Երեկ ձերբակալվել է վերջերս ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակված աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը։
Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը պարեկները Փարաքարում ստուգման նպատակով մեքենա են կանգնեցրել, բայց դրան հետևել է ուղևորի փախուստը, ով նաև ճանապարհին ատրճանակ և փոշենման զանգված է նետել:
Մկրտիչ Մկրտչյանը եղել է մեքենայի ղեկին, ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Ըստ Ոստիկանության՝ Մկրտչյանի մոտ արգելված իր չի հայտնաբերվել: Այդ մասին լրագրողներին այսօր հայտնեց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Վարորդը եղել է, այո, մեր գործընկեր Նարեկ Մկրտչյանի եղբայրը, վարորդի մոտ չի հայտնաբերվել ոչինչ», - ասաց ՆԳ նախարարը:
Մամուլում լուրեր տարածվեցին, որ ատրճանակն ու փոշենման զանգվածը եղել են հենց Մկրտիչ Մկրտչյանի մոտ, ով իրեն կանգնեցնելու պահին այդ իրերով պայուսակը փոխանցել է ուղևորին։
Արձագանքելով այս լուրերին, ինչպես նաև պնդումներին, որ Ոստիկանությունն իր հայտարարություններով, թե Մկրտչյանի մոտ արգելված իր չի հայտնաբերվել, փորձում է իրավիճակը հոգուտ դեսպանի եղբոր փոխել, նախարարը հայտարարեց. - «Ոստիկանության, այսինքն, ստորաբաժանումը ձերբակալություն է իրականացնում, սա երբեք չի կարող ընկալվել որպես ծածկադմփոց կամ որևէ դեպքի թաքցնել։ Եթե նախարարությունը նպատակ հետապնդեր որևէ դեպք կոծկել, ես վստահեցնում եմ, որ ձերբակալման փաստը վրա չէր հասնի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղևորը փախուստի է դիմել և, և ուղևորի մոտից նետվել են իրեր, որտեղ որ հայտնաբերվել է, նախնական արդյունքներով, թմրամիջոցի նմանվող զանգված և ատրճանակ, տրամաբանական է, որ այդ իրավիճակում Պարեկային ծառայությունը պիտի իրականացներ ձերբակալում։ Ձերբակալումը իրականացվել է, անձին բերման են ենթարկել բաժին, բաժնում տվյալ անձի մոտ ոչինչ չի հայտնաբերվել, իսկ մյուս անձի որոնողական աշխատանքների մասով իրականացվել են համապատասխան պրոցեսներ։ Այժմ իրականացվում է նախաքննություն, նախաքննությունը կտա հարցի պատասխանը՝ եղբա՞յրն է Նարեկ Մկրտչյանի փոխանցել իր պայուսակը ընկերոջը, թե՞ ընկերոջն է դա եղել։ Այս պահի դրությամբ առկա տվյալներով հիմնավորվում է այն հանգամանքը, որ եղբոր մոտ ոչինչ չի հայտնաբերվել»։
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ապօրինի զենքի և ապօրինի թմրամիջոցների շրջանառության վերաբերյալ։ Կատարվում է նախաքննություն։ Իրավապահները դեռ չեն հայտնում՝ արդյոք մեղադրանք առաջադրե՞լ են Մկրտչյանին, թե՞ ոչ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դեռ մեկնաբանություն չի եղել։ ՔՊ-ականներն այսօր կա՛մ հրաժարվում էին խոսել, կա՛մ անհասանելի էին։
Միջադեպի մասին կարճ մեկնաբանություն տվեց միայն Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանը, ով նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատուն է։
«Դեպքին տեղեկացել եմ ձեզ նման մամուլից: Հայաստանում՝ կլինի իմ եղբայրը, մյուսի եղբայրը, հայրը, բարեկամը և այլն, օրենքի առաջ բոլորը հավասար են: Կգնա նախաքննություն, մեղավորները կբացահայտվեն, կլինի իմ եղբայրը, ով կլինի՝ վստահաբար պատասխանատվություն կկրեն օրենքի ողջ խստությամբ: Իսկ ինչ վերաբերում է իմ քաղաքական թիմին, իմ ազդեցությանը, ո՛չ իմ հանրային կարգավիճակը, ո՛չ ներկայիս պաշտոնը չի կարող որևիցե ազդեցություն կամ միջամտություն ունենալ: Հետևաբար՝ հետևեք գործընթացներին իրավական, ես էլ ձեր նման հետևելու եմ», - «Ազատությանը» ասաց դեսպան Մկրտչյանը:
Արդյոք եղբորն առնչվող միջադեպը ազդեցություն կունենա՞ Մկրտչյանի դեռ չմեկնարկած դիվանագիտական կարիերայի վրա, հայտնի չէ, ո՛չ նորանշանակ դեսպանը, ո՛չ իշխանությունը այս հարցերին չեն անդրադառնում։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ այս սկանդալը որոշակի ճնշում կավելացնի դեսպանի վրա, սակայն դժվար թե հանգեցնի նրա հետկանչին։
«Արդյո՞ք կարող է հանգեցնել դեսպանի հետկանչման և այլն, չեմ կարծում, թե այդպիսի զարգացումներ կլինեն, բայց, իհարկե, սկանդալը որոշակիորեն, այսպես, առնվազն մթնոլորտային ճնշում է դեսպանի վրա՝ այն իմաստով, որ իրավական համակարգը որոշակի, այսպես ասենք, ազդեցության հնարավորություններ ունի նրա եղբոր ճակատագրի նկատմամբ, եթե այն, ինչ վերագրվում է, հաստատվի կամ չհաստատվելու որևէ պայմանով, այսպես ասած, կարող է ինչ-որ ազդեցության խնդիրներ առաջանալ։ Եվ այս տեսանկյունից, իհարկե, դա կարող է, այսպես, անուղղակի, աներևույթ, բայց ազդեցություն լինեն դեսպանի վրա նրա գործունեության ընթացքում», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբանը:
Իսկ արդյո՞ք ամերիկյան կողմի համար նշանակություն կարող է ունենալ այն հանգամանքը, որ դեսպանի եղբայրը հայտնվել է մի պատմության մեջ, որտեղ ներգրավված են նաև ապօրինի զենք և թմրամիջոցներ. Հակոբ Բադալյանը կարծում է՝ դեսպանի եղբորն առնչվող այս պատմությունը դժվար մեծ նշանակություն ունենա վաշինգտոնի համար. - «Եթե անգամ առաջանա հետաքրքրություն այս սկանդալի առնչությամբ, ապա ամերիկյան կողմում գուցե այդ հետաքրքրությունը լինի հետևյալ տրամաբանությամբ, թե նորանշանակ դեսպանը արդյոք դրանով կարող է ինչ-որ ուղղությամբ հայտնվել խոցելիության ինչ-որ տիրույթում»։
Իշխող ուժի շարքերում թմրանյութերի հետ կապված մի սկանդալ էլ տեղի էր ունեցել անցած նոյեմբերին։ Թմրանյութ պահելու, օգտագործելու կասկածանքով կարճ ժամանակով ձերբակալվել էին Գյումրիի ավագանու ՔՊ-ական անդամներից Պարգև Գևորգյանը և իշխանական պատգամավոր Կարեն Սարուխանյանի մորեղբոր որդին։ Այս ձերբակալություններից հետո Սարուխանյանը ստիպված եղավ թեստ հանձնել, որպեսզի ապացուցի, որ թմրանյութ չի օգտագործում։