Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խումբն այսօրվանից լուծարված է


Մինսկի խումբն այսօրվանից լուծարված է: Ի պատասխան «Ազատության» հարցի ՝ Արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրին, որ սեպտեմբերի 1-ին ստացվել է ԵԱՀԿ գործող նախագահող, Ֆինլանդիայի ԱԳ նախարարի նամակը, որով հաստատվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ որոշման համար սահմանված լռելյայն ընթացակարգը ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից չի խախտվել, և որոշումը սեպտեմբերի 1-ից համարվում է ընդունված:

ԵԱՀԿ նախարարների խորհրդի որոշման մասին հայտնել է նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը՝ հիշեցնելով, որ կառույցը նման որոշում է կայացրել՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ նամակը։

Պաշտոնական Բաքուն նաև ընդգծում է, որ այդ որոշմամբ անվավեր են ճանաչվում ԵԱՀԿ շրջանակներում հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող նախկինում ընդունված բոլոր փաստաթղթերը։

ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ողջունել են Նախարարների խորհրդի որոշումը, նշված է ԵԱՀԿ տարածած հաղորդագրությունում:

«Սա պատմական զարգացում է, որն ընդգծում է, թե ինչի կարող է հասնել դիվանագիտությունը, նույնիսկ տասնամյակների հակամարտությունից և անվստահությունից հետո։ Այն ցույց է տալիս, որ համաձայնությունը հնարավոր է, երբ կողմերի միջև կա ընդհանուր լեզու գտնելու վճռականություն», - ասել է Սինիրլիօղլուն։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող Մինսկի խումբը լուծարելու պահանջը Ադրբեջանի իշխանություններն են առաջ քաշել՝ որպես հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախաստորագրման նախապայման։

ԵԱՀԿ գործող նախագահը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ աջակցելու այն ջանքերին, որոնք երկարատև խաղաղություն և կայունություն են բերում Հայաստանում, Ադրբեջանում և տարածաշրջանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG