Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

14:51 22.12.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կապիտոլիումում ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում:

Զելենսկին անգլերեն է դիմել ամերիկացի կոնգրեսականներին և սենատորներին: Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Ռուսաստանի կողմից ագրեսիայի ենթարկված Ուկրաինային քաղաքական, նյութական և ռազմական օգնություն տրամադրելու համար:

Նա ասել է, որ այս պատերազմում Ուկրաինան ոչ միայն իր ազատության և անկախության, այլև Եվրոպայի և ամբողջ ազատ աշխարհի համար է պայքարում:

«Մենք հաղթեցինք Ռուսաստանին մտքի համար պայքարում, ռուսները կունենան ազատ դառնալու հնարավորություն, երբ իրենց մտքում կհաղթեն Կրեմլին», - հայտարարել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը նշել է, որ ստացվող օգնությունը դեռ բավարար չէ պատերազմում վերջնական հաղթանակ ապահովելու համար:

Նա կոչ է արել Վաշինգտոնին է՛լ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ:

14:55 22.12.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը ցավակցություն է հայտնել Դոնեցկի հրետակոծման հետևանքով զոհվածների հարազատներին ու մտերիմներին և ապաքինում է մաղթել հիվանդանոցներ փոխադրված վիրավորներին:

Հրետակոծության հետևանքով տուժածների թվում է նաև «Ռոսկոսմոս»-ի նախկին տնօրեն Դմիտրի Ռոգոզինը:

«Չինովնիկները մեկնում են Ռուսաստանի նոր սուբյեկտներ: Նրանք կշարունակեն այցերը՝ չնայած առկա սպառնալիքներին», - ասել է Պեսկովը:

Նրա փոխանցմամբ, ռուսաստանցի պաշտոնյաները պարտավոր են մեկնել վերջերս Դաշնության մաս հռչակված նոր շրջաններ:

«Վտանգները չեն խանգարի կատարել պարտավորությունները բոլոր նրանց, ովքեր սրտի կանչով են մեկնում այնտեղ», - ասել է Կրեմլի խոսնակը:

08:13 23.12.2022

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է վերջերս տեղի ունեցած զորավարժությունների հարցը՝ պնդելով, որ դրանք ուղղված չէին Ուկրաինայի կամ որևէ այլ երկրի դեմ:

Լուկաշենկոն նաև հերքել է շրջանառվող ասեկոսեներն այն մասին, որ Բելառուսը կարող է ներքաշվել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վարած պատերազմին:

Բարձրաստիճան բելառուսցի զինծառայողների հետ հանդիպման ընթացքում նա, կոնկրետ անուններ չնշելով, ասել է, թե չի կարող բացառել Բելառուսի վրա հարևանների կողմից ագրեսիայի հնարավորությունը:

«Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի»,- ավելացրել է Բելառուսի ղեկավարը:

08:16 23.12.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելել է Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիայի» գոտի:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի նշել, թե կոնկրետ երբ է Շոյգուն մեկնել այդ գոտի և դրա որ հատվածն է այցելել:

«Սերգեյ Շոյգուն տեսչական այցի ընթացքում ստուգել է զինծառայողների տեղակայման պայմանները և տեխնիկայի վիճակը, նա լսել է հրամանատարների զեկույցները»,- ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Շոյգուն նաև ստուգել է դաշտային հոսպիտալների աշխատանքը, զինծառայողների կացարանների կահավորումը, ջեռուցման մակարդակը և զինծառայողների համար սննդի պատրաստման պայմանները:

08:18 23.12.2022

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այն դեպքում, եթե Ռուսաստանը պատրաստ կլինի լրջորեն բանակցել:

Այդ մասին դեկտեմբերի 22-ի ճեպազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:

«Դուք լսել եք, որ ինքը նախագահը {Ֆրանսիայի նախագահ Էմանյուել} Մակրոնի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ եթե Պուտինի կողմից լուրջ պատրաստակամություն լինի, ինքը, վստահաբար, կգա հանդիպման», - նշել է Քիրբին:

Նա ավելացրել է, որ «հանդիպման վերաբերյալ ռուսների կողմից լուրջ և իրական մտադրության պարագայում Բայդենը պատրաստ կլինի բանակցել՝ պայմանով, որ նախապես հարցի շուրջ կխորհրդակցի Ուկրաինայի հետ և բանակցությունների ընթացքում էլ կշարունակի այդ կոնսուլտացիաները»:

08:32 23.12.2022

«Ուկրաինան դիմակայեց ուկրաինացիների քաջության ու ամերիկացիների աջակցության շնորհիվ, և Ուկրաինան կհաղթի», - Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։

Պատերազմի տասն ամիսների ընթացքում առաջին անգամ արտերկիր մեկնած Ուկրաինայի նախագահը խոսել է ռուսական ագրեսիան ետ մղելու անհրաժեշտության մասին՝ շեշտելով, որ եթե Ուկրաինան պարտվի, Ռուսաստանը «կհարվածի Միացյալ Նահանգների դաշնակիցներին». - «Երբ Ռուսաստանը չի կարողանում գրավել մեր քաղաքները, նա փորձում է ոչնչացնել դրանք հրթիռային հարձակումներով: Ավելին, Ռուսաստանը դաշնակից գտավ այս ցեղասպան քաղաքականության մեջ՝ Իրանին: Իրանական հարյուրավոր մահաբեր անօդաչու թռչող սարքերը սպառնալիք դարձան մեր կենսական ենթակառուցվածքների համար: Ահա թե ինչպես է մի ահաբեկիչը գտել մյուսին: Պարզապես ժամանակի հարց է, թե երբ նրանք կհարվածեն ձեր մյուս դաշնակիցներին»:

Ե'վ Սպիտակ տանը, և' Կոնգրեսում Զելենսկին կրկնել է՝ այս ճակատամարտը չի կարելի սառեցնել, այն պետք է հաղթել։ Նա պնդել է, թե հաջորդ տարին շրջադարձային կլինի ռազմական հակամարտությունում։ Շնորհակալություն հայտնելով Վաշինգտոնին ռազմական օգնության համար՝ Զելենսկին է'լ ավելի շատ զենք է խնդրել Կոնգրեսից, ինչպես արել էր ավելի վաղ Սպիտակ տանը Բայդենի հետ հանդիպմանը․ - «Մենք կցանկանայինք ավելի շատ Patriot-ներ ձեռք բերել... մենք պատերազմի մեջ ենք»։

Առաջիկա օրերին Կոնգրեսը պետք է հաստատի նաև եկող տարվա ծախսերի օրինագիծը, որը ներառում է 44 միլիարդ դոլարի օգնության փաթեթ Ուկրաինային:

Մինչդեռ Կրեմլը շտապել է հայտարարել՝ ԱՄՆ-ից և այլ երկրներից Ուկրաինային զենքի մատակարարումը չի խանգարի Ռուսաստանին հասնել իր նպատակներին, իսկ ամերիկյան Patriot-ները կդառնան ռուս զինվորականների օրինական թիրախ. - «Իհարկե, ինչպես բոլոր այլ զինատեսակները, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից.․․ ապառազմականացումը հատուկ ռազմական գործողության նպատակներից մեկն է»։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով, Միացյալ Նահանգներն ու այլ երկրներ անընդհատ ընդլայնում են Ուկրաինային մատակարարվող զենքի տեսականին, ինչը երկարաձգում է այդ երկրի բնակիչների տառապանքը, բայց չի կարող խանգարել Ռուսաստանին հասնել «հատուկ գործողության» նպատակներին։

08:35 23.12.2022

Ըստ The Washington Post-ի, Միացյալ Նահանգների վարչակազմը մշակում է ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի երեք սցենար։

Բոլոր երեք մոդելների կողմնակիցներն էլ աջակցում են Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմում, սակայն տարբեր կարծիքներ ունեն Կիևի զիջումների մասին։

Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշումը մնում է այն, որ Ռուսաստանի հետ բանակցությունների և դրանց վերաբերյալ հնարավոր դիրքորոշման մասին որոշումները պետք է ընդունի հենց Ուկրաինան, այլ ոչ թե ԱՄՆ-ը։ Սակայն ԱՄՆ-ը կարող է իր կարծիքը փոխանցել Կիևին։

Մոդելներից առաջինն իրականում համապատասխանում է նախագահ Զելենսկու առաջարկած խաղաղության ծրագրին և նախատեսում է ռուսական զորքերի դուրսբերումը Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված ողջ տարածքից, ներառյալ Ղրիմից։ Երկրորդ մոդելը կոչ է անում ռուսական զորքերը դուրս բերել մինչև փետրվարի 24-ի դիրքերը, այսինքն թողնել Ղրիմը և Դոնբասի մի մասը Ռուսաստանի վերահսկողության տակ։ Երրորդն էլ նախատեսում է Ուկրաինայի վերահսկողությանը փոխանցել Դոնեցկի և Լուգանսկի, ինչպես նաև այլ օկուպացված շրջաններ, բայց ոչ Ղրիմը։

14:52 23.12.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է տեղադրել համացանցում, որտեղ հեշտ է ճանաչել նրա աշխատասենյակը՝ Զելենսկին վերադարձել է Կիև։

«Բարի լույս բոլորին, ցանկանում եմ առողջություն բոլորին, ես աշխասենյակում եմ։ Աշխատում ենք՝ հանուն հաղթանակի, բոլորին լավ օր», - ասել է Զելենսկին։

Պատերազմի սկզից ի վեր առաջին անգամ դեկտեմբերի 21-ին նա դուրս էր եկել Ուկրաինայից՝ մեկնել էր Միացյալ Նահանգներ, հանդիպել նախագահ Ջո Բայդենին, ելույթ ունեցել Կոնգրեսում։ Զելենսկու այցի ընթացքում հայտարարվեց Ուկրաինային ԱՄՆ-ի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։

Հետդարձի ճանապարհին Զելենսկին հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։

14:54 23.12.2022

Ուկրաինայի նախագահի թիմը ներկայումս աշխատում է խաղաղության համաձայնագրի ուկրաինական պլանի վրա և նախատեսում է իր գաղափարները ներկայացնել Ռուսաստանի ներխուժման տարելիցին, գրում է ամերիկյան The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով եվրոպական և ուկրաինական դիվանագիտական աղբյուրները։

Ըստ հրապարակման՝ «Զելենսկու պլանը» բաղկացած է 10 կետից, բայց դրանց բովանդակությունը չի բացահայտվում։

Պարբերականը միաժամանակ նշում է, որ Կիևի ու Մոսկվայի համար առաջնահերթությունը մնում է ռազմական գործողությունները։

«Երկու կողմերն էլ ձգտում են առավելության հասնել մարտի դաշտում, որպեսզի առավելություն ունենան բանակցություններին նախապատրաստվելու ժամանակ։ Չնայած որևէ բանակցությունների ժամկետների անորոշությանը, բայց ամենայն հավանականությամբ, դրանք տեղի կունենան մի քանի ամսից ոչ շուտ», - գրում է The Wall Street Journal-ը։

21:39 23.12.2022

Էստոնիայի կառավարությունը ռազմական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա։ The Baltic Times-ը հաղորդում է, որ օգնության մեծ մասը դրոններ են, անհատական պաշտպանության միջոցներ և ձմեռային հանդերձանք։

Ավելի վաղ Էստոնիան Ուկրաինային տրամադրել էր հրթիռներ, հաուբիցներ, ականանետեր ու տրանսպորտային միջոցներ։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG