Իսրայելը Եմենում սկսել է ծանր ավիահարվածների հերթական փուլը: Հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 130-ը, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Հութիների կողմից ղեկավարվող առողջապահության նախարարությանը։
Առողջապահության նախարարությունը նշել է, որ զոհերի մեծ մասը մայրաքաղաք Սանայում էին, որտեղ հարվածի տակ էին ռազմական շտաբը և բենզալցակայանը։
Հութիների կողմից վերահսկվող «Ալ-Մասիրա» արբանյակային լրատվական հեռուստաալիքը հայտնել է, որ հարված է հասցվել Սանայի կենտրոնում գտնվող ռազմական շտաբի շենքին։ Հարևան տները նույնպես վնասվել են։
2023 թվականի հոկտեմբերից ի վեր, երբ Իսրայելը Գազայում պատերազմ է վարում պաղեստինյան (Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված) «Համաս» խմբավորման դեմ, Իրանի աջակցությունը վայելող հութիները հարվածներ են հասցրել Կարմիր ծովում գտնվող նավերին՝ իրենց այդ գործողությունը ներկայացնելով որպես աջակցություն պաղեստինցիներին։