Մատչելիության հղումներ

Երկրորդ փուլի փոխարեն՝ նոր ընտրություններ. Սահմանադրական փոփոխությունների խորհրդի որոշումը


Սահմանադրական փոփոխությունների խորհրդի նիստ, արխիվ
Սահմանադրական փոփոխությունների խորհրդի նիստ, արխիվ

Սահմանադրական փոփոխությունների խորհուրդն այսօրվա նիստում որոշել է հրաժարվել ընտրական համակարգի ամենաքննադատված դրույթից, որով եթե խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում չի ձևավորվում կայուն մեծամասնություն, քաղաքական ուժերն էլ կոալիցիա կազմելու շուրջ համաձայնության չեն գալիս, անցկացվում է երկրորդ փուլ, որին մասնակցում են ամենաշատ քվե ստացած երկու ուժերը:

Նոր առաջարկով երկրորդ փուլի փոխարեն տեղի կունենան նոր ընտրություններ: Առաջարկն Արդարադատության նախարարությանն է: Նոր Սահմանադրության տեքստի մշակման հիմնական պատասխանատուներից փոխնախարար Տիգրան Դադունցը բացատրեց՝ երկրորդ փուլի փոխարեն նոր ընտրություններ անցկացնելով հնարավոր է՝ այլ արդյունքներ լինեն:

«Տարբեր երկրներում, այդ թվում՝ եվրոպական, նման մոդել կա, երբ որ չի ձևավորվում մեծամասնություն, երկրորդ անգամ են ընտրություններ տեղի ունենում, հաջորդ ընտրություններին կարող են լինել փոփոխություններ, կարող են նոր կազմով հանդես գալ քաղաքական ուժերը, դաշինքներ կազմել, նոր ծրագրով հանդես գալ կամ այնպիսի առաջարկներով հանդես գալ, որ ժողովուրդը կարողանան վերջնական որոշում կայացնի: Սա ավելի քիչ ռիսկային տարբերակ է, որովհետև սա մի կողմից հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ լսել ժողովրդի ձայնը և տեսնել՝ ինչ որոշում է կայացնում ժողովուրդը քվեարկության արդյունքում, բայց մյուս կողմից նաև ուղղված է լինելու, որ հնարավոր լինի երաշխավորել, որ Ազգային ժողովում ի վերջո կձևավորվի մեծամասնություն և Ազգային ժողովը կկարողանա լիարժեք աշխատել», - ասաց Դադունցը:

Սահմանադրական փոփոխությունների խորհուրդն այսօրվա նիստում որոշումն ընդունել է՝ առանց ընդդիմադիր քաղաքական գործիչների: Խորհրդի անդամ Էդմոն Մարուքյանը ներկա չէր նիստին, իսկ քաղհասարակության ներկայացուցիչներից Դանիել Իոաննիսյանը սա որակեց պատմական որոշում:

«Էս որոշման համար մի քանի տարի է՝ պայքարում էինք. ոչ թե լինում է երկրորդ փուլ, որտեղ քաղաքացիների տված ձայներն, ըստ էության, խմբագրվում փոխվում են, այլ լինում են նոր ընտրություններ, նոր ընտրությունների ժամանակ արդեն քաղաքացիները քվեարկում են: Այ, եթե նոր ընտրությունների արդյունքում ևս չի ձևավորվում, այդ դեպքում արդեն գործում են երկրորդ փուլի կամ ինչ-որ տենց մեխանիզմներ, որովհետև նաև չի կարելի թույլ տալ, որ երկիրն անվերջ ընկնի խորհրդարանական ընտրությունների ցիկլի մեջ», - նշեց Իոաննիսյանը:

Եթե անգամ նոր Սահմանադրության նախագիծն այս տեսքով ընդունվի, առաջիկա՝ 2026-ի ընտրություններին փոփոխությունները չեն վերաբերի: Վարչապետն արդեն հայտարարել է՝ նոր Սահմանադրությունը հանրաքվեի կդրվի ԱԺ հերթական ընտրություններից հետո:




XS
SM
MD
LG