Այս գիշեր օդային տագնապ է հայտարարվել ողջ Ուկրաինայում, այդ թվում՝ առաջնագծից հեռու արևմտյան շրջաններում։
Հետևանքների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չկան։
Ռուսաստանի Բելգորոդի շրջանի ղեկավարի խոսքով՝ վերջին 24 ժամում Ուկրաինայից զանգվածային գնդակոծության է ենթարկվել շրջանի տարածքը և, մասնավորապես, շրջկենտրոնը։
Այս գիշեր երեք մարդ վիրավորվել է, նրանք գտնվում են հիվանդանոցում, հայտնել է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում։
Ուկրաինայի իշխանությունները բազմիցս հերքել են, որ կրակում են ռուսական տարածքի վրա։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առաջին անհրաժեշտության պարագաներ է տրամադրել Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցմանը հաջորդած ջրհեղեղից տուժած շրջանների բնակիչներին։
ԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թեդրոս Գեբրեյեսուսը նախազգուշացրել է ջրհեղեղի բացասական ազդեցության մասին տարածաշրջանի ջրամատակարարման, սանիտարական և առողջապահական համակարգերի վրա:
ԱՀԿ-ի փորձագետներն աղետի գոտիներում խոլերայի հարուցիչ են հայտնաբերել, հայտնում է Reuters-ը։
Վորոնեժի Բելինսկի փողոցում, նախնական տվյալներով, անօդաչու թռչող սարք է ընկել, տեղում աշխատում են հատուկ ծառայությունները, հայտնել է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։
Նա ասել է, որ միջադեպի հետևանքով տուժել է առնվազն երկու մարդ։
Telegram ալիքներն ավելի վաղ հայտնել էին, որ պայթուցիկներով բեռնված անօդաչու թռչող սարքը մխրճվել է բնակելի շենքի մեջ։ Տեղի բնակիչները պայթյունի ձայն են լսել։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Վաշինգտոնում հայտարարել են, որ Ուկրաինային ցուցաբերող աջակցությունը չի թուլանա։
Բրիտանիայի վարչապետն ընդգծել է, որ Ուկրաինայի աջակիցները պետք է հստակ ազդանշան տան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ նա իզուր չսպասի Ուկրաինային տրամադրվող օգնության դադարեցմանը։
Անցած մեկ օրվա ընթացքում հեղեղված Խերսոնի մարզում ռուսական գնդակոծության հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը՝ հավելելով, որ շրջանը ենթարկվել է 44 գրոհի։
Երկու օր առաջ Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի ճեղքման պատճառով առաջացած ջրհեղեղի հետևանքով չորս մարդ է զոհվել, 13-ը անհետ կորել են, հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը։ Օկուպացված տարածքների ռուսական իշխանությունները հայտնում են ութ զոհի մասին։ Ավելի քան 2300 մարդ տարհանվել է։ Ռուսական կողմը հայտնում է տասնյակ հազարավոր մարդկանց տարհանման մասին։
Մինչդեռ ուկրաինական կողմը պնդում է, թե ռուսները առանց օգնության են թողել աղետի գոտում հայտնված իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների բնակիչներին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ուկրաինական հակահարձակման մեկնարկի մասին, ինչի մասին, ըստ նրա, վկայում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռազմավարական ռեզերվների օգտագործումը։
Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ոչ մի հատվածում հաջողությունների չեն հասել՝ «մեր զինվորների խիզախության, զորքերի ճիշտ կազմակերպման շնորհիվ»։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն անակնկալ այցով ժամանել է Կիև։
Կանադայի հանրային ռադիոյի փոխանցմամբ` նախապես չազդարարված ուղևորության ընթացքում կառավարության ղեկավարին ուղեկցում է երկրի ֆինանսների նախարար, ծագումով ուկրաինուհի Խրիստյա Ֆրիդլանդը։
«Կիև ժամանելուն պես Թրյուդոն այցելել է 2014 թվականից Ռուսաստանի դեմ կռիվներում զոհված ուկրաինացի զինծառայողների պատվին կառուցված հուշահամալիր», - հաղորդում է Reuters գործակալությունը:
«Հակահարձակման հարցում մեր գեներալները դրական են տրամադրված», - այսօր Կիևում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ պնդելով, թե ամենօրյա կապի մեջ է երկրի Զինված ուժերի հրամանատարների՝ մասնավորաբար գլխավոր հրամանատար Զալուժնու և ցամաքային ուժերի ղեկավար Սիրկսու հետ։
Մեկնաբանելով սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերն, ինչպես նաև Ռուսաստանի նախագահի երեկվա հայտարարությունները, որոնց համաձայն ուկրաինական հակահարձակման մեկնարկը այնքան էլ հաջող չի ընթանում, Զելենսկին նշել է. - «Տելեգրամ ալիքներին և Պուտինին ես չէի վստահի։ Այս պահին Ուկրաինան հակահարձակվողական պաշտպանական գործողություններ է իրականացնում։ Ինչ փուլում են դրանք գտնվում՝ մանրամասնել չէի ցանկանա»։
Ռուսաստանի Կալուգայի մարզում կիրակի վաղ առավոտյան երկու անօդաչու թռչող սարք է ընկել, հայտնել է մարզի նահանգապետ Վլադիսլավ Շապշան Telegram -ում։
Մի անօդաչու թռչող սարքն ընկել է Ստրելկովկա գյուղի մոտ, մյուսը՝ Մեդինսկի մունիցիպալ շրջանի անտառում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան, միայն նվազագույն ավերածություններ են, ասել է Շապշան։
Կալուգայի շրջանը հյուսիսից սահմանակից է Մոսկվայի մարզին։
Ուկրաինայում մոտ 700 հազար մարդ մնացել է առանց խմելու ջրի՝ Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցման պատճառով, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը։
Խոսքը բնակիչների մասին է, ովքեր գտնվում են թե՛ Ուկրաինայի կողմից վերահսկվող շրջաններում, թե՛ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում։
Գրիֆիթսի խոսքով՝ ՄԱԿ-ն արդեն օգնություն է ցուցաբերել Ուկրաինայի կողմից վերահսկվող հեղեղված տարածքների 30 հազար բնակիչների։ Բազմաթիվ կամավորներ նույնպես աշխատում են տեղում։ Ռուս զինվորականներն իրենց հերթին կազմակերպությանը չեն թույլատրել մուտք գործել օկուպացված տարածքներ՝ ջրհեղեղից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։
Դնեպրի ստորին հատվածում ջրհեղեղները, ըստ պաշտոնյայի, նույնպես անխուսափելիորեն կհանգեցնեն հացահատիկի արտահանման նվազմանը, պարենամթերքի գների բարձրացմանն ամբողջ աշխարհում և միլիոնավոր կարիքավորների համար սննդի քանակի նվազման: