Ռուսական զորքերը նորից գնդակոծել են ուկրաինական Խերսոն քաղաքը, որի հետևանքով դադարեցվել է քաղաքի էլեկտրամատակարարումը:
«Ռուս զավթիչները գնդակոծել են Խերսոնը, վնասել են էլեկտրացանցերը: Քաղաքը կրկին մնացել է առանց էլեկտրականության», - Telegram-ում ասել է նահանգապետ Յարոսլավ Յանուշևիչը՝ հավելելով, որ աշխատանքներ են տարվում՝ փորձելով վերականգնել վնասը:
Երեք մարդ է զոհվել նախորդ օրը քաղաքում ռուսական գնդակոծության հետևանքով, ասել է Յանուշևիչը։
Միլիոնավոր ուկրաինացիներ ձմռան սկզբին մնացել են առանց էլեկտրաէներգիայի և ջեռուցման՝ ռուսական հարվածներից հետո: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին ասել է, որ Ուկրաինայի ենթակառուցվածքի վրա հետագա հարձակումները «անխուսափելի են»:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցած գիշերվա իր տեսաելությում ասել է, որ մինչև գարուն ուկրաինական հացահատիկով բեռնված վեց տասնյակ նավեր դուրս կգան Ուկրաինայի նավահանգիստներից, միլիոնավոր մարդկանց սովից փրկելու համար։
Նա ասել է, որ հիմա երեք նավերի բեռները նախատեսված են Եթովպիայի և Սոմալիի համար։
Ռուսական ուժերի ներխուժման հետևանքով գրեթե կես տարի շրջափակված ուկրաինական նավահանգիստները անցած հուլիսի վերջին ապաշրջափակվեցին ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ։
Այդ գործարքը Ուկրաինային հնարավորություն տվեց մոտավորապես 13 միլիոն տոննա գյուղմթերք արտահանել, ասել է Զելենսկին։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ Մինսկում տեղի ունեցած հանդիպման ընթացքում կարծիք է հայտնել, որ քանի դեռ Արևմուտքը քննարկում է պատերազմը շարունակելու տարբերակները, «հատուկ ռազմական օպերացիան» կշարունակվի:
«Մեր կարծիքով նրանք {Արևմուտքը} դեռ հակված են շարունակել պատերազմը: Դե եթե այդպես է, ուրեմն հատուկ ռազմական օպերացիան կանգ չի առնի»,- ասել է Լուկաշենկոն:
Նրա մեկնաբանությունները մեջբերում է ԲելՏա բելառուսական լրատվական գործակալությունը:
«Եթե նրանք ուզում են կռվել մինչև վերջին՝ ո՞վ էր այնտեղ, ուկրաինացին էր, լեհն էր, թե վարձկանը, դա նրանց իրավունքն է: Ես և մեր հատուկ ծառայությունները դեռևս չենք տեսնում, որ նրանք պատրաստ լինեն լիարժեք բանակցություններին, որ մարդավարի պայմանավորվեն»,- ասել է Լուկաշենկոն:
Նա հավաստիացրել է, որ բելառուսները պատրաստ են ամեն բան անել, որ «այս կոնֆլիկտն ավարտվի իսկական պայմանագրով»:
«Մենք անկեղծ ներկայացրել ենք մեր դիրքորոշումը: Ոչ դուք {Ռուսաստանը}, ոչ էլ մենք պատերազմ չենք ուզել և չենք ուզում»,- հավաստիացրել է Բելառուսի ղեկավարը:
Նա հիշատակել է նաև Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոնի վերջերս հնչեցրած մեկնաբանությունները «Մինսկյան համաձայնությունների» մասին:
«Դե փաստորեն նա պատերազմի էր պատրաստվում: Ուրեմն պետք չէ մեզ մեղադրել, ասել, թե մենք, իբր, ինչ-որ բանում մեղավոր ենք: Պատրաստվում էին պատերազմին, դե թող այսօր լափեն եփածը»,-հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն Սերգեյ Շոյգուի հետ զրույցում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարի պատասխան մեկնաբանությունների մասին տեղեկություններ չկան:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Ղազախստանի ոստիկանությունը փնտրում է Աստանայում Ուկրաինայի դեսպանատան շենքում «պայթուցիկ սարքի տեղադրման մասին» հայտնած նամակի հեղինակներին, հայտնում է Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Դեկտեմբերի 1-ին Ուկրաինայի դեսպանատան հյուպատոսը դիմել է ոստիկանություն և հայտնել շենքի ականապատման վերաբերյալ նամակ ստանալու մասին:
Ստուգման ընթացքում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել, դեպքը տեղի է ունեցել առանց տարհանման, սպառնալիքը վերացվել է, ասվում է տեղեկատվության մեջ։
Ներկա պահին ոստիկանությունը որոնում է ներգրավվածներին, հավելել են վարչությունից։
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Ուկրաինայում մարտերը դանդաղում են, և դա, հավանաբար, կշարունակվի առաջիկա ձմռան ամիսներին, կարծում են ԱՄՆ հետախուզական ծառայությունները:
Այնուամենայնիվ, ուկրաինական ուժերի կողմից դիմադրության թուլացման որևէ ապացույց չկա, ասել է ԱՄՆ հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը:
Նա հավելել է, որ երկու կողմերն էլ կփորձեն «համալրվել և վերականգնվել» գարնանը ցանկացած հակահարձակման համար:
Ուկրաինայում պատերազմի 9-րդ ամիսն է, սակայն Ռուսաստանը կորցրել է իր գրաված հողերի կեսից ավելին:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը CBS հեռուստակայանին դեկտեմբերի 4-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ ռուսական կողմը չի ցուցաբերում Ուկրաինայի խնդիրը բանակցային եղանակով լուծելու հետաքրքրություն:
«Դիվանագիտությունը միշտ արժեք ունի, եթե կողմերը, տվյալ պարագայում Ռուսաստանը, իսկապես հետաքրքրված են դիվանագիտական փոխգործությամբ: Բայց այն, ինչ հիմա ենք տեսնում, հակառակի մասին է խոսում»,- ասել է Բլինքենը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք իմաստ ունի բանակցությունները սկսելու փորձ անել:
Բլինքենի խոսքով, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «առաջարկ է ներկայացրել, թե ինչպես շարժվել դեպի խաղաղություն»:
«Իսկ ի՞նչ արեց {Ռուսաստանի նախագահ Վլադիմիր} Պուտինը: Նա կրկնապատկեց, եռապատկեց այն, ինչ մինչ այդ է արել»,- ասել է Բլինքենը:
Նրա համոզմամբ, քանի դեռ Պուտինը չի դրսևորում դիվանագիտական կարգավորման նկատմամբ անկեղծ հետաքրքրություն՝ խնդրի բանակցային լուծում չի լինի:
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Այս օրերին կատաղի մարտեր են Ուկրաինայի Դոնեցկի մարզում: Ռուսները փորձում են գրավել Բախմուտը, այս քաղաքի մոտ հատկապես ակտիվ են «Վագներ» ռազմական մասնավոր ընկերության զինվորները, այդ թվում՝ նախկին բանտարկյալներ:
Երեկ "Верстка"-ն հրապարակել է հարցազրույց Ուկրաինայում գերեվարված «Վագներ»-ի զինծառայողի հետ: Ռուսաստանցի Ալեքսանդր Բոլչյովը պնդում է, թե նախկին բանտարկյալ է և գտնվում էր Ուկրաինայում «Վագներ»-ի կազմում:
Բոլչյովը հարցազրույցում ասում է, որ նախկին բանտարկյալներին սպառնացել են մահապատժի ենթարկել, եթե նրանք նահանջեն:
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Մոսկվան նավթ չի վաճառի Ռուսաստանից ներկրվող վառելիքի առավելագույն գին սահմանած երկրներին, կիրակի օրը հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
«Նավթի առավելագույն գնի սահմանումն իր բնույթով կոպիտ միջամտություն է շուկային և հակասում է Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին», - նշել է ռուսաստանցի պաշտոնյան։
Ռուսաստանից ծովային ճանապարհով ներկրվող նավթի առավելագույն գինը մեկ բարելի դիմաց 60 դոլար սահմանելու մասին որոշումը համաձայնեցվել էր ուրբաթ օրը։
Այսօր ուժի մեջ մտնող այս մեխանիզմն առայժմ կիրառում են միայն «Մեծ յոթնյակի» պետություններն ու Ավստրալիան։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Ռուսաստանի հետ երկխոսության լիակատար դադարեցումը լրջագույն սխալ կլինի», - կիրակի երեկոյան, Համբուրգում հնչեցրած ելույթում, հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Պատերազմի մեկնարկից ի վեր ես շարունակաբար շփվել եմ Ռուսաստանի նախագահի հետ, քանի որ համոզված եմ՝ չնայած բոլոր տարակարծություններին, մենք չպետք է դադարեցնենք երկխոսությունը։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ ես և Ֆրանսիայի նախագահը, որպես «Մեծ յոթնյակը» և ՆԱՏՕ-ն ներկայացնող պետությունների ղեկավարներ, շարունակենք այն։ Դա անելով հանդերձ՝ մենք զուրկ ենք պատրանքներից», - նշում էր Շոլցն՝ ընդգծելով, որ Ռուսաստանն, ամեն դեպքում, չպետք է թելադրի ապագա խաղաղության պայմանները։
«Շատ կարևոր է, որպեսզի Ուկրաինային տրամադրվող ռազմական և ֆինանսական օգնությանը զուգահեռ, մենք չկորցնենք այն պահը, երբ ի հայտ կգա [խաղաղության] հեռանկարը։ Այժմ, սակայն, այդ պահը չէ», -հայտարարել է Գերմանիայի կանցլերը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, անհայտ ծագման անօդաչու թռչող սարքն այսօր առավոտյան հարվածել է Սարատովի մարզում գտնվող ռազմական օդանավակայաններից մեկի թռիչքուղուն։ Ռուսական Baza տելագրամ ալիքի տեղեկություններով, հարվածի հետևանքով Ту-95 մակնիշի երկու ստրատեգիական ռմբակոծիչ է վնասվել։
Սարատովի նահանգապետ Ռոման Բուսարգինը հաստատել է, որ մարզում միջադեպ է տեղի ունեցել, սակայն նշել է, որ քաղաքացիական ենթակառույցները դրա հետևանքով չեն տուժել։
Սարատովում տեղի ունեցած հարձակման մասին տեղեկություններին զուգահեռ ռուսական աղբյուրները հաղորդել են Ռյազանի մարզում արձանագրված պայթյունի մասին։ РИА-Новости գործակալության տեղեկություններով, Ռյազանի մերձակայքում գտնվող ռազմական օդանավակայանում վառելիք տեղափոխող բեռնատարի պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս վեցը վիրավորվել են։
Սարատովի և Ռյազանի մարզերը գտնվում են Ուկրաինայում ծավալված ռազմական գործողությունների գոտուց համապատասխանաբար 600 և 480 կիլոմետր հեռավորության վրա։