Մատչելիության հղումներ

Զելենսկին «խիստ» արձագանք է պահանջում ԱՄՆ-ից՝ Կիևի դեմ ռուսական հարվածներից հետո


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ից պահանջում է «ուժեղ» արձագանք Կիևի դեմ Ռուսաստանի վերջին զանգվածային հարձակմանը, որի հետևանքով առաջին անգամ պատերազմի ընթացքում վնասվել է կառավարական շենք։

«Կարևոր է, որ այսօրվա հարձակմանը լայն արձագանք տան մեր գործընկերները։ Մենք սպասում ենք ուժեղ արձագանքի Ամերիկայից։ Դա այն է, ինչ անհրաժեշտ է», – հայտարարել է Զելենսկին իր ամենօրյա տեսաուղերձում։

Զելենսկին ընդգծել է, որ առաջնորդների ու կառույցների հայտարարությունները պետք է ուղեկցվեն իրական գործողություններով։

Ամերիկյան հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը X-ում գրել է, որ Կիևի վրա վերջին մահաբեր հարձակումը «չի վկայում Ռուսաստանի պատրաստակամության մասին՝ դիվանագիտական ճանապարհով ավարտելու պատերազմը»։ Նրա խոսքով՝ սա եղել է պատերազմի ամենախոշոր հարձակումը, որը հարվածել է Ուկրաինայի կառավարության շենքին, որտեղ ինքը երկու շաբաթ առաջ հանդիպել էր ղեկավարների հետ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով նախկինում խոսել էր Պուտինի հետ իր «բարեկամության» մասին, վերջին շրջանում աճող դժգոհություն է հայտնել Կրեմլի ղեկավարից՝ հրադադարի մերժման և Զելենսկու հետ բանակցություններից հրաժարվելու պատճառով։ Թրամփը հայտարարել է, որ «շատ հիասթափված» է Պուտինից ու չի բացառում նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, թեև կոնկրետ քայլեր դեռ չեն ձեռնարկվել։ Սեպտեմբերի 7-ին նա հաստատել է, որ մոտ է նման որոշմանը, սակայն մանրամասներ չի ներկայացրել։

Ուկրաինական իշխանությունների տվյալներով՝ սեպտեմբերի 7-ի վաղ առավոտյան Ռուսաստանը երկրի տարածքին արձակել է ավելի քան 800 դրոն և հրթիռ՝ սահմանելով նոր հակառեկորդ։ Կիևում չորս մարդ է զոհվել, երկու բարձրահարկ շենք մասամբ ավերվել է։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG