- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Կիևի քաղաքապետը կիրակի երեկոյան կոչ է արել Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչներին խուճապի չմատնվել։ Ռուսական զինված ուժերը շարունակում են ռմբակոծել Ուկրաինայի, այդ թվում՝ մայրաքաղաքի էներգետիկ ենթակառուցվածքները։
Երկու օր առաջ Վիտալի Կլիչկոն չէր բացառել բնակչության տարհանումը։ «Մի քանի օր առաջ լրագրողներն ինձ հարցրել են՝ հոսանքազրկման դեպքում մայրաքաղաքը ծրագիր ունի՞։ Կրկին կպատասխանեմ՝ պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի», - նշել էր Կիևի քաղաքապետը՝ ընդգծելով, որ տվյալ պահին քաղաքային ծառայություններն ակտիվորեն աշխատում են էլեկտրամատակարարման խափանման հետևանքով առաջացած խնդիրները վերացնելու ուղղությամբ։ Նա հավելել էր, թե տեղի իշխանություններն անում են ամեն ինչ՝ բնակիչներին բոլոր անհրաժեշտ ծառայություններով ապահովելու համար. - «Բայց մենք պետք է պատրաստ լինենք տարբեր սցենարների, թեև ակնկալում ենք, որ վատագույնը չի լինի։ Ուստի այսօր խուճապի մատնվելու պատճառ չկա։ Կիևն ապրում և աշխատում է»։
Կլիչկոյի խոսքով՝ իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի նման սցենար տեղի չունենա, սակայն չեն կարող դա 100 տոկոսով երաշխավորել։ Նրա փոխանցմամբ՝ նոյեմբերի 6-ի առավոտյան առանց էլեկտրականության էր մնացել 450 հազար քաղաքացի։ Քաղաքի իշխանությունները հորդորում են քաղաքացիներին խնայել էլեկտրաէներգիան։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խոստացել է, որ մինչև հաջորդ տարվա վերջ Եվրամիությունը Կիևին 18 միլիարդ եվրոյի չափով օգնություն կտրամադրի։ Այդ միջոցները, ըստ նրա, պետք է «մեծ մասամբ ծածկեն Ուկրաինայի ֆինանսական կարիքները 2023 թվականին»։
Երեկ ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ և ասել, որ իր առաջարկները նոր օգնության փաթեթի վերաբերյալ կներկայացվեն ԵՄ քննարկմանը այս շաբաթ: Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ ֆինանսական օգնության չափը կկազմի ամսական մինչև 1,5 միլիարդ եվրո։
Զելենսկին և ֆոն դեր Լայենը քննարկել են նաև նոր պատժամիջոցների սահմանումը և Իրանին հակազդելու հարցը, որը, Ուկրաինայի պնդմամբ, Ռուսաստանին կամիկաձե անօդաչու սարքեր է մատակարարում, որոնք օգտագործվում են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները ոչնչացնելու համար։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը վերջին ամիսներին մի շարք կոնֆիդենցիալ շփումներ է ունեցել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի և Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ, երեկ հաղորդել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ իշխանություններին և արևմտյան երկրների ներկայացուցիչներին։
Հրատարակությունն ընդգծում է, որ շփումների նպատակն է եղել կանխել էսկալացիան Ուկրաինայում և պահպանել կապի ուղիները, «այլ ոչ թե կարգավորումն Ուկրաինայում»։
Թերթի աղբյուրները չեն հստակեցրել, թե կոնկրետ երբ են եղել շփումները և քանի անգամ։
Ավելի վաղ Սալիվանն ասել էր, որ ԱՄՆ-ը բարձր մակարդակով զգուշացրել է Ռուսաստանին Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման անթույլատրելիության մասին, սակայն չէր հստակեցրել, թե Մոսկվայից կոնկրետ ում հետ է եղել այդ խոսակցությունը։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Pink հեռուստակայանի թղթակցի հետ զրույցում երեկ ասել է, որ Ուկրաինայի պատերազմում Խերսոնի համար ակնկալվող կռիվը վճռական նշանակություն կունենա: Նա այդ սպասվող բախումը համեմատել է Երկրորդ աշխարհամարտում Ստալինգրադի ճակատամարտի հետ:
«Առջևում ծանր ժամանակներ են, հաջորդ ձմեռն այս ձմռան համեմատությամբ է'լ ավելի ծանր կլինի: Վճռականը Խերսոնի համար կռիվն է, թե' մեկ և թե' մյուս կողմը կիրառում են հազարավոր հրասայլեր, թռչող սարքեր ու հրետանի: Ստալինգրադի ճակատամարտ է լինելու», - ասել է Սերբիայի ղեկավարը:
Վուչիչի փոխանցմամբ` Արևմուտքը ենթադրում է, որ Խերսոնի համար կռվում սատարելով Ուկրաինային՝ կկարողանա քայքայել Ռուսաստանը: Ռուսաստանն էլ ենթադրում է, որ Խերսոնը պահելու դեպքում կկարողանա պաշտպանել այն, ինչ գրավել է պատերազմի սկզբում և ավարտին հասցնել հակամարտությունը:
«Դա լրացուցիչ բարդություններ կստեղծի ամենուր», - ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու փոխանցմամբ, ռուսական ուժերը Դոնեցկի շրջանում ծանր կորուստներ են կրում:
«Ռուսները շարունակում են ծանր մարտերը Դոնեցկի շրջանում, նրանք լուրջ կորուստներ են կրում, բայց չնայած դրան՝ շարունակում են իրենց զորակոչվածներին և վարձկաններին մահվան ուղարկել: Շնորհակալ եմ մեր զինվորներին, ովքեր կարողանում են դիմանալ այդ հիրավի ծանր ճնշմանն ու պաշտպանել դիրքերը», - հայտարարել է Ուկրաինայի ղեկավարը:
Զելենսկին նաև նախազգուշացրել է, որ ռուսները կարող են լայնածավալ նոր հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկայի հիմնարկներին:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Մոսկվայի կողմից բռնակցված Խերսոնի մարզում նահանգապետի տեղակալ նշանակված Կիրիլ Ստրեմոուսովն այսօրվա ուղերձում նորից հորդորել է մարդկանց անհապաղ տարհանվել:
«Քաղաքում պարենի խնդիր չկա, որոշ դեղատներ սահմանափակ ծավալով են աշխատում, բայց մարդիկ կարող են սոցիալական օգնություն ստանալ, աշխատում ենք այդ ուղղությամբ: Տարհանումը Խերսոնից շարունակվում է: Հիմա տարհանում ենք անկողնային հիվանդներին, բոլոր նրանց, ովքեր չեն կարող ինքնուրույն տարհանվել»,- ասել է Ստրեմոուսովը:
Ռուսներն այդ քաղաքը դեռ փետրվարին են գրավել: Այժմ ենթադրվում է, որ ուկրաինացիները կփորձեն այն հետ վերցնել:
Օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ է բնակիչներին կոչ արել հնարավորինս արագ հեռանալ Խերսոնից:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել է, որ երկիրը ստացել է NASAMS զենիթահրթիռային համակարգերը և Aspide տեսակի հրթիռներ:
«Շնորհակալություն մեր գործընկերներին՝ Միացյալ Նահանգներին, Նորվեգիային և Իսպանիային»,- Թվիթերի էջում գրել է Ռեզնիկովը:
Նախարարը չի նշել, թե այդ ՀՕՊ համակարգի սպառազենի կոնկրետ քանի միավոր է ստացել Ուկրաինան:
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավարի օգնական Ջոն Փլամը հայտնել է, որ Միացյալ Նահանգները Կիևին կփոխանցի NASAMS տեսակի զենիթահրթիռային 8 համակարգ:
Բացի այդ, Իսպանիան խոստացել է Ուկրաինա ուղարկել Aspide տեսակի «երկինք-երկինք» հակաօդային պաշտպանության հրթիռներ, M113 տեսակի զրահամեքենաներ և մի քանի տոննա արկեր ուկրաինական հրետանու համար:
NASAMS համակարգը համատեղ արտադրում են Միացյալ Նահանգները և Նորվեգիան, Aspide հրթիռները Selenia իտալական ընկերությունն է արտադրում, M113 զրահամեքենաները Միացյալ Նահանգներն է արտադրում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Տվերի շրջանում նահանգապետ Իգոր Ռուդենյայի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ մոտ 50 հազար զորակոչվածներ այս ժամանակաշրջանում Ուկրաինայում մասնակցում են մարտական գործողություններին:
«Մենք հիմա այնտեղ ունենք 50 հազար զորակոչվածներ, ովքեր մարտական ստորաբաժանումներում են: Իսկ ընդհանուր հաշվով «հատուկ ռազմական գործողության» գոտում կա 80 հազար զորակոչված, մնացածները զորավարժարաններում են»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Պուտինը սեպտեմբերի 21-ին է ազդարարել երկրում մասնակի զորակոչ անցկացնելու մասին:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ այդ հրամանագրով նախատեսվում է 300 հազար մարզ զորակոչել:
Պուտինն օրերս ասել է, թե արդեն զորակոչվել է մոտ 320 հազար մարդ: Թվի ավելացումը նա պարզաբանել է բանակին միանալու կամավորների ցանկությամբ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է հանդիպում անցկացնել հանրության հետ և քննարկել զորակոչվածներին սատարելու հարցը: Դա տեղի կունենա հատուկ միջոցառման ձևաչափով: Այդ մասին այսօր ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Կլինի առանձին միջոցառում, դրա մասին կհայտնենք լրացուցիչ»,- նշել է Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակը:
Նոյեմբերի 7-ին` ավելի վաղ, Պուտինը Տվերի նահանգապետ Իգոր Ռուդենյայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է զորակոչվածներին աջակցություն ցուցաբերելու թեմային:
«Ես էլ անպայման կհանդիպեմ մարդկանց և այդ հարցը կքննարկեմ, որ լսեմ նրանց կարծիքը, որ հետադարձ կապ լինի»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հաստատել է, որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կապի ուղիները բաց են մնում՝ չնայած ուկրաինական պատերազմին։
Ելույթ ունենալով Նյու Յորքում՝ Սալիվանն ասել է, որ ԱՄՆ-ի շահերից է բխում կապ պահպանել Կրեմլի հետ, հավելելով՝ պաշտոնյաները «հստակ հասկանում են, թե ում հետ գործ ունենք»։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան նաև ընդգծել է, որ Մոսկվայի հետ կապերի պահպանումը բխում է «այս հակամարտությունից տուժած յուրաքանչյուր երկրի շահերից»։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Սալիվանը գաղտնի բանակցություններ է վարում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ՝ Ուկրաինայում պատերազմի միջուկային էսկալացիայի վտանգը կանխելու համար։