Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

20:56 14.12.2022

Ուկրաինայի իշխանությունները հաղորդել են 64 ռազմագերիների վերադարձնելու մասին:

Նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի փոխանցմամբ, «տուն են վերադարձել մեր հերսները՝ սպաներ և շարքայիններ»:

Հաջողվել է ազատել նաև հունիսին Խերսոնում ռուսների կողմից ձերբակալված և «ատելության խոսք տարածելու» մեղադրանքով դատապարտված Միացյալ Նահանգների քաղաքացի Մուրեկեզի Սուեդիին:

Ռուսներն ուկրաինական կողմին են վերադարձրել են նաև 4 զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինները:

Ռուսական կողմն, իր հերթին, հայտնել է նախօրեին Դոնեցկի բանակի ինքնահռչակ կազմավորման «բանակի» 104 զինծառայողներին ուկրաինական գերությունից ազատելու մասին: Ըստ ռուսների, «նրանք ուկրաինական բանտերում դաժան վերաբերմունքի են ենթարկվել»:

Ռուսաստանը և Ուկրաինան վերջին շաբաթների ընթացքում պարբերաբար գերիներ են փոխանակում:

15:13 15.12.2022

Եթե ԱՄՆ-ը Patriot հրթիռային համակարգեր փոխանցի Ուկրաինային, դա կլինի հերթական սադրիչ քայլը, որը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, երեկ հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը:

«Եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա մենք ականատես կլինենք վարչակազմի հերթական սադրիչ քայլին, որը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների», - ասված է հայտարարությունում:

«Վաշինգտոնի այս գիծը ոչ միայն հսկայական վնաս է հասցնում ռուս - ամերիկյան հարաբերություններին, այլ նաև լրացուցիչ ռիսկեր է ստեղծում գլոբալ անվտանգության համար: ԱՄՆ-ն է պատասխանատու ուկրաինական հակամարտության երկարաձգման և սրման համար», - նշված է հաղորդագրությունում։

15:15 15.12.2022

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն հայտարարել է, որ ռուսական ուժերի կողմից այսօրվա հրթիռակոծության հետևանքով Խերսոնում երկու մարդ է զոհվել:

«Թշնամին կրկին հարվածել է քաղաքի կենտրոնին՝ 100 մետր հեռու Խերսոնի շրջանային ռազմական օկրուգի շենքից, որը երեկ է հարձակման ենթարկվել։ Կան տեղեկություններ երկու զոհ մասին։ Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները», - Տելեգրամի իր ալիքում գրել է Տիմոշենկոն։

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ վերջին մի քանի օրվա ընթացքում ռուսական ուժերը ավելի քան 80 անգամ հրթիռակոծել են Խերսոնը:

15:19 15.12.2022

Լեհաստանի օրենսդիր մարմնի ստորին պալատը Ռուսաստանը ճանաչել է որպես ահաբեկչությանն աջակցող պետություն։

Սեյմի ընդունած բանաձևի համաձայն՝ Ռուսաստանը «համակարգված խախտում է մարդու իրավունքները, միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը», «հարձակվում է այլ պետությունների տարածքների վրա, իրականացնում զինված հարձակումներ, ռազմական հանցագործություններ և ցեղասպանություն»։

Փաստաթղթում նաև նշվում է․ որ Ռուսաստանը «զբաղված է թշնամական տնտեսական գործունեությամբ», մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում։

08:09 16.12.2022

Ադրբեջանի կողմից տրանսֆորմատորների և գեներատորների մատակարարումն Ուկրաինային «որպես մարդասիրական օգնություն» տարակուսանք է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ՌԴ արտգործնախարարության անանուն դիվանագիտական աղբյուրը։

«Բաքվի կողմից նման քայլը տարակուսելի է», - ռուսաստանցի պաշտոնյայի խոսքերն է մեջբերում պետական գործակալությունը։ «Ադրբեջանական մատակարարումները, որոնք դժվար թե սկզբունքորեն փոխեն իրավիճակը, չեն համապատասխանում մարդասիրական օգնությանը», - հավելել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը:

Անցած շաբաթ պաշտոնական Բաքուն հայտնել է, որ տասնյակ տրանսֆորմատորներ և գեներատորներ է ուղարկում Ուկրաինա ՝ ի պատասխան Կիևի օգնության կոչերի։ Տարբեր գնահատականներով՝ ադրբեջանական օգնության ընդհանուր արժեքը կազմում է մոտ 800 հազար դոլար:

08:11 16.12.2022

Եվրամիության օրենսդիր մարմինը 1932-33 թթ. Ուկրաինայում տեղի ունեցած զանգվածային սովը ճանաչել է որպես ցեղասպանություն։ Համապատասխան բանաձևին կողմ է քվեարկել Եվրախորհրդարանի 507 պատգամավոր, դեմ՝ 12, 17 -ը՝ ձեռնպահ։

«Հոլոդոմորը (Գոլոդոմոր-խմբ.)` Ուկրաինայում 1932-1933 թվականների արհեստական սովը, որը առաջացել է խորհրդային ռեժիմի գիտակցված գործողություններով, Եվրախորհրդարանը ճանաչում է որպես ուկրաինական ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանություն»,- ասվում է բանաձևի տեքստում։

Հոլոդոմորը ցեղասպանություն ճանաչելու մասին բանաձևեր են ընդունել Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Բունդեսթագը, Իռլանդիայի Սենատն ու Մոլդովայի և Ռումինիայի խորհրդարանները։ Միացյալ Նահանգները համապատասխան բանաձևն ընդունել է դեռևս 2018 թվականին:

08:12 16.12.2022

Եվրամիության անդամակցությանը ձգտող Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ եվրոպական դաշինքի դիվանագիտության ղեկավարը չէ, որ պետք է որոշի Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները։ Այսկերպ Ռեջեփ Էրդողանը արձագանքել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու Ջոզեպ Բորելի կոչին։

«Բորելին չեմ ընկալում որպես զրուցակից։ Նրա հետ շփվելու մակարդակում կարող է լինել մեր Մևլութ բեյը։ Սիրուն չէ հայտարարությունը։ Բորելը չի կարող որոշել և ձևակերպել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Նա չունի ոչ որակավորում, ոչ ունակություն ընդունելու նման որոշումներ։ Ո՞վ է նա, որ գնահատի մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ պատժամիջոցների շրջանակներում»,-նախագահ Էրդողանի խոսքերն են մեջբերում թուրքական լրատվամիջոցները։

Պաշտոնական Բրյուսելը դեռևս չի արձագանքել Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյայի հասցեին Թուրքիայի նախագահի հայտարարություններին։

14:11 16.12.2022

Պենտագոնի խոսնակ, բրիգադի գեներալ Պատրիք Ռայդերն արձագանքել է Մոսկվայի հնչեցրած մեղադրանքին, թե Patriot տեսակի հրթիռային համակարգերն Ուկրաինային փոխանցելը սադրանք է և Ուկրաինայի կոնֆլիկտին ամերիկացիների ռազմական միջամտության ընդարձակում:

Կրեմլը նաև հայտարարել է, որ եթե այդ ՀՕՊ համակարգը հայտնվի Ուկրաինայում, այն անմիջապես կդառնա «ռուսական ուժերի համար լեգիտիմ թիրախ»:

«Մենք մտադիր չենք ռուսների մեկնաբանությունները հաշվի առնել Ուկրաինային օգնություն տրամադրելու գործում»,- ասել է բրիգադի գեներալը:

Ռայդերը նաև հայտնել է, որ Գերմանիայում տեղակայված ամերիկացի զինծառայողները ռազմական ճամբարներում հատուկ դասընթացներ կվարեն ուկրաինացի զինծառայողների համար:

Ամեն ամիս մոտ կես հազար ուկրաինացի զինծառայող պատրաստություն կանցնի այդ ուսումնառազմական կենտրոններում:

15:35 16.12.2022

Կրեմլը հայտնել է, որ կքննարկի Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցներին պատասխան տալու հարցը:

Եվրամիության լիդերները համաձայնեցրել են պատժամիջոցների 9-րդ փաթեթը և Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն տրամադրելու նախագիծը:

«Նախ եկեք ուսումնասիրենք, պաշտոնական տեղեկատվություն ստանանք, հետո կձևակերպենք պատասխանը, ոչ մի բան առայժմ չի հայտարարվել»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա փոխանցմամբ, Մոսկվան ավարտում է պատասխանի ձևակերպումը: Ռուսաստանը մի քանի անգամ ընդգծել է, որ նավթ չի վաճառի այն երկրներին, որոնք կփորձեն դրա գնի վերին շեմ սահմանել:

Ենթադրվում է, որ նախագահ Վլադիմիր Պուտինն այս շաբաթվա ընթացքում կստորագրի հրամանագիր, որով պատասխան կտրվի ծովով փոխադրվող ռուսական նավթի գնի վերին շեմ սահմանելու Եվրամիության որոշմանը:

18:58 16.12.2022

Ռուսաստանի և Բելառուսի բանակների հետախույզները, նշանառուները և անօդաչու թռչող սարքերի օպերատորները Բելառուսի տարածքում համատեղ զորավարժություններ են անցկացնում:

Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, «նպատակը երկու երկրների ստորաբաժանումների մարտավարական համակարգումն է»:

Զորախաղերի ընթացքում զինծառայողները և հրասայլերը պոնտոնային կամրջով անցել են Նեման գետը, որը մի քանի հատվածներում հանդիսանում է Բելառուսի և Լիտվայի բնական սահմանը:

Կիևում և Արևմուտքում չեն բացառում, որ ռուսներն Ուկրաինայի պատերազմի ինչ-որ փուլում կարող են ճնշում բանեցնել Մինսկի վրա և պնդել, որ բելառուսական բանակը միանա ռազմական գործողություններին:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG