Մատչելիության հղումներ

Քարաբերդում «Զով-Գուժ» ընկերությանը ոսկու հանքի ուսումնասիրության համաձայնություն տվեցին


Երեք շաբաթ և Փամբակի ավագանիում հօգուտ հանքի վեց ձայնը կրկնապատկվեց: Այսօրվա նիստում 12 կողմ ձայներով «Զով-Գուժ» ընկերությանը Քարաբերդում ոսկու հանքի ուսումնասիրության համաձայնություն տվեցին։

Ավագանին առաջին անգամ հարցը քննարկելիս հայտարարել էր՝ թույլատրում է։ Օրեր անց նույն ավագանին իր որոշումը չեղարկել էր, թե շփոթմունք է տեղի ունեցել: Հաշվել ու պարզել էին, որ կողմ ձայների թիվը բավարար չէր որոշում կայացնելու համար։ Այսօր արդեն հանքարդյունաբերող երկրորդ ընկերությանը գյուղ թողնելու կողմնակիցները բավարար էին: Անգամ նրանք էին կողմ, որոնք նախկինում դեմ կամ ձեռնպահ են եղել:

Այսօրվա նիստին ներկա էր նաև չեխական «Արնիկա» կազմակերպության փորձագետ, պրոֆեսոր Ինդրիխ Պետրլիկը։ Նա իր խմբի հետ 7 տարի առաջ Լոռու մարզում հետազոտություն էր իրականացրել ու պարզել, որ հանքարդյունաբերական շրջաններում բնակվող մարդկանց օրգանիզմում ծանր մետաղներ՝ մկնդեղ, կադմիում, կապար ու ցինկ կա։ Հողում, ջրում, անգամ հավկիթներում նույնպես թունավոր նյութեր են գտել։

«Մկնդեղը կարող է բացասաբար ազդել մարդու առողջության վրա, մեծապես վնասել մաշկը, լյարդն ու երիկամները, իսկ երկարաժամկետ կտրվածքով մեծացնել օնկոլոգիական հիվանդությունների ռիսկը: Ընդ որում՝ կապարի քանակությունը կանանց օրգանիզմում ավելի մեծ էր, քան տղամարդկանց: Կապարը կարող է մարդու նյարդային համակարգի խանգարումներ առաջացնել, ազդել հիշողության և ուշադրության վրա», - նշել է նա:

Ավագանու անդամները հարցեր չտվեցին։ Նրա խոսելու ժամանակ ռեպլիկներով փորձում էին խանգարել։ Ի վերջո, րոպեներ անց՝ քվեարկությունը հանքարդյունաբերողների օգտին էր՝ 12 կողմ նախկին 6-ի փոխարեն: Օրեր առաջ ձեռնպահ քվեարկած Նաիրա Հարությունյանը այսօր կողմ քվեարկողներից էր: Ասաց՝ իր որոշման պատճառը գյուղացիների փոխված կարծիքն է:

Նախկինում տարբեր ընկերություններ Քարաբերդում 12 անգամ հանրային լսումներ են իրականացրել գյուղի բնակիչներից համաձայնություն ստանալու համար, բայց բոլոր դեպքերում մերժում էին ստացել: Վերջին 13-րդ անգամ, թեև դեմ կարծիքներ կային, բայց համայնքի ղեկավարը հայտարարեց, որ լսումները կայացել են, ու հարցը դրվեց ավագանու քննարկմանը:
Ավագանու այսօրվա որոշումը կուղարկեն Շրջակա միջավայրի նախարարություն՝ վերջնական թույլտվության համար։

Մի քանի տասնյակ բնակիչ ունեցող Քարաբերդ գյուղում այս պահին մեկ ոսկու և մեկ քարի հանք է գործում: Փամբակի ավագանու այսօրվա նիստի օրակարգում եղած հինգ հարցերից ևս երկուսը հանքարդյունաբերողների օգտին էր: Քարաբերդում դեռ 2021-ից քարի հանք շահագործող «ԱԱԲ պրոյեկտ» ընկերությանը վարձակալական երկու հողակտոր հատկացվեց՝ ընդհանուր ավելի քան 5,5 հա տարածքով: Մինչև 2050 թվականն ընկերությունն այստեղ արդյունահանում կիրականացնի տարեկան մեկ քառակուսի մետրի համար ընդամենը 20-30 դրամ վճարի դիմաց: «ԱԱԲ պրոյեկտ» ընկերությունը պատկանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամուն՝ Արմեն Բադալյանին:

Քարաբերդից արդյունահանված քարը մշակվում է Մ6 մայրուղուն կից՝ Վանաձորի մուտքի մոտ կառուցված արտադրամասում: Դրա փոշուց ու ձայնից տարիներ շարունակ բողոքում էին հարևան՝ Գուգարք գյուղի բնակիչները:

Այսօր ավագանին բոլոր հարցերը քվեարկեց առանց հարցադրումների, քննարկումների ու կասկածների։





XS
SM
MD
LG