- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը և Պետդեպարտամենտը խոշոր բանկերին, այդ թվում՝ JPMorgan-ին և Citigroup-ին, ոչ հրապարակավ խնդրել են չհրաժարվել «որոշ ռուսական ընկերությունների» հետ համագործակցությունից։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ամերիկյան կառավարությունը մասնավորապես ակնարկել է շարունակել հիմնական ծառայությունները՝ դոլարով հաշվարկներ, փոխանցումներ, առևտրի ֆինանսավորում, այնպիսի ընկերություններին, ինչպիսին են «Գազպրոմ»-ը, «Ուրալկալի»-ն և «ՖոսԱգրո»-ն:
Գործակալության տվյալներով՝ Ջո Բայդենի վարչակազմն այդպիսով ցանկանում է նվազեցնել պատժամիջոցների բացասական ազդեցությունը և խուսափել «մոլորակի վրա համաշխարհային տնտեսական աղետից ու սովից»։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ֆիլադելֆիայում գործող «Ազգային սահմանադրական կենտրոն» ոչ-կառավարական կազմակերպությունն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն շնորհել է «Ազատության մեդալը»:
Կենտրոնն այդ ամենամյա մրցանակը հանձնում է անհատներին և կազմակերպություններին՝ այդպիսով ճանաչելով նրանց ցուցաբերած առաջնորդությունն ազատության ձգտելու գործում:
Զելենսկին տեսագրած ուղերձով է դիմել ամերիկացիներին և հորդորել է շարունակել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը:
«Կոչ եմ անում ձեզ պահպանել անսասան միասնությունը: Մենք սպասում ենք այն օրվան, երբ կլսենք երազալի լուրն այն մասին, որ խաղաղությունը վերջապես վերականգնվել է: Դեմոկրատիաները չպետք է կանգ առնեն հաղթանակի ճանապարհին», - ասել է Ուկրաինայի նախագահը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մի օր կայցելի Դոնբաս, սակայն տվյալ պահին օրակարգում նման ուղևորություն նախատեսված չէ:
«Կոնկրետ ծրագրեր դեռևս չկան, բայց ես համոզված եմ՝ կգա ժամանակը, երբ Պուտինը կմեկնի Դոնբաս, դա բնական է: Դա Ռուսաստանի շրջան է, և նա անպայման կլինի այնտեղ»,- ասել է Պեսկովը:
Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն այսօր, չնշելով կոնկրետ ժամկետը, հայտնել է, որ Պեսկովը վերջերս մեկնել է Դոնբաս և այնտեղ հատուկ դասընթացներ է անցկացրել տեղական լրատվամիջոցների և մամլո ծառայությունների աշխատակիցների համար:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է առաջխաղացումը շարունակել Դոնեցկի շրջանից դուրս, սակայն Ուկրաինան որևէ պարագայում տեղի չի տա:
Զելենսկու խոսքով՝ թշնամին շատ ակտիվ գործողությունների է դիմում և ամեն օր կատարում է մի քանի տասնյակ հարձակումներ:
«Շատ լարված վիճակ է Դոնեցկի շրջանում, թշնամու կողմից ամեն օր տասնյակ գրոհներ են, նրանք ահավոր կորուստներ են կրում: Բայց նրանց նպատակը նույնն է՝ առաջ շարժվել Դոնեցկի սահմաններից դուրս: Մենք մեր հողի ոչ մի սանտիմետր չենք զիջելու, շնորհակալ եմ Դոնբասում կռվող մեր հերոսներին», - ասել է Զելենսկին:
Նրա խոսքով՝ Խերսոնի շրջանում ուկրաինացիները գործում են շատ ճշգրիտ, քանի որ վերլուծում ու հասկանում են թշնամու ծրագրերը և նպատակները:
«Մենք ամեն բան անում ենք մեր տարածքն ազատագրելու համար, մենք հզորացնում ենք մեր դիրքերը և ամեն օր մեթոդաբար ոչնչացնում ենք մեր երկրի հարավը գրաված պահելու այդ զավթիչների կարողությունները»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը:
Ըստ արևմտյան հետախուզական կառույցների զեկույցների՝ այսօրվա դրությամբ առավել ծանր մարտեր են ընթանում Բախմուտի, Սոլեդարի և Ավդեևկայի շուրջ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Հոլիվուդի աշխարհահռչակ աստղ և կինոբեմադրիչ Շոն Փենը, ով Ուկրաինայի պատերազմի նկատմամբ խիստ քննադատության համար Ռուսաստանի կողմից ենթարկված է պատժամիջոցների, նախօրեին Կիևում իր Օսկարի մրցանակն ի պահ է տվել նախագահ Վլադիմիր Զելենսկուն:
«Սա, թերևս, խորհրդանշական հիմար բան է, պահեք արձանիկը, երբ կհաղթեք՝ այն կվերադարձնեք ինձ Մալիբուում», - ասել է Փենը:
Նա պատերազմի ընթացքում երրորդ անգամ է այցելում Ուկրաինա: Փենը վավերագրական ֆիլմ է նկարահանում այս պատերազմի մասին:
Վլադիմիր Զելենսկին Հոլիվուդի աստղին Պատվո շքանշան է շնորհել՝ այդպես գնահատելով նրա աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և պատերազմի մասին աշխարհին պատմելու առաքելությունը:
Նրանք երկուսով այցելել Խիզախության պուրակ, որտեղ հատակին տեղադրված սալիկներից մեկին կա Փենի անունը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խստորեն դատապարտել է վարձկանների մասնակցությունն Ուկրաինայի պատերազմին: Նա ասել է, որ վարձկանների օգտագործումն ավելացնում է պատերազմից առանց այն էլ տուժող բնակիչների տառապանքները:
«Նորից կոչ եմ անում աղոթել նահատակվող Ուկրաինայի համար: Խնդրենք Տիրոջը խաղաղություն տա այդ տանջված ժողովրդին, որը շատ տառապանքներ է տեսնում պատերազմում ներգրավված վարձկաններից», - ասել է կաթոլիկ հովվապետը:
Հռոմի պապն անվանական չի նշել, թե կողմերից որ մեկն է վարձկաններ օգտագործում այդ պատերազմում:
Մինչդեռ, Եվրոպական միությունը պատժամիջոցների ցանկում է ներառել «Վագներ» անվամբ մասնավոր ռուսական ռազմական ընկերությունը, որն, ըստ բազմաթիվ հաղորդագրությունների, վարձկաններ է հավաքագրում և ուղարկում ուկրաինական ճակատ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Միացյալ Նահանգներն ուշադրությամբ հետևում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան գաղտնի եղանակով հրետանային արկերի մեծածավալ փոխադրումներին: Այդ զինամթերքը Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինայում, ասել է Պենտագոնի խոսնակ, օդուժի բրիգադի գեներալ Փաթ Ռայդերը:
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին անցած շաբաթ ասել է, որ Հյուսիսային Կորեան փորձում է թաքցնել մատակարարման փաստը և բեռը բարդ երթուղիներով նախ ուղարկում է Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա, սակայն վերջնական հասցեատերը Ռուսաստանն է:
«Ավելին չեմ կարող ասել, քան նշվել է Ազգային անվտանգության խորհրդի կողմից, մենք ունենք ինֆորմացիա, ըստ որի Հյուսիսային Կորեան գաղտնի ուղիներով Ռուսաստանին տրամադրում է մեծ քանակությամբ հրետանային արկեր: Մենք շարունակում ենք հետևել դրան, բայց սրանից զատ ես չեմ կարող որևէ լրացուցիչ տեղեկություն հրապարակել»,- ասել է բրիգադի գեներալը:
Հյուսիսային Կորեայի պետական մամուլը պնդում է, որ Փհենյանը ռուսական կողմին զենք չի տրամադրում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանը Հյուսիսային Կորեայում բանակի ձմեռային համազգեստի մեծ խմբաքանակ է պատվիրել և դրանով խախտել է Փհենյանի նկատմամբ ՄԱԿ-ի ընդունած պատժամիջոցը, հաղորդում «Ազատ Ասիա» ռադիոկայանը, որը վկայակոչում է անանուն աղբյուրներ Հյուսիսային Կորեայում:
«Ազատ Ասիայի» հաղորդագրության համաձայն, առնվազն երեք կարի գործարաններ Փհենյանում և ևս մի քանիսը Հյուսիսային Կորեայի այլ բնակավայրերում ձմեռային համազգեստ, ներքնազգեստ և կոշիկ են արտադրում Ուկրաինայում պատերազմող ռուսաստանցի զինծառայողների համար:
Արտադրության ընթացքում այդ հյուսիսկորեական կոմբինատներն օգտագործում են Ռուսաստանից ստացված հումքը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան այսօր ասել է, թե Մոսկվան երբևէ չի հրաժարվել Կիևի հետ բանակցություններից և դրանք կվարի՝ հաշվի առնելով ի հայտ եկած իրողությունները:
«Մենք նախկինի պես բաց ենք բանակցությունների համար: Մենք երբեք դրանցից չենք հրաժարվել և պատրաստ ենք դրանք վարել՝ հաշվի առնելով այն իրողությունները, որոնք այս պահին են հաստատվում»,- ասել է Զախարովան:
Միաժամանակ արտաքին գործերի նախարարության խոսնակը քննադատել է պաշտոնական Բեռլինի քաղաքականությունը, հայտարարելով, որ Ուկրաինային բանակցությունների դրդելու փոխարեն, Գերմանիան զենք է մատակարարում այդ երկրին:
«Կիևի ռեժիմի վրա ունեցած ազդեցությունն օգտագործելու փոխարեն, գերմանական կողմը՝ խախտելով հակամարտության գոտիներ մահացու զինատեսակներ ուղարկելու արգելքի մասին սեփական օրենքներն ու կանոնները, շարունակում է Կիևին տարատեսակ սպառազեն տրամադրել և դրանով խրախուսում է ցանկացած գնով շարունակել մարտական գործողությունները»,- հայտարարել է Մարիա Զախարովան:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրահանգել է զինուժը դուրս բերել ուկրաինական Խերսոնից, որը Մոսկվան օկուպացրել էր պատերազմի մեկնարկին, ապա՝ բռնակցել հանրաքվեով:
Ուկրաինայում տեղակայված ռուսական զորքի հրամանատար, բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը Սերգեյ Շոյգուին առաջարկել էր Խերսոնի շրջանում Դնեպրի ձախ ափ փոխադրել ստորաբաժանումները: Շոյգուն ընդունել է առաջարկը:
«Շարունակեք զորքերի դուրսբերումը և ձեռնարկեք բոլոր միջոցները՝ ապահովելու համար անձնակազմի, զենքի և տեխնիկայի անվտանգ տեղափոխումը Դնեպր մյուս ափ»,- կարգադրել է նախարարը:
Երկու բարձրաստիճան զինծառայողների զրույցի այդ հատվածը ցուցադրվել է Ռուսաստանի հեռուստատեսությամբ:
Սուրովիկինն իր առաջարկը պատճառաբանել է Դնեպրի աջ ափին բանակի մատակարարման դժվարություններով: Նա առաջարկել է այդ զորամիավորումները տեղակայել մյուս ուղղություններում:
Դա գործնականում նշանակում է հանձնել Խերսոնը: Վերջին շաբաթների ընթացքում տեղական ռուսական իշխանությունները բնակիչներին կոչ են արել հեռանալ Խերսոնից, քանի որ ուկրաինական ուժերը մոտենում են այդ տարածքներին: Գեներալ Սուրովիկինը վերջերս խոստովանել է, որ «Խերսոնի վերաբերյալ հնարավոր են ծանր լուծումներ»: