երեկ «Վալդայան ակումբում» իր ելույթում հայտարարել է, թե Մոսկվան չի սպառնում միջուկային զենք կիրառել և միայն պատասխանել է արևմտյան առաջնորդների միջուկային շանտաժին։ Պուտինը նաև կրկնել է պնդումը, թե Ուկրիանան, ծրագրել է «կեղտոտ ռումբ» օգտագործել իր տարածքում։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինացի զինվորականները հայտարարել են, որ Ռուսաստանը զորք է կուտակում Դնեպր գետի աջ ափին՝ ամենայն հավանականությամբ պատրաստվելով Խերսոնի համար առանցքային մարտերին։
Ավելի վաղ ռուսաստանցի պաշտոնյաները հայտնել են, որ քաղաքից տարհանել են բոլոր խաղաղ բնակիչներին։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն, այսօր տարածած հայտարարությամբ, պնդում է, որ Մոսկվան մինչև 1000 վերջերս մոբիլիզացված զինվորներով լրացրել է Խերսոնի մարզում ուկրաինական հակահարձակման հետևանքով կրած կադրային կորուստները:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Պուտինին զեկուցել է Ռուսաստանում «մասնակի մոբիլիզացիայի ավարտի» մասին։ Շոյգուի խոսքերով՝ 300 հազար մարդ զորակոչելու խնդիրը կատարված է, մոբիլիզացիայի այլ պլաններ չկան։
Ռուսաստանյան ռազմական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ զորակոչվածներից 82 հազարը գտնվում են հակամարտության գոտում, ևս 218,000-ը վերապատրաստվում են։
ՌԴ պաշտպանության նախարարը նշել է, որ «ավելի քան 1300 մոբիլիզացված գործադիր իշխանության տարբեր մակարդակների ներկայացուցիչներ» են, ևս 13 հազար մարդ էլ «կամավորագրվել» է։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտնել է, որ ուրբաթ օրը հեռախոսազանգ է ստացել իրանցի պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլլահիանից, որից պահանջել է դադարեցնել զենքի մատակարարումները Ռուսաստանին։
Կիևն ու Արևմուտքը պնդում են, որ ռուսական ուժերը Իրանից գնված անօդաչու թռչող սարքերի միջոցով է հարվածներ հասցնում Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Թեհրանը կտրականապես հերքում է մեղադրանքները։
«Այսօր ինձ զանգահարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, և ես պահանջել եմ, որպեսզի Իրանը անհապաղ դադարեցնի զենքի մատակարարումները Ռուսաստանին, որոնք օգտագործվում են Ուկրաինայում խաղաղ բնակիչների և ծայրահեղ կարևոր ենթակառուցվածքների ոչնչացման համար»,- հայտարարել է Ուկրաինական դիվանագիտության ղեկավարը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսաստանի կողմից 2014 թվականին բռնակցված Ղրիմում գտնվող Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոզժաևը հաստատել է սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունները, որոնց համաձայն՝ գիշերը քաղաքը ենթարկվել է հարվածային անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև մեկ ծովային անօդաչու սարքի հարձակման։
«Սևծովյան նավատորմի նավերին հաջողվել է հետ մղել հարձակումը, բոլոր անօդաչուները ոչնչացված են։ Քաղաքացիական ենթակառույցները չեն տուժել», - գրել է պաշտոնյան։
Հարձակումը տեղի է ունեցել ժամը 4:30-ի սահմաններում։ Թեև, ըստ ռուսական աղբյուրների, իրադրությունը Սևաստոպոլում այժմ հանդարտ է, այնուհանդերձ, տեղաշարժը քաղաքի որոշ շրջաններում շարունակում է սահմանափակված մնալ, մասնավորաբար՝ փակ են ներքաղաքային լաստանավային երթուղիները։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ ուշ երեկոյան հեռարձակված ուղերձում լուրջ կասկածներ է արտահայտել առ այն, որ սեպտեմբերի 21-ին Ռուսաստանում հայտարարված մասնակի զորահավաքն իրոք ավարտին է մոտեցել։
300 հազար պահեստազորայինների բանակ զորակոչելու գործընթացն ավարտելու մասին նախօրեին Ռուսաստանի նախագահին զեկուցել էր պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Տեղեկություններ կան, որոնց համաձայն՝ թշնամին ավարտել է զորահավաքը և այլևս կարիք չկա Ռուսաստանի քաղաքացիների նոր խմբեր ուղարկել ռազմաճակատ։ Այն իրավիճակը, սակայն, որ մենք դիտարկում ենք ճակատային գծում, միանգամայն այլ է։ Թեև Ռուսաստանը զորակոչվածներին մարտի նետելով փորձում է մեծացնել ճնշումը մեր դիրքերի վրա, նրանց պատրաստվածությունն այնքան ցածր է, հրամանատարությունը նրանց այնքան անողոքաբար է օգտագործում, որ մենք եզրակացրել ենք՝ շուտով ռուսներին զորակաչվածների նոր խմբեր պետք կգան։ Մենք պատրաստվում ենք դրան՝ պատրաստվում ենք այն նոր տարբերակներին, որոնք հնարավորություն կտան Ռուսաստանին շարունակել պատերազմը։ Այդ տարբերակներից մեկը Իրանում գտնվող իրենց հանցակիցների օգտագործումն է», - հայտարարում էր Զելենսկին։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայում տեղակայված ռուսական զորքի «Կենտրոն» խմբավորման հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինն ազատվել է պաշտոնից: Այդ մասին են հայտնել մի շարք ռուսական լրատվամիջոցներ: Պաշտոնական աղբյուրները լուրը չեն մեկնաբանել:
ՌԴ պաշտպանության նախարարության կայքում Լապինը տակավին նշված է որպես «Կենտրոն» խմբավորման հրամանատար: Որոշ աղբյուրներ նշում են, որ Լապինն ինքն է հրաժարականի դիմում ներկայացրել:
Գեներալ-գնդապետը վերջերս խիստ քննադատության է ենթարկվել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի կողմից, ով դժգոհություն է հայտնել Ուկրաինայում ռուսական բանակի դանդաղկոտության և ցածր արդյունավետության կապակցությամբ:
Լիմանից ռուսական զորքը հետ քաշելու համար Լապինին քննադատել է նաև Պուտինի զինակից, մեծահարուստ Եվգենի Պրիգոժինը, ով համարվում է Ուկրաինայում պատերազմին մասնակցող «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության գլխավոր հովանավորը:
Ռուսաստանի կառավարությունն ընդլայնել է այսպես կոչված` «ոչ բարեկամ» օտարերկրյա պետությունների և տարածքների ցանկը։ Այն ներառում է 11 բրիտանական անդրծովյան տարածքներ, որոնց թվում կան հայտնի օֆշորային իրավասություններ։