Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

08:31 21.12.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել երկրի հատուկ ուժերին է'լ ավելի կոշտ գործել դավաճաններին բացահայտելու գործում․ - «Խստորեն ճնշել օտարերկրյա հետախուզական ծառայությունների գործողությունները, արագ բացահայտել դավաճաններին, լրտեսներին և դիվերսանտներին»։

08:35 21.12.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է «հատուկ ռազմական գործողության» գոտի, երբ դեկտեմբերի 16-ին աշխատել է այդ գործողության զորքերի միացյալ շտաբում, հայտնել է «Ռոսիյսկայա գազետա»-ն՝ վկայակոչելով նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։

Ավելի վաղ Պետդումայի պատգամավոր Անդրեյ Գուրուլյովը Telegram-ի իր ալիքում գրել է, որ ՌԴ զինված ուժերի գերագույն հրամանատարը գտնվում է «հատուկ ռազմական գործողության» գոտում։

«Եթե նա [Գուրուլևը] նկատի ունի այն շտաբը, որտեղ նա [Պուտինը] եղել է ուրբաթ օրը, ապա այո»,- նշել է Պեսկովը։

Ավելի վաղ Պեսկովը լրագրողներին ասել էր, որ Պուտինը ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 16-ին, ամբողջ օրն աշխատել է «հատուկ ռազմական գործողության» մեջ ներգրավված ռազմական ուժերի միացյալ շտաբում։

13:34 21.12.2022

Ուկրաինայի նախագահը հաստատել է Վաշինգտոն իր այցի մասին տեղեկությունը։

«Մեկնում եմ ԱՄՆ՝ ուժեղացնելու Ուկրաինայի դիմադրողականությունն ու պաշտպանությունը: Մասնավորապես, Ջո Բայդենի հետ կքննարկենք Ուկրաինայի և Միացյալ Նահանգների համագործակցությունը: Ես նաև ելույթ կունենամ Կոնգրեսում և մի շարք երկկողմ հանդիպումներ կունենամ», - գրել է Վլադիմիր Զելենսկին Twitter-ում։

ԱՄՆ նախագահն իր ուկրաինացի գործընկերոջ Վաշինգտոն այցի ընթացքում կհայտարարի անվտանգության աջակցության նոր փաթեթի մասին, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանվել ռուսական ագրեսիայից, ասվում է Սպիտակ տան հայտարարությունում։

Սա Ուկրաինայի նախագահի առաջին արտասահմանյան ուղևորությունն է պատերազմի տասն ամիսների ընթացքում։

13:37 21.12.2022

Առաջիկա հունվարից Եվրամիությունը հատուկ ներկայացուցիչ կունենա, որի լիազորություններից է կոչ անել երրորդ երկրներին միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ինչպես նաև կանխել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցման փորձերը։ Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտական ծառայության խոսնակ Պետեր Ստանոն:

Ստանոն նշել է, որ Բրյուսելի համար շատ կարևոր է աշխարհի բոլոր գործընկերներին փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու անհրաժեշտությունը։

Առայժմ չի հաղորդվում, թե ով է զբաղեցնելու պատժամիջոցների հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի պաշտոնը:

16:50 21.12.2022

Ռուսաստանի Պետդուման վերջնական ընթերցմամբ ընդունել է «դիվերսիոն գործունեությանն օժանդակելու» համար մինչև ցմահ ազատազրկում նախատեսող օրենքներ։

Փաստաթղթերը մշակվել են Ռուսաստանում տեխնածին մի շարք միջադեպերի՝ մասնավորապես պայթյունների ֆոնին, որոնք տեղի են ունեցել Ուկրաինա ներխուժումից հետո:

Օրենսդիր մարմնի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, թե օրենսդրական փոփոխությունը «սկզբունքորեն կարևոր քայլ է, որն անհրաժեշտ է երկիրը պաշտպանելու համար»։

Օրենքի համաձայն՝ դիվերսիոն գործողությունների դրդելը, հավաքագրելը կամ այլ ներգրավվածությունը, ինչպես նաև դիվերսիայի ֆինանսավորումը կպատժվեն մինչև ցմահ ազատազրկմամբ։ Դիվերսիա կազմակերպելու համար սահմանվում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում։ Դրան մասնակցելու համար պատիժն ավելի մեղմ է՝ 5-10 տարի ազատազրկում։

16:57 21.12.2022

Ուկրաինայի նախագահ այսօր անսպասելի այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ ելույթ կունենա Կոնգրեսի համատեղ նիստում, իսկ դրանից առաջ հանդիպում կունենա Միացյալ Նահանգերի նախագահի հետ։ Սա Ուկրաինայի նախագահի առաջին արտասահման այցն է փետրվարի 24-ից` Ռուսաստանի հարձակումից ի վեր։

«Միացյալ Նահանգներ եմ մեկնում Ուկրաինայի դիմադրողականությունն ու պաշտպանական կարողությունները ուժեղացնելու համար», - գրել է Զելենսկին Twitter-ում:

Կրեմլը արդեն հայտարարել է, որ Զելենսկու այցից որևէ դրական արդյունք չի ակնկալում, հակառակը՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով, հակամարտությունը սրվում է։

Դմիտրի Պեսկովը չի ակնկալում, թե այցից հետո Զելենսկին պատրաստ կլինի բանակցությունների. - «Զենքի մատակարարումը շարունակվում է, մատակարարվող զենքի տեսականին ընդլայնվում է։ Այս ամենը, անշուշտ, հանգեցնում է հակամարտության սրման և լավ բան չի հուշում Ուկրաինայի համար»:

«Ջո Բայդենը Զելենսկու վաշինգտոնյան այցի ընթացքում կհայտարարի աջակցության նոր փաթեթի մասին, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանվել ռուսական ագրեսիայից», - ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։ Խոսքը 2 միլիարդ դոլար արժողությամբ օգնության փաթեթի մասին է, որը կներառի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր։

Գերմանական Կիլի Համաշխարհային տնտեսության ինստիտուտի գնահատմամբ, ԱՄՆ-ն այս տարի 18,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային, ինչը ավելին է, քան տրամադրել են Ուկրաինայի մյուս բոլոր դաշնակիցները միասին:

Ռուսաստանը հոկտեմբերից թիրախավորել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածները՝ ձմռանը միլիոնավոր մարդկանց թողնելով առանց լույսի, ջեռուցման և ջրի։ Ռմբակոծությունները չեն դադարում։ Մոսկվան հայտարարում է, որ շարունակելու է այս մարտավարությունն ու հատուկ ռազմական օպերացիան։

«Սա ուղերձ է Պուտինին և աշխարհին, որ Ամերիկան Ուկրաինայի կողքին կլինի այնքան ժամանակ, որքան անհրաժետ է», - Զելենսյու այցի նախօրեին հայտարարել է Սպիտակ տունը՝ հավելելով. - «Նախագահ Պուտինը սխալվեց հաշվարկներում՝ ենթադրելով, թե Ուկրաինայի ժողովուրդը կզիջի, և որ ՆԱՏՕ-ն կմասնատվի: Նա երկու դեպքում էլ սխալվեց։ Նա շարունակում է սխալվել մեր ուժի հարցում: Եվ դա այն է, ինչ ցույց կտա այս այցը»։

17:20 21.12.2022

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԹՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին հինգշաբթի օրը կայցելի Ռուսաստան՝ քննարկելու Ուկրաինայի հարավում գտնվող Զապորոժիե ատոմակայանի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հարցը, հայտնում են ռուսական աղբյուրները։

Առայժմ չի հաղորդվում, թե ում հետ է հանդիպելու ՄԱԿ-ին կից կառույցի ղեկավարը Ռուսաստանում։

Կիևը ահազանգում է պատերազմի ընթացքում ռուսական զորքի վերահսկողության տակ անցած խոշոր ատոմակայանում ռադիոկատիվ աղետի վտանգի մասին։ Ռուսաստանն, իր հերթին, պնդում է, որ Զապորոժիեի ատոմակայանը բազմիցս գնդակոծության է ենթարկվել հենց Ուկրաինայի զինված ուժերի կողմից։

08:26 22.12.2022

Շվեյցարիան, հետևելով Եվրամիությանը (ԵՄ), նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ: Ցուցակում հայտնվել է 141 ֆիզիկական և 49 իրավաբանական անձ:

«Շվեյցարիան փոփոխություններ է կատարում պատժամիջոցների ռեժիմում՝ Ռուսաստանին իրանական անօդաչու թռչող սարքեր մատակարարելու և Ուկրաինայում շարունակվող տագնապալի իրավիճակի հետ կապված ԵՄ միջոցառումների շրջանակում»,- ասվում է Շվեյցարիայի կառավարության հրապարակած փաստաթղթում։

14:41 22.12.2022

Վաշինգտոնը Կիևին է տրամադրել օգնության նոր՝ 2 միլիարդանոց փաթեթը, այդ թվում՝ գերժամանակակից և գերհզոր Patriot համակարգեր, ինչի մասին հայտարարել է նախագահ Բայդենը Ուկրաինայի նախագահի հետ հանդիպմանը։

Սա Զելենսկու առաջին արտասահմանյան այցն է փետրվարի 24-ից ի վեր։ Մինչ այդ արտասահմանյան առաջնորդների հետ Ուկրաինայի նախագահը կա՛մ Կիևում էր հանդիպում, կա՛մ շփվում էր տեսակապի միջոցով:

«Ուզում եմ, ոչ, ես համոզված եմ, որ մենք միասին հաղթելու ենք այս պատերազմում», - Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նախագահի հետ հանդիպմանը հետևած համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է Զելենսկին։

Հանդիպմանը Բայդենը մի քանի անգամ շեշտել է, որ Վաշինգտոնը կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի:

Միաժամանակ, ԱՄՆ նախագահն ընդգծել է՝ Կիևին է տրամադրում ոչ թե հարձակողական, այլ՝ պաշտպանական զենք, հավելելով, որ Միացյալ Նահանգների դաշնակիցները Եվրոպայում ցանկանում են խուսափել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատումից, և դա էլ պետք է հաշվի առնել:

14:49 22.12.2022

Ուկրաինական զորքերի կողմից Դոնեցկի հրետակոծության ժամանակ վիրավորվել է Ռուսաստանի նախկին փոխվարչապետ, «Ռոսկոսմոս»-ի նախկին ղեկավար Դմիտրի Ռոգոզինը, ով այժմ ղեկավարում է «Ցարսկիե վոլկի» («Թագավորական գայլեր») ռազմական խորհրդատուների խումբը, հաղորդում են ռուսական լրատվական գործակալությունները:

Ռոգոզինի օգնականը ՏԱՍՍ և «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալություններին հայտնել է, որ նախկին վարչապետը վիրավորվել է, երբ գնդակոծվել է քաղաքի ծայրամասում գտնվող հյուրանոցը, որտեղ նա գտնվում էր։

Ինչպես վստահեցնում են Ռոգոզինի շրջապատից, նրա և մյուս վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։ Ինքը՝ «Ռոսկոսմոս»-ի նախկին ղեկավարը, ռուսական պետական RT հեռուստաալիքին հայտնել է, որ բեկորային վիրավորում է ստացել:

«Վիրավորում եմ ստացել մեջքիս շրջանում, բայց կապրեմ: Բեկորը ողնաշարիցս մեկ սանտիմետր հեռու է անցել», - ասել է Ռոգոզինը:

Նա վիրահատվել է: Բժիշկները հայտնել են, որ Ռոգոզինի ողնաշարում հայտնված ականի 3-4 միլիմետրանոց բեկորը հեռացնելու հնարավորություն չկա:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG