Իրանի նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հայտարարել է, որ իր երկիրը չի ձգտում միջուկային զենքի:
«Իրանը երբեք չի ձգտել և երբեք չի ձգտի միջուկային ռումբ ստեղծել», - վերստին հայտարարել է Մասուդ Փեզեշքիանը:
«Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը խաթարողը բացառապես Իսրայելն է, բայց պատժվում է Իրանը», - ասել է Իրանի նախագահը՝ հիշեցնելով, որ նույնիսկ ամերիկյան հետախուզությունն էլ չի հաստատել, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու նկրտումներ ունի։
Փեզեշքիանի հավաստիացումները հնչում են Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման նախօրեին։ Անցած օրերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կողմ քվեարկեց Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու առաջարկին, որը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 27-ին։
Տասը տարի առաջ Թեհրանի միջուկային գործարքի կնքումից հետո չեղարկված պատժամիջոցները վերականգնելու գործընթաց էր սկսել եվրոպական եռյակը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, որոնք Իրանին մեղադրում են միջուկային համաձայնագիրը խախտելու մեջ, պնդում, որ Թեհրանը շարունակում է ձգտել միջուկային զենքի ձեռքբերման։