- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլլին հայտարարել է, որ ուկրաինական պատերազմի ժամանակ ավելի քան 100 հազար ռուս զինծառայող է զոհվել և վիրավորվել, և ուկրաինական զինված ուժերը, հավանաբար, նույնպես նման կորուստներ են կրել։
Նյու Յորքի Տնտեսական ակումբում ելույթի ժամանակ Միլլին ասել է, որ իր գնահատականներով՝ սպանվել է նաև մոտ 40 հազար ուկրաինացի խաղաղ բնակիչ։
«Մենք խոսում ենք սպանված և վիրավոր ռուս զինվորների 100 հազարից ավելի թվի մասին: Հավանաբար նույնն է ուկրաինական կողմից: Սա մարդկային տառապանքի հսկայական մասշտաբ է», - Միլլիի խոսքերն է մեջբերում Reuters-ը: Գեներալը չի հստակեցրել, թե որտեղից է ստացել այս տեղեկությունը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կորուստների մասին վերջին անգամ խոսել է սեպտեմբերի 21-ին՝ հայտնելով 5 հազար 937 մարդու մահվան մասին։
Նույն օրերին Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ պատերազմում զոհվել է Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 9 հազար զինծառայող։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի ուշ երեկոյան հեռարձակված ուղերձում առաջին անգամ մեկնաբանել է Խերսոնից ռուսական զորքերի դուրսբերման Մոսկվայի որոշումը։
«Հարավում մենք աստիճանաբար առաջ ենք շարժվում՝ քայլ առ քայլ ամրապնդելով մեր դիրքերը։ Պետք է, սակայն, հստակորեն հասկանալ, որ որևէ մեկը չի նահանջում առանց համապատասխան ճնշման։ Թշնամին մեզ ոչինչ չի նվիրում և բարի կամք չի դրսևորում։ Մենք այդ ամենի համար կռվում ենք», - հայտարարում էր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այժմ ամենածանր մարտերը ծավալվել են Դոնեցկի մերձակայքում։
«Այնտեղ կատարվող իրադարձությունները կարևոր են և որոշիչ։ Դոնեցկում հնարավոր կորուստները կնշանակեն նոր կորուստներ մեր ողջ երկրի համար։ Այդ իսկ պատճառով մենք հաստատակամորեն կանգնած ենք մեր դիրքերում և որևէ բան զիջելու մտադրություն չունենք», - հայտարարում էր Ուկրաինայի նախագահը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Խերսոնի տարհանումը վկայում է ռուսների մոտ առկա լուրջ խնդիրների մասին», - անցած գիշեր Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը։
«Նախ և առաջ, կարծում եմ՝ շատ հետաքրքիր է, որ ռուսները սպասեցին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների ավարտին և նոր միայն [նահանջի] որոշում կայացրեցին։ Մենք, ի դեպ, տեղյակ էինք, որ նրանք պատրաստվում են նման քայլի դիմել։ Այդ քայլը Ռուսաստանի, ռուսական բանակի մոտ առկա իրական խնդիրների ապացույցն է», - հայտարարում էր Միացյալ Նահանգների նախագահը։
Խոսելով Կիևին հատկացվող ամերիկյան օգնության մասին՝ Բայդենը հույս էր հայտնում, որ դրա տրամադրումը կշարունակվի նաև նորընտիր Կոնգրեսի պաշտոնավարման ընթացքում։
«Ես նման ակնկալիքներ ունեմ։ Նշեմ, սակայն, որ մենք Ուկրաինային չենք տրամադրում այն ամենը, ինչ այդ երկիրը պահանջում է։ Օրինակի համար՝ ուկրաինացիները շատ էին խնդրում, որպեսզի մենք ամերիկյան օդանավեր ուղարկենք, որոնք կապահովեին Ուկրաինայի օդային տարածքի անվտանգությունը։ Բայց ես բացասական պատասխան տվեցի, քանի որ մենք չենք ցանկանում ռուսական օդանավեր խոցելով ուղղակի մասնակցություն ունենալ կռվին՝ ներքաշվել Երրորդ համաշխարհային պատերազմի մեջ», - հայտարարում էր Բայդենը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Սպիտակ տունը Ուկրաինային ամերիկյան արտադրության նորագույն Gray Eagle MQ-1C հարվածային անօդաչու թռչող սարքեր չի տրամադրի», - գրում է The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով նախագահ Բայդենի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրները։
Ավելի վաղ Կիևին նորագույն անօդաչուներ տրամադրելու կոչով Սպիտակ տանն էին դիմել 17 կոնգրեսականներ։
«Ուկրաինայի իշխանությունները ևս բազմիցս դիմել էին ամերիկյան իշխանություններին Gray Eagle անօդաչուներ տրամադրելու խնդրանքով», - գրում է պարբերականը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ուկրաինացի զինվորականները հայտարարում են Խերսոնի ուղղությամբ առաջխաղացման մասին։ Ուկրաինայի հանրային հեռուստատեսության եթերում հեռարձակված տեսանյութում երևում են երկրի պետական դրոշը պարզած մի խումբ զինվորականներ, որոնք պնդում են, որ գտնվում են Նիկոլաևի մարզի Սնիգիրյովկա քաղաքի կենտրոնում։
«Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Սնիգիրյովկան ազատագրվել է 13-րդ առանձին հետախուզական գումարտակի կողմից», - հայտարարել է ուկրաինացի զինվորականներից մեկը։
Սնիգիրյովկա քաղաքը Նիկոլաևի մարզի վերջին խոշոր բնակավայրն էր, որ գտնվում էր ռուսական ուժերի վերահսկողության ներքո։ Այն գտնվում է ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների հատման կետում՝ Խերսոնից ընդամենը 40 կիլոմետր հյուսիս։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Այս գիշեր Ուկրաինայի մի քանի քաղաքներում օդային տագնապ է հայտարարվել։ Հաղորդվում է նաև Վիննիցայում պայթյունների մասին։
Վիննիցայի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Բորզովն իր Տելեգրամյան ալիքում հայտնել է շրջանի կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներից մեկի վնասվելու մասին։ Նա չի հստակեցրել, թե ինչ օբյեկտի մասին է խոսքը։
Բորզովի փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգների առևտրի նախարարությունն ուսումնասիրության արդյունքում որոշել է, որ Ռուսաստանն այլևս չի կարող համարվել շուկայական տնտեսություն ունեցող երկիր, և Ռուսաստանի տնտեսության կարգավիճակը կվերադասակարգվի որպես ոչ-շուկայական։
ԱՄՆ-ը Ռուսաստանին շուկայական տնտեսության կարգավիճակ էր շնորհել 2002 թվականի ապրիլին։
Շուկայական տնտեսության կարգավիճակը կարևոր է արտահանողների համար, քանի որ այն զգալիորեն բարդացնում է նրանց նկատմամբ հակադեմպինգային տուրքեր սահմանելու հնարավորությունը։
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Խերսոնում գտնվող ռուսական զորքերի մեծ մասը տեղափոխվել է Դնեպրի ձախ ափ, նահանջողներն իրենց ետևից կամուրջներ են պայթեցնում, հաղորդում են ռուսական լրատվամիջոցներն ու Տելեգրամ ալիքները։
Ուկրաինական կողմը հաստատում է, որ ռուսական բանակը նահանջում է, մանրամասներ, սակայն, չի հրապարակում։
Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարը Reuters-ին ասել էր, որ մարզից ռուսական ողջ բանակի դուրսբերումը կտևի առնվազն մեկ շաբաթ։
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Խերսոնից ռուսական զինուժի դուրսբերումն ու տեղափոխումը Դնեպրի ձախ ափ այսօր ամբողջությամբ ավարտվել է, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։
Զորքերի նահանջի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի սանձազերծումից հետո գրավված շրջանային միակ կենտրոնը հանձնելու որոշումը կայացվել էր երկու օր առաջ։
Նախարարությունը միաժամանակ հայտարարել է, թե բանակը կորուստներ չի ունեցել, զինտեխնիկա ետևում չի թողել։
Ուկրաինական կողմը պաշտոնապես այս հայտարարությունը դեռ չի մեկնաբանել։
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Միացյալ Նահանգները հավելյալ 400 միլիոն դոլարի ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինա, հայտարարել է Պենտագոնը։
Ըստ հաղորդագրության, փաթեթը ներառում է մեծ քանակությամբ ռազմամթերք և հակաօդային պաշտպանության միջոցներ, այդ թվում՝ Avenger տեսակի չորս համակարգ։
«Այս օգնությունը կենսական անհրաժեշտություն ունի Ուկրաինայի համար, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է կիրառել մահաբեր հրթիռներն ու իրանական արտադրության անօդաչուները՝ խաղաղ բնակչության ու ենթակառուցվածքների դեմ», - հայտարարել է Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։