- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ՆԱՏՕ-ի և Մեծ յոթնյակի (G7) առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել Ինդոնեզիայում աշխարհի առաջատար տնտեսությունների գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած արտակարգ հանդիպումից հետո:
Հայտարարությունը դատապարտում է «Ռուսաստանի կողմից երեքշաբթի օրը ուկրաինական քաղաքներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված բարբարոսական հրթիռային հարվածները»։
«Մենք վերահաստատում ենք մեր անսասան աջակցությունն Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին՝ ի դեմս շարունակվող ռուսական ագրեսիայի, ինչպես նաև մեր շարունակական պատրաստակամությունը՝ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանին ուկրաինական բնակչության վրա իր անամոթ հարձակումների համար», - ասվում է փաստաթղթում։
Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ Մոսկվան երեկ մոտ 100 հրթիռ է արձակել ուկրաինական քաղաքների ուղղությամբ: Տասնյակից ավելի քաղաքներ ու շրջաններ են ենթարկվել հարվածների։ Սա ամենաինտենսիվ հրթիռային հարձակումն էր Ուկրաինայի վրա հոկտեմբերի 10-ից ի վեր, երբ Ռուսաստանը սկսեց զանգվածային ավիահարվածներ հասցնել երկրի էներգետիկ, ջրային և գազային համակարգերը ոչնչացնելու համար:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Լեհաստանի օդային տարածքում առաքելություն իրականացնող ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը ֆիքսել է երեքշաբթի օրը երկրի արևելքում ընկած հրթիռի թռիչքը։ Այս մասին CNN հեռուստաընկերությանը հայտնել է դաշինքի զինվորականը, ում անունը չի հրապարակվում։
CNN-ի զրուցակիցը չի ասել, թե ով է արձակել այս հրթիռը, ինչպես նաև՝ կոնկրետ որտեղից է այն արձակվել։ Նրա խոսքով՝ հավաքված հետախուզական տվյալները, ներառյալ՝ ռադարի վրա մնացած հրթիռի հետքը, փոխանցվել են ՆԱՏՕ-ին և Լեհաստանին։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Այս փուլում Միացյալ Նահանգները կարծում է, որ հրթիռը, որը, ըստ Վարշավայի, ընկել է Ուկրաինայի հետ սահմանի մոտ գտնվող լեհական բնակավայրի տարածքում, արձակվել է ուկրաինական զորքերի կողմից, որոնք փորձել են խոցել ռուսական հրթիռ, հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։
«Ամերիկացի երեք պաշտոնյաներ ասել են, որ նախնական գնահատականներով՝ հրթիռը արձակվել է ուկրաինական ուժերի կողմից ռուսական հրթիռի ուղղությամբ», - հայտնում է AP-ն։
Նշվում է, որ գործակալության զրուցակիցները անանունության պայմանով են հայտնել այս տեղեկությունը, «քանի որ թույլտվություն չունեն հրապարակայնորեն քննարկելու այդ հարցը»։
Պաշտոնական Վարշավան էլ հաղորդում է, որ հրթիռը ռուսական արտադրության էր։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համոզմամբ՝ երեքշաբթի երեկոյան Լեհաստանի արևելքում որոտացած պայթյունները, որոնց հետևանքով երկու մարդ է զոհվել, Ռուսաստանի հետ առնչություն չունեն։ Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է Բալիում՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովի ընթացքում։
«Մենք պետք է հարգենք Ռուսաստանի կողմից արվող հայտարարությունները։ Մեզ համար կարևոր է, որ Ռուսաստանը պնդում է, թե Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի հետ որևէ կապ չունի։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ նա ևս ընդգծում էր, որ տեղի ունեցածը պետք է մանրակրկիտ հետաքննության ենթարկվի։ Այն հանգամանքը, որ Ռուսաստանը պնդում է,որ այս ամեի հետ կապ չունի, իսկ [ԱՄՆ նախագահ] Բայդենը հայտարարում է, որ հրթիռները ռուսական արտադրության չէին, հնարավոր է վկայում են այն մասին, որ Ռուսաստանն այս միջադեպի հետ իրոք կապ չունի։ Չի բացառվում,որ խոսքը տեխնիկական սխալի մասին է», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը։
Էրդողանի խոսքով՝ Լեհաստանում տեղի ունեցած միջադեպը չպետք է խոչընդոտի նաև ուկրաինական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծման փորձերին։
«Կարծում եմ՝ այն պնդումները, թե տեղի ունեցածը հենց Ռուսաստանի մեղքն է, սրելու են իրավիճակը։ Մենք այժմ փորձում ենք շուտափույթ կերպով Ռուսաստանին և Ուկրաինային նստեցնել բանակցային սեղանի շուրջ», - ասել է Թուրքիայի նախագահը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը Բալիում ընթացող գագաթնաժողովի ընթացքում Մեծ յոթնյակի պետությունների ղեկավարներին տեղեկացրել է, որ երեկ երեկոյան Լեհաստանում պայթած և երկու մարդկանց մահվան պատճառ դարձած հրթիռներն ուկրաինական էին։ Այս մասին Reuters-ի թղթակցին փոխանցել են ՆԱՏՕ-ին մոտ կանգնած իրազեկ աղբյուրները։
Դրանց փոխանցմամբ՝ Լեհաստանի արևելքում պայթել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգից արձակված հրթիռները։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Ուկրաինական պատերազմի միակ մեղավորը Ռուսաստանն է, միայն Ռուսաստանն է հարևան երկրների համար աճող ռիսկերի մեղավորը», - մեկնաբանելով Լեհաստանի տարածքին հասցված հարվածները՝ այսօր Twitter-ում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Պոդոլյակը։
Ուկրաինացի պաշտոնյայի պնդմամբ՝ «արդարացումներ հնչեցնելու կարիք չկա, եկել է Եվրոպայի կողմից Ուկրաինայի օդային տարածքը փակելու պահը»։ «Նաև ձեր իսկ անվտանգության համար», - ընդգծել է Պոդոլյակը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Պաշտոնական Մոսկվան կրկին պնդում է, որ Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի հետ առնչություն չունի։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության այսօր տարածած հայտարարարության մեջ մասնավորաբար նշված է, որ ամենահեռավոր թիրախը, որ հրթիռակոծվել է Ռուսաստանի կողմից, գտնվել է Լեհաստանի հետ սահմանից 35 կիլոմետրի վրա՝ Ուկրաինայի տարածքի խորքում։
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը նաև տեղեկացրել է, որ «Լեհաստանի Պշևոդով գյուղում նոյեմբերի 15-ի երեկոյան արված լուսանկարներում պատկերված բեկորները Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության մասնագետների կողմից միանշանակորեն նույնականացվել են որպես Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերի կազմում գործող C-300 համակարգերին պատկանող»։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Լեհաստանը չի բացառում, որ ՆԱՏՕ-ի կանոնադրության 4-րդ հոդվածը գործարկելու կարիք չի լինի։ Այս մասին քիչ առաջ Վարշավայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին՝ նշելով, որ իր ղեկավարած նախարարների կաբինետն առայժմ վերլուծում է նման քայլի դիմելու անհրաժեշտությունը։
ՆԱՏՕ-ի կանոնադրության 4-րդ հոդվածը նախատեսում է դաշինքի անդամ բոլոր պետությունների ներգրավում հարձակման ենթարկված դաշնակցի պաշտպանության գործում։
Նույն ասուլիսի ժամանակ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ երկրի դեմ իրականացված արտաքին հարձակման նշույլներ չկան, և երեքշաբթի երեկոյան Լյուբլինի մարզում պայթած հրթիռները ըստ ամենայնի արձակվել էին Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Ուկրաինայի ռազմաօդային ուժերը պատրաստ են իրենց տրամադրության տակ եղած բոլոր նյութերը, ինչպես նաև սեփական մասնագետներին տրամադրել Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի քննության ընթացքում», - այսօր տեղական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Իգնատը։
Լեհաստանում տեղի ունեցած միջադեպին այսօր անդրադարձել է նաև Ուկրաինայի Անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։
«Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները կներկայացնեն այս փաստական հիմքերը, որոնցից ելնելով իրենց եզրակացրել են, որ խոսքը ՀՕՊ ուկրաինական հրիթիռների մասին է։ Մենք նաև ցանկանում ենք, որպեսզի Ուկրաինայի ՊՆ և Պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչներին հնարավորություն տրվի անհապաղ այցելել պայթյունի վայր», - նշել է Դանիլովը։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել Ռուսաստանի Դաշնության Չեչնիայի հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովի նկատմամբ:
Գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրությունում Կադիրովը նշված է որպես «իրավապահ ծառայություններից թաքնվող անձ» և կցված է նրա լուսանկարը:
Այս տարվա օգոստոսի 26-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Կադիրովին հեռակա կարգով ներկայացրել է «Ուկրաինայի պետական սահմանների փոփոխությանն ուղված նպատակով միտումնավոր գործողություններ կատարելու» մեղադրանք: