Կրեմլը հայտարարել է, որ ռուսաստանցիները սատարում են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիա» իրականացնելու հարցում:
Այդ մասին հայտարարել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա այդպես պատասխանել է այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իր որդու և հանրային ճանաչում ունեցող այլ քաղաքացիների մասնակցությունն Ուկրաինայում ընթացող մարտերին:
«Ինչպես գիտենք, ռուսների գերիշխող մեծամասնությունը բացարձակ աջակցություն է հայտնում նախագահին այդ օպերացիայի հարցում և սատարում է դրան մասնակցող հերոսներին», - ասել է Պեսկովը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Պուտինը մտադիր է այցելել զորակոչի կենտրոններ, որտեղ մարդիկ հերթ են կանգնում զինված ուժերի հետ պայմանագիր կնքելու համար, Պեսկովն ասել է, որ նախագահը տեղյակ է:
«Դա տեսնելն ու լսելը հիանալի է»,- ասել է Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակը:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, խոսնակի որդին՝ 33-ամյա Նիկոլայ Պեսկովը ծառայել է Ուկրաինայում Պուտինի մերձավորը համարվող գործարար Եվգենի Պրիգոժինի ստեղծած «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ջոկատներից մեկում և «Խիզախության» մեդալ է ստացել:
Երեկ Մոլդովայում, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, հանդիպել են Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահները:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ առանձնազրույցի ընթացքում Իլհամ Ալիևը և Վլադիմիր Զելենսկին գոհունակությամբ ընդգծել են, որ Բաքուն ու Կիևը աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը միջազգային կազմակերպություններում։
Զելենսկին ադրբեջանցի պաշտոնակցին շնորհակալություն է հայտնել հումանիտար աջակցության համար:
Այսօր հրապարակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը CNN primanews հեռուստաընկերությանը, որ նկարահանվել է մայիսի սկզբին՝ Պրահա այցի ընթացքում:
Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ Հայաստանի ղեկավարն ասել է, թե այդ հարցում Երևանը Մոսկվայի դաշնակիցը չէ։
«Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք: Եվ մեր զգացումն այդ պատերազմից, այդ հակամարտությունից՝ անհանգստություն է, որովհետև դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա: Արևմուտքում նկատում են, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, ավելի շատ դա են նկատում, Ռուսաստանում տեսնում են, որ մենք Ուկրաինայի պատերազմում իրենց դաշնակիցը չենք, և ստացվում է, որ մենք այս իրավիճակում ոչ մեկի դաշնակիցը չենք, ինչը նշանակում է, որ խոցելի ենք», - ասել է Փաշինյանը։
Ուկրաինական Դնեպրի արվարձանների երկու բնակելի շենքերին հասցված հարվածի հետևանքով զոհերի և վիրավորների թիվը հասել է 22-ի։ Փլատակներից դուրս է բերվել երկու տարեկան երեխայի դի, զոհերի թվում հինգ երեխա կա։ Ավելի վաղ հաղորդվել է 20 վիրավորի մասին։
Ինչպես հայտնել է Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը, ռուսական հրթիռն ընկել է Դնեպրոպետրովսկի մարզի Պոդգորոդնոյե քաղաքի երկու բնակելի շենքերի արանքում։ Մասամբ ավերվել է 10 առանձնատուն, ավտոմեքենա, խանութ, գազատար։
Կիրակի գիշերը հրթիռակոծվել են շրջանի մի քանի բնակավայրեր, այդ թվում՝ Դնեպր քաղաքը։
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովն ասել է, որ ուկրաինացի զինվորականների մարտավարությունն անընդհատ փոխվում է, և նրանք կսկսեն գործել, երբ գա հակահարձակման համար լավագույն ժամանակը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի շարք հայտարարություններ էր արել ուկրաինական ուժերի սպասվող հակահարձակման վերաբերյալ. նա ասել էր, որ զինված ուժերը պատրաստ են ռազմական գործողությունների, սակայն իր համար դժվար է նշել հակահարձակման ժամկետը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երեկ (հունիսի 4-ի) առավոտյան Ուկրաինայի զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել հարավային Դոնեցկի ուղղությամբ ճակատի հինգ հատվածներում։ Ուկրաինական կողմի փորձերը ճեղքել պաշտպանական գիծն ռազմաճակատի այս ուղղությամբ, տապալվել են, պնդում է ռուսական կողմը։
«Հակառակորդի նպատակն էր ճեղքել մեր պաշտպանությունը ռազմաճակատի, իր կարծիքով, ամենախոցելի հատվածներում։ Հակառակորդը չի կատարել իր առջեւ դրված խնդիրները և հաջողություններ չի ունեցել», - այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Ընդ որում, նա պնդել է, թե ուկրաինական կողմը մեծ կորուստներ է ունեցել։
Կիևը հերքում է անհաջող հակահարձակման մասին ռուսական կողմի հայտարարությունը։
«Ուկրաինացիներին բարոյալքելու և սեփական բնակչությանը մոլորեցնելու համար ռուս քարոզիչները կեղծ տեղեկություններ են տարածելու հակահարձակման, դրա ուղղությունների և ուկրաինական բանակի կորուստների մասին։ Նույնիսկ եթե հակահարձակում չլինի։ Դրա համար պատրաստվել են հին տեսանյութեր ու լուսանկարներ», - ասված է ուկրաինական կողմի տարածած հաղորդագրության մեջ։
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի փորձագետները հայտնում են, թե Ուկրաինայի զինված ուժերը առաջ են գնացել Դոնեցկի և Զապորոժիեի շրջաններում։
Խերսոնի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը կարճ տեսաուղերձում հաստատել է Կախովկա հիդրոէլեկտրակայանում պայթյունի մասին և ասել, որ ջուրը կրիտիկական մակարդակի կհասնի 5 ժամից։
Վարչակազմի ղեկավարի խոսքով՝ սկսվել է տեղի բնակչության տարհանումը վտանգավոր տարածքներից, որտեղ ջրհեղեղներ են տեղի ունենում։
Ուկրաինական «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը ռուսական զորքերին մեղադրել էր Կախովկա հիդրոէլեկտրակայանը վնասելու մեջ։
Ռուս զինվորական բլոգերներն իրենց հերթին ուկրաինացի զինվորականներին են մեղադրում հիդրոէլեկտրակայանի փլուզման մեջ։
ՀԷԿ-ը անցյալ տարվա փետրվարի 24-ից գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության տակ։
«Ռուսների կողմից Կախովսկայա հիդրոէլեկտրակայանը պայթեցնելու» նպատակը ուկրաինական պաշտպանական ուժերի հարձակումը խափանելու փորձ է, ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Դարիա Զարիվնան։
Նրա խոսքով՝ այժմ «մի շարք բնակավայրեր արդեն ամբողջությամբ կամ մասնակի հեղեղված են»։
Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի պայթյունը նաև նշանակում է, որ Ղրիմը կմնա առանց ջրի»,- գրել է նա։
Նրա խոսքով՝ իրավիճակը ռիսկեր է ստեղծում նաև Զապորոժիեի ատոմակայանի համար՝ ռեակտորների ջրային սառեցման հնարավոր խնդիրների հետ կապված։
Ուկրաինական Energoatom-ը հայտնել է, որ Կախովսկայա ՀԷԿ-ի պայթյունը «կարող է բացասական հետևանքներ ունենալ Զապորոժիեի ատոմակայանի համար»։
Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ Կախովկա հիդրոէլեկտրակայանը պայթեցրել է ՌԴ ԶՈւ 205-րդ մոտոհրաձգային բրիգադը, հեռուստատեսությամբ հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Սա նախնական տեղեկություն է: Իհարկե, հիմա ամեն ինչ կստուգվի: Այն տեղայնացված է այնտեղ, և, համապատասխանաբար, նախնական տեղեկություններ կան, որ դրանք 205-րդ մոտոհրաձգայինի ներկայացուցիչներ են: Մենք կստուգենք»,- ասել է Պոդոլյակը:
Ուկրաինան մեղադրում է Ռուսաստանին հիդրոէլեկտրակայանի վնասելու մեջ, իսկ Ռուսաստանը՝ Ուկրաինային։
Օրինակ՝ օկուպացված Նովայա Կախովկայի քաղաքապետ Վլադիմիր Լեոնտևը հայտնել է Կախովկա հիդրոէլեկտրակայանի վրա գիշերային հարձակումների մասին և դա անվանել ահաբեկչություն։
Ուկրաինան է դիվերսիա իրականացրել Կախովկա հիդրոէլեկտրակայանում, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա փոխանցմամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է միջադեպի մանրամասներին։
«Նախագահը պաշտպանության նախարարությունից և այլ ծառայություններից հաղորդումներ է ստանում Կախովկա հիդրոէլեկտրակայանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին: Մենք արդեն միանշանակ կարող ենք հայտարարել, որ դա ուկրաինական կողմի կանխամտածված դիվերսիա է»,- ասել է Պեսկովը։