- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «հատուկ ռազմական օպերացիայի» կենտրոնակայանում նախօրեին հանդիպել է երկրի բարձրագույն զինվորական ղեկավարների հետ, որոնք Դաշնության գերագույն գլխավոր հրամանատարին զեկույցներ են ներկայացրել Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ:
Հանդիպմանը ներկա են եղել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիայի» հրամանատար Սերգեյ Սուրովիկինը և բարձրաստիճան այ ղեկավարներ:
Պուտինի և բարձրաստիճան զինվորականների հանդիպման օրը Ռուսաստանն ավելի քան 70 հրթիռներով հարվածներ է հասցրել Ուկրաինային, նախևառաջ թիրախավորելով էներգետիկայի համակարգի հիմնարկները:
Կիևում, Խարկովում և մի շարք այլ քաղաքներում ժամերով հոսանք չի եղել: Երեք մարդ զոհվել է Կրիվոյ Ռոգում, մեկն էլ Խերսոնում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսն ամերիկյան կառավարությանը պարտադրել է հավաքել Ուկրաինայում ռուսական բանակի կատարած մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմի հանցագործությունների մասին փաստերը:
Համապատասխան օրենքը Կոնգրեսն ընդգրկել է պաշտպանական ծախսերի օրինագծերի փաթեթում:
Դրա համաձայն, ամերիկյան վարչակազմը պետք է օրենսդիրներին ներկայացնի զեկույց, որում ամփոփված կլինեն «Ուկրաինայում ռուսական բանակի ներխուժումից ի վեր ռուսների կողմից կատարված պատերազմի հանցագործությունների և այլ վայրագությունների մասին փաստերը»:
Փաստաթղթում առանձնահատուկ նշվում է «խաղաղ բնակչության վրա ռուսների հարձակումների, հիվանդանոցների և դպրոցների ռմբահարումների, խաղաղ բնակիչների ապօրինի տեղահանման, պատանդների առևանգման, բռնաբարությունների և սեռական բռնության այլ ձևերի մասին վկայող փաստերի հավաքագրման կարևորությունը»:
ՄԱԿ-ը գրանցել է Ուկրաինայում առնվազն 411 խաղաղ բնակիչների սպանության դեպք: Օրինագծի հեղինակներից հանրապետական կոնգրեսական Մայքլ Մաքքոլն ասել է, թե «ռուս զինծառայողները պետք է գիտակցեն, որ խաղաղ բնակիչների սպանությունները և բռնաբարություններն անպատասխան չեն մնա»:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում գրեթե 10 ամիս տևող պատերազմի ընթացքում սպանվել է ավելի քան 6 հազար խաղաղ բնակիչ:
Իրավապաշտպան կազմակերպությունների փոխանցմամբ, ռուս զինծառայողներն Ուկրաինայում կատարել են ավելի քան 50 հազար պատերազմի հանցագործություն:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ պետք է պահպանել կապը Ռուսաստանի հետ: Այդ մասին նա ասել է Süddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում:
«Կարևոր է, որ մենք՝ չնայած Ուկրաինայի կոնֆլիկտի վերաբերյալ լուրջ տարաձայնություններին, չկտրենք Ռուսաստանի հետ բանակցությունների թելը»,- հայտարարել է Գերմանիայի կառավարության ղեկավարը:
Միաժամանակ նա չի պատասխանել այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք պատկերացնել իր այցը Ռուսաստան 2023 թվականին:
Ռուսաստանը, կանցլերի համոզմամբ, պարտավոր է ավարտել պատերազմն Ուկրաինայում: Մոսկվան այն անվանում է «հատուկ ռազմական գործողություն»:
«Դրա համար խոսել է պետք, մնում է պարզենք, թե ինչ ձևաչափով՝ հեռախոսո՞վ, տեսակապո՞վ, թե՞ սեղանի շուրջ»,- ասել է Շոլցը:
Գերմանիայի կանցլերը նշել է նաև, թե «վաղուց եկել է Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն անցկացնելու ժամանակը»:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը մեկնաբանել է Ուկրաինայի հակամարտությունը դիվանագիտական եղանակով կարգավորելու հարցը:
«Կոնֆլիկտների մեծ մասն ավարտվում է բանակցություններով, բայց դրա համար Ռուսաստանի կողմից լուրջ մոտեցում է պահանջվում: Մենք առնվազն այս պահին նման բան չենք տեսնում, ռուսական կողմը բանակցելու լուրջ մտադրություն չի դրսևորում», - ասել է ԿՀՎ-ի տնօրենը PBS հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում:
Ավելի քան մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 14-ին, Անկարայում Թուրքիայի ազգային հետախուզական վարչության կենտրոնակայանում տեղի է ունեցել Բըրնսի և Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հանդիպումը:
Վաշինգտոնը հայտնել է, որ այդ հանդիպման նպատակն էր պահպանել անվտանգության ասպարեզում երկու գերտերությունների շփումները:
Սպիտակ տունն ընդգծել է, որ առանց Ուկրաինայի մասնակցության Ուկրաինային առնչվող հարցեր չի քննարկում:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Կիևում հնարավոր է եղել ամբողջությամբ վերսկսել ջերմամատակարարման համակարգի աշխատանքը ռուսական վերջին հրթիռային հարձակումից հետո, հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 16-ին, ռուս զինվորականները 40 հրթիռ են արձակել Կիևի ուղղությամբ, որոնցից 37-ը ոչնչացվել են ՀՕՊ համակարգերը։ Ուկրաինայի մայրաքաղաքում դրանից հետո էլեկտրաէներգիայի վթարային անջատումների պատճառով ջրամատակարարման ու ջեռուցման հետ կապված խնդիրներ են առաջացել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան ուղերձի ժամանակ խոսել է ռուսական հարվածներից հետո երկրի էներգետիկ կառուցվածքի վերականգնման մասին։
«Հաջողվել է մեկ օրում վերադարձնել էլեկտրաէներգիան մոտ վեց միլիոն ուկրաինացիներին: Վերանորոգման աշխատանքներն այժմ շարունակվում են առանց ընդհատումների»,- ասել է Զելենսկին։
Ուրբաթ օրը Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի գործադուլների արդյունքում սպառողների մոտ կեսը մնացել է առանց էլեկտրականության։ Մասնավորապես, Խարկովը և Խարկովի մարզը լիովին հոսանքազրկվել են, զգալիորեն տուժել է Կիևը։
Հոկտեմբերի կեսերից ռուսական բանակը պարբերաբար զանգվածային հարվածներ է հասցնում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Դրանց հետեւանքով վնասվել են Ուկրաինայի բոլոր խոշոր ՋԷԿ-երը և հիդրոէլեկտրակայանները։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինական գործակալությունները և պաշտոնյաները հայտնում են Կիևում և Կիևի մարզում անօդաչու թռչող սարքերի հարձակումների և պայթյունների մասին։
Կիևի քաղաքապետարանը հայտնում է, որ մայրաքաղաքում 9 անօդաչու թռչող սարք են խոցել։
Դեռևս տեղեկություններ չկան ավերածությունների կամ զոհերի մասին։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն այսօր Ռիգայում սկանդինավյան, մերձբալթյան երկրների և Նիդերլանդների գործընկերների հետ հանդիպման ժամանակ կհայտարարի Ուկրաինայի համար նոր խոշոր օգնության՝ հրետանային փաթեթի մասին:
Սունակն առաջնորդներին կոչ կանի չկրճատել և հնարավորության դեպքում ավելացնել Ուկրաինային աջակցությունը 2023 թվականին, ասվում է նրա գրասենյակի տարածած հայտարարությունում:
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսաստանի ազգային փոխարժեքն անկում է արձանագրում։ Մայիսի 30-ից ի վեր առաջին անգամ Մոսկվայի բորսայում մեկ դոլարի դիմաց վճարում են 66 ռուբլի 22 կոպեկ, եվրոյի դիմաց՝ 70 ռուբլի 45 կոպեկ։
«Մեկ օրում ռուբլու փոխարժեքն ամերիկյան դոլարի հանդեպ նվազել է ավելի քան 2 տոկոսով», - արձանագրում է Reuters գործակալությունը։
«Ինտերֆաքս»-ի պնդմամբ՝ ռուսական ռուբլու արժեզրկման պատճառներից են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների 9-րդ փաթեթը, ինչպես նաև այսօր Բրյուսելում ծավալված քննարկումները։
Ակնկալվում է, որ առաջիկա ժամերին Եվրամիության անդամ պետությունների էներգետիկայի նախարարները Եվրոպա արտահանվող ռուսական գազի առավելագույն գին կսահմանեն։ «Համաձայնեցման դեպքում այդ մեխանիզմը կսկսի գործել հունվարի 1-ից», - պնդում են ԵՄ-ին մոտ կանգնած աղբյուրները։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսաստանը մեծացրել է «Իսկանդեր» հրթիռային համակարգերի արտադրությունը, Россия 24 պետական հեռուստաալիքի եթերում այսօր հայտարարել է սպառազինության արտադրությամբ զբաղվող Ростех պետական ընկերության առաջին փոխտնօրեն Վլադիմիր Արտյակովը։
«Իսկանդերները» բավական արդյունավետ են, հուսալի և ճշգրիտ են աշխատում։ Դա է պատճառը, որ մենք «Իսկանդեր» համակարգերի և դրանց համար նախատեսված զինամթերքի արտադրությունը ավելացրել ենք մի քանի անգամ», - նշել է Ростех-ի փոխտնօրենը։
Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ 2022 թվականին տասնյակ անգամներով աճել է նաև մի շարք մակնիշի տանկերի արտադրությունը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հյուսիսային Եվրոպայի պետությունների ղեկավարներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակին, կոչ է արել Կիևին հակաօդային պաշտպանության նորագույն համակարգեր մատակարարել։
«Կոչ եմ անում ձեզ մեծացնել ՀՕՊ համակարգերի՝ մեր երկրին մատակարարման հնարավորությունները։ Խնդրում եմ նաև օժանդակել մեզ այդ ուղղությամբ համապատասխան որոշումների կայացումն արագացնելու հարցում», - հայտարարել է Զելենսկին՝ դիմելով Հյուսիսային Եվրոպայի պետությունների ղեկավարների Լատվիայում ընթացող գագաթաժողովի մասնակիցներին։
Հավաքի աշխատանքներին մասնակցում են Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Նիդերլանդների և բալթյան երեք պետությունների ղեկավարները։