Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

12:42 28.11.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը մտադիր է հայտարարել, որ հաջորդ տարի Լոնդոնը կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Կիևին` առնվազն նույն ծավալով (և, հնարավոր է, ավելի շատ), քան այժմ:

Այս մասին հայտնում է Reuters-ը՝ ծանոթանալով վարչապետի ելույթի տեքստին, որը նա պետք է հնչեցնի այսօր։

17:10 28.11.2022

Հյուսիսային Եվրոպայի և բալթյան երկրների յոթ արտգործնախարարներ այսօր ժամանել են Կիև՝ աջակցություն հայտնելու Ուկրաինային։

«Մենք՝ Էստոնիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Նորվեգիայի, Շվեդիայի արտգործնախարարներս այսօր Կիևում ենք՝ ամբողջովին համերաշխ Ուկրաինայի հետ: Չնայած ռուսական ռումբերի անձրևին և բարբարոս դաժանությանը՝ Ուկրաինան կհաղթի»,- Թվիթերում գրել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելուս Լանդսբերգիսը։

16:06 29.11.2022

ՆԱՏՕ-ի արտգործնախարարներն այսօր կհավաքվեն Բուխարեստում։ Երկօրյա հանդիպման ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ուկրաինական հակամարտությունը, Կիևին ռազմական օգնության շարունակումը:

«ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի: Մենք չենք նահանջելու: Դաշնակից երկրները ցուցաբերում են աննախադեպ ռազմական աջակցություն: Եվ ես ակնկալում եմ, որ արտգործնախարարները նույնպես կհամաձայնեն ավելացնել չմարող աջակցությունը», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ավելի վաղ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։

Նա վստահ է, որ «խաղաղ լուծման հնարավորությունները մեծացնելու լավագույն միջոցը Ուկրաինային աջակցելն է»։

Ինչպես պարզաբանել է Ստոլտենբերգը, որպես օգնության համապարփակ փաթեթի մաս, դաշինքը Ուկրաինային մատակարարում է վառելիք, դեղամիջոցներ, ձմեռային օգտագործման համար նախատեսված սարքավորումներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերը ճնշելու միջոցներ։

«Շնորհակալ եմ բոլոր դաշնակիցներին իրենց ներդրման համար: Եվ Բուխարեստում մեր հանդիպման ժամանակ ես կոչ կանեմ ավելիին», - հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

16:08 29.11.2022

«Կիևի հետ բանակցություններն այս պահին անհնարին են», - այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ պնդելով, որ դրանց անցկացումը կտրականապես մերժվում է Ուկրաինայի կողմից։

Ռուսաստանի նախագահի խոսնակը մեկնաբանել է Գերմանիայի ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի օրերս հնչեցրած հայտարարությունը, ըստ որի, այս պահին ուկրաինական պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններ վարել չի կարելի։

«Խաղաղ բանակցությունների համար քաղաքական կամք է անհրաժեշտ, ինչպես նաև Ռուսաստանի կողմից առաջ քաշվող պահանջները քննարկելու պատրաստակամություն», - նշել է Պեսկովը։

16:10 29.11.2022

«Ռուսաստանը փորձում է ձմեռը որպես զենք օգտագործել ընդդեմ Ուկրաինայի», - այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը՝ պնդելով, որ Մոսկվան նման մարտավարություն է որդեգրել, քանի որ չի կարողանում ուկրաինացիներին հաղթել ռազմի դաշտում։

Խոսելով Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկաների մասին, Ստոլտենբերգը նշել է, որ դաշինքի դռները բաց են և Մոսկվան այստեղ վետոյի իրավունք չունի։

«Ուկրաինայի հարցում, սակայն, այժմ մեր առաջնահերթությունն այդ երկրին օժանդակելն է։ Մենք պետք է վստահ լինենք, որ Վլադիմիր Պուտինն այս պատերազմում առավելության չի հասնի և Ուկրաինան կհաղթի որպես ինքնիշխան եվրոպական պետություն», - հայտարարում էր Ստոլտենբերգը։

15:21 30.11.2022

Այսօր Բուխարեստում անցկացվող ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հավաքի երկրորդ օրն է, գլխավոր թեման շարունակում է մնալ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ։

Նախօրեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցելու հեռանկարը մնում է, և Ռուսաստանը չի կարող վետոյի իրավունք ունենալ այս հարցում։

ՆԱՏՕ-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները խոստացել են ուժեղացնել աջակցությունը Ուկրաինային և օգնել վերականգնել երկրի էներգետիկ ենթակառուցվածքը ռուսական հարձակումների ֆոնին:

Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին ռուսական հրթիռային հարվածներից հետո Միացյալ Նահանգները դաշնակիցների հետ քննարկում է Կիևին տրանսֆորմատորների և գեներատորների մատակարարումները, հաղորդում է The New York Times-ը:

15:23 30.11.2022

Եվրոպական միությունը Միացյալ Նահանգների աջակցությամբ կստեղծի հատուկ դատարան, որը կքննի Ուկրաինայում Ռուսաստանի կատարած պատերազմի հանցագործությունները և պատասխանատվության կենթարկի մեղավորներին: Այդ մասին ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա մահ ու ավեր և անասելի տառապանք է բերել: Բոլորս հիշում ենք Բուչայի սարսափը: Ենթադրվում է, որ այսօրվա դրությամբ ավելի քան 20 հազար խաղաղ բնակիչ և ավելի քան 100 հազար ուկրաինացի զինծառայող է սպանվել: Ռուսաստանը պետք է վճարի այս դաժան հանցանքների, այդ թվում՝ ինքնիշխան պետության վրա ռազմական հարձակում գործելու համար: Հենց դա է պատճառը, որ սատարելով ՄԱԿ-ի Քրեական դատարանին՝ մենք առաջարկում ենք ստեղծել ՄԱԿ-ի հովանու ներքո մեկ ուրիշ հատուկ դատարան, որը կքննի Ռուսաստանի հանցանքները և կպատժի ագրեսորներին», - հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Նրա պնդմամբ, Ռուսաստանը նաև ֆինանսապես պետք է հատուցի: Ուկրաինային հասցված վնասը կազմում է մոտ 600 միլիարդ եվրո: Ռուսաստանը և ռուս օլիգարխները պետք է վճարեն Ուկրաինայի վերականգնման ծախսերը:

Եվրամիությունն արգելափակել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստներից մոտ 300 միլիարդ եվրո և սառեցրել է օլիգարխներին պատկանող ևս 19 միլիարդ եվրո: Եվրամիությունը պետք է գործընկերների հետ ստեղծի կառույց, որի միջոցով այդ գումարները կուղղվեն Ուկրաինայում վերակառուցման ծրագրին:

Ուրսուլա ֆոն դեր Լայենի համոզմամբ, երբ մի օր պատժամիջոցները կչեղարկվեն, Ռուսաստանը պարտավորված կլինի ստացվող եկամուտներից ամբողջությամբ հատուցել ծախսերը:

Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի խոսքով, համատեղ քայլերով հնարավոր կլինի մշակել իրավական միջոցներ և ապահովել, որ Ռուսաստանի այդ սարսափելի հանցանքներն անպատիժ չմնան:

15:29 30.11.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ռազմաճակատում շատ լարված կացություն է: Նրա խոսքով՝ ռուսական ուժերը փորձում են առաջ շարժվել Դոնբասի և Խարկովի ուղղությամբ:

«Ռազմաճակատում բարդ վիճակ է: Չնայած ահռելի կորուստներին, զավթիչները շարունակում են Դոնեցկի շրջանում առաջ գնալու և Լուգանսկի շրջանում դիրքն ամրապնդելու, ինչպես նաև Խարկովի շրջան մտնելու փորձերը, նրանք նաև ինչ-որ բան են մոգոնում հարավում», - ասել է Զելենսկին:

Մոսկվան Ռուսաստանի մաս է հռչակել Լուգանսկի և Դոնեցկի մարզերը, որոնք միասին կազմում են Դոնբասի շրջանը: Դոնբասում վերջին ամիսներին կատաղի մարտեր են ընթանում:

17:16 30.11.2022

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգն այսօր Բուխատրեստում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հավաքում, ասել է, թե հիմա կարևորը ոչ թե Ուկրաինայի անդամակցումն է, այլ հաղթանակը պատերազմում:

«Ամենահրատապ խնդիրն է՝ ամեն բան անել, որ Ուկրաինան հաղթի որպես Եվրոպայի ինքնիշխան և դեմոկրատական պետություն: Եթե Ուկրաինան չհաղթի որպես ինքնիշխան երկիր, ապա անդամակցության հարց սեղանին ընդհանրապես չի լինի»,- ասել է Ստոլտենբերգը:

Միաժամանակ նա ընդգծել է, թե անդամ ընդհանրապես չլինելու և լիիրավ անդամ դառնալու հասկացությունների միջև կան շատ հանգամանքներ:

«Մենք պետք է գիտակցենք, որ շատ բան կա զրոյական կարգավիճակի և լիիրավ անդամի կարգավիճակների միջև: Մեզ պետք է զարգացնել քաղաքական և գործնական համագործակցությունն Ուկրաինայի հետ: Այսօր ամենակարևորն այն է, որ Ուկրաինան հաղթի»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

19:35 30.11.2022

Մադրիդում Ուկրաինայի դեսպանատան տարածքում պայթել է փոստով ստացված մի նամակ: Դեսպանական աշխատողը թեթև վնասվածք է ստացել:

Իսպանացի ոստիկանները և քննիչները ստուգում են տեղի ունեցած միջադեպի հանգամանքները: Ենթադրվում է, որ այդ նամակը հասցեագրված էր Իսպանիայում Ուկրաինայի դեսպան Սերհիյ Պոհորեզլևին:

Իսպանիայում Ուկրաինայի դեսպանատան ներկայացուցիչ Օլեհ Նիկոլենկոն Facebook-ի էջում տեղադրել է գրառում, որի համաձայն, «նամակը բացած աշխատակիցը ստացել է կյանքին չսպառնացող վնասվածքներ»:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան կարգադրել է բոլոր ուկրաինական դեսպանատներում խստացնել հսկողությունը և ստացվող նամակներն ու ծանրոցները պարտադիր զննել հատուկ սարքերով:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG