- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Երեկ երեկոյան և գիշերը ուկրաինական քաղաքները կրկին ենթարկվել են հարձակումների՝ ինչպես հրթիռների, այնպես էլ կամիկաձե անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։
Հաղորդվում է, որ Կրիվոյ Ռոգում վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտ, պայթյուններ են լսվել նաև Զապորոժիեում և Խարկովում։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների արտահանման համար ծովային միջանցքի գործունեությունը լիովին կարգավորվել է՝ հացահատիկի գործարքին Ռուսաստանի վերադարձից հետո։
Աքարը նաև նշել է, որ Թուրքիան անհրաժեշտ ջանքեր է գործադրում հացահատիկի գործարքը երկարաձգելու համար, որի ժամկետը լրանում է նոյեմբերի 19-ին։
Հոկտեմբերի 29-ին Ռուսաստանը հայտարարեց Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի հետ կնքած հացահատիկի գործարքը կասեցնելու մասին։ Կրեմլը պնդում էր, որ այլևս չի կարող երաշխավորել Ուկրաինայից նավերի անվտանգ անցումը Սև ծովով՝ դա բացատրելով Սևաստոպոլում Սևծովյան նավատորմի նավերի վրա հարձակմամբ։
Երեկ Ռուսաստանը որոշեց վերսկսել մասնակցությունը հացահատիկի գործարքին, երբ Ուկրաինան ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ գրավոր երաշխավորեց, որ չի օգտագործի Սև ծովի անվտանգության միջանցքը ռազմական նպատակներով, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի պաշտոնյաները հայտնում են, որ Զապորոժիեի ատոմակայանը անջատվել է ցանցից` ռուսական ուժերի հրետակոծության հետևանքով։
«Էներգոատոմ» ընկերությունը հաղորդում է, որ ռուսների հրետակոծությունից վնասվել են բարձրավոլտ էլեկտրագծերը։ Ատոմակայանին անհրաժեշտ էլեկտրականությունը դարձյալ ապահովվում է դիզելային գեներատորների միջոցով։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի Միջուկային կառավարման պետական տեսչությունը հայտնում է, որ ռուսները Զապորոժիեի ատոմակայանի տարածքում ինչ-որ շինություն են կառուցում միջուկային թափոնների պահման մասնաշենքի մոտ։ Պարզ չէ, թե ինչ է կառուցվում, ատոմակայանի աշխատակիցներին չեն թույլատրում մոտենալ այդ վայրին։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Կիևը և Մոսկվան հայտնում են գերիների մեծ խմբի փոխանակման մասին: Յուրաքանչյուր կողմից ազատ է արձակվել 107 գերի։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ուկրաինական գերությունից ազատ արձակվածները կտեղափոխվեն Մոսկվա՝ ՊՆ-ի բուժհաստատություններում բուժվելու և վերականգնվելու համար։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է որ Ուկրաինա վերադարձած 107 գերիներից 74-ը «Ազովստալի» պաշտպաններից են։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ չի մասնակցի «Մեծ քսանի» ժողովին, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լինի դրա մասնակիցների թվում:
«Իմ անձնական դիրքորոշումը և Ուկրաինայի մոտեցումն այն է, որ եթե Ռուսաստանի Դաշնության ղեկավարը մասնակցի, ապա Ուկրաինան չի մասնակցի»,- ասել է Զելենսկին:
Նա միաժամանակ հայտնել է, որ պատրաստվում է նոյեմբերի 15-16-ը Ինդոնեզիայում կայանալիք գագաթնաժողովին և իր գործընկերոջ՝ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ արդեն քննարկել է օրակարգն ու կազմակերպական այլ հարցեր:
Հոկտեմբերին Զելենսկին վավերացրել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ընդունած որոշումը, որի համաձայն, բանակցությունները Վլադիմիր Պուտինի հետ անհնարին են հայտարարվել:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի էներգահամակարգի ծանրաբեռնվածության պատճառով այսօր առավոտյան Կիևում 450 հազար բնակարան զրկվել է էլեկտրաէներգիայից, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
«Այսօր 450 հազար սպառողներ, այսինքն՝ Կիևում բնակարաններ, հոսանքազրկված են, սա մեկուկես անգամ ավելի է, քան նախորդ օրերին», - գրել է Կլիչկոն Telegram-ում, - «Դիմում եմ մայրաքաղաքի բոլոր բնակիչներին՝ մաքսիմալ խնայե՛ք էլեկտրաէներգիան, քանի որ իրավիճակը բարդ է մնում»։
Ռուսական զինուժը գրեթե մեկ ամիս է ինչ հարվածներ է հասցնում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին, ինչի պատճառով իշխանությունները սահմանել են հովհարային անջատումների համակարգ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հինգշաբթի երեկոյան մոտ 4,5 միլիոն ուկրաինացի մնացել է առանց էլեկտրականության։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, թե ՌԴ Զինված ուժերին միանալու ցանկացողների թիվը չի կրճատվում, իսկ զորակոչվածների թիվը հասել է 318 հազարին:
«Արդեն ունենք 318 հազար զորակոչված: Ինչո՞ւ 318 հազար, որովհետև կամավորներն են գալիս, նրանց թիվը չի կրճատվում»,- ասել է նախագահը:
Նրա փոխանցմամբ, այդ թվից 49 հազարն արդեն բանակում են և մարտական խնդիրներ են իրականացնում, իսկ մնացած զորակոչվածները պատրաստություն են անցնում:
Պուտինն ասել է նաև, թե պետությունը պետք է ամեն բան անի զորակոչվածների ընտանիքներին, ծնողներին, կանանց և երեխաներին սատարելու համար:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Բրիտանիայում հրատարակվող The Times պարբերականը պնդում է, որ Ուկրաինայի վրա ռազմական հարձակում իրականացնելու գաղափարի ամենավճռական ջատագովներն են եղել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Նիկոլայ Բորտնիկովը:
Ըստ The Times-ի, հենց նրանք են նախագահ Վլադիմիր Պուտինին համոզել սկսել «հատուկ ռազմական օպերացիան»:
Պարբերականը հրապարակել է մի հատված լրագրող Օուեն Մեթյուզի գրքից, որն առաջիկայում լույս կտեսնի: Լրագրողն իր գրքում վկայակոչում է ռուսաստանցի գործիչներին, ովքեր տեղեկացված են եղել Ուկրաինա ռուսական ներխուժման հանգամանքների վերաբերյալ:
Մեթյուզի համոզմամբ, Պատրուշևը, Բորտնիկովը և նման հայացքներ դավանողները պնդել են, թե «հարկ է Ուկրաինային հասցնել կանխարգելիչ հարված, ինչը կարևոր է Արևմուտքի հետզհետե աճող ռազմավարական սպառնալիքից Ռուսաստանը պաշտպանելու համար»:
Փետրվարի 24-ի հարձակումը նախապատրաստելու գործում Պատրուշևից, Բորտնիկովից և Պուտինից զատ, մեծ դեր է կատարել նաև պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ով, սակայն, հանդես է եկել ոչ թե իբրև «գաղափարախոս», այլ «կատարող»:
The Times-ը նշում է, որ կորոնավիրուսի համավարակի տարածումից հետո Ռուսաստանի ղեկավարը հայտնվել է փաստացի մեկուսացման մեջ, քանի որ խիստ սահմանափակվել է նրա մոտ մուտք գործող և նրա հետ տարբեր կարևոր հարցեր քննարկող մարդկանց թիվը:
Արդյունքում մեծամասնություն են կազմել մարդիկ, ովքեր հավատացել են Ուկրաինայի վրա հարձակվելու անհրաժեշտությանը: Նրանցից մեկը համարվում է գործարար Յուրի Կովալչուկը:
Ուկրաինայի վրա հարձակվելու սկզբունքային որոշումը կայացվել է 2021 թվականի ամռան վերջին:
Արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջ դրվել է պատերազմից խուսափելու համար Արևմուտքից հնարավորինս շատ զիջումներ կորզելու խնդիր: Ինքը Լավրովն, ըստ Օուեն Մեթյուզի, ցանկացել է խաղաղ եղանակով կարգավորել առճակատումը և համոզված է եղել, որ նույն դիրքորոշումն ունի նաև նախագահ Պուտինը:
Ռուսական կողմը ներկայացրել է այնպիսի պահանջներ, որոնք Արևմուտքը վերջնագիր է անվանել և մերժել է:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Խերսոնի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել:
Մոսկվան Ռուսաստանի մաս է հռչակել Խերսոնը և ևս երեք ուկրաինական շրջաններ: Կիևը և միջազգային համայնքը դա չեն ճանաչել:
Խերսոնի վերաբերյալ հորդորը Պուտինը հնչեցրել է այսօր՝ Կարմիր հրապարակում, Ռուսաստանի միասնության օրվան նվիրված միջոցառման ընթացքում:
«Նրանք, ովքեր ապրում են Խերսոնի շրջանում, պարտավոր են անհապաղ տարհանվել, քանի որ ընթանում են ծանր մարտեր: Քաղաքացիական բնակչությունը չպետք է տուժի հրետակոծություններից, հարձակումներից և հակահարձակումներից ու ռազմական այլ գործողություններից»,- ասել է Պուտինը:
Խերսոնից տարհանվածներին ժամանակավոր բնակեցնում են 2014-ին բռնակցված Ղրիմում, ինչպես նաև Ռուսաստանի այլ շրջաններում: